Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանում զբոսաշրջության զարգացման երկու աննախադեպ նախագիծ

Հայաստանում զբոսաշրջության զարգացման երկու աննախադեպ նախագիծ
03.11.2017 | 11:30

«Իրատեսի» ընթերցողները ծանոթ են ՎՐԵԺ ԱԲՐԱՄՅԱՆԻ հետ:
Նա ծնվել է Իրանում՝ 1940-ին: ՈՒսանել է Գերմանիայում, որտեղ հիմնադրել է ԱԲԵԿ ընկերությունը: 1997-ից ապրում է Հայաստանում, որտեղ իրականացրել է մի շարք բարենորոգչական նախագծեր:


Տարիներ առաջ նա կյանքի կոչեց «Նոյյան տապան քաղաքը Հայաստանում» մեգա-նախագիծը, առաջարկելով Արարատ լեռան հայացքի ներքո, Արարատյան դաշտավայրի անօգտագործելի հողերի վրա կառուցել խաղաղության և ռասաների ու կրոնների համերաշխության քաղաքը: Նախագիծը դարակազմիկ է, պահանջում է մեծ ներդրումներ և, անկասկած, վաղ թե ուշ կգտնի իր կառուցողներին ՀՀ-ում և աշխարհում: Այժմ հեղինակը հանրության դատին է ներկայացնում երկու նոր, բավականին ինքնատիպ և միանգամայն իրագործելի նախագծեր, որոնք, հուսանք, կարժանանան և՛ ՀՀ կառավարության, և՛ շահագրգիռ ներդրողների ուշադրությանը:
Մեր թերթի ընթերցողներին ենք ներկայացնում «Աշխարհի թագավորների կիրճը Հայաստանում» և «Աշխարհի պատմության տունը Հայաստանում» նախագծերը:
Ի՞նչ է առաջարկում Վրեժ Աբրամյանը «Աշխարհի պատմության տունը Հայաստանում» նախագծով:


Ամեն երկիր փորձում է սեփական թանգարանների միջոցով աշխարհին ներկայացնել իր երկրի պատմության եզակի նմուշները, որոնք չեն հափշտակվել, պահպանվել են կամ պեղումների շնորհիվ ի հայտ եկել: Դժբախտաբար, շատ երկրների հուշարձաններ հափշտակվել և տեղադրվել են այնպիսի երկրներում, որոնք տվյալ մշակույթի հետ բոլորովին կապ չունեն: Եգիպտոսի փարավոնների մումիաների սարկոֆագները, կամ Բաբելոնի, Ասորեստանի և այլ երկրների պատմական և եզակի հուշարձաններն ու նմուշները վաղուց ի վեր Լոնդոնի, Փարիզի, Բեռլինի, Վաշինգտոնի թանգարաններում են: Այդ եզակի հուշարձանները ձեռք են բերվել հափշտակությամբ, խաբեությամբ կամ դրամի միջոցով, որոնք այսօր վերոհիշյալ երկրներին միլիարդների եկամուտ են ապահովում, իսկ նրանց իսկական տերերը իրենց մշակութային սեփականությունը տեսնելու համար պարտադրված են այդ երկրներից մուտքի թույլտվություն խնդրել, որը հաճախ մերժվում է: Նաև պետք է իրենց գրպանից վճարեն մուտքի արտոնագրի, ճամփորդության, հյուրանոցի և թանգարանի մուտքի ծախսերը:
Ներկայացված խնդիրն իր լուծումն է ստանում «Աշխարհի պատմության տունը Հայաստանում» նախագծի իրականացմամբ: Առաջարկվածը թանգարան չէ սովորական իմաստով, այն իր այցելուներին մատուցում է գիտական տեղեկություն մեր կանաչ և չքնաղ Երկիր մոլորակի մասին, որը հաղթահարեց միլիարդավոր տարիների կրակը, սառնամանիքը և այսօր մեզ է ներկայացնում գեղանկար սարեր, ձորեր, գետեր, լճեր, երկինքը կապույտ, մեզ կյանք է պարգևում, որ վայելենք նրա պահպանածը: Այս զարմանալի և աննախադեպ պատմության տունը հնարավորություն կտա, որ ճանաչենք մեր մոլորակը և միևնույն ժամանակ արտասահմանի բոլոր այն զբոսաշրջիկներին, որոնք հետաքրքրված են Հայաստանով, ներկայացնենք այն, ինչ նրանք չեն գտել աշխարհով մեկ շրջագայելիս:
Գիտական մակարդակով կառուցված այս աննախադեպ կենտրոնը միաժամանակ պիտի ծառայի Հայաստանի հանրահռչակմանը, ձգի արտասահմանի զբոսաշրջիկներին դեպի Հայաստան, տեղաբնակներիս նույնպես հնարավորություն տա ծանոթանալու սեփական տան՝ Երկիր մոլորակի պատմությանը: Հետաքրքրող տեղեկությունները կարելի է ստանալ 3-4 ժամում: Մինչդեռ պատկերացրեք, թե քանի ժամ կամ օր պետք է տրամադրենք այդ ամենը գիրք կարդալով կամ համացանցով «հայտնաբերելու» համար:


«Աշխարհի պատմության տունը Հայաստանում» կպահանջի 4-5 հեկտար տարածք Երևանից առավելագույնը 10 կմ հեռու: Թերևս Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ՝ ապահովված էլեկտրաէներգիայով, խմելու և ոռոգման ջրերով: Անկասկած, պետք է ապահովել զբոսաշրջային բաղադրիչները՝ գրքի, հուշանվերների, ուտեստեղենի և ըմպելիքների կրպակները, մեքենաների անվճար կանգառները և ինչու՞ ոչ՝ նաև ռեստորան և զվարճանալու զանազան վայրեր:
Ըստ պարոն Աբրամյանի, թանգարանի մեծ սրահում կներկայացվեն Ծիր կաթինի մեծ պաստառը՝ ցուցանշելով Արևը և նրա մոլորակների դիրքը այնտեղ:
Առանձին քարտեզի վրա կցուցադրվեն Արևի և նրա մոլորակների անունները, նրանց հեռավորությունը Արևից և մեծությունը՝ համեմատած Երկիր մոլորակի հետ:
Հատուկ ապակիների տակ որմնանկարները կներկայացնեն մարդկության զարգացման պատմությունը՝ 3 մլն տարվա ընդգրկումով, համալրված պեղումներից հայտնաբերված գանգերի բնօրինակով և տեղադրված սրահում ըստ հնության, ռասայի և նրանց ապրելակերպի:


Կներկայացվեն Երկիր մոլորակի վրա առաջացած սառցի դարաշրջանի փուլերը պատկերավոր ձևով: Ոչ պակաս հետաքրքրություն կներկայացնեն Սթոունհենջի և Քարահունջի մեծադիր որմնանկարները, որոշ ժայռապատկերներ, նաև Մեծամորի գոտին, Վայոց ձորի տրեխը, Ֆրանսիայի քարանձավի 30000 տարեկան կենդանիների գունավոր պատկերները:
Անհայտ գիտնականների սրահում կներկայացվեն 2,5 մլն տարի առաջ մարդու ստեղծած քարե զենքերը, կրակ ստանալու հնարքը, առաջին հագուստը, ասեղը, զարդը, երկաթ, պղինձ, ոսկի ձուլելու գաղտնիքները, ժայռապատկերները և այլն: Այնուհետև կներկայացվեն քաղաքակրթական նոր ժամանակաշրջանը, Եգիպտոսի բուրգերը, Բաբելոնի զիկուրատները, գիր-գրականության հայտնագործումը:


Հայտնի գիտնական այրերը կներկայացվեն ըստ ժամանակաշրջանի՝ Պյութագորասի, Հիպոկրատի, Դեմոկրիտի, Արիստոտելի և Կոպեռնիկոսի, Կեպլերի, Գալիլեյի և մյուս մեծերի կիսանդրիներով:


Կներկայացվեն Դարվինի, Նյուտոնի, Ջեյմս ՈՒատտի, Պաստորի, Նոբելի կիսանդրիները:
Աշխարհի քարտեզը (4մ x 4մ) չափով կլուսավորվի առաստաղից թափվող լույսով:
Սրահի պատերին կփակցվեն հնագույն քարտեզներ, որ օտար այցելուները տեղեկանան՝ այդ ժամանակաշրջանում արդեն գոյություն է ունեցել Հայաստան աշխարհը:
Առաջին սրահը կներկայացնի 10-8-րդ հազարամյակները, որտեղ կփակցվի աշխարհի քարտեզը՝ 5 մայր ցամաքներով, նշելով մայր ցամաքներում Երկիր մոլորակը բնակեցնող երկրները:


Երկրորդ սրահում կլինի 8-6-րդ հազարամյակների քարտեզը՝ որմնանկարված, քանի որ որմնանկարը չափազանց տպավորիչ է ներկայացնում պատմական եղելությունը, միաժամանակ այն երկար կյանք ունի:
Երրորդ սրահում 6-5-րդ հազարամյակների որմնանկար-քարտեզը կներկայացվի, որտեղ շումերները հաղթում են ուբայիդցիներին (ՈՒբայիդը Հարավային Միջագետքում ի հայտ եկած առաջին քաղաք-պետությունն է, կներկայացվի առանձին որմնանկարում): Հաջորդ սրահների ժամանակացույցը պետք է բաժանվի ըստ կարևոր համաշխարհային իրադարձությունների: Ավելի տեսանելի և ուսանելի մատուցելու նպատակով որմնանկար-քարտեզները կսահմանագծվեն և կհամարակալվեն: (Հեղինակը հիմնավորում է այս ամենի մատուցման եղանակները նաև տեխնիկապես, առաջարկելով՝ որմնանկար-քարտեզների վրա երկրների անունները գրել, համարակալել և սահմանները նշել լամպեր տեղադրելով: Որմնանկարները, ըստ նրա, պետք է ստեղծել յուղաներկով կամ մոմաներկով` երկարակեցության նպատակով: Իսկ երբ այցելուն այդ երկրի համարն է սեղմում, վառվում են լամպերը և նշում այդ երկրի տարածքը):
Պատերին կամրացվեն հին քարտեզների որմնանկարները և կներկայացվեն այլ երկրների (օրինակ, Պարսկաստանի և Ասորեստանի) լեզուներով արված տեղեկություններ Հին Հայաստանի մասին, գրված քարե տախտակների վրա:
Նախատեսվում է նաև կառուցել առանձնաշենք, գնել և տեղադրել բոլոր այն գրքերը, որ աշխարհով մեկ հրատարակվել են Երկիր մոլորակի մասին:
Հեղինակը հույս ունի, որ նման գրադարանը հետագայում կդառնա համաշխարհային նշանավոր հետազոտական կենտրոն Հայաստանի և արտասահմանյան գիտնականների համար:

ՎԵՐՋԱԲԱՆ
Նախագծերի հեղինակը որևէ անձնական ակնկալիք չունի: Նրա նպատակը մեկն է՝ զարգացնել հայրենի երկրի տնտեսությունը՝ Հայաստանը դարձնելով զբոսաշրջային համաշխարհային կենտրոններից մեկը:


Հրապարակման պատրաստեց
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 7786

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ