Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Տոն ամենայն սրբոց

Տոն ամենայն սրբոց
03.11.2017 | 00:22

Մարդիկ հյուլե են տիեզերքի անսահմանության մեջ, իսկ մեր ապրած կյանքը` ոչ լրիվ ակնթարթ հավիտենականության անհունում։ Բայց զարմանալին էլ այդ է, որ նման արարածը կարողանում է իր հետևից երբեմն կյանքի այնպիսի հետագիծ թողնել, որ դարերի ամենակուլ փոշին անզոր է լինում այն ծածկելու, և եկող սերունդները հիանում, ընդօրինակում ու սովորում են նրանից։ Կարծես այդ մեկը անմահության հետ անտեսանելի կապ է ունեցել, որը նրան անդադար բարձրացնում է ժամանակների պղտոր ջրերի կատարին։

Այդ երանելիները կոչվում են Աստծո սրբեր, որոնք աշխարհում բազմաթիվ են, ինչպես երկնքի աստղերը, և ինչպես դրանցից շատերն ենք տեսնում ու որոշ տեղեկություններ ունենք, այդպես էլ այն սրբերի վարքն է մեզ հայտնի, որոնց մասին հոգացել և գալիք սերունդներին են հասցրել Քրիստոսի եկեղեցին ու հին ազգերի պատմիչները։ Եվ ոչ միայն այսքանը, այլև առաքելահիմք եկեղեցու սուրբ հայրերը, քննելով երանելիների կյանքն ու վարքը, որոնք մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունը դավանելու համար մինչև իսկ մահը հանձն առան, կոչվեցին սրբեր, մարտիրոսներ կամ նահատակներ, նրանց մասին գրվեցին հատուկ գրքեր` «Հայսմավուրք», «Ճառընտիր», «Հայրերի վարք» և այլն։
Իսկ նրանցից ամենաընտիրներին ու կատարյալներին կոչեցին եկեղեցու սրբեր, ու կանոնակարգեցին ըստ եկեղեցու օրացույցի, որպեսզի նրանց խնկելի հիշատակը տոնվի ըստ պատշաճի։


Ինչպես ասացինք, Քրիստոսի եկեղեցին ունի բազում ընտիր ծառաներ, որոնք կոչվում են համաքրիստոնեական սրբեր, որոնք կանոնակարգված են Հայոց առաքելական եկեղեցում և կրում են «Հայոց սրբեր» մեծ ու պատվական անունը: Բայց նրանցից շատերն ունեն ոչ հայկական ծագում և պատկանել են տարբեր ազգերի, իսկ նրանց սրբացումն ու նահատակությունը առնչվել են Հայոց ազգի հետ։ Քրիստոնեական եկեղեցու առաջին նահատակը համարվում է սուրբ Ստեփաննոս սարկավագը, որին կոչում են՝ Նախավկա։ Իսկ հայոց մատենագրության մեջ առաջին նահատակը կանանցից համարվում է Սանդուխտ կույսը՝ ուրացող Սանատրուկ թագավորի դուստրը, իսկ հետո նաև Սանատրուկի քույր Ոգուհին։ Այդ ընտրագույն հայոց դուստրերը դարձան առաջին վկաները կանանցից, որոնց բարի օրինակը վարակեց հետագա սրբուհիներին, մինչև երեք դար հետո կգային նրանց շարքը լրացնելու Հռիփսիմյանց երեսունչորս կույսերը։


Այդ պատճառով մեր առաքելական եկեղեցին հատուկ օր է հատկացրել այն սրբերին, որոնք մարդկությանը հայտնի չեն, քանի որ նրանք աշխարհային փառքը ոչինչ համարելով, ապրեցին ու ծառայեցին իրենց Արարչին։ Այդ հիշատակման օրը կոչվում է այսպես. «Տոն ամենայն սրբոց, հնոց և նորոց և անհայտից», որ այս տարի կկատարվի նոյեմբերի չորսին։ Հետաքրքիր է, որ այդ օրից հետո սրբերի հիշատակությունները եկեղեցու օրացույցում առավել հաճախակի են դառնում։ Եվ ինչպես մարդիկ են աշնանը հավաքում իրենց բերքը ու շտեմարանում ձմեռվա համար, այդպես էլ Արարիչ Տերն է Իր սրբերին հասունացնում և հավաքում երկրից ու շտեմարանում երկնքում, մինչև որ կգա Արդար Դատաստանով հատուցելու յուրաքանչյուրին, ըստ իրենց գործերի։


Այդ սրբերը կոչվում են հաղթանակած Եկեղեցու սրբեր, որոնք իրենց բարեխոսություններով զորավիգ են լինում երկրի վրա գտնվող, բարի պատերազմում մարտնչող եղբայրներին, այդ պատճառով առաքելական ընդհանրական եկեղեցու անդամները իրենց աղոթքներում հաղթանակած սրբերի բարեխոսությունն են խնդրում, ինչից իրենց զրկել են բողոքական հարանվանությունների քրիստոնյաները։
ՈՒ մեզնից շատերն են տեսել, թե ինչպես է մեր ժողովուրդը պատվում սրբուհի Կույս Աստվածածին Մարիամին, սուրբ Սարգսին, սուրբ Գևորգին, Հռիփսիմյանց կույսերին և մնացածներին, որոնք վառ ու անջնջելի հետագիծ են թողել մեղքով խավարած այս աշխարհի մեջ։


Թող Աստված բոլորիս Իր օրհնյալ սրբերի, մանավանդ մեր բոլորի երկնային Թագուհի Մոր՝ Աստվածածին կույս Մարիամի բարեխոսությամբ օգնի այս բարի պատերազմում հաղթանակով ավարտելու իրենց կյանքի ընթացքը։ Ամեն։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6079

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ