Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Ռուսաստանի տնտեսությունը վերադարձավ հումքային մոդելին

Ռուսաստանի տնտեսությունը վերադարձավ հումքային մոդելին
03.11.2017 | 12:56

Նոր տնտեսական մոդելի Ռուսաստանը չանցավ` տնտեսությունը վերադարձավ ավանդական աճի մոդելին` հիմնված օգտակար հանածոների հանույթի և օգտագործման վրա` կարծում է «Ալֆա բանկի» գլխավոր տնտեսագետ Նատալյա Օռլովան։ Տնտեսության աճը նա համարում է անկայուն։ Առաջիկա 3 տարիներին նավթագազային եկամուտները կկազմեն բյուջեի մուտքերի մեկ երրորդը, արդեն հիմա «վստահորեն նվազում է դաշնային բյուջեի կախումը նավթային կոնյունկտուրայից»` անցյալ շաբաթ «Ռուսաստանը կանչում է» համաժողովում ասում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Բայց փաստացի վաղ է ասել, որ Ռուսաստանը հեռացել է տնտեսության հումքային մոդելից:

«Ալֆա բանկի» գլխավոր տնտեսագետի վերլուծական հաշվետվությունից հետևում է, որ Ռուսաստանը դարձ է կատարել ի շրջանս յուր: Նատալյա Օռլովան գրում է, որ ռուսական տնտեսության մոդելը նույնն է մնացել` արդյունահանող ոլորտները տնտեսության լոկոմոտիվներն են` վարկով վերցրած արտասահմանյան արտադրանքի արագ սպառման աճի հետ մեկտեղ։ Եղե՞լ է դիվերսիֆիկացիա։ «Ռուսական մակրովիճակագրությունը վկայում է, որ երկիրը վերադարձել է տնտեսական աճի ավանդական մոդելին։ Մի քանի տարի տնտեսական աճի առաջատարը գյուղատնտեսությունն էր, 2017-ի առաջին կիսամյակում լավագույն դինամիկան ցույց են տվել օգտակար հանածոների հանույթի ճյուղերը»,- գրել է Նատալյա Օռլովան հաշվետվության մեջ։ Գյուղատնտեսության ոլորտը նախորդ 3 տարիներին առաջատար էր։ 2013- 2016-ին 8,8 % աճ է գրանցվել, այս տարվա առաջին կիսամյակում արտադրության ծավալը կրճատվել է 0,3 %-ով: Առաջին կիսամյակում առաջատարը արդյունահանող ոլոտներն են, որտեղ արտադրանքի աճն ավելացել է 4,1 %, աճի տեմպերով երկրորդ տեղում տրանսպորտի ոլորտն է։ Եվ տրանսպորտի, և օգտակար հանածոների արդյունահանման ոլորտները արձանագրել են ներդրումների արագ աճ առաջին կիսամյակում։ Այդ ոլորտների աճը Օռլովան կապում է պետական նախագծերի հետ։ Նա ցույց է տալիս, որ սկսել է վերականգնվել բնակչության սպառողական ակտիվությունը։ Առաջին կիսամյակում սպառումը ավելացել է 3,5 %-ով, և «Ալֆա բանկը» ակնկալում է հետագա աճ։ Բանկի փորձագետները նշում են, որ բնակչությունը սկսել է ավելի շատ գնումներ անել շնորհիվ վարկավորման աճի։ Տարվա կտրվածքով` Օռլովան նախանշում է անհատական վարկավորման աճ 10-12 %-ով։ Արդյունքում արագացել է ներմուծման աճը։ Վարկային փողերով բնակչությունը գնում է արտասահմանյան ապրանքներ: Օռլովայի կարծիքով` դա գործնականում չեզոքացրել է արտահանման աճի դրական արդյունքը։


Սպառման և արտահանման աճը տնտեսագետներն անվանում էին տնտեսական մոդելի հիմնական գիծը, որ ձևավորվել էր 2000-ականներին ու գործում էր մինչև 2014-ը: Այն ժամանակ սպառումն աճում էր շնորհիվ եկամուտների արագ աճի ու վարկերի։ Նատալյա Օռլովայի հետ համաձայն է և «ՈՒրալսիբ» բանկի գլխավոր տնտեսագետ Ալեքսեյ Դևյատովը: «Տնտեսության կառուցվածքի մեջ գլոբալ փոփոխություններ ես դեռ չեմ տեսնում»,- ասել է նա: Դևյատովը նշում է, որ 2014-2015-ին ռուբլու կտրուկ արժեզրկումից հետո սկսեց աճել ոչհումքային արտահանումը Ռուսաստանից և իշխանությունները փորձում էին աջակցել այդ աճին։ «Բայց ես չեմ կարող ասել, որ այդ ջանքերը գլոբալ փոփոխությունների բերեցին»` ընդունում է Դևյատովը։ Նա սպառման աճի մեծացման մեջ տնտեսության համար ռիսկեր չի տեսնում։ «Սպառման աճը եղել է, կա ու լինելու է տնտեսության աճի հիմնական գործոններից մեկը»` վստահ է նա։


«Ալֆա բանկում» մտահոգ են, որ տնտեսության դրական տեղաշարժը կայուն չի լինելու։ Նատալյա Օռլովան բացատրում է` կորպորատիվ վարկավորումը համարյա չի աճում, իսկ արդյունաբերության աճը 3,8 %-ից երկրորդ կիսամյակում դանդաղել է մինչև 1,4 %-ի: Երկրորդ եռամսյակում ՌԴ ՀՆԱ-ն աճել է 2,5 % տարեկան արտահայտությամբ, էկոնոմիկայի նախարարության գնահատականով` երրորդում` 2,2 %-ով։ Օռլովան կարծում է, որ երկրորդ եռամսյակում տնտեսության 2,5% աճը կապված է բիզնեսի դրական սպասումների հետ` ընկերությունները նկատել են սպառման վերականգնումը և սկսել են պատրաստի արտադրանքի պաշարներ կուտակել։ Եթե պաշարները մնային 2016-ի մակարդակով, երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ն կաճեր միայն 0,5 %-ով։ Ավելի վաղ տնտեսագիտական բարձրագույն դպրոցի գլխավոր տնտեսագետ Վալերի Միրոնովը երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի աճը որակել էր «անսպասելի ու անկայուն»։ Նա չի բացառում, որ աճը կդանդաղի։


Տնտեսական զարգացման նախարարությունը կազմել է 2018-2020-ին տնտեսության զարգացման 3 սցենարներ: Երկուսը` բազային ու նպատակային, ենթադրում են ռուսական տնտեսության կառուցվածքային փոփոխություններ։ Բազային սցենարի համաձայն` 2018- 2020-ին ՀՆԱ-ում կաճի վերամշակող արդյունաբերության մասնաբաժինը` շնորհիվ արտասահմանյան ապրանքների փոխարինման ու ներդրումների աճի։ Կավելանան ՀՆԱ-ում շինարարության, առևտրի ու ֆինանսական հատվածի մասնաբաժինները։ Հանույթի ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում, նախարարության գնահատականով, 2018-ին կկրճատվի 8,7 %-ով, այս տարվա 8,9 %-ի համեմատությամբ և այդ մակարդակին կմնա մինչև 2020-ը:
Նպատակային սցենարը նախատեսում է տնտեսության կառուցվածքի առավել արմատական ձևափոխում։ Էկոնոմիկայի նախարարությունում սպասում են ներդրումների բուռն աճ տնտեսության իննովացիոն ճյուղերում և ռուսական ապրանքների արտահանման մեջ։ Արդյունքում 2020-ին վերամշակող արդյունաբերությունը կունենա ՀՆԱ-ի 13 %-ը, 2017-ի-ի 12,4 %-ի փոխարեն։


Կա երրորդ` պահպանողական սցենարը, ամենահոռետեսականը, որի համաձայն ռուբլին թույլ կլինի, արտահանումը կնվազի, ներդրումային ակտիվությունը` ցածր: Այդ դեպքում Ռուսաստանում կկատարվի «ձեռներեցային ակտիվության սեղմում»։ Այդ տարբերակում կառուցվածքային վերակառուցումը շատ կդանդաղի։
Օլգա ՇԱՄԻՆԱ, ВВС


Հ.Գ. Եթե հաշվի առնենք, որ 2018-ի մարտին ՌԴ-ում նախագահական ընտրություններ են, տարին կսկսեն առաջին սցենարով, կշարունակեն երկրորդով, կավարտեն երրորդով: Այդպիսին է փոփոխական ռուսական հոգին, որ միշտ ձգտում է լավագույնին, բայց ստանում է «ինչպես միշտը»` որ սահմանել է ՌԴ վարչապետներից ամենասրամիտը` Վիկտոր Չեռնոմիրդինը։ Հուսանք, որ ՌԴ տնտեսությունը, այնուամենայնիվ, կկարողանա պոկվել նավթագազային «ասեղից» և բյուջեի ներարկումները կլինեն ի հաշիվ նոր տեխնոլոգիաների ու տնտեսության դիվերսիֆիկացման: Հայաստանի համար դա համամարդակին մարդասիրություն չէ, այլ` կոնկրետ ազգային շահ։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6047

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ