Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Հայաստանում կոռուպցիան ահագնացող չափերի է հասնում»

«Հայաստանում կոռուպցիան ահագնացող չափերի է հասնում»
07.11.2017 | 10:56

ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրում, ի թիվս այլ պահանջների, նշվում է նաև կոռուպցիայի դեմ պայքարը: Իսկ մինչ այդ ի՞նչ էր անում Հայաստանը: Այս երևույթի դեմ պայքարը սահմանափակվել է հանձնաժողովներ, խորհուրդներ ստեղծելով, որտեղ ընդգրկված իշխանության ներկայացուցիչները պետք է կոռուպցիայի դեմ «կատաղի» պայքարի առաջամարտիկները լինեին: Դրա համար պայքարի արդյունքները, մեղմ ասած, հուսադրող չեն: Վերջին խորհուրդը փոքր-ինչ տարբերվում է մյուսներից: Այստեղ, բացի իշխանության կարկառուն ներկայացուցիչներից, ընդգրկված են նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից մեկական, Հայաստանի համայնքների միության մեկ, Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի մեկ, քաղաքացիական հասարակության չորս ներկայացուցիչներ: Խորհրդի աշխատանքների մասին հանրությունը լսում է միայն տարին մեկ կամ երկու անգամ, այն էլ հրավիրված նիստերի մասին «չոր» լրատվությամբ: Այս տարի վերջին նիստը եղել է օգոստոսի 26-ին, որին նախորդել էր փետրվարի 17-ի նիստը: Թե ինչ արդյունք են արձանագրում այս հակակոռուպցիոներները, դժվար է ասել, բայց փաստն այն է, որ իրական պատկերը շատ հեռու է գոհացուցիչ լինելուց: ԱԺ ընդդիմադիր և իշխանական ուժերի ներկայացուցիչներից փորձեցինք հասկանալ, թե Հայաստանում կոռուպցիան, ի վերջո, հնարավո՞ր է նվազեցնել:

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆ ԻՐ ՀԱՄԱՐ Է ՊԱՅՔԱՐՈՒՄ»
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (ՀՀԿ խմբակցության անդամ)
-Ինչպե՞ս է իշխանությունը պայքարելու կոռուպցիայի դեմ, երբ գրեթե բոլոր ոլորտներում դրա չափերն անպատկերացնելի են:
-Աշխարհի բոլոր երկրներում կոռուպցիոն երևույթները շատացել են: Հենց ԵՄ-ը կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի լուրջ խնդիր ունի: Համամարդկային սկզբունքներից ելնելով, բոլորը միանում են` այդ երևույթի դեմ պայքարելու: Կարծում եմ, կոռուպցիայի դեմ պայքարի ամենաճիշտ ճանապարհն իրավականն է: Կոռուպցիան սուբյեկտիվ գործոն է ենթադրում, բոլորը չէ, որ զբաղվում են դրանով, կան հատուկ կոռումպացված մարդիկ: Այս մարդկանց ճանապարհը փակելու համար հարկավոր է իրավական դաշտի կատարելագործում:
-Խնդիրն արդյոք օրենքների՞ մեջ է, թե՞ դրանց կիրառման:
-Այո, խոսքը հենց օրենքների կիրառման ակտերին է վերաբերում: Երբ օրենքում կա բաց (ենթադրենք 10-20 հազար դրամի պատիժ է սահմանվում, նա կարող է և 10 հազար դրամը կիրառել, և 20 հազարը), դա կոռուպցիա իրագործելու հենք է:
-Կոռուպցիայի մեջ մեղադրում են իշխանության ներկայացուցիչներին, ինչպե՞ս կարող են իրենք իրենց դեմ պայքարել, ո՞վ կկտրի այն ճյուղը, որի վրա նստած է:
-Իշխանությունն ինքն իր դեմ չի պայքարելու: Դուք մեդալի մի կողմն եք ասում, ես էլ մեդալի մյուս երեսն ասեմ` ինքն իր համար է պայքարում:
-Ընդդիմությունը հաճախ փաստեր է ներկայացնում, բայց իշխանությունը դրանց հետամուտ չէ: Ինչու՞:
-Իշխանությունն էլ է հաճախ կոռուպցիոն երևույթներ բացահայտում, մարդկանց պատժում: Դրա համար էլ ասում եմ` իշխանությունը ոչ թե իր դեմ, այլ իր համար է պայքարում, որովհետև շատ լավ է հասկանում, որ երբ կոռուպցիան ծավալվի, իշխանության կործանում կլինի:
-Այսինքն, դեռ այն չափերի չի՞ հասել, որ իշխանությունը կործանվի:
-Չէ, մեզ մոտ կոռուպցիայի ինչ չափեր կա՞ն, որ: Մեզ մոտ կոռուպցիայի մակարդակը ցածր է: Շատ պարզ պատճառով. մեր պետբյուջեի կոռուպցիոն հնարավորությունները շատ քիչ են: Մեր բյուջեն պայմանական 1,4 տրիլիոն է, որից 400 մլրդը աշխատավարձն է, 300 մլրդը կենսաթոշակ, պաշտպանությանը հատկացվող փողը հանենք, մանկավարժների, բժիշկների աշխատավարձը ևս, վարկերի պարտքը փակենք, տեսեք, որ տակը փող չի մնում, որ գողանան: Այս առումով կոռուպցիոն երևույթները մեր երկրում շատ ավելի մեղմ են, քան այլ երկրներում:
-«Օրինական» բյուջեից բացի, կա նաև ստվերային բյուջե, որն էլ հիանալիորեն շրջանառվում է կոռուպցիոն գործարքներում:
-Մենք երբեք 0,3 տոկոսից ավելի ՀՆԱ-հարկեր հարաբերությունը բյուջեում չենք ֆիքսել: Այս տարի այդ թիվը 0,5 է: Սա նշանակում է իրական վարչարարություն և կոռուպցիայի դեմ պայքար: Այսինքն, ստվերային շրջանառությունը բերել իրական դաշտ և հարկեր գանձել: Ես չեմ ասում կոռուպցիա չկա, այլ թվարկում եմ այն մեխանիզմները, որոնցով իշխանությունը պայքարում է դրա դեմ:
-Քաղաքական կոռուպցիան ևս մեծ չափերի է հասնում:
-Դա ի՞նչ է:
-Ընտրություններում կաշառքի բաժանում, քաղաքական գործընթացներում կոռուպցիայի անմիջական ներկայություն:
-Հինգ անգամ մեծամասնականով պատգամավոր եմ ընտրվել` 1995-ից: Միշտ ասել եմ, որ ընտրություններում փողը քիչ դերակատարություն է ունենում: 2017-ի ընտրություններում փողը ընտրությունների ժամանակ որպես գործիք վերացել է:
-Այդ դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ խորհրդարանում ՀՀԿ-ն մեծամասնություն կազմեց ու այն էլ այսպիսի «կադրերով»:
-Վերջին ընտրությունների փորձը ցույց տվեց, որ փողն այլևս գործիք չէ: 2022-ին կտեսնեք, որ ընտրությունները կգնան լրիվ այլ հունով ու սկզբունքներով: Մարդիկ փողը վերցնում են ու ձայնը տալիս են նրան, ում ուզում են: Հետևապես ընտրություններում փողը որպես գործիք օգտագործելն անիմաստ է:
-Դժվար է հավատալ իշխանության վերարտադրությանն առանց փողի:
-Դուք տեսե՞լ եք մի երկրում ընտրություն առանց փողի: Աշխարհը միլիարդներ է ծախսում: Ընտրություններում անհրաժեշտ է փող ծախսելը, առանց փողի չես կարող ընտրարշավի գնալ:

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԵՋ ՉՄՏՆԵԼ»
ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆ («Ելք» խմբակցության անդամ)


-Ինչպե՞ս է այս իշխանությունը կատարելու ԵՄ-ի պահանջը, այսինքն` ինչպե՞ս է պայքարելու կոռուպցիայի դեմ:
-ԵՄ-ի դրույթները հնարավորություններ են, որոնցից կարող են օգտվել իշխանությունները` որոշակի փոփոխությունների հասնելու, Հայաստանը զարգացող պետություն դարձնելու համար: Կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսել են միջազգային կառույցները, ԱՄՆ դեսպանը, սակայն պետք չէ, որ մենք սպասենք, թե ով ինչ է ասում, մենք ինքներս էլ գիտենք, թե ինչ է կատարվում մեր երկրում: Իրականում Հայաստանում կոռուպցիան ահագնացող չափերի է հասնում: Հենց իշխանությունն է թաղված կոռուպցիայի մեջ, պայքարել մի բանի դեմ, որի մեջ թաղված ես, չունենալով քաղաքական կամք, ուղղակի հնարավոր չէ: Բայց միևնույն ժամանակ պետք է պայքարի մեխանիզմներ ստեղծել, օրենքներ մշակել: Բայց դրանց կիրառման խնդիրը կա, հանրության և լրատվամիջոցների ուշադրությունը պետք է սևեռվի հենց այս հարցին, պետք է հետևել ու տեսնել, թե որտեղ են կոռուպցիոն ռիսկերը ու դրանք բարձրաձայնել: Եթե հանրությունը, լրատվությունը, խորհրդարանական փոքրամասնությունը` «Ելքը», հետևեն այս գործընթացին, արդյունքներ կլինեն: Հակառակ պարագայում, համոզված եմ, այս իշխանությունը որևէ կերպ ցանկություն չունի պայքարելու, քանի որ դա այն ճանապարհն է, որով նրանք ընտրվում են, պահպանում իշխանությունը: Ասել է, ըստ էության, սա բավական ձեռնտու միջավայր է իշխանության համար: Մենք ձեզ հետ պետք է լինենք կոռուպցիայի դեմ պայքարի պահանջատերը:
-Իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարի ձև է ընտրել հանձնաժողովներ ստեղծելը: Մեկը չի արդարացնում, հաջորդն է ստեղծում: Սա՞ էլ է պայքարի մեխանիզմներից մեկը:
-Օրենքները միայն միջոց են, սակայն էականը դրանց կիրառումն է: Իշխանությունում առկա է շահերի բախումը, ինչը ենթադրում է քաղաքականության և բիզնեսի սերտաճում, իսկ սա էլ հանգեցնում է մոնոպոլիայի: Այս պարագայում մշտապես կոռուպցիոն երևույթներ լինելու են: Համաձայն եմ, օրենքները, հանձնաժողովները չեն կարող գործի դրվել, եթե չկա քաղաքական կամք: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նաև պատժի անխուսափելիության մասին խոսել: Եթե որևէ մեկը չի պատժվում, որևէ կոռուպցիոն դրսևորում պարսավանքի չի արժանանում, մենք, որպես հանրություն, հանդուրժող ենք, պատիժներն էլ իրենց տեղում չեն, բնական է, որ կոռուպցիայի դեմ պայքարելը բավական բարդ է: Կոռուպցիայի առանձնահատկությունն այն է, որ այն միշտ ունի երկու կողմ` վերցնող և առաջարկող, իսկ վերջինս էլ շահագրգռված է, որ երևույթը թաքցվի: Դրա համար է անհրաժեշտ ստեղծել բալանսավորող, փոխզսպող մեխանիզմներ: Սրա համար անհրաժեշտ են օրենքի գերակայություն և հավասարություն:
-Բացի օրենքների, պատժիչ մեխանիզմների գործադրումից, կոռուպցիան նաև մտածողության խնդիր չէ՞:
-Դրա համար ասացի, որ մենք երևույթի հանդեպ հանդուրժողականության մթնոլորտ ենք ստեղծել: Երբ նոր էր ձևավորվում «Լուսավոր Հայաստանը», խոսում էինք այն մասին, որ կոռուպցիայի մեջ մեղադրվողները պետք է հավասարեցվեն պետական դավաճաններին: Այսինքն, հանրության վերաբերմունքը պետք է լինի որպես պետական դավաճանի, որովհետև այս մարդկանց ու այս երևույթի պատճառով է, որ Հայաստանն այսօր այս վիճակում է: ՈՒնենալով արտաքին թշնամի, պետք է հստակ հասկանալ, որ ներսում այսպիսի մեծ խնդիրը շատ լուրջ է: Հաղթահարելով կոռուպցիան, կարող ենք դառնալ լավ պետություն, ունենալ զարգացած պետություն, մարդիկ չեն արտագաղթի, և կարող ենք ամուր դիմակայել արտաքին մարտահրավերներին: Դրա համար էլ ինձ համար կոռուպցիան պետական դավաճանության պես է:
-Գաղտնիք չէ, որ Հայաստանում քաղաքական կոռուպցիան ևս մեծ մասշտաբների է հասնում: Սրա դեմ պայքարի ի՞նչ եղանակներ եք տեսնում:
-Մեզ համար հանրության հետ աշխատելը և ընտրություններով իշխանություն ձևավորելը առաջնային խնդիր է: Ժողովրդավարությունը կայանում է ընտրությունների միջոցով, իսկ մեր ընտրությունների որակի մասին նույնիսկ ավելորդ է խոսելը: Ես հաճախ մարդկանց փորձում եմ բացատրել, թե իրենց կայացրած որոշումը ինչպես է ազդում իրենց կյանքի, իրենց երեխայի ճակատագրի վրա: Թեև երբեմն քննադատվում եմ, երբ նշում եմ, որ տվյալ խնդրի համար մեղավոր են այն որոշման համար, որը կայացրել են իրենք և իրենց շրջապատը: Ի վերջո, կոռուպցիայի մեջ են նաև մեր շուրջն ապրող մարդիկ: Դրա համար պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերել, այլապես խնդիրը կշարունակի մնալ ու ավելի խորանալ: Զարգացնել յուրաքանչյուրիս պատասխանատվությունն այս հարցում, հարթակներ բաց չթողնել և բարձրաձայնել խնդիրը` զսպելով քաղաքական կոռուպցիայի դրսևորումները:
-«Ելքը» կարողանու՞մ է պայքարել քաղաքական կոռուպցիայի դեմ:
-Մենք կարող ենք մեր ունեցած տեղեկատվության սահմաններում դա զսպել: «Ելքը» ԱԺ-ում նաև զսպող դեր պետք է կատարի, որ իշխանությունն իրեն ամենակարող չզգա, որ քաղաքական կոռուպցիոն դրսևորումները համատարած չլինեն: Փորձում ենք, համենայն դեպս, մեր ուժերի չափով սա անել, բայց հանրությանը կոչ եմ անում աչալուրջ լինել այս հարցում և իշխանությունների հետ գործարքի մեջ չմտնել: Սա է իշխանույթուններին դարձնում մեծամիտ, հոխորտացող, թե իրենք հանրության վստահությունն են վայելում ու քվեներ ստանում, այնինչ դրանք նրանց ձայները չեն, այլ քաղաքական կոռուպցիայի հանդեպ մարդկանց անտարբերությունն ու հանդուրժողականությունը:
-Սովորաբար իշխանություններն ընդդիմությունից պահանջում են կոռուպցիայի մասին խոսել ոչ թե ընդհանուր, այլ կոնկրետ փաստեր մատնանշելով: Ինչու՞ են, այսպես ասած, «հասցեական» կոռուպցիոն դեպքերը քիչ:
-Նույնիսկ այն բացահայտումները, որ մենք արել ենք (ՍԱՍ-ի ձայնագրությունը, Զիբիլիքսը), որևէ համարժեք պատասխան չեն ստանում: Երբ անպատժելիություն է տիրում, անընդհատ փաստեր ներկայացնելու արդեն իմաստ էլ չկա, որովհետև վատնում ես ժամանակ, ռեսուրսներ, բայց արդյունքի չես հասնում: Կոռուպցիոն դրսևորումները նաև դժվար է բացահայտել: Եթե նման դեպքերից մի քանիսը մինչև վերջ բացահայտվեին, վստահ եմ, քանակը կավելանար: Ի վերջո, կարող են նաև տուժել այն մարդիկ, ովքեր այդ մասին խոսել են: Այնպես որ, ասել, թե բերեք փաստեր, ասում ենք` բերում ենք, բայց հարցն այդպես էլ չի լուծվում:

Ճեպազրույցները`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ