Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«Մահապատժից հրաժարվելու մասին խոսում էր Մխիթար Գոշը դեռ 12-րդ դարում, երբ Եվրոպայում ինկվիզիցիան էր ծիլեր տալիս»

«Մահապատժից հրաժարվելու մասին խոսում էր Մխիթար Գոշը  դեռ 12-րդ դարում, երբ Եվրոպայում ինկվիզիցիան էր ծիլեր տալիս»
03.11.2017 | 11:05

«Իրատեսի» հյուրն այսօր արտասովոր մի մարդ է՝ արտասովոր ճակատագրով: 21 տարի առաջ Հայաստանում ցնցում առաջացրած մի սպանության համար տարբեր պատժաչափերով դատապարտվեցին երկու հոգի՝ Արամ Հարությունյանը (15 տարվա ազատազրկում) և ՄՀԵՐ ԵՆՈՔՅԱՆԸ (մահապատիժ, որը հետագայում փոխարինվեց ցմահ բանտարկությամբ):
Բանտում անցկացրած դաժանագույն տարիները Մհեր Ենոքյանին կանգնեցրել են ոչ պարզ ընտրության առջև. կա՛մ հանձնվել ճակատագրի ու կամայականորեն կիրառված օրենքի վայրիվերումներին և ընդունել անելանելիության իրողությունը, կա՛մ հավատալ հրաշքին, սեփական ձեռքերով ու երևակայությամբ կերտել այդ հրաշքը և հաղթահարել պարտադրված աբսուրդի պատնեշը:
Հաղթահարումի մի խոսուն վկայություն է Մհեր Ենոքյանի հրատարակած գիրքը՝ «Զգացմունքների պետություն» վերնագրով, որում զետեղված են ինչպես գեղարվեստական գործեր, այնպես էլ վավերապատումներ: Բայց անկախ ժանրից, պատումի կառուցվածքից ու լեզվաոճական հատկանիշներից՝ Մհեր Ենոքյանի գիրքը պտտվում է մի կայուն առանցքի շուրջը՝ բարության, արդարության, ազնվության որոնումի, դրանք գտնելու անսասան հավատի, Աստծո հետ երկխոսելու աներկբա վստահության, իր և բոլորի մեջ գեղեցիկի, լուսավորի մշտակա ներկայության:
Իմ զրուցակիցը Մհեր Ենոքյանն է՝ ցմահ բանտարկության իր անլույս զնդանից:

«ՄԱՐԴԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԷԱԿ Է, ԻՍԿ ՊԱՏԺԻ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՆՑԱՆՔ ԿԱՏԱՐԱԾ ՄԱՐԴՈՒՆ ՈՒՂՂԵԼԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՆ Է»


-Մհե՛ր, երբեք դատապարտյալի հետ չեմ զրուցել: Կօգնե՞ս ինձ, կհուշե՞ս, թե ինչից պետք է սկսել զրույցը:
-Բարև՛, Կարինե՛: ՈՒրախ եմ և շնորհակալ հարցազրույցի հրավերի համար: Սովորաբար, զրույցը սկսվում է «ո՞նց ես» հարցից, սակայն բանտարկված մարդն ինչպե՞ս պատասխանի` լավ եմ (հնարավո՞ր է բանտում լավ լինել): Մյուս կողմից` 21 տարի շարունակ վատ լինելն էլ է անհնար: Մահապատժի դանդաղ իրականացման տարիներին հասարակության հետ առհասարակ չկար կապ: Միայն Եվրոպական Խորհրդին Հայաստանի անդամակցելուց հետո մի փոքր լույս բացվեց: Ցավալի է, որ առաջինը քրիստոնեություն ընդունած երկրին մարդասիրության սկզբունքների հետ հաշվի նստելը պարտավորեցնում են, այն պարագայում, երբ մահապատժից հրաժարվելու մասին խոսում էր Մխիթար Գոշը դեռ 12-րդ դարում, երբ Եվրոպայում ինկվիզիցիան էր ծիլեր տալիս: Այժմ զարգացած երկրներում, որտեղ դատական համակարգը կատարելագործվում է, պարբերաբար ցմահ ազատազրկվածների գործեր են վերանայում, և բավական հաճախ դատարաններն ընդունում են իրենց սխալները՝ արդարացման որոշումներ են կայացնում: Հայաստանը բացառություն է: Մինչ օրս որևէ մահապատժի դատավճիռ չի վերանայվել: Արդյո՞ք մեր դատարաններն ամենաարդարն են ամբողջ աշխարհում, երբեք չեն սխալվել, այն էլ` անցած դարի 90-ականներին, երբ նորանկախ Հայաստանը դեռ շարունակում էր առաջնորդվել խորհրդային օրենսդրությամբ: 2014-ին հրատարակվեց ռուսերեն իմ թարգմանած Հենրիկ Շաթիրյանի «Խարան» վեպը։ Հեղինակը երկու տասնյակ տարի անցկացրել էր խորհրդային բանտերում: Կարո՞ղ եք պատկերացնել, որ ես առանց դատապարտյալի խարանի եմ, և հարցեր տաք:
-Փորձեմ: Անկախ «Զգացմունքների պետություն» գրքի առաջացրած գրականագիտական հետաքրքրություններից՝ նախ և առաջ ցանկանում եմ հարցնել՝ կարո՞ղ եմ որևէ բանով օգտակար լինել քեզ:
-Պարզ մարդկային վերաբերմունքով, օրինակ` հենց այս հարցազրույցի հրավերով: Մարդը հասարակական էակ է, իսկ պատժի նպատակը հանցանք կատարած մարդուն ուղղելը և հասարակություն վերադարձնելն է: Քաղաքակիրթ երկրներում բանտարկյալի շփումը հասարակության հետ մոտեցնում են առավելագույնի, քանի որ նա վերջին հաշվով պետք է վերադառնա հասարակություն: Իսկ հիմա փորձեք պատկերացնել, որ ձեզ մեղադրել են մի արարքի մեջ, որը դուք չեք կատարել, և ցմահ ազատազրկման են դատապարտել. Աստված չանի, իհարկե: Դուք տարիներ շարունակ պնդում եք, որ անմեղ եք և հարկավոր է ուղղել դատական սխալը, իսկ համակարգը, իբր, փորձում է ձեզ ուղղել: Այս տարի կավարտեմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, դասախոսները տարվա մեջ երկու անգամ այցելում են ինձ բանտում` ստուգարքներ և քննություններ եմ հանձնում: Ներկայումս պատրաստում եմ դիպլոմային աշխատանքս, ընտրել եմ դատական սխալների թեման, ուսումնասիրում եմ համաշխարհային փորձը: Ինքս որոշեցի դառնալ իրավաբան, որպեսզի հասկանամ, թե ինչ իրավական «գործիքներ» պետք է օգտագործեմ, ինչ լեզվով պետք է խոսեմ դատախազների և դատավորների հետ, որպեսզի ինձ հասկանան: Վերջերս՝ 21 տարվա մեջ, ունեցա առաջին հաղթանակը դատարանում` բանտի վարչակազմին պարտավորեցրին ինձ ամեն ամիս, նույնիսկ ամսվա մեջ երկու անգամ տրամադրել տեսակցություններ հարազատներիս հետ: Պետք է ասեմ, որ առաջին անգամ հանդիպեցի Մարդ-դատավորի, որն առաջնորդվեց օրենքով և մարդասիրական սկզբունքներով: Մահապատժի տարիներին երկարատև տեսակցություններ չէին թույլատրում, իսկ հետո` տարին մեկ անգամ: Հուսով եմ, որ ազատությանս օրն էլ մոտ է:


«ԱՄԵՆ ՄԻ ԼԱՎ, ԱԶՆԻՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ, ՊԱՅՔԱՐԻ ՀԻՄՔՈՒՄ ՍԵՐՆ Է ԵՎ ՀԱՎԱՏՆ ԱՌ ԱՍՏՎԱԾ»


-Քո բախտակից Սողոմոն Քոչարյանն այսպիսի խոսք է ասել. «Ինչքան շատ ես պայքարում արդարության համար, էնքան ուժեղանում ես»: Քո գրքի էջերից հորդում է ուժեղ լինելուդ փաստը: Բանտից դուրս կկարողանայի՞ր այդքան ուժեղ դառնալ:
-Արցախյան պատերազմի տարիներին Սողոմոնը հետախուզական ջոկատի հրամանատար էր, իսկ 1995-ին նրան դատապարտեցին մահվան՝ ադրբեջանցու սպանության մեղադրանքով: Սողոմոնի 18-ամյա դուստրն ինքնասպան եղավ` այլևս հույս չունենալով հորը տեսնելու ազատության մեջ: Մեր անարդարացի մահապատժի դատավճիռներն էին պատճառը, որ ստիպված էինք փախուստներ կատարել: Իսկ նպատակը մեկն էր` հանրության, իշխանությունների ուշադրությունը բևեռել մեր քրեական գործերի վրա, որպեսզի ի վերջո վերանայվեն դրանք: Փախուստների գործով դատական նիստերի ժամանակ դահլիճում ես դիմում էի նախ և առաջ լրագրողներին, խնդրելով` ոչ թե հավատալ տարատեսակ բամբասանք-ասեկոսեների, այլ մտնել դատարանների արխիվ և անձամբ ծանոթանալ քրեական գործի նյութերին և հասարակությանը ներկայացնել իրականությունը: Իմ խնդրանքին արձագանքեց ընդամենը մեկ լրագրող: Նա ուսումնասիրեց ոչ միայն Սողոմոնի ու իմ քրեական գործերին վերաբերող նյութերը, այլև 17 գործ ևս, նկարահանեց տեսաֆիլմ, ապա դարձավ իրավաբան, հասարակությունը տեսավ տարբեր քրեական գործերով խայտառակ քննությունները՝ հիմնված, օրինակ, մեկ ցուցմունքի վրա: Վերջերս Հայաստանում Հելսինկյան կոմիտեն հանրությանը ներկայացրեց 8-րոպեանոց փաստագրական ֆիլմ` «Մահապատժի դատավճիռ` մեկ ցուցմունքով», որտեղ ներկայացված է ինձ ապօրինաբար մահվան դատապարտելու ողջ պատմությունը՝ փաստերով: Կարծում եմ` արդարության հասնելու համառությունը պտուղներ կտա միայն մարդու ճակատագրի հանդեպ ոչ անտարբեր, ազնիվ ու պրոֆեսիոնալ լրագրողների և իրավապաշտպանների շնորհիվ: Լինի բանտում, թե ազատության մեջ, ամեն մի լավ, ազնիվ նախաձեռնության, պայքարի հիմքում սերն է և հավատն առ Աստված:
-Դու իրեղեն հանդիպում ես ունեցել Հիսուսի հետ ու հավաստիացնում ես, թե Աստված միշտ տեսնում է քեզ ու ամեն ինչ գիտի քո մասին: Քեզ բաժին հասած փորձությունների պարագայում ինչպե՞ս չի սասանվել հավատդ կամ ինչպե՞ս չես ընդվզել Աստծո դեմ, որ փաստորեն տեսնում է քեզ ու տեղյակ է քեզ հետ կատարված անարդարությանը:
-Այո՛, ինձ հետ մեծ անարդարություն է կատարվել, սակայն դեռ մանկության տարիներից (այդ մասին պատմել եմ «Զգացմունքների պետության» մեջ) համոզված եմ, որ ինձ հետ տեղի ունեցող ամեն ինչի, նաև մտքերիս, զգացմունքներիս մասին Աստված մշտապես տեղյակ է: Մարդկային կյանքը չի կարող անիմաստ լինել: Ամեն մեկս յուրովի իր առաքելությունն է կատարում: Ոմանք գիտակցում են, ոմանք` ոչ: Երբ գիտակցում ես, նույնիսկ աղոտ տեսնելով անհասկանալի իրադարձությունների փոխկապակցված լինելը, այդժամ հասկանում ես, որ փորձությունները հենց այնպես չեն գալիս: Աստված ներկա է ամեն մարդու մեջ, պարզապես հարկավոր է տեսնել, որ հրաշքը հնարավոր է դառնում, երբ փորձում ես ինքդ պայքարել, այլ ոչ թե երես թեքել և միայն վատը տեսնել: Նույնիսկ բանտում` հազար կողպեքի հետևում փակված, ես գտա հասարակության հետ զրուցելու ձևը` գրեցի իմ առաջին գիրքը`«Ես զրուցում եմ քեզ հետ, Մարդ» վերնագրով, որը հրատարակվեց Արամ Մեհրաբյանի շնորհիվ, 2012-ին: Մարդիկ արձագանքեցին, և մեր զրույցը շարունակվում է:
-Եթե արդարացվես ու հայտնվես ազատության մեջ՝ ոչ բանտից փախչելու ճանապարհով, ո՞րը կլինի առաջին քայլդ:
-Շնորհակալություն կհայտնեմ բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում էին իմ անմեղությանն ու չնահանջեցին: Նաև խանգարողներին կասեմ շնորհակալություն, քանի որ դրանով ինձ ավելի ուժեղ դարձրին, անտարբերներին էլ, որ չխանգարեցին: Անմեղ լինելով` կյանքի զգալի հատվածը բանտում անցկացրած մարդիկ, երբ վերջապես արդարացված դուրս են գալիս դատարանի դահլիճից, միգուցե նույնիսկ իրենց համար անկանխատեսելի ինչ-որ բան են անում: Օրինակ` Քարդիֆից Մայքլ ՕþԲրայենը բարձր երգել է «Աբբա» խմբի հանրաճանաչ «Հաղթողը վերցնում է ամեն ինչ» երգը, իսկ մի կին, որ մոտ 20 տարի էր բանտում անցկացրել և արդարացվել, մոտեցել էր իրեն դատող դատավորին, թքել երեսին, մեկ ուրիշը գրկախառնվում է իրեն ազատողների, այդ թվում՝ դատավորի հետ և արտասվում:

«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԲԱՎԱԿԱՆ ՇԱՏ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԵՐ ՊԵՏՔ Է ԱՆԵՄ»


-Եվ, այնուամենայնիվ, փորձեմ մեր զրույցը թեքել դեպի գրականագիտություն: Գրքում տեղ գտած ստեղծագործությունները մե՛րթ դետեկտիվ-արկածային գրականություն են հիշեցնում, մե՛րթ այլաբանական, դիցաբանական պատում, մե՛րթ վերամբարձ ու հղկված ոճավորման ենք հանդիպում, մե՛րթ կենցաղային-առօրեական բառաշերտի, մե՛րթ չափազանց հողեղեն է մատուցվող նյութը, մե՛րթ էլ՝ աստվածաշնչյան շերտեր բացող: Գրական այս տարաձևությունների միջոցով, ի վերջո, նպատակ ունես առավել տպավորիչ դարձնելու ասելիքիդ բովանդակությո՞ւնը, թե՞ զարմացնելու ընթերցողին քո գրողական ճկուն, ինքնօրինակ ձիրքով:
-Հուսով եմ` շուտով կհրատարակվի Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը» գրքի ռուսերեն թարգմանությունս: Այնտեղ մեր մեծ երգիծաբանն այսպիսի խոսքեր ունի. «Ազատ մարդը ողջ ընկույզ է, բանտարկյալը` ընկույզի միջուկ: Ազատը դուրսը նախագահ է, դատավոր, համբավի տեր գրող, ճարտար փաստաբան, անմրցելի հռետոր, անպարտելի ըմբիշ, պողպատ կամքի տեր մարդ: Բայց նույն ազատը բանտին մեջ միայն մարդ է, մերկացած իր արտաբանտային կեղևներեն: Կեղևներ, որոնց մեջ շատ հաճախ մոռացված կըլլա միջուկը»: Իմ գրքերի միջոցով ես զրուցում եմ բոլոր մարդկանց հետ, անկախ նրանից` դատավոր է, թե բանվոր, մտավորական, թե ոստիկան, մեղավոր, թե անմեղ, է-ով, թե ա-ով է խոսում: Կարևորը Մարդ լինելն է:
-Հաջորդ գիրքդ ազատության մեջ գրելու մաղթանքով եմ ցանկանում ամփոփել զրույցը: Կարծում եմ՝ ինքդ էլ ես հավատում դրան, այնպես չէ՞:
-Շնորհակալ եմ: Համոզված եմ, և թող Աստծո կամքով այդ օրը շուտ գա: Ազատության մեջ բավական շատ և կարևոր գործեր պետք է անեմ. նախ և առաջ պիտի հոգամ, որ անմեղ մարդիկ չհայտնվեն բանտերում, իսկ գիրք կգրեմ, երևի թե, երբ արդեն ծերունի լինեմ, և ասելիքս էլ լինի ավելի իմաստուն:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 6452

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ