Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ես ի՛մ բաժին երկինքն եմ պահում»

«Ես ի՛մ բաժին երկինքն եմ պահում»
03.11.2017 | 11:26

Բայց եթե միևնույն է վախճանը բոլորիս գերեզմանից անդին,
Եթե նույնն է բախտը հեռանալուց հետո,
Ապա տարբեր է հուշը, հիշատակը, այն զրույցը անգին,
Որ մնում է սրտերում մարդկանց և լցնում է սրտերը կարոտով:
Եղիշե ՉԱՐԵՆՑ

ՈՒ՞մ սրտում կարոտը մնաց Կարեն Դեմիրճյանից. նրա՞նց, ովքեր հասարակ մարդ կոչված ազնիվ անհատներ են, ում սերն ու վերաբերմունքն առ Դեմիրճյան անապական մաքրություն ունի, ովքեր երբևէ որևէ պաշտոն, որևէ հովանավորչություն չեն ստացել Առաջնորդից, բայց իրենց համար Դեմիրճյանը խորհրդանիշ էր ու է: Սիլվա Կապուտիկյանը հենց այսօրինակ մարդկանց անունո՛վ է իր ճիշտ բնորոշումը տվել Դեմիրճյանին. «Նա ավելին էր, քան ինքը։ Նա առաքյալ էր»:
Նրանք՝ հասարակ ժողովուրդ կոչված այդ հիանալի անձինք, այս էլ քանի՜ տարի կսկիծ ու տարակուսանք են անթեղել իրենց հոգիներում և շարունակում են կռիվ տալ «չբացահայտվող» մահաբեր փաստի հետ, շարունակում են տարակուսել, շարունակում են արդարացված անեծք տեղալ՝ հասցեով և անհասցե, բայց դարձյալ իրենց հոգու մի անկյունում հույս են փայփայում, թե մի օր պիտի պատասխան տրվի այս ամենին: Փույթ չէ, որ այդ անկեղծ մարդկանց կողքին երբեմն իրենց ակամա ներկայությունն են ցուցադրում ոմանք, ովքեր ժամանակին շահել էին Առաջնորդի ներկայության շոյանքը, բայց հիմա ուրիշին են դարձրել իրենց հայացքը: Աստված նրանց հետ: Դեմիրճյան անձին ազնվաբար վերաբերվող մարդիկ էլի կշարունակեն խուռներամ բազմությամբ նրա կողքին լինել, մտովի զրուցել հետը՝ իրենց վարմունքով վկայելով. «Ղեկավար անձի հմայքը գեղեցկատեսություն չէ, պատրանք չէ. այն առաջին հերթին հավատ է ու վստահություն»:
Այդ վերաբերմունքով էին նրանք օրերս հավաքվել Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում՝ կրկին հիշելու Դեմիրճյան Անհատին, Դեմիրճյան Առաջնորդին: Գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանն ավելին էր արել, քան միջոցառում կամ հանդիսություն կարելի է համարել: Ջահել տղաներ ու աղջիկներ, իրենց պարզ ու մաքուր ասմունքով, իրենց հուզական պահվածքով հավաքված մարդկանց «տարան» Դեմիրճյանի անցած ճամփեքով, ուր կառուցվում, շենանում էր Հայաստան երկիրը: Էկրանին Դեմիրճյանն էր՝ իր հմայիչ ժպիտով, իր հաղթ կեցվածքով մեզ հետ զրուցող, մեզ հետ խորհրդակցել շարունակող, մեզ խրատող. «Բարոյականությունը բացարձակ է, ինչպես բացարձակ են բարին և չարը, օրինականն ու մեղսայինը» (զուտ մարդկային, հումանիտար հասկացությամբ, այլ ոչ թե քաղաքական):
Նույնը չէ՞ր Վազգեն Վեհափառի հորդորը ժողովրդին. «Մարդ-անհատի հոգու գերագույն զարդը, գերագույն պարծանքը բարոյական գիտակցության հրամայականն է, որով իր հոգուց արմատախիլ պետք է անի մնացած արատները, եսակենտրոն մղումները, ինչպիսիք են շահամոլությունը, ընչաքաղցությունը, կաշառակերությունն ու այլ և այլ զեղծարարություններն ու մոլորությունները»:


Ժողովրդի սերն ու վերաբերմունքը Դեմիրճյանի հանդեպ ես միշտ զուգահեռել եմ Վազգեն Վեհափառի հանդեպ ունեցած ժողովրդի սիրույն՝ հիանալով, նաև զարմանալով, թե այդ ինչի՞ց է, որ մինչ օրս էլ այդ երկու Անհատի հանդեպ չեն մարում անթաքույց սերը, հարգանքն ու խոնարհումը ո՛չ միայն իրենց ժամանակակիցների, այլև ներկա սերնդի մեջ, երիտասարդների՛ մեջ: Այդ զուգահեռումն արել էր նաև գրադարանի տնօրեն Ռուզանը, երբ հանդիսության մասնակից յուրաքանչյուրի ձեռքին հայտնվեց Վազգեն Վեհափառի խոսքը պատկերող բացիկը. «Կարեն Դեմիրճյանը հավերժ կմնա հայ ժողովրդի հիշողության մեջ՝ որպես խորհրդանիշ արարող ղեկավարի, ով ամեն ժամ հոգ էր տանում երկրի ծաղկման համար»:
Այդ հանդիսության ընթացքում հուզմունքը մարմին էր առել Դեմիրճյանի այրու՝ տիկին Ռիմայի կերպարանքով, որը խոսում-պատմում էր Դեմիրճյան մարդո՛ւ մասին, նաև այն մասին, թե ինչպես իր համար մի նոր Դեմիրճյան հայտնաբերեց, երբ նրա վախճանից հետո կարդաց ամուսնու գրառումները, որոնք «Կարենն անում էր իր օրագրում՝ ուշ գիշերին առանձնանալով»: Այդ գրառումները հետո, տիկին Ռիմայի նախանձախնդիր վերաբերմունքով, գիրք դարձան՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն տպագրված, որոնք արդեն նոր սերնդի համար մնում են ուղենիշ թե՛ քաղաքական, թե՛ անձնական կյանքում ճիշտ կողմնորոշվելու, մարդավայել ապրելու համար:


Ժողովրդին ուղղված Կարեն Դեմիրճյանի վերջին հորդորը Ազգային ժողովից էր՝ որպես ԱԺ նախագահ. «Երկրի վիճակն այնպիսին է, որ եթե մենք բոլորս չհամախմբվենք, չհամատեղենք մեր ուժերը, մենք չենք կարող ակնկալել դրական արդյունքներ: Այսօր ժամանակն է մի անգամ ևս ոգեկոչելու Չարենցի հայտնի կոչը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Պետք է հավաքական լինենք, պետք է միավորվենք… ամեն ինչ պետք է ենթարկված լինի մեկ գերագույն նպատակի` ամեն ինչ հայրենիքի համար, ամեն ինչ ժողովրդի համար…»:
Թե այդ խոսքերն ով ինչպես ընդունեց, դրանց ով ինչպես արձագանքեց` հայտնի է մեզ: Մնում է հուսալ, որ այդ հորդորին ականջալուր կլինի երիտասարդ սերունդը, որն այսօր էլ առանձնակի սեր ու վերաբերմունք ունի Կարեն Դեմիրճյանի հանդեպ, իսկ այս փաստն արդեն հուսադրող է:


Հենց այս երիտասարդներին էլ ուզում եմ հիշեցնել Կարեն Դեմիրճյանի պատմած՝ Գրիգոր Պահլավունու առակը.
«Տատրակը պառկած է ծառի ճյուղին` ոտքերը վեր պարզած:
-Տատրակ, ի՞նչ ես անում:
-Իմ ոտքերով երկինքն եմ պահում:
-Բա դու քո թույլ ոտքերով կարո՞ղ ես ամբողջ երկինքը պահել:
-Ես ի՛մ բաժին երկինքն եմ պահում»:
Այո, մեր երկիրը երկիր պահելու հորդոր է՝ յուրաքանչյուրը պարտավոր է պահել ի՛ր բաժին երկինքը:


Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 7713

Մեկնաբանություններ