Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բրյուսելը` աշխարհաքաղաքական մարտադաշտ

Բրյուսելը` աշխարհաքաղաքական մարտադաշտ
06.11.2017 | 00:10

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կկայանա Արևելյան գործընկերության 5-րդ համաժողովը։ Բրյուսել կգնա՞ առաջին անգամ հրավիրված Բելառուսի նախագահը: Կստորագրի՞ Հայաստանը ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը։ Կընդունվե՞ն նպատակային ֆոնդերը ՈՒկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի համար։ Արևելյան գործընկերության համաժողովին երեք շաբաթ է մնացել: Նախորդ` Ռիգայի համաժողովը վերջնականապես ամրագրեց վերջին մի քանի տարիների տրենդը` ինչպես Եվրոպայում, որի ղեկավարներն առաջարկում են ԵՄ-ի փրկության համար «երկու արագությամբ կամ բազմաթիվ արագություններով զարգացում», այնպես էլ Արևելյան գործընկերության նախագծում որոշակի ձևավորվել են 6 երկրների եվրաինտեգրման տարբեր դինամիկաներ:


«Արևելյան գործընկերություն +»
Արևելյան գործընկերության երկու երկրներ` Մոլդովան ու Վրաստանը, դեռ 2013-ի Վիլնյուսի համաժողովից հայտնվեցին ավանգարդում` որոշելով ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Նրանք ոչ միայն մտան ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտի, այլև ստացան Շենգենյան գոտու երկրներում առանց վիզայի մուտք գործելու իրավունք։ 2013-ին ասոցացման համաձայնագիրը չստորագրելն ՈՒկրաինային հանգեցրեց Մայդանի հեղափոխությանը և ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականին: Հետագայում համաձայնագիրը ստորագրեց նոր կառավարությունը, որ ամբողջությամբ սկսեց գործել 2016-ի հունվարի 1-ից: Ազատ առևտրի գոտու ստեղծման շնորհիվ 2017-ի առաջին կիսամյակում ԵՄ-ի ու ՈՒկրաինայի արտաքին առևտուրը աճել է 20 %-ով։ ՈՒկրաինայի քաղաքացիներն առանց վիզային ռեժիմի Շենգենի գոտի մտնելու իրավունք են ստացել: Այս երեք երկրների համար ԵՄ-ն առաջարկում է նոյեմբերյան համաժողովում ստեղծել «Արևելյան գործընկերություն +» մոդելը: Հոկտեմբերի 10-ին Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի պատգամավորներն առաջարկեցին նպատակային ֆոնդ ստեղծել ՈՒկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի համար, որ նշանակալից հաջողությունների են հասել եվրաինտեգրման ու բարեփոխումների մեջ։ Նախաձեռնության նպատակն է այդ երկրներին հնարավորություն տալ հետագայում միանալ մաքսային, էներգետիկ ու թվային միություններին, Շենգենի գոտուն, վերացնել նրանց համար ռոումինգի հարկերը։ Բանաձևին աջակցեցին Եվրախորհրդարանի հանձնաժողովի 40 անդամներ, 6-ը դեմ էին։ Բանաձևը նոյեմբերին քվեարկության կդրվի Ստրասբուրգի լիագումար նիստում։


«Բռնապետ» Լուկաշենկոյին Եվրոպա են կանչում
Ադրբեջանի ու Բելառուսի հետ ԵՄ-ի հարաբերությունները նվազ ջերմ են ստացվել։ 2016- ի փետրվարին Մինսկը դեռ մարդու իրավունքների խախտման եվրոպական պատժամիջոցների տակ էր։ Ադրբեջանին ևս Եվրոպայի իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս քննադատել են։ Երկու պետությունների նախագահներն էլ ներկա չէին 2016-ին Ռիգայի Արևելյան գործընկերության համաժողովին։ Ադրբեջանի նախագահի համար դա բացառություն էր, բոլոր նախորդ համաժողովներին նա մասնակցել էր։ Բրյուսելի նոյեմբերյան համաժողովին իր մասնակցությունը նա արդեն հաստատել է` անվանելով «կարևոր իրադարձություն»։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ոչ մի վեհաժողովի չի մասնակցել` ԵՄ-ի հետ լարված հարաբերությունների պատճառով։ Այս տարի նա ստացել է ԵՄ ղեկավար Դոնալդ Տուսկի հրավերը: Տուսկը ընդգծել է, որ Բելառուսն է որոշում, թե ով կներկայացնի երկիրը վեհաժողովում։ Առայժմ հայտնի չէ` կգնա՞ Ալեքսանդր Լուկաշենկոն Բրյուսել, թե՞ ոչ, բայց ակնհայտ է ԵՄ-Բելառուս հարաբերությունների որոշակի ջերմացման փաստը։ Պնդելով իր բազմավեկտոր դիվանագիտությունը` Մինսկը մի քանի տարի Եվրոպայի հետ մերձեցման պատրաստակամություն է դրսևորում։ Շրջադարձային պահը ուկրաինական ճգնաժամն էր, որի ժամանակ Բելառուսը Մոսկվայից տարբեր դիրքորոշում ուներ` չճանաչելով Ղրիմի անեքսիան։ Մինսկը բանակցությունների հարթակ տրամադրեց ուկրաինական ճգնաժամի կարգավորման նորմանդական քառյակին։ Եթե Ալեքսանդր Լուկաշենկոն Բրյուսել գնա, դա կդառնա ԵՄ մայրաքաղաք առաջին այցը մի նախագահի, ում Արևմուտքում մինչև հիմա անվանում են «Եվրոպայի վերջին բռնապետ»։


Երկրորդ շանս Հայաստանին
Արևելյան գործընկերության Բրյուսելի վեհաժողովում ևս մեկ կարևոր իրադարձություն է սպասվում` ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը Հայաստանի կողմից։ Քաղաքական գործիչների ու փորձագետների մեծ մասը բացառում է 2013-ի սցենարի կրկնությունը, երբ Վիլնյուսի համաժողովից երկու ամիս առաջ, որտեղ ծրագրվում էր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվա այցից հետո հայտարարեց, որ Հայաստանն անդամակցում է Մաքսային միությանը: Մոլդովայի ու Վրաստանի հետ եվրաինտեգրման ավանգարդում գտնվող Հայաստանը անսպասելիորեն կանգ առավ այդ ճանապարհին` ընտրություն անելով հօգուտ Ռուսաստանի։ 4 տարի անց Հայաստանն ունի ԵՄ-ի հետ հարաբերությունները վերականգնելու երկրորդ շանսը: Ի տարբերություն ասոցացման համաձայնագրի` նոր պայմանագիրը Երևանի ու Բրյուսելի փոխադարձ համաձայնությամբ արդեն հրապարակվել է։ Թեպետ տնտեսական բաղադրիչը էականորեն կրճատվել է նախոդ համաձայնագրի համեմատությամբ` քաղաքական մասը մնացել է անփոփոխ։ Համաձայնագրի ստորագրումը առանցքային է ոչ միայն Հայաստանի համար, որ կդառնա ԵՄ-ի հետ միանգամայն նոր որակի հարաբերություններ հաստատող ԵԱՏՄ միակ անդամը, այլև կնշանավորի Արևելյան գործընկերության նախագծի հաջողությունը։
RFI


Հ.Գ. Փաստացի Արևելյան գործընկերության ծրագրում ստացվում են երեք իրարից տարբերվող արագություններ` ՈՒկրաինան, Մոլդովան, Վրաստանը անցնում են Արևելյան գործընկերության + փուլին` ստանալով նոր հնարավորություններ, Բելառուսն ու Ադրբեջանը միայն համագործակցություն են նախանշում, իսկ Հայաստանը նոր որակի հարաբերություններ է կառուցում։ Այնուամենայնիվ` Հայաստանը միակ երկիրը չէ, որ ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ-ի հետ համաձայնագիր է ստորագրում: 2015-ին ընդարձակ համաձայնագիր է ստորագրել Ղազախստանը: Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը բազմիցս է շեշտել, որ իր երկիրը զարգացնում է համագործակցությունը բոլոր ուղղություններով, հատկապես` ԵՄ-ի ու Չինաստանի հետ հարաբերությունները կարևորելով։ Ռուսաստանի ձգողականության դաշտից պոկվելու ևս մեկ քայլ էր ազգային այբուբենը կիրիլիցայից լատինատառին անցումը, որ ծրագրվում է ավարտել 2025-ին։ Պարզապես Ղազախստանը Արևելյան գործընկերության ծրագրի անդամ չէ և Աստանայի հետ Բրյուսելն ունի առանձին հարաբերություններ։ ԵՄ-Թուրքիա լարված հարաբերությունների համապատկերում հետաքրքիր է Իլհամ Ալիևի Բրյուսել մեկնումը և համաժողովի կարևորումը` Ադրբեջանի նախագահը հասկացել է, որ Անկարան այլևս չի կարող իր շահերն առաջ մղել Արևմուտքում և ինքը ստիպված է մենակ ու ինքնուրույն գործել: Ի՞նչ կանի Եվրոպայի «վերջին բռնակալը»` կախված է առևտրից` ի՞նչ կստանա Բրյուսելից, եթե գնա, և ի՞նչ կպոկի Մոսկվայից, եթե չգնա։

Նախագահից ցածր որևէ այլ պաշտոնյայի ներկայությունը Բրյուսելի համաժողովում արդեն իսկ նվազեցնում է Բելառուսի` ԵՄ-ի հետ հարաբերություններն առաջ տանելու շանսերը: Ալեքսանդր Լուկաշենկոն դա գիտի և մնում է հաշվարկել` ինչպես ոչինչ չկորցնի ու երկու կողմից էլ շահի: Չի բացառվում, որ օրերս նա Մոսկվային երկկողմ հարաբերություններում պայմանավորվածությունների խախտման նոր մեղադրանքներ ու պահանջներ ներկայացնի և մերժում ստանալու դեպքում ալիբի ապահովելով` հանգիստ խղճով գնա Բրյուսել։ Կրեմլում դա լավ գիտեն ու լավ գիտեն` Բրյուսելի համար որքան կարևոր է անձամբ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունը` իբրև Ռուսաստանի ամենամերձավոր դաշնակից երկրի նախագահի: Եթե Ղազախստանից հետո Հայաստանն էլ ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրի և հաջողվի Բելառուսին էլ իրավապայմանագրային այդ հարաբերությունների դաշտ բերել, ԵԱՏՄ-ում մնում են Ռուսաստանն ու Ղրղզստանը, որ նոր է անդամակցել և արդեն հասցրել է քաղաքական պատերազմի մեջ մտնել Ղազախստանի հետ ու հայտարարում է, որ ԵԱՏՄ-ն ոչնչով չի նպաստում Ղրղզստանի զարգացմանը, դեռ խանգարում է Չինաստանի հետ փոխշահավետ հարաբերություններին։ Գուցե այդ պատճառո՞վ է Մոսկվան փորձում հնարավորինս արագ ԵԱՏՄ-ն համալրել այլ պետություններով, որ ԵՄ-ի հետ բացահայտ հակասությունների դաշտում են։ Մասնավորապես` Ադրբեջանն ու Թուրքիան։ Այդ պարագայում` ի՞նչ դիրքորոշում պիտի ունենա Հայաստանը: Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումից հետո Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի ու Ադրբեջանի վրա կտրուկ նվազելու է, ուստի Մոսկվային մնում է լուծման այն տարբերակը, որը հաստատում է իր քաղաքական, ռազմական ու տնտեսական ներկայությունը բուն Ղարաբաղում, որին պիտի համաձայնեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև ԱՄՆ-ը, Ֆրանսիան` իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ու հարևան Իրանը: Իսկ դա վիրտուալ խնդիր է` աշխարհաքաղաքական զարգացումների համապատկերում: ՈՒստի Մոսկվայի համար առաջնահերթ է դառնում Հայաստանին երկրորդ անգամ Եվրամիությունից հետ պահելը։ Ցանկացած գնով: Դեմքը փրկելու և Հայաստանին լիովին իր ազդեցության դաշտ տեղափոխելու համար` գերադասելի է, որ խնդիրներ առաջանան Բրյուսելում` 28 երկրներից գոնե մի քանիսի հետ, որ կարգելակի համաձայնագրի ստորագրումը: Նոյեմբերի 24-ը աշխարհաքաղաքական նոր դասավորության կիզակետում է հայտնվում ոչ միայն Եվրոպայում ու Եվրասիայում, այլև կարող է դառնալ Ռուսաստանի համար շրջադարձային կետ, եթե Մոսկվայում դադարեն Արևմուտքը իբրև թշնամի ընկալել։ Կամ գոնե Եվրոպան ԱՄՆ-ից բաժանեն։ Կանի՞ Պուտինն այդ շրջադարձը։ Կախված է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հնարավոր հանդիպումից։ 2018-ի մարտին նախագահական ընտրություններից առաջ Վլադիմիր Պուտինին պետք են հաղթանակների պատմություններ, ոչ թե նորանոր առճակատումներ բոլոր ճակատներով։ Ռազմական հաջողությունները ինչ-որ տեղ հեռու Սիրիայում ռուսներին հաց ու ջուր չեն տալիս, կենսամակարդակի անկումը կասեցնելու համար խաղաղություն է պետք արտաքին քաղաքական ռազմաճակատում։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2860

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ