Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լեռնային Ղարաբաղ` ի՞նչ դերում է Մոսկվային ներկայացնում Բաքուն

Լեռնային Ղարաբաղ` ի՞նչ դերում է Մոսկվային ներկայացնում Բաքուն
06.11.2017 | 00:18

Թեհրանում Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից և երկկողմ հանդիպումներից հետո Բաքվում սկսվել է տեղեկատվական էյֆորիայի փուլ: Բայց խոսել Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների զարգացումից նույնը չէ, ինչ այդ հարաբերությունները պրոյեկտել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հեռանկարների վրա, որտեղ Ռուսաստանը հավասարահեռության դիրքում է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թեհրանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, ըստ haqqin. Az-ի, բառացիորեն ասել է. «ՈՒսումնասիրելով մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը, մենք տեսանք, որ չկա որևէ հարց, որ լուծում է պահանջում: Մենք պարզապես հիշեցինք ձեռքբերված հաջողությունները` մեր տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, քաղաքական ոլորտներում համագործակցությունը և հանձնարարականներ տվեցինք համապատասխան կառույցներին` հարաբերությունների հետագա զարգացման ճանապարհները որոշելու համար։ Այսինքն` դա հարաբերությունների այնպիսի մակարդակի ցուցիչ է, երբ նույնիսկ նախագահների մակարդակով չկան լուծում պահանջող հարցեր՚։ Համանման միտք, այլ բառերով, արտահայտեց և ՌԴ նախագահը` հայտարարելով, որ «մեր երկրների հարաբերությունները առանձնահատուկ են, դրանք, անկասկած, ռազմավարական համագործակցություն են՚` նշելով ապրանքաշրջանառության աճը, աշխատանքը այլ ուղղություններով և մշտական խորհրդակցությունները տարածաշրջանային խնդիրներով: Այդպես է, և դա որևէ մեկի համար գաղտնիք չէ` հատկապես Երևանի։

Բայց Բաքվի որոշ քաղաքական գործիչներ ու ԶԼՄ-ներ սկսեցին խոսել, որ Ադրբեջանին, իբր, «հաջողվել է կաթվածահարել Հայաստանի արտաքին քաղաքականւթյունը և իր օգտին փոխել տրամադրությունը Ղարաբաղի հարցում»: Իսկ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զախիր Օրուջը անվանեց «առաջընթաց Ղարաբաղի հարցի ներառումը Ադրբեջանի, Իրանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ սամմիթի ամփոփիչ հռչակագրում»: Եվս մեկ անգամ Իրանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հայտարարությունների ձայնագրությունները Թեհրանի մամլո ասուլիսում լսելուց հետո վկայում եմ` Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի որևէ հիշատակում չկա: Պատահական չէ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ համատեղ ասուլիսում հատուկ ընդգծեց. «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման մեջ հիմնական դերը կողմերի հետ խաղում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»: Այդպիսով` Բաքվին ևս մեկ անգամ հիշեցրին, որ կոնֆլիկտի կարգավորումը Ռուսաստանի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարց չէ, և Մոսկվան աշխատում է Մինսկի խմբի հետ տանդեմում: Ռուսական դիրքորոշման աղավաղումը Բաքվի քաղաքական գործիչների կողմից կարելի է գնահատել իբրև կոպիտ սադրանք Մոսկվայի դեմ: Նախկինում էլ Ադրբեջանում, չնայած Ռուսաստանի պաշտոնական հերքմանը, հայտարարում էին կոնֆլիկտի կարգավորման ինչ-որ «Լավրովի պլանի» մասին, ԶԼՄ-ներում ներկայացնում էին իբրև «Մոսկվայի հատուկ դիրքորորշում», ի տարբերություն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների: Այդ ուղղությամբ իբրև «օգնություն» Բաքվին սկսել է աշխատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը` հայտարարելով, որ «Ադրբեջանի հետ համերաշխության ոգով» մտադիր է կոնֆլիկտի խնդրին անդրադառնալ Պուտինի հետ առաջիկա հանդիպմանը, և «եթե Պուտինն իրոք կենտրոնանա այդ հարցի վրա, հարցը հեշտությամբ կլուծվի»: Բայց ՌԴ նախագահը արդեն ակտիվ մասնակցություն է ունեցել, Մինսկի խմբի հետ միասին, 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Սանկտ Պետերբուրգի համաձայնությանը, որ նախատեսում է կոնֆլիկտի կողմերի շփման գծում վերահսկողության հաստատում և միջազգային դիտորդների տեղակայում: Ադրբեջանը հրաժարվեց այդ փաստաթուղթը ստորագրել, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների նախագահները էստաֆետը չընդունեցին: Այդ պատճառով Անկարայի համար տրամաբանական կլիներ ճնշում գործադրել Բաքվի վրա, ոչ թե փորձել Մոսկվային առաջարկել սեպարատ բանակցություններ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցում:


Իլհամ Ալիևը, Բաքվում ընդունելով Ֆրանսիայի Ազգային ժողովի ֆրանս-ադրբեջանական բարեկամության խմբի ղեկավար Պիեռ Ալեն Ռաֆանին, հայտարարեց, որ Փարիզը «իբրև Մինսկի խմբի համանախագահ նույնպես իր դերն է խաղում հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործում»: Թեպետ նրա խոսքով «հայկական լոբբին աշխարհի տարբեր երկրներում մտացածին ու սուտ տեղեկություններ է տարածում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի մասին»: Նախկինում Բաքուն համանման կոչեր էր անում Վաշինգտոնին` առաջարկելով ակտիվացնել քաղաքականությունն այդ ուղղությամբ: Բայց փաստացի` առայժմ հստակ ուրվագծվում են Ադրբեջանի` ԵԱՀԿ Մինսկի խումբը մասնատելու կամ ձևաչափը փոխելու փորձերը, որոնք հաջողության չեն հասնում: Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման շուրջ անկապ տեղեկություններ շատ են հայտնվում: Պատճառը` վերսկսվել են բանակցությունները Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով, Ժնևում հանդիպեցին երկու երկրների նախագահները, նախապատրաստվում է ևս մեկ հանդիպում: Ըստ ամենայնի` Մինսկի խումբը կոնֆլիկտի կողմերին առաջարկել է ինչ-որ նախագիծ, որի դրույթները այս կամ այն կերպ մեկնաբանում են կողմերը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «փոխզիջումը կարող է ցավոտ լինել» և «Ադրբեջանն ինքը պետք է առավել կառուցողական դիրքորոշում ունենա»: Բնականաբար, առանց փոխզիջումների Լեռնային Ղարաբաղի պես կոնֆլիկտը հնարավոր չէ լուծել: Բայց եթե իրոք կա կառուցողական մոտեցումներ որոնելու ցանկություն, բանակցային գործընթացը չպետք է տեղեկատվական պատերազմի առարկա լինի, երբ կողմերից յուրաքանչյուրը հայտարարում է իր «հաղթանակը»` նույնիսկ իսկական դիվանագիտական մարտի մեջ չմտնելով: Առայժմ Հայաստանի խոսակցությունները «փոխզիջումների» մասին Ադրբեջանում ընկալվում են իբրև «թուլության» կամ «պարտության» նշան: Բայց Բաքվում ծայրը ծայրին չեն հասցնում, որ երևում է, օրինակ, ադրբեջանական վերլուծական «Ատլաս» կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուի «սենսացիոն» հայտարարությունից; Հղում անելով «հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությանը»` նա պնդում է, որ «Ռուսաստանի նախագահ Պուտինը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման նախօրեին նախապատրաստել է երեք պայման Ադրբեջանի համար` Լեռնային Ղարաբաղի շրջակա 5 շրջանների անհապաղ ազատագրման համար»: «Ադրբեջանը պետք է մտնի ԵԱՏՄ»` սա առաջին պայմանն է: Երկրորդ` «Ադրբեջանը կդառնա ՀԱՊԿ անդամ»: Երրորդ` «Ղարաբաղում կտեղակայվեն ռուսական խաղաղապահ ուժեր»: Շահինօղլուի խոսքով` «շատ ծանր պայմաններ են, առաջինը կարելի է կատարել որոշակի վերապահությամբ, իսկ մյուսները հակասում են Ադրբեջանի ազգային անվտանգության շահերին»: Նույն գաղափարներն է զարգացնում Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զախիդ Օրուջը` հայտարարելով, որ «ժամանակն է տեղեկացնել Ադրբեջանում ապրող բնակչությանը Ադրբեջանի հետագա գործողությունների ծրագրերի մասին»: Եվ ի՞նչ ծրագրեր: Պարզվում է` խոսքը «հայ բնակչության անվտանգության երաշխիքների և քաղաքական իրավունքների մասին է Ադրբեջանի կազմում, որտեղ նրանք ավելի շատ դիվիդենդներ կստանան և տնտեսական առումով` հնարավորություն ստանալով օգտագործել երկրի նավթագազային ռեսուրսները, և իրավական»: Այսինքն` «Հայերը կարող են Նախիջևանի նման ինքնավարություն ստանալ Ադրբեջանի կազմում` խորհրդարան ու պետական կառույցներ ստեղծելու հնարավորությամբ և տնտեսական զեղչերով»:


Օրուջը հավատացնում է, որ «Բաքվին հաջողվել է իր կողմը քաշել Հայաստանի դաշնակիցներին` օգտագործելով համատեղ տնտեսական նախագծերը, չեզոքացնել 1990-ականներից գոյություն ունեցող ազդեցության գործոններն ու սպառնալիքները, բացահայտ հակաադրբեջանական դիրքորոշումներն ու հայկական լոբբիի ջանքերը»: Վերջապես` հասնել «ռազմական առավելության»: Մի խոսքով` Բաքուն ինչ ուզում` հայտարարում է: Մինչդեռ Ադրբեջանում պետք է իսկապես հասկանան, որ երկրորդ Խորհրդային Միություն այլևս երբեք չի լինի: Ռուսաստանի նախագահը, ինչպես ժամանակին Տրոցկին ու Ստալինը, Լեռնային Ղարաբաղը «չի նվիրի» Ադրբեջանին: Մոսկվան, ի տարբերություն 1920-ականների բոլշևիկների, գաղափարախոսական կարիք չունի այդ անելու: Փոխարենը կա ռեալ աշխարհաքաղաքականություն, որ Ռուսաստանին թելադրում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությանն ուղղված գործողություններ, որ հնարավոր են միայն իր քաղաքական ու ռազմական ներկայությունը Ստեփանակերտում ուժեղացնելու պարագայում: Եվ խնդիրը Անդրկովկասում ոչ միայն ուժերի նոր դասավորությունն է, այլ Մերձավոր Արևելքի բուռն իրադարձությունները, որտեղ նոր աշխարհակարգ է ձևավորվում: Ո՞վ, ինչպե՞ս, ո՞ր պետությունը այդ տարածաշրջանում կպահպանվի` հարցը բաց է: Ադրբեջանն իր ռազմավարական ընտրությունն արդեն արել է: Պետք չէ նրան խանգարել: Հայերը պետք է լինեն Ռուսաստանի հետ, բայց ոչ Ռուսաստանում:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Խորին շնորհակալություն, որ ոչ Ռուսաստանում: Արդեն որերորդ անգամ շեշտվում է Ռուսաստանի քաղաքական ու ռազմական ներկայության անհրաժեշտությունը Ստեփանակերտում և չի բացատրվում` ի՞նչ է դա նշանակում: Պուտինը Ստալինի ու Տրոցկու պես Ղարաբաղը չի նվիրի Ադրբեջանին, այլ կվերցնի իրե՞ն: Եվ այդ դեպքում ու՞ր են մնում ԵԱՀԿ Մինսկի խումբն ու Լավրովի հայտարարությունը, սեպարատ բանակցությունների մեջ չմտնելը: Հազիվ թե հարևան Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական փոփոխությունների հետևանքով Ռուսաստանը այնքան կորցնի դիրքերը, որ հույսը մնա տարածաշրջանի վրա Ստեփանակերտից ներգործելը: Իսկ եթե հայերն ու Հայաստանը Ռուսաստանի համար կենսական անհրաժեշտություն են, Մոսկվան պետք է Հայաստանն ընկալի իբրև գործընկեր, ոչ թե իր շահերը սպասարկող անձնակազմ: Եվ պետք չէ ադրբեջանցիների միջոցով հայերին վախեցնել Նախիջևանի ինքնավարության օրինակով: Հիմա ոչ միայն Ստալինն ու Տրոցկին չկան, այլև Արցախի Հանրապետությունը կա իբրև դեֆակտո պետություն: Իսկ կճանաչի՞ Ռուսաստանը Արցախի Հանրապետությունը, եթե ուզում է, որ հայերն իր հետ լինեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3967

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ