Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կօգնե՞ն Իրանում Մակրոնին Գոլի կիտելը փորձել

Կօգնե՞ն Իրանում Մակրոնին Գոլի կիտելը փորձել
05.11.2017 | 11:54

2018-ի սկզբին Իրան է մեկնելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: The Interpreter-ը գրում է, որ նա, 1976-ին Իրանում եղած Վալերի Ժիսկար դ'Էստենից հետո, Թեհրան մեկնող` Ֆրանսիայի առաջին նախագահն է: Այդ ժամանակներից աշխարհը, Եվրոպան ու Մերձավոր Արևելքը շատ են փոխվել։ Ժիսկար դ'Էստենի նախագահության շրջանում Ֆրանսիան համաշխարհային քաղաքականության մեջ ներկայանում էր ինքնուրույն ուժ ու ակտիվ քաղաքականություն էր վարում Մերձավոր Արևելքում։ Փարիզն այն ժամանակ դատապարտեց Քեմպ Դևիդի իսրայելաեգիպտական համաձայնագիրը և աջակցություն հայտնեց Մերձավոր Արևելքի արաբական պետությունների հակաիսրայելական գծին, ամրապնդելով հարաբերությունները Չինաստանի ղեկավարության ու Իրանի շահի հետ` դիվանագիտական խորհրդակցությունների շարք կազմակերպեց «Հյուսիս-Հարավ» ձևաչափով։ 1979-ին Իրանում իսլամական հեղափոխությունից հետո Արևմուտքի հետ հարաբերությունները սկսեցին սահմանափակվել: Հետագայում, կարծում է Մեյնի համալսարանի ժամանակակից պատմության մասնագետ Ամին Էլիասը, ֆրանսիական դիվանագիտությունը տարածաշրջանի բուռն իրադարձություններին միայն «արձագանքում էր` չդրսևորելով հստակ ծրագրված մարտավարություն, իրեն պահում էր գործնականում միանգամայն անտարբեր` չնայած բազմաթիվ բարձրահունչ հայտարարություններին, իրեն չէր դրսևորում իբրև պետություն, որ կարող է ակտիվ մասնակցություն ունենալ Մերձավոր Արևելքում ուժերի նոր հավասարակշռության ձևավորման մեջ»։


Իր քաղաքականությունը տարածաշրջանում Փարիզը վերանայեց Սիրիայի ճգնաժամի սկզբին ու զարգացմամբ, որին ակտիվ մասնակցում է Իրանը։ Ֆրանսիացի փորձագետները դա բացատրում են «Փարիզի կայսերական որոշ բնազդների արթնացումով»։ Այնտեղ հիշել են, որ Փարիզը 1920-ականների սկզբին ու կեսերին ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել Սիրիայի արաբական թագավորության վերացման մեջ, որ ներառում էր ոչ միայն ներկա Սիրիայի մեծ մասը, այլև Պաղեստինը, որ անցավ Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ։ 1922-ին Ազգերի լիգան հաստատեց Սիրիական դաշնության ֆրանսիական մանդատը, իսկ 1926-ին Փարիզը բաժանեց Սիրիան ու Լիբանանը։ Սիրիայում Սահմանադրություն ընդունվեց, 1928-ին ընտրվեց առաջին խորհրդարանը, 1932-ին` նախագահ Մուհամեդ Ալի բեյ ալ Աբիդան: Նրա նախագահական ժամկետի ավարտից հետո հռչակվեց Սիրիայի անկախությունը։ Տարբեր պատճառներով` հենց ֆրանսիացիներն են Սիրիայում առաջ մղել ալավիտների փոքրամասնությանը` օբյեկտիվորեն դարձնելով որոշակի հակակշիռ սուննի մեծամասնությանը։ Հետագայում ֆրանսիացիների տեղակայած պատմական ականները Սիրիայում «պայթում էին» մեկ «Մեծ Սիրիա» նախագծի, մեկ կոշտ ներքաղաքական դիմակայության տեսքով: Սակայն հիմա ներսիրիական կարգավորման գործընթացում Փարիզը չկա և առաջին անգամ չէ հայտնվում այդպիսի երկիմաստ իրավիճակում։ Սիրիայում հրադադարի երաշխավորների դերում Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանն են։ Ֆրանսիայի համար իրավիճակը շտկել ուշ է, թեպետ փորձեր արել է Դամասկոս-Թեհրան ալյանսը ձախողել` մեկ մի, մեկ մյուս կողմը շրջադարձեր անելով։ Բայց դա հնարավոր էր միայն Վաշինգտոնի ուղեգծին կույր հետևելուց հրաժարվելու դեպքում։ Փարիզը չկարողացավ, դա է վկայում այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Օլանդի փորձը «նոր էջ գրել Թեհրանի հետ հարաբերություններпւմ»: ԱՄՆ վարչակազմի փոփոխությունից հետո, նոր նախագահ ունեցող Ֆրանսիան սկսել է ցանկություն դրսևորել` «Մերձավոր Արևելքում իր համար նոր իրականությունը բացահայտելու»` ինչպես ֆրանսիացի մի փորձագետ էր ձևակերպել։ ԱՄՆ-ի The Week-ը հնարավոր է համարում Ֆրանսիայի քաղաքականության ակտիվացումը Մերձավոր Արևելքում «մեկուսացման մեջ խորացող» ԱՄՆ-ի փոխարեն, իբրև միջուկային տերություն և լուրջ խաղացող։ Էմանուել Մակրոնը ամերիկացիներին կարող է մարտահրավեր նետել երկու ուղղություններով` վեցնյակի հետ միջուկային համաձայնագրի և Թեհրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին չմիանալու։ Le Figaro-ի մեկնաբան Ռենո Ժիրարը կարծում է, որ կարող է ռեալ արտահայտվել Մակրոնի հայտարարած ձգտումը` «դադարել հավասարվել ԱՄՆ-ի արտահանած նեոպահպանողական արտաքին քաղաքական դոկտրիններին ու վերադառնալ Գոլի ռեալիզմին»։ Ֆրանսիայի նախագահն այն կարծիքի է, որ «Մերձավոր Արևելքում Փարիզը չպետք է ինչ-որ մեկի կողմը անցնի Էր Ռիադի ու Թեհրանի սուննի-շիա տարաձայնություններում, այլ պետք է միջնորդ դառնա»: Դա մերձեցնում է Մոսկվայի ու Փարիզի դիրքորոշումները։ Հավելեք, որ Մակրոնն ուրվագծում էր Ֆրանսիայի սիրիական քաղաքականության աստիճանական փոփոխությունը, երբ ասաց, որ Փարիզը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունը այլևս չի համարում բանակցությունների նախապայման։ Օբյեկտիվորեն` դա մարտահրավեր է Վաշինգտոնին, որ կարող է հետագայում էլ սաբոտաժ անել Իրանի միջուկային ծրագիրը, արդեն չասենք, թե ԱՄՆ-ում ինչպես կընդունեն Մակրոնի հնարավոր այցը Թեհրան։ Իրանը շահագրգռված է իրադարձությունների այդ զարգացմամբ, որ թույլ կտա առավել ճկուն, պրագմատիկ քաղաքականություն վարել տարածաշրջանում: Իհարկե, Թեհրանի ու միջազգային հանրության հարաբերություններում ցավոտ կետերը դեռ երկար կզգացվեն, բայց Իրանն առավել բաց է դառնում, տնտեսական ու սոցիալական զարգացմանը առավել նպատակաուղղված։ Ռուսաստանն էլ չպիտի դափնիների վրա նիրհի` նրա առաջ էլ բարդ ընտրություն կա ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև հարևան Անդրկովկասում։
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ.Փարիզի «վերադարձը» միջազգային ասպարեզ իրականում անսպասելի կամ բարդ չէ, ի վերջո միայն Ֆրանսուա Օլանդի նախագահության ընթացքում էր Ֆրանսիան նահանջ արձանագրել, Նիկոլա Սարկոզիի Ֆրանսիան ակտիվ էր թե ԵՄ-ում, թե Անդրկովկասում, թե արաբական գարնան սկզբին։ Օրինաչափ է, որ Էմանուել Մակրոնը, ներքին հարցերը կարգավորելուց հետո, անցնելու է արտաքին քաղաքական օրակարգին: Թե ինչ քաղաքականություն կվարի Ֆրանսիան, կորոշվի նաև Գերմանիայի դիրքորոշումով` Գերմանիան ու Ֆրանսիան ԵՄ երկու հիմնական տերություններն են (առավել ևս` բրեկզիտի պարագայում): Բրյուսելն արդեն հայտարարել է, որ համաձայն չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում և ակնհայտորեն չի միանա ԱՄՆ-ի պատժամիջոցներին, եթե Սենատը հավանություն տա Թրամփի որոշմանը: ՈՒստի այս հարցում Էմանուել Մակրոնն ազատ է: Բայց Իրան մեկնելուց առաջ նրան պետք է համալիր որոշում ընդունել թե Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում, թե Ռուսաստանի, թե Հարավային Կովկասի ու Մերձավոր Արևելքի խնդիրների։ Եթե 2018-ին Էմանուել Մակրոնը ֆրանկոֆոնիայի համաժողովի առիթով գալու է Երևան (իսկ չգալը քաղաքական դեմարշ կդառնա իբրև գլխավոր ֆրանկոֆոն երկրի նախագահի), նա պիտի վերջապես իր դիրքորոշումը հստակեցնի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցում։ Առայժմ Ֆրանսիան ամենաչեզոք երկրի դերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում` հրապարակային քաղաքականության մակարդակում: Իսկ երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սկսի արտաքին քաղաքական դաշտում ակտիվանալ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է խնդիրներ ունենալ` դատելով Վերսալում նրանց առաջին և առայժմ միակ հանդիպումից: Թեհրանում հայտնվելով` Էմանուել Մակրոնը ձեռքի տակ պատրաստի որոշումներ պետք է ունենա և Սիրիայի հարցում Ֆրանսիայի դիրքորոշման վերաբերյալ, և ֆրանս-իսրայելական հարաբերությունների, և ԱՄՆ-Իրան, և Իրաքյան Քրդստանի ու Թուրքիայի ու ընդհանրապես Պարսից ծոցի միապետությունների։ Ի վերջո` Ֆրանսիան այն երկիրը չէ, ում չեն հետաքրքրում էներգակիրները և հաղորդակցության ուղիները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2908

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ