«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Բաց նամակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Բաց նամակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին
03.11.2017 | 11:21

Հարգարժան պարոն Մարգարյան, օրեր առաջ ստացա քաղաքապետարանի պատասխանը` Հենրիկ Նավասարդյանի ստորագրությամբ, որով հայտնում եք, որ 29.08.2017-ին ոստիկանությունն իրականացրել է «Անձրև» միջոցառումը, ինչի արդյունքում բազմաթիվ կարգազանց վարորդներ քաղաքացիների հանգիստը գիշերային ժամերին խախտելու համար ՃՈ-ի կողմից բերման են ենթարկվել և հայտնվել տուգանային հրապարակում։ Շնորհակալ եմ, սակայն Ձեզ ուղղված նամակում (25.08.2017 թ.) ես առաջարկել եմ, որ դադարեցնեք ավտո և մոտո մրցարշավորդների գործունեությունը։ Հզոր շարժիչներով ավտոմեքենաներն ու մոտոցիկլետներն օրնիբուն «հերկում» են մայրաքաղաքի փողոցները, ձայնային արտավիժումներով ուղղակի ցնցում Երևանը։ Բայց չէ՞ որ մեր քաղաքը մրցարշավային հարթակ չէ։ Հուսամ, որ առաջարկս իր տրամաբանական լուծումը կգտնի։


Եվս մեկ չարչրկված խնդիր հիշեցնեմ և սպասեմ դրա լուծմանը։ Անցած հուլիսին «Իրատեսում» անդրադարձել եմ երկրորդական թվացող մի երևույթի։ Խոսքը վերաբերում է թիվ 67 երթուղին սպասարկող ավտոբուսներին, որոնք երթևեկում են, ներող եղեք, փնթի վիճակում, և այսպես է տարին բոլոր։ Սրանից զատ, դրանց դռները բացվում-փակվում են ուժգին թշշոց և հուժկու դղրդոց արձակելով։ Սակայն խնդրանք-առաջարկս առայժմ փակուղում է։ Կարծում եմ, որ այն լուծելի է։
Միաժամանակ վստահեցնում եմ Ձեզ, որ նամակների տեսքով Արգիշտի-1 ուղարկվող դիմում-առաջարկներս բնավ հետամուտ չեն քաղաքապետարանի բազմաճյուղ աշխատանքներում թերություններ հայտնաբերելուն։ Ցանկությունս մեկն է` վերացնել քաղաքի քաղաքակիրթ նկարագիրը խաթարող խոցերը։


Հավատացեք, որ մեծ սիրով «Իրատեսի» էջերում կանդրադառնանք մեր հրապարակումների արդյունքում լուծված խնդիրներին` չզլանալով հիշատակել Երևանի քաղաքապետի և քաղաքապետարանի բազմաբնույթ և բարդ գործունեությունը։
Եվս մեկ հարցի վրա հրավիրեմ Ձեր ուշադրությունը։ Նոր Նորքի 1-ին և 2-րդ զանգվածների բնակիչների համար ուղղակի պատուհաս է առավոտ կանուխ աշխատավայր հասնելը։ Պատճառը մեկն է` Նոր Նորքի հսկա զանգվածի գերբեռնված ուղևորատար տրանսպորտը (և՛ ավտոբուսները, և՛ երթուղային միկրոավտոբուսները, և՛ տրոլեյբուսները) արդեն «Գայի արձան» կանգառում անզոր է ուղևորներ վերցնելու։ Եվս երկու կանգառ կա ավելի ներքևում։ ՈՒղևորներին մի բան է մնում` պարբերաբար ուշանալ աշխատանքից, դեպքից դեպք էլ օգտվել տաքսիների ծառայությունից։ Այս խնդիրը լուծում է պահանջում. բնակիչները համոզված են, որ միանգամայն հնարավոր է առավոտյան «պիկ» ժամերին առանձնացնել յուրաքանչյուր երթուղագծից 1-2 ավտոբուս, տրոլեյբուս և միկրոավտոբուս, որոնք ուղևորափոխադրումը կսկսեն Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի (սա նույն «Գայի արձան» կանգառն է) մոտից։ Հավատացեք, որ խնդիրը կլուծվի, և չեն առաջանա ֆինանսական բարդություններ, քանի որ անտեսված 3-4 կանգառներում բավականաչափ ուղևորներ են հավաքվում։


Հարգանքով և լիահույս`«Իրատես» թերթի հեղինակ

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. Այս դիմում-առաջարկը Երևանի քաղաքապետին է ուղարկվել այս տարվա սեպտեմբերի 14-ին և մնացել անպատասխան։ Հուսանք` պատասխանն ի հայտ կգա այս հրապարակումից հետո։

Դիտվել է՝ 2186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ