«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Իրաքյան Քրդստան` անկախություն առանց նավթի՞

Իրաքյան Քրդստան` անկախություն առանց նավթի՞
03.11.2017 | 13:04

Քրդստանը, որի համար պայքարում էր Մասուդ Բարզանին, տարածաշրջանում ոչ մեկին պետք չէ: Իրաքյան Քրդստանը 2005-ից ղեկավարած Մասուդ Բարզանին հեռանում է: Մեկ ամիս առաջ նա Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվե անցկացրեց, որի ժամանակ բնակչության 90 %-ից ավելին կողմ էր անկախության: Բաղդադում այդ քվեարկությունը լուրջ չընդունեցին, բայց երկու շաբաթ հետո Իրաքի զինվորականները իրենց վերահսկողությունը հաստատեցին Քիրկուկի մերձակա նավթային դաշտերում։ Բարզանիի լիազորություններն ավարտվեցին նոյեմբերի 1-ին: Հենց այդ օրը Իրաքյան Քրդստանում պետք է անցկացվեին նախագահական ընտրություններ, բայց անցած շաբաթ ընտրություններն անորոշ ժամկետով հետաձգվեցին։ Բարզանին առաջարկեց բարեփոխումներ անել Քրդստանի իշխանության կառուցվածքում` բաժանելով նախագահական իրավասությունները կառավարության, խորհրդարանի, դատական իշխանության միջև։ «Վերջին տարիներին շատ մեծ իշխանություն էր կուտակված քրդական ինքնավարության նախագահի ձեռքում,- հաստատում է արևելագետ Ելենա Սուպոնինան։- Հեռանալով պաշտոնից` նա առաջարկում է այդ իրավասություններն առավել արդարացի բաշխել։ Բարեփոխումներն ինքնավարության մեջ վաղուց են հասունացել և նույնիսկ մի քիչ ուշացել են»։ Ինչպե՞ս կկատարվի բարեփոխումը, եթե ընդհանրապես կատարվի, առայժմ պարզ չէ։ Պարզ չէ նաև, թե ստեղծված պայմաններում որքան կենսունակ է քրդական ինքնավար պետության գաղափարը սկզբունքորեն։


Իրաքի 2005-ի Սահմանադրությունը ճանաչում է Քրդական ինքնավարությունը` տեղական կառավարության ենթակայության տակ։ Իրաքյան Քրդստանի բնակչությունը 6 միլիոն է` Իրաքի բնակչության 20 %-ը։ Տարբեր գնահատականներով` աշխարհում քրդերը 30-40 միլիոն են և տարածված են Սիրիայում, Իրանում, Թուրքիայում ու Կովկասի նախկին խորհրդային հանրապետություններում։ Միայն Իրաքում քրդերը կարողացան նշանակալից ինքնավարության հասնել` տասնամյակների պայքարից հետո։ 1918-ին նավթով հարուստ Մոսուլի նահանգ եկան բրիտանացիները` խլելով պարտված Օսմանյան կայսրությունից։ 1920-ի Սևրի խաղաղության պայմանագրում անկախ քրդական պետության ստեղծման դրույթ կար, պայմանով` եթե համաձայնում է Ազգերի լիգան։ Առանձին դիտարկվում էր և Մոսուլ նահանգի միացման հնարավորությունը։ Պայմանագիրը, սակայն, այդպես էլ ուժի մեջ չմտավ, Ազգերի լիգան չվերադարձավ քրդերի հարցին, քրդերի բողոքները չլսվեցին։ Քրդական ազգային շարժման հետագա պատմությունը դիմակայության, երբեմն էլ համագործակցության պատմություն է երկու առավել մեծ ուժերի միջև` Իրաքյան Քրդստանի հեռացող նախագահ Մասուդ Բարզանիի հոր` Մուստաֆա Բարզանիի ստեղծած Քրդստանի Դեմոկրատական կուսակցության և Ջալալ Թալաբանիի գլխավորած Քրդստանի Հայրենասիրական միության (Թալաբանին 2005-ին ընտրվեց ժամանակավոր նախագահ` Սադամ Հուսեյնի անկումից հետո իր պաշտոնը պահեց մինչև 2014-ը)։ 1958-ի հեղափոխությունից հետո Իրաքի տարբեր կառավարություններ քրդերին ինքնավարություն են խոստացել, սակայն իրական իշխանություն քրդերը իրենց ձեռքում սկսել են հավաքել Պարսից ծոցի առաջին պատերազմից հետո, երբ Իրաքի հյուսիսում փակվեց օդային տարածքը։


1994-ին Դեմոկրատական կուսակցության ու Հայրենասիրական միության հակասությունները վերաճեցին բացահայտ քաղաքացիական պատերազմի, որ ավարտվեց 1997-ին, թեպետ տարաձայնություններ հիմա էլ կան։ Այնուամենայնիվ, ինքնավարության տարիներին քրդերը կարողացան կառուցել համեմատաբար աշխատունակ ժողովրդավարական համակարգ` աճող տնտեսությամբ։ Այդ աճի սկիզբը դրեց ՄԱԿ-ի «Պարենի փոխարեն` նավթ» ծրագիրը, օգնեց և 1998-ին Մասուդ Բարզանիի ու Ջալալ Թալաբանիի հրադադարի պայմանավորվածությունը։ Հյուսիսային Իրաքի տարածքը «Փոթորիկ անապատում» գործողությունից հետո պահպանում էր ԱՄՆ ավիացիան, որ օգնեց քրդերին չվախենալ Սադամ Հուսեյնի ուժերի ներխուժումից։ Հաջողվեց նաև Իրաքյան Քրդստանից դուրս մղել Քրդստանի աշխատավորական կուսակցության ուժերին, որ պայքարում են Թուրքիայի դեմ նաև ոչ խորհրդարանական մեթոդներով, այդպիսով կանխվեց տարածաշրջանային գործերին Թուրքիայի լայնամասշտաբ միջամտությունը (թեպետ անկախ քրդական պետության գաղափարը նյարդայնություն է հարուցում ոչ միայն Անկարայում, այլև Թեհրանում ու Դամասկոսում): «Չի կարելի ասել, որ իրաքյան քրդերը վտարել են ՔԱԿ-ի բոլոր ներկայացուցիչներին, ՔԱԿ-ի շտաբ-բնակարանը առաջվա պես Իրաքի ու Թուրքիայի սահմանին դժվարամատչելի Կանդիլի լեռներում է,- հիշեցնում է քաղաքագետ Ալեքսանդր Սոտնիչենկոն։- ՔԱԿ-ի ներկայացուցիչներն իրենց քաղաքական շարժումն ունեն, որ մեծ հանրաճանաչություն չի վայելում, որովհետև Թուրքիաի ու Իրաքի քրդերը, ընդհանուր առմամբ, երկու տարբեր լեզուներով խոսող տարբեր ժողովուրդներ են»։ Թուրքիայի քրդերը (ինչպես և Սիրիայի) խոսում են կուրմանջի լեզվով, որ ձևավորվել է համեմատաբար ուշ և հիմքում ունի լատինատառ գրությունը։ Իրաքի քրդերը խոսում են սորանի լեզվով, որ քրդերենի բոլորովին այլ բարբառ է և արաբական գրություն ունի։


Երբ հարևաններից ոչ մեկին, առավել ևս Բաղդադին պետք չէ անկախ Քրդստան, քրդերը հարկադրված են արագացված յուրացնել դիվանագիտական մանևրի հմտությունները։ Միաժամանակ` զսպել զինված աշխարհազորին` փեշմերգային, որ այսօր ավելի շուտ կանոնավոր բանակ է` 120 000 զինվորով։ Փեշմերգան ակտիվ դիմադրություն է ցույց տվել ԻՊ-ի զինյալներին և շարունակում է մնալ նրանց դեմ պայքարի առանցքային ուժերից մեկը։
Վերլուծաբանների մեծ մասը կարծում է, որ ԻՊ-ի ճակատագիրը Իրաքում ու Սիրիայում կանխորոշված է։ Ինչ-որ պահից Իրաքյան Քրդստանում նավթի արդյունահանումը, որ ընդհատվել էր իսլամիստների ներխուժումով, կվերականգնվի։ Առանցքային նշանակություն ունի Քիրկուկը` այնտեղ նավթը շատ ու լավորակ է։ Մինչև արաբական գարունը Քիրկուկի նավթը մատակարարվում էր Սիրիա համեմատաբար հզոր նավթատարով, որ հիմա չի գործում, բայց ենթադրելի է, որ իրավիճակի կարգավորումից հետո նավթատարը կվերականգնվի ու կսկսի գործել։ Քրդական նավթի խոշոր սպառող է և Թուքիան, որ Իրաքյան Քրդստանից գնած նավթը և ինքն է օգտագործում, և արտահանում է։ «Արտասահմանյան ընկերություններ Քիրկուկում առայժմ չկան և ես կարծում եմ, որ Իրաքի կառավարությունը կսկսի տեղի հանքավայրերը վաճառքի հանել,- նշում է Ալեքսանդր Սոտնիչենկոն։- Այնտեղ վիթխարի աշխատանք կա նավթահորերը վերականգնելու, նավթատարը վերանորոգելու և Սիրիայի տարածքով մատակարարումները սկսելու համար: Քանի դեռ Իրաքի տարածքում ոչնչացնում են ԻՊ-ին, արտասահմանյան ընկերությունները կարող են գնալ, ուսումնասիրել և վերականգնել նավթահանումը տարածաշրջանում»։ Ռուսական ընկերություններն առայժմ կենտրոնացած են Իրանի սահմանից ոչ հեռու Սուլեյմանիա քաղաքի շրջակայքի վրա, սակայն Ռոսնեֆթը հոկտեմբերի կեսին հայտարարեց, որ պայմանավորվել է Քրդստանի իշխանության հետ 5 նավթային հանքավայրերի մշակման մասին: Բաղդադում այդ հայտարարությունը հիացմունք չհարուցեց: Նավթի նախարար Ջաբար ալ Լուեյբին գործարքն անվանեց «միջամտություն Իրաքի ներքին գործերին» և հայտարարեց, որ Իրաքի տարածքում կնքված նավթարդյունահանման ցանկացած գործարք, առանց Բաղդադի կենտրոնական իշխանության մասնակցության, անօրինական է համարվում: Իրավիճակը քրդերի համար բարդանում է, որ Քիրկուկը, թեպետ համարվում է Քրդստանի պատմական մաս, պաշտոնապես Քրդստանի մաս չի կազմում։ Քիրկուկն ու շրջակա տարածքները 2014-ից պաշտպանել են փեշմերգայի զինվորները, երբ Իրաքի ուժերը ԻՊ-ի ճնշման տակ նահանջեցին։ Առաջին իսկ հնարավորությունից օգտվելով` Բաղդադը վերադարձրեց նավթով հարուստ շրջանը և, ամենայն հավանականությամբ, կառաջարկի օտարերկրյա ընկերություններին, մասնավորապես ВР-ին, որի հետ համաձայնագիր էր կնքվել 2013-ին, բայց կասեցվեց տեղական իշխանության բողոքով։


Անկախության հանրաքվեում բավականին համոզիչ հաղթանակը քրդական իշխանություններին դրեց բարդ վիճակում` անկախ Քրդստանի ստեղծման հեռանկարը դրսից ոչ ոք չպաշտպանեց։
«Քրդերը բարդ վիճակում են` ելնելով ընդհանուր աշխարհաքաղաքական դրությունից` հարևաններից ոչ մեկը չի ուզում անկախ Քրդստանի ստեղծումը, իսկ տարածաշրջանից դուրս խոշոր տերությունները նույնպես պատրաստ չեն աջակցել,-ասում է Ելենա Սուպոնինան։- Քրդերը հիանալի հասկանում են, որ պետք է պայմանավորվեն մնացածի հետ ու իրենք իրենց մեջ»։


Այսօր պարզապես ֆանտազիա է հեռանկարը, որ քրդական պետության մեջ հնարավոր է ներառել Քիրկուկի նավթահանքերը: «Առանց նավթի Քրդստանի անկախությունը չի ստացվի,- կարծում է Ալեքսանդր Սոտնիչենկոն։- Որքան ես եմ հասկանում, այնտեղ արդեն հրաժարվել են հանրաքվեի արդյունքներից և համարում են, որ դա Բարզանիի մասնավոր նախաձեռնությունն էր` իշխանությունը պահելու համար»։ Կարծես թե իրավիճակը Իրաքյան Քրդստանում աստիճանաբար վերադառնում է նախահանրաքվեյան դրությանը։ Իրաքի Սահմանադրությունը լայն ինքնավարություն է տալիս քրդերին և 2005-ին` Սահմանադրության ընդունման պահից, Բաղդադի ու Էրբիլի հարաբերությունները հիմնականում աշխատանքային էին։ Բարդ է ենթադրել, որ Բաղդադը կօգտագործի անբարենպաստ դրությունը, որում Քրդստանը հայտնվել է ԻՊ-ի դեմ պայքարի տարիներին` քրդերին աջակցում են իրաքցի սուննիները, փեշմերգան էլ լուրջ, կռիվներում կոփված հակառակորդ է։ Ամենայն հավանականությամբ` Մասուդ Բարզանին էլ քաղաքականությունից չի հեռանա։ Նա կմնա Իրաքյան Քրդստանի Բարձրագույն ղեկավար խորհրդում, իսկ նրա հեղինակությունը առաջվա պես բարձր է` հիշեցնում է Ելենա Սուպոնինան։ «Բոլորը հիանալի հասկանում են, որ Մասուդ Բարզանին այնպիսի տրամաչափի առաջնորդ է, որ կշիռն ու ազդեցությունը կպահպանի նույնիսկ առանց բարձրագույն պաշտոնական դիրքի»։ Իսկ դա նշանակում է, որ Բաղդադը հետագայում էլ ստիպված է գործ ունենալ Մասուդ Բարզանիի հետ: Եթե հաշվի առնենք` ինչ արագ ու անարյուն քուրդ զինվորականները թողեցին Քիրկուկը, Իրաքյան Քրդստանի նախկին նախագահը պատրաստ է փոխզիջումների և արյունահեղությունից, հավանաբար, հնարավոր է խուսափել։
Միխայիլ ՍՄՈՏՐՅԱԵՎ, ВВС


Հ.Գ. Իսկ ինչու՞ չասել, որ Մասուդ Բարզանիին ու ի դեմս նրա Իրաքյան Քրդստանի քուրդ ժողովրդին պարզապես խաբեցին: Մասուդ Բարզանին այն անփորձ ու նորելուկ գործիչը չէր, որ առանց հաջորդ քայլերի ճշգրտման` գնար անկախության հանրաքվեի: Նրան խաբեցին և ԱՄՆ-ում, և Ռուսաստանում: ԱՄՆ իր բազում այցերի ժամանակ Մասուդ Բարզանին, բացի օգնությունից ու զենքից, մեկ հիմնական խնդիր ուներ` անկախության ձեռքբերումը: Հազիվ թե նա գնար արկածախնդրության, եթե նախապես չունենար ԱՄՆ-ի լուռ համաձայնությունը: Ռուսական Ռոսնեֆթը միլիարդների պայմանագիր էր կնքում Էրբիլի կառավարության հետ ու չէ՞ր հաշվարկում, որ Քիրկուկը Բարզանիի վերահսկողության տակ կարող է չլինել: Այդ դեպքում նավթային հսկայի մենեջերներին աշխատանքից օր առաջ պետք է ազատել` ընկերության վարկին ու հեղինակությանը հասցված վնասի համար: Լավ էլ հաշվարկում էր ու համարում էր, որ անկախությունը կհռչակվի ու կճանաչվի` կարճ ժամանակի մեջ: Գուցե նաև ռուսները չմիջամտելու պայմանավորվածություն ունեին Անկարայի հետ, բայց Էրդողանը ինչպես միշտ դրսևորեց իր հակասական ու անհաստատ բնավորությունը: Եվ պետք չէ հիմա Մասուդ Բարզանիի համար փափուկ վայրէջքի դաշտ ապահովել: Քրդերի բնավորությունն էլ պետք է իմանալ: Ոչ ոք չի կարող ասել, թե ով կստանձնի իշխանությունն Էրբիլում: Կվերադառնա՞ն Բարզանիները։ Թե Թալաբանինե՞րը կգան: Ո՞ր կուսակցությունը կստանձնի անկախությանը քաղաքականապես պատրաստ, տնտեսապես անպատրաստ շրջանի իշխանությունը և ու՞մ կցանկանա ղեկավար տեսնել Բաղդադը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ