ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Եվ կրկին երևանյան տրոլեյբուսը

Եվ կրկին երևանյան տրոլեյբուսը
03.11.2017 | 10:42

Ինչպես երևում է, երևանյան տրոլեյբուսները թուղթ ու գիր են արվել: Այսպես, դեռ անցյալ դարի երկրորդ կեսին՝ 1976 թ. սեպտեմբերի 16-ին, «խելագարված» տրոլեյբուսը անսպասելիորեն ընկավ Երևանյան լիճը: Անվանի մարզիկ Շավարշ Կարապետյանը սխրանք գործեց և փրկեց 20 մարդու կյանք: Մարդը ծառս եղավ մահվան դեմ և հաղթեց:
Եվ ահա 40 տարի անց՝ 2017 թվականի սեպտեմբերի 28-ին, պատմությունը զարմանալի կերպով կրկնվում է: Ճակատագրական այդ օրն այս անգամ Մովսես Նաջարյանին էր բախտ վիճակվել փրկելու մարդկանց կյանքը: Ակամա ընկնում ես խոհերի գիրկը. ինչպիսի՜ հերոսություններ և սխրանքներ կարող է գործել մարդը, ի՜նչ հզոր կամք ու անսասան վճռականություն ունի:
Բնական և օրինաչափ հարց է ծագում. իսկ ի՞նչ էր տեղի ունեցել աշնանային այդ սովորական օրը: Մովսես Նաջարյանը գնում էր դասախոսություն կարդալու: Նա նստում է թիվ 1 երթուղու տրոլեյբուսը և անակնկալ ձևով հայտնվում ծայրահեղ իրավիճակում: Բանն այն է, որ տրոլեյբուսի մետաղաձողերը տեղից դուրս էին եկել, վարորդը, առանց արգելակելու, իջել էր դրանք միացնելու: Տրոլեյբուսը արագորեն միացել էր և, առանց վարորդի, «խելահեղ» ընթացքով սլացել առաջ:


Մովսեսի կյանքում եղել էին ծանր իրավիճակներ և անսպասելի դեպքեր: Նա ընկճվողներից և երկչոտներից չէր և միշտ էլ ելք էր գտնում անելանելի թվացող կացությունից: Նաջարյանը բացառիկ կենտրոնացմամբ և սառնասրտորեն որոշում է ամեն գնով «սանձահարել» փոխադրամիջոցը: Այլ ելք պարզապես չկար էլ, քանի որ հայտնվել էր մահվան ուրվականը: 16 ուղևորի կյանքը մազից էր կախված: Տրոլեյբուսը սուրում էր «խելակորույս» արագությամբ:
Սակայն Մովսեսի միտքն ավելի արագ գործեց. նա ակնթարթորեն իր ձեռքը վերցրեց ղեկը և սևեռվեց անպայման իր նպատակին հասնելու փրկարար մտքի վրա: Նաջարյանը շտապ վճռեց, որ մեքենան կանգնեցնելու համար մի հենարան էր պետք, հակառակ դեպքում շատ զոհեր կլինեին, և տրոլեյբուսը կարող էր շրջվել:
Մեր ժամանակի հերոսը հմուտ նժույգավարժի վարպետությամբ, մեքենան ուղղեց դեպի առջևից ընթացող «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի եզրը, որ չվտանգի նաև վարորդի կյանքը: Իսկ հաշվարկը ճիշտ էր արված: Մովսեսի վճռականությունը և կամքը պսակվեցին հաջողությամբ: Նա կարողացավ տրոլեյբուսը շեղել դեպի փրկարար արգելապատնեշը: Ի վերջո, մեքենան կանգնեց:


ՈՒժեղ հարվածից վնասվածքներ ստացավ 8 հոգի, 4-ը՝ ծանր: Տուժեց նաև Նաջարյանը. կոտրվեց երկու ոտքը, փշրված ապակիներից վնասվեցին դեմքն ու ձեռքերը: Դաժան փորձություն էր: Բայց սա չարյաց փոքրագույնն էր: Հերոսական այս ջանքերի շնորհիվ նա փրկեց ոչ միայն 16, այլև բազմաթիվ այլ մարդկանց կյանքեր, որ կարող էր խլել անկառավարելի տրոլեյբուսն իր խելահեղ ընթացքի ժամանակ:
Մեր համոզմամբ՝ Մովսես Նաջարյանի հերոսությունը գնահատելը հանրային պահանջ է և անհրաժեշտություն: Կարծում ենք՝ սա պատկան մարմինների խնդիրն է:
Իսկ ո՞վ է մեր հերոսը: Նա հայագետ է և լեզվաբան, հեղինակ է «Լեզուաբանութի՞ւն, թէ՞ իմաստասիրութիւն» հայագիտական աշխատության, որը մտքեր է շարժել գիտական շրջանակներում և սփյուռքում: Նորերս նաև լույս է տեսել Մեսրոպ Մաշտոցի «‹Յաճախապատում լուսաւոր ճառք» աշխատասիրության Նաջարյանի աշխարհաբար թարգմանությունը: Ի դեպ, այդ արժեքավոր գիրքը վթարի պահին նրա ձեռքին էր: Ո՞վ իմանա, գուցե Աստծո կամքով Մեսրոպ Մաշտոցի ոգին նրան փրկեց: Անիմանալի ու անքննելի են Աստծո գործերը:


Ռուբեն ՆԱՀԱՏԱԿՅԱՆ
Լրագրող, պատմաբան, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ

Դիտվել է՝ 1754

Մեկնաբանություններ