Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Լեռնային Ղարաբաղ. Պուտինը Ստալինի սխալները կրկնելու ժամանակ չունի

Լեռնային Ղարաբաղ. Պուտինը Ստալինի սխալները կրկնելու ժամանակ չունի
04.11.2017 | 08:35

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց, որ մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցը։ Էրդողանի խոսքով` «եթե նա զբաղվի այդ հարցի լուծմամբ, շատ ավելի հեշտ կլինի արդյունքի հասնելը»։ Ավելին` Էրդողանը ճշտել է, որ Անկարան «հանդես կգա լուրջ նախաձեռնությամբ», որը «կհարուցի ոչ միայն հայկական լոբբիի անհանգստությունը, այլև Արևմուտքի որոշ ուժերի»։ Այսինքն` կատարվում են կանխատեսումները, որ Թուրքիան կփորձի միջնորդավորված շփման մեջ մտնել Հայաստանի հետ։ Դա են վկայում թուրքական ԶԼՄ-ներում հաճախացած հրապարակումները 2009-ի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված հայտնի արձանագրությունների խորհրդարանում վավերացման անհրաժեշտության մասին, որ նախատեսում են Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանի բացում։ Գործընթացը ձախողեց Բաքուն, որ պնդել ու պնդում է այդ խնդրի լուծումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետ հանգուցելը: Թուրք քաղաքական գործիչները նաև հայտարարում են, որ Անկարան, իբր, հրավեր է ստացել մաքսային համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ, որն անհնար է առանց Երևանի համաձայնության։

Սկզբունքորեն` Թուրքիան կարող էր և ինքնուրույն նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, բայց բախվում է Ադրբեջանի կոշտ դիմադրությանը։ Այդ պատճառով Անկարայի համար լավագույն տարբերակը Մոսկվայի աջակցությունը ստանալն է, որ թուրք քաղաքագետների կարծիքով` «կարող է ճնշում գործադրել Երևանի վրա»։ Բաքվի բացասական արձագանքը չհարուցելու համար` թուրքական կողմը կարող է առաջարկել համաձայնությունների փաթեթ, որը պարունակում է նաև Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման խնդիրների հանգուցալուծում։ Թուրքիայի գործողությունների այլ գործնական սցենար այդ ուղղությամբ առայժմ չի ուրվագծվում։


Կա ևս մի հարց, որի լուծումը տեսական է. Ադրբեջանը կարող է ցանկանալ անդամակցել ԵԱՏՄ-ին, ուստի պայմաններ չի առաջադրի կոնֆլիկտի կարգավորման հարցում: Դա պետք է Մոսկվայում հարուցի Անդրկովկասում այնպիսի «աշխարհաքաղաքական հաղթանակի» զգացողություն, որ ունեցել են 1920-ականներին բոլշևիկները` ստորագրելով պայմանագրեր ու համաձայնագրեր Թուրքիայի ղեկավար Մուստաֆա Քեմալի հետ։ Պատահաբար չէ Էրդողանն ասում, որ իր նախաձեռնությունը կարող է «հարուցել ոչ միայն հայկական լոբբիի, այլև Արևմուտքի որոշ ուժերի անհանգստությունը»։ Բայց իրադարձությունների այդ զարգացման դեպքում Մոսկվան պարզապես պարտավոր է իր պահանջներն առաջադրել Անկարային ու Բաքվին հայկական հարցի ենթատեքստում, որպեսզի հետո, ինչպես մոսկովյան բոլշևիկները 1940-ականների վերջին, չհայտարարի, որ թուրքերը «գցեցին Կրեմլին»։

Փորձագիտական շրջանակներուն տեսական մակարդակով այս թեման վաղուց է քննարկվում։ Գործնականում ուշադրություն է հրավիրում փաստը, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները պատրաստակամ եմ բանակցել անձնական ձևաչափով` երկկողմ։ Սկսել է փոխվել և նրանց բառապաշարը` լռության մատնածին ու չասածին զուգահեռ։ Հայկական շատ ԶԼՄ-ներ, նրանցից հետո էլ ադրբեջանականները, մեջբերում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՀՀԿ-ի Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի ունկնդիրների առաջ, թեպետ այդ հայտարարությունը չկա նախագահի պաշտոնական կայքում։ Այդ պատճառով օգտագործեմ «իբր» բառը։ Իբր Սարգսյանը հայտարարել է. «Ղարաբաղի հարցում լուծումը ցավոտ է լինելու։ Չի կարող լուծում լինել առանց փոխադարձ զիջումների»։ Հայ փորձագետները հարց են բարձրացնում` ինչու՞ հանկարծ Երևանում սկսեցին խոսել փոխզիջումների մասին, հատկապես Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո և ի՞նչ են նրանք խոսելու Սարգսյանի անոնսած առաջիկա հանդիպման ժամանակ։ Խնդրի կառուցվածքից դատելով` փոխզիջումները կարող են լինել միայն երկու ուղղություններով` Լեռնային Ղարաբաղի շրջակա շրջանների կարգավիճակը և բուն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Եթե այդպես է, ժամանակն է, որ բանակցային գործընթացին միանա Ստեփանակերտը, որպեսզի ուժերի հավասարակշռությունը որոշի նոր բանաձևի միջոցով: Մոսկվան պետք է պայման դնի` ստանալ Բաքվի ու Երևանի համաձայնությունը Լեռնային Ղարաբաղում իր ռազմական ու քաղաքական ներկայության` հանդես գալով իբրև անվտանգության երաշխավոր։
Մերձավոր Արևելքում արագ փոխվում է կոնֆլիկտների դասավորությունն ու ուղղությունը։ Տարածաշրջանում ձևավորվող նոր «քաղաքական երկրաչափությունը»` Ռուսաստան-Ադրբեջան-Իրան և Ռուսաստան-Իրան-Թուրքիա, ոչ մեկին չպիտի մոլորեցնի: Այդ եռանկյունիները չեն վկայում տարածաշրջանում Մոսկվայի դիրքերի ամրապնդում։

Եվրամիության Արևելյան գործընկերության սամմիթից առաջ, որ տեղի է ունենալու նոյեմբերի 24-ին Բրյուսելում, Ռուսաստան են այցելելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ haqqin. Az-ը փոխանցում է, որ Սարգսյանի հետ համաժամանակյա Մոսկվայում է լինելու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման համար: Մամեդյարովը չի բացառել Նալբանդյանի հետ հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ բանակցությունների շրջանակում։ Գուցե դրանից հետո իրավիճակը պարզվի։
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Չի՞ ստացվում ռուս-թուրքական խաղ` իբր Անկարան վավերացնում է հայ-թուրքական արձանագրությունները, իբր Մոսկվան ճնշում է Հայաստանին, որ համաձայնի ԵԱՏՄ-ի հետ Թուրքիայի մաքսային համաձայնագիր ստորագրելուն, իսկ արդյունքում Մոսկվան ստանում է Բաքվի ու Երևանի համաձայնությունը Լեռնային Ղարաբաղում իր ռազմական ու քաղաքական ներկայության` հանդես գալով իբրև անվտանգության երաշխավոր։ Մեղմ ասած` աբսուրդ: Բայց պատահական չի հիշատակվում, որ նոյեմբերի 24-ին Բրյուսել մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը մեկնելու է Մոսկվա: Այսինքն` Մոսկվայում Հայաստանի մշակույթի օրերը պատրվակ են, իրականում լինելու է ինչ-որ հանդիպում և առաջադրվելու են ինչ-որ պայմաններ: Ի՞նչ պայմաններ, որ Հայաստանը համաձայնի՞ ԵԱՏՄ-ում Թուրքիայի մաքսային համաձայնագիր ստորագրելուն, որն անիմաստ է դառնում առանց հայ-թուրքական սահմանի բացմա՞ն: Իսկ հայ-թուրքական սահմանը կբացվի, երբ լուծվի Ղարաբաղի հա՞րցը, բայց մինչև Ղարաբաղի հարցը լուծվի` Լեռնային Ղարաբաղում իր ռազմական ու քաղաքական ներկայությունը կհաստատի Մոսկվա՞ն։ Իսկ ի՞նչ է դա նշանակում: Ռազմականը հասկանալի է` իբր խաղաղարարների տեղակայում, ո՞րն է քաղաքականը: Ենթակայություն Մոսկվայի՞ն: Որ ի՞նչ: Ոչ ի՞նձ, ոչ քե՞զ: Ինչ-որ տեղ ինչ-որ բան կամ սխալ է, կամ` անհավանական, որ ուզում է հավանական դառնալ։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9291

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ