Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դեպի գագաթ շատ ճանապարհներ են տանում, բնանկարը չի փոխվում

Դեպի գագաթ շատ ճանապարհներ են տանում, բնանկարը չի փոխվում
07.11.2017 | 10:49

Իսկապես` ի՞նչ կապ ունի, թե ինչպես, կարևորը գագաթին հասնելն է, միևնույն է` որ ճանապարհով էլ գնաս` նույն բնանկարն է։ Գուցե։ Բայց ուժեղը հաղթահարում է արգելքը, խելացին` ամբողջ ճանապարհը։ ՈՒ պետք չէ շտապել, կարևորը կանգ չառնելն է։ Եթե սայթաքել ու ընկել ես, չի նշանակում, որ սխալ տեղ ես գնում։ 1000-մղոնանոց ճանապարհն էլ առաջին քայլով է սկսվել։ Ի վերջո` ճշմարտությունը բազմադեմ է, եթե մեկ բառը չեն ընդունում, հազարն էլ կմերժեն։ Մարդը ևս բազմադեմ է, անկանխատեսելի ու անհասկանալի:
Հոկտեմբերի 13-ին ԵՄ խորհրդի պաշտոնական կայքում հրապարակվեց ԵՄ-ՀՀ շրջանակային նոր համաձայնագիրը, որ ծրագրված է ստորագրել Բրյուսելի Արևելյան հարևանության նոյեմբերի 24-ին սկսվող 5-րդ համաժողովում։ 357 էջ և 386 հոդված ունեցող համաձայնագիրը հայտարարում է նպատակը` համակողմանի տնտեսական ու քաղաքական գործընկերության ամրապնդում` «ընդհանուր արժեքների ու ամուր կապերի» հիման վրա։ Մնացած 17 օրերին մենք դեռ կշարունակենք թերահավատ, լավատես ու հոռետես գնահատականներ տալ ոչ միայն համաձայնագրին, այլև ստորագրմանը: Կստորագրվի՞, թե՞ ոչ հարցը Շեքսպիրի շրջանառության մեջ դրած` «Լինե՞լ, թե՞ չլինելի» մակարդակին բարձրացնելուց առաջ ու հետո պետք է հասկանալ, որ ոչ մի պայմանագիր ու համաձայնագիր ոչ երջանկացնում, ոչ դժբախտացնում են: Գործընթացը սկսվում է հետո` երբ կատարում ես կամ չես կատարում պարտավորություններդ, ստանում կամ չես ստանում հասանելիքդ` արածիդ դիմաց: Մենք այդ մասին, չգիտես ինչու, չենք խոսում: Ստորագրելուց հետո` կատարելու՞ ենք: Մենք` մեր «մենթալիտետով»:


2013-ին Վիլնյուսի համաժողովում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը չստորագրելուց հետո Հայաստանին չմեղադրեցին, Բրյուսելը կոշտ հասկացրեց, որ կա հարաբերությունների երկու լիգա, Երևանն ընտրեց երկրորդ լիգան` համարժեք հետևանքներով: Այնուամենայնիվ` ԵՄ-ն Հայաստանից չհրաժարվեց։ 2013-ի նոյեմբերին Վիլնյուսում ստորագրված փոխըմբռնման հուշագրով Հայաստանին 78 միլիոն եվրո ֆինանսական աջակցություն տրվեց` սահմանների ամրապնդման, օրենսդրության համապատասխանեցման ու աղքատության դեմ պայքարի համար։ Ֆինանսավորման ընդհանուր ծավալը 140-170 միլիոն եվրո` 2014-2017-ին։ 2015-ի հոկտեմբերին ԵՄ խորհուրդը Երևանի հետ նոր բանակցությունների մանդատ տվեց: Հայաստանը GSP+ համակարգի անդամ է, որ ԵՄ-ի հետ արտոնյալ առևտրի իրավունք է տալիս։ Սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Լինելով ԵԱՏՄ անդամ` Հայաստանը երբեք չի մոռանում այլ շուկաների մասին։ Այս պահին ԵՄ արտահանման տեմպերի աճը գերազանցում է ԵԱՏՄ արտահանմանը։ Եվրոպա արտահանումը մեծացել է 31 %-ով, իսկ ԵԱՏՄ` 24 %-ով»։ ԱԳՆ փոխնախարար Կարեն Նազարյանի խոսքով` համաձայնագրում ժողովրդավարության, մարդու իրավունքների գերակայության հանձնառություններն են, Հայաստանը նաև տնտեսական ակնկալիքներ ունի. «Համաձայնագիրը նոր ժամանակաշրջան է նշանավորում ՀՀ-ի ու ԵՄ-ի առևտրային հարաբերություններում, կնպաստի ավելի սերտ տնտեսական համագործակցությանը՝ բարելավելով բիզնեսը կարգավորող միջավայրը, նոր հնարավորություններ կտա բիզնեսի ներդրումների և աշխատատեղերի ստեղծման համար: Համաձայնագրի համապարփակ, ուժեղացված և հավասարակշռված առևտրի դրույթները կօգնեն Հայաստանին հաջողությամբ ինտեգրվել տնտեսական և, մասնավորապես` համաշխարհային եվրոպական տնտեսությունում»:

Փորձագետների գնահատականով` ՀՀ-ԵՄ նոր փուլ է սկսվում` նոր ինտեգրային հնարավորություններով։ Հարավային Կովկասում երկարաժամկետ քաղաքական ու տնտեսական ծրագրերից ելնելով` Բրյուսելը առավել փափուկ ռազմավարություն է կիրառում Հայաստանի առնչությամբ` հրաժարվելով կամ-կամից։ Փորձագիտական մակարդակով Ռուսաստանը հայտարարում է, որ մտադիր չէ խոչընդոտել Հայաստանի «ընդլայնված գործընկերությանը» ԵՄ-ի հետ։ Նաև պաշտոնական մակարդակով` ԵԱՏՀ ինտեգրման ու մակրոէկոնոմիկայի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան, օրինակ, ասաց, որ հակասություններ չի տեսնում ԵԱՏՄ-ում Հայաստանի պարտավորությունների ու Բրյուսելի հետ համաձայնագիր ստորագրելու միջև։ Ավելին` «Մենք ողջունում ենք այդ պայմանագիրը»,- ասաց նա, հավելելով, որ ԵԱՏՀ-ն հրապարակումից առաջ տեղյակ էր պայմանագրի բովանդակությանը, որը «ԵԱՏՄ-ի իրավասություններին չի դիպչում, ուստի խորհրդակցությունների կամ համաձայնեցման կարիք չկա»։ Այդպե՞ս է իրականում։
Մոսկվայում ակնդետ հետևում են ԵՄ-ի քայլերին Հայաստանում։ Նրանք արձանագրում են և ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու հայտարարությունները, և Հայաստան այցելած եվրահանձնակատար Յոհանես Հանի, որ Երևանում ասաց, թե ստորագրվելիք համաձայնագիրը կարող է այլ երկրների համար օրինակ լինել ու շրջադարձային է` ապացուցում է, որ ԵԱՏՄ անդամ լինելը չի հակասում ԵՄ-ի հետ համապարփակ ու ընդլայնված համագործակցությանը։ Թեպետ Հանը չափազանցում էր` 2015-ի դեկտեմբերին Ղազախստանն արդեն ապացուցել էր` ԵՄ-ի հետ իր համաձայնագրով: Մոսկվայում խանդով ընդունեցին և ԵՄ քաղաքական ու անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վալտեր Ստիվենսի պատվիրակության այցը` համարելով, որ օրակարգում ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական խնդիրներ կային։ Իսկ Ստիվենսը նշել էր, որ ԵՄ-ն շահագրգռված է Հայաստանում տնտեսական ու սահմանադրական բարեփոխումներով, արդարադատության, մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումով։ Հայաստանը 80 միլիոն դոլար կստանա տարածքային զարգացման, 15 միլիոն եվրո զբաղվածության և մասնագիտական կրթության ոլորտների զարգացման համար։
Իսկ Ղարաբա՞ղը: Համաձայնագրում կարևորվում է ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումը բացառապես բանակցային ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` հիմք ընդունելով ՄԱԿ-ի խարտիան, Հելսինկիի եզրափակիչ ակտի հայտնի սկզբունքները` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ինքնորոշման իրավունքի։
Նոր ոչինչ չգտնելով` ռուս փորձագետները շարունակում են պնդել, որ «յուվենալ արդարադատությունը» Հայաստանում կկործանի ավանդական ընտանիքը, բոլոր հայերս կդառնանք միասեռական ու կկործանվենք` Եվրոպայի նման: Առավել ևս, որ ԵՄ-ն պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը։ «Պահանջ», որ չկա համաձայնագրում, բայց Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ Հայաստանը նույնիսկ չփորձի նոր ատոմակայանի մասին մտածել` վաղ թե ուշ, անվտանգության նկատառումներով ու շահագործման ժամկետի սպառման պատճառով` Մեծամորի կանգառի հեռանկարն ունենալով: Մինչդեռ Հայաստանը բոլոր շանսերն ունի ոչ միայն 2027-ից հետո նոր ատոմակայան ունենալու, այլև սեփական ուրանով ապահովելու` քաղաքական կամք ու որոշում է պետք։ Եվ վերջապես` ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման խոչընդոտ է դիտվում… Իրանը` հասկանալի չէ, թե Եվրոպայի հետ համագործակցության խորացումն ինչպե՞ս կանդրադառնա հայ-իրանական նախագծերի վրա, երբ Թեհրանից պատժամիջոցները լրիվ հանված չեն, իսկ Դոնալդ Թրամփը սպառնում է դուրս գալ 2015-ի վեցյակի միջուկային համաձայնագրից: Երևի ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ Հայաստանի մերձեցումը «չփչացնելու» մտահոգությամբ է Մոսկվան կանխում իրանական գազի մուտքը Հայաստան ու տարանցումը դեպի Եվրոպա։ Գուցե այդ պատճառով է ՌԴ նախագահը նախաձեռնել Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափը, մինչդեռ նույն տնտեսական ու էներգետիկ համագործակցության զարգացման նպատակով տրամաբանական կլիներ ռազմավարական գործընկեր Հայաստանի հետ Ռուսաստան-Հայաստան-Իրան ձևաչափը, որին Թեհրանը հաստատ չէր առարկի: Ի վերջո` կանխատեսվում է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չի ստորագրվի, որովհետև չի ցանկանա ԵՄ-ն` Բրյուսելին պետք է ոչ թե իրավահավասար համագործակցություն, այլ Հայաստանի ենթակայությունն իր աշխարհաքաղաքական շահերին։ Այդպես Մոսկվան Բրյուսելին իր տեղն է դնում:


17 օր դեռ ալիքները գնալու են` ջուրը նետված քարի օրենքով։ Առայժմ թե Երևանը, թե Բրյուսելը պաշտոնական ու անպաշտոն մակարդակներով հայտարարում են, որ պատրաստ են համաձայնագիրը ստորագրել: Իսկ մինչ այդ ՀՀ նախագահը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Եթե Դելիից հետո նաև Բրյուսելում լիներ, հարցեր չէին առաջանա, Թեհրանից վերադարձած ու Իլհամ Ալիևի հետ առանձնազրույց ունեցած ՌԴ նախագահի հետ հանդիպումը հետևանքների տեսակետից անկանխատեսելի է, առավել ևս, որ բացի ամեն ինչից` ռուս փորձագետները խոսում են Ղարաբաղում ռուսական քաղաքական ու ռազմական ներկայության անհրաժեշտության մասին։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Ծառ տնկելու առաջին լավագույն ժամանակը 20 տարի առաջ էր, երկրորդը` հենց հիմա։ Գուցե սեփական անտառն ունենայիք, եթե տնկեիք բոլոր ծառերը, որ ցանկացել եք: Կստորագրվի՞, թե՞ չի ստորագրվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը` ոչ Թեհրանը, ոչ Անկարան, ոչ Բաքուն, ոչ Վաշինգտոնը, ոչ Մոսկվան են որոշում, որոշողը Երևանն ու Բրյուսելն են: Կշեռքի նժարին հավասարակշռությունը վերականգնելու ու զարգացման այլընտրանք ստեղծելու հարցն է, որ ներառում է և անվտանգությունը, և Արցախի հարցը, և տնտեսական զարգացումը, և քաղաքական բարեփոխումները: Իսկ Երևանում վերջին շաբաթում այն տպավորությունն էր, որ նախագահն ու վարչապետը հերթական ուղևորություններից առաջ հայտարարեցին իշխանության գինը միլիարդների տեսքով ու հարցը կլուծվի` ով կտա, նա էլ կստանա սկզբունքով: Կարեն Կարապետյանը Տաշքենդ մեկնելուց առաջ ասուլիս հրավիրեց` նոր ոչինչ չասելու համար: Հայտնի՞ էր նրա աշխարհը շուռ տալու, իր և իր նախարարների աշխատանքից գոհ լինելու, վարչապետ մնալու ցանկությունը։ Հայտնի էր։ Հայտնի դարձավ նաև, որ Իրան-Հայաստան երկաթուղու, նոր ատոմակայանի, ազգային ավիափոխադրող ունենալու մասին չարժի մտածել, փոխարենը` 830-850 մլն ԱՄՆ դոլարի ներդրումները մինչև տարեվերջ կատարվելու են` «Մենք ունենալու ենք մոտ 100 տոկոսի ցուցանիշ, եթե ոչ 100 տոկոս»։ Մենք` ո՞վ: Ռուսական կապիտալի ներկայությունը Հայաստանում ու՞մ շահերին է ծառայում` Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի: Կարեն Կարապետյանի՞, որ ուզում է ծառայել երկրին և համաձայն չէ, որ երկրում սոցիալական վիճակը վատացել է, որ տնտեսության վիճակը գնահատում է կառավարելի և հեռանկարային, որ ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ` հայամետ։ Մինչ այսօր նրա «հայամետությունը» չի արտահայտվել, ռուսամետության բազում դրսևորումների համեմատությամբ: Կարեն Կարապետյանը համարում է, որ իր կառավարությունը հաջողություններ ունի, ուստի ինքը լիովին կարող է 2018-ի ապրիլից հետո վարչապետ մնալ: Հաջողությունների հարցը թողնենք նրա խղճին` միջին վիճակագրական հայի ապրուստին ողջ անտարբերությամբ հանդերձ, ունի՞ Կարեն Կարապետյանը քաղաքական հարցերի պատասխանները: ԵՄ-ին Հայաստանի անդամակցության, Հայաստանի անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման, հայ-թուրքական հարաբերությունների, տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների` Հայաստանի վրա ունեցած հետևանքների մասին: 1 միլիարդ դոլարը, որ իբր մինչև տարեվերջ ամբողջանալու է Հայաստանում, այս հարցերին չի պատասխանում և անպատասխան է թողնում հարցը` Սերժ Սարգսյանի՞, թե՞ Կարեն Կարապետյանի իշխանության գինն է: Իսկ ընդհանրապես` քո տունն այնտեղ է, որտեղ հանգիստ է հոգիդ, և այնպես չէ, որ միևնույն է` ինչ ճանապարհով ես գագաթին հասնում` բնանկարը չի փոխվում, փոխվում ես դու: Ծառեր տնկեք, ծառեր:

Դիտվել է՝ 3238

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ