ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ռուսական հեղափոխության 100-ամյակը` աբսոլյուտիզմի ծագումնաբանությունը

Ռուսական հեղափոխության 100-ամյակը` աբսոլյուտիզմի ծագումնաբանությունը
06.11.2017 | 23:30

1917-ին տեղի ունեցավ ռուսական հեղափոխությունը, որ ցնցեց ամբողջ աշխարհը: Փետրվարյան հեղափոխության ընթացքում, որ սկսվեց իբրև ժողովրդական զանգվածների տարերային պոռթկում, Նիկոլայ 2-րդը հրաժարական տվեց: Ռոմանովների 300-ամյա դինաստիան դադարեց գոյություն ունենալ: Նրան հաջորդած ժամանակավոր կառավարությունը արագ հեռացավ բեմառաջից: Լենինի գլխավորությամբ բոլշևիկները ուժով վերցրին իշխանությունը: Նոյեմբերի 7-ին լրանում է Հոկտեմբերյան հեղափոխության 100 տարին, որ սկիզբ դրեց պատմության առաջին սոցիալիստական պետությանը: Այսօրվա Ռուսաստանում գործնականում չի զգացվում հեղափոխության 100-ամյակի տոնական շունչը: Բացի կոմունիստական կուսակցությունից: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ասաց. «Պուտինի աշխատակազմը չի ծրագրում հիշատակման միջոցառումներ»: Նրա խոսքով` որևէ անհրաժեշտություն չկա այդ տարեթիվը նշել: Եթե հեղափոխությամբ ծնված ԽՍՀՄ-ը այսօր գոյություն ունենար, իրավիճակն այլ կլիներ: Բայց ԽՍՀՄ-ն անհետացավ 1991-ին: Ռուսաստանը ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է, սակայն ամեն ինչ փոխվել է` պետական ու տնտեսական համակարգը, հասարակության կառուցվածքը, գաղափարախոսությունը: Նույնիսկ Հեղափոխության օրը, որ նշվում է նոյեմբերի 7-ին, 1996-ին Բորիս Ելցինի օրոք, որ նախաձեռնեց ԽՍՀՄ-ի փլուզումը, փոխարինվեց Համաձայնության և հաշտության օրվա: 2005-ին Պուտինը փոխեց նոր տոնի օրը: Չնայած տարեդարձը պատմական է, գուցե նման տրամադրությունների տարածումը բնական միտում է: Մյուս կողմից` փաստ է, որ ռուսաստանցիները մինչև այսօր սովետական շրջանի մեծ նոստալգիա ունեն, երբ գերտերություն լինելով` երկիրը հակառակվում էր ԱՄՆ-ին, զարգացնում էր արդյունաբերությունը, իսկ մարդկանց կյանքը որոշակիություն ուներ:

Պուտինի աշխատակազմը չի կարող ամբողջությամբ հերքել հեղափոխության արդյունքները: «Ոմանք Հոկտեմբերյան հեղափոխությունն անվանում են պետական հեղաշրջում, սակայն այդ պատմական փաստը պահանջում է խոր, օբյեկտիվ ու մասնագիտական գնահատական»` հայտարարեց նախագահ Վլադիմիր Պուտինը` չեզոք ու անորոշ դիրք բռնելով: Ամենայն հավանականությամբ` նա չի ցանկանում խորանալ պատմական քննարկումներում, դիպչելով ռուսների սրտի լարերին, որ կարող է հանգեցնել խզման հասարակության մեջ, սակայն, կարծում եմ, այլ պատճառներ էլ կան, որ իշխանությանը հետ են պահում հեղափոխության գնահատականներից: Ընդդիմության լիկվիդացիան, ԶԼՄ-ների վերահսկողությունը, տնտեսության պետական կառավարում... Շատերն են նշում Պուտինի տիրական կառավարման և սովետական ավտորիտար համակարգի նմանությունը: Ո՞վ է վերջին 100 տարվա առավել ազդեցիկ դեմքը: Ռուսական սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ առաջատարը Պուտինն ու Ստալինն են, որ առաջին տեղի համար մրցում են միմյանց հետ: Ոմանք համարում են, որ նախագահի, ում վարկանիշը գերազանցում է 80 %-ը, հանրաճանաչությունը հիշեցնում է Ստալինի շրջանի անհատի պաշտամունքը: Նախագահ Պուտինին, որ իշխանությունը իր ձեռքում է պահում 17 տարի, հաճախ են անվանում տիրակալ: Հիմա` իմպերիալի՞զմ, թե՞ խորհուրդներ: Խրախուսու՞մ է կառավարությունը հեղափոխությունը, թե՞ հերքում, այն անփոփոխ կապում են աբսոլյուտիզմ հասկացության հետ: Ներկա իշխանության համար այս տարելիցը ծայրահեղ անհարմար է: Անցած ամիս կայացած գիտաժողովում նախագահ Պուտինը կասկածի տակ դրեց Հոկտեմբերյան հեղափոխության նշանակությունը, հայտարարելով. «Մի՞թե չէր կարելի առանց հեղափոխությունների աստիճանաբար զարգանալ»: Հոկտեմբերյան հեղափոխությունը ռազմական հեղաշրջումով իշխանության գրավում էր, որ ղեկավարում էին պրոֆեսիոնալ հեղափոխականներ Լենինն ու Տրոցկին: Ժամանակ անցավ և 2014-ին ՈՒկրաինայում իրականացվեց արյունահեղ պետական հեղաշրջում: Գուցե դրանով Պուտինը հասկացնում էր, որ չի ընդունում հեղաշրջումները, որ այլ կերպ հեղափոխություն են կոչվում: Հիմա իշխանության տագնապները պատճառ չունեն: Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի տվյալներով` հարցվածների միայն 5 %-ն է հեղափոխությունն անհրաժեշտություն համարում, 92 %-ն ընդգծում է հեղափոխության անթույլատրելիությունը: Հարվարդի պատվավոր պրոֆեսոր, պատմաբան Ռիչարդ Պայպսը նշում է. «Ավանդական մենթալիտետը և սովորույթները պատճառ են, որ ռուսները հակված լինեն ուժեղ իշխանության կարիքն զգալու: Կարգուկանոնից ու ազատությունից նրանք ընտրում են առաջինը»: Ռոմանովների դինաստիայի օրոք ցարական դեսպոտիզմը, սովետական դիկտատուրան և Պուտինի ուժեղ ձեռքը: Մի՞թե բռնությունների պատմությունն է այդ անհրաժեշտությունը հարուցել: «Պուտինն իրեն տիրակալ չի համարում, սակայն մտածում է, որ Ռուսաստանի տերն է ու ղեկավար, որ կփրկի Ռուսաստանը»` ասում է ռուս քաղաքագետ Գլեբ Պավլովսկին: Նախագահի հաջորդ ընտրությունները 2018-ի մարտին են: Եթե Պուտինն առաջադրի թեկնածությունը, ինչպես ակնկալվում է, նա իշխանության ղեկին կմնա շատ երկար` մինչև 2024-ը:

Մոտոկի ԻԿԵԴԱ, «Նիխոն կենձայ», Ճապոնիա


Հ.Գ. Գուցե և բնորոշ է, որ հենց այս օրերին ռուսական հեռուստատեսությամբ ցուցադրվում է ֆիլմ, որ 100 տարի անց ռուսական մեծ հեղափոխության նախաձեռնող ներկայացնում է Ալեքսանդր Պարվուսին, իսկ Իլյիչը կասկածների մեջ տվայտող բռնակալի կերպարում է: Չհամարեք արժեքների վերագնահատում, պարզապես հիմա տրենդում է արտասահմանից ստացված փողերով հեղափոխության կործանարարության թեման:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3421

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ