«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Քոչարյանը պարզապես ուզում է նորից լսել հայկական ազգանունը»

«Քոչարյանը պարզապես ուզում է նորից լսել հայկական ազգանունը»
07.11.2017 | 11:02

Հազիվ թե չափազանցություն լինի, եթե ասեմ, որ ռուսաստանյան լրատվամիջոցների՝ այս օրերի սենսացիոն լուրերից մեկը «Ֆորբս» ամսագրի հրապարակած աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակն է, որտեղ տեղ են գտել նաև երկու ռուսաստանցի կանայք: Ինչու «ռուսաստանցի», որովհետև երկուսն էլ ռուս չեն: Խոսքը ՌԴ Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինայի (49-րդ հորիզոնական), որն ազգությամբ թաթար է, և RT հեռուստաալիքի ու «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի (52-րդ հորիզոնական) մասին է: Ընդ որում՝ աչքի էր զարնում մի պարագա՝ ռուսաստանցի լրագրողները գրեթե աչքաթող արեցին երկրի գլխավոր բանկիրին և շահեկան ուշադրությամբ քննության առան Սիմոնյանի «գերազդեցիկության» հանգամանքը: Պրոֆեսիոնալ համերաշխության զգացու՞մը հաղթեց: Գուցե և: Եվ գիտե՞ք որն էր նրան նվիրված բազմաթիվ մեկնաբանությունների մեխը. նա 13 կետով գերազանցել է ցուցակի 65-րդ հորիզոնականը զբաղեցրած, դեռ վերջերս ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին:


Հայտնի քաղաքական հեռուստամեկնաբան հրեա Վլադիմիր Սոլովյովը անմիջապես հայուհի Սիմոնյանին հրավիրեց իր «Իրիկնային զրույցին» և եզակի համակրանքով փորձեց նրա իսկ միջոցով բացահայտել նման «ազդեցիկության» ակունքները: Մարգարիտա Սիմոնյանի ելույթը կարելի էր համարել արդի մամլո աշխարհին նվիրված փայլուն դասախոսություն. նյութի խոր իմացությամբ, փաստերով, վերլուծություններով, կուռ դատողություններով նա ներկայացրեց արևմտյան լիբերալ լրատվամիջոցների կեղծ էությունը, երբ մամուլի, խոսքի ազատության և նմանատիպ այլ «վեհ» սկզբունքների տարփողման քողի տակ իսկական տոտալիտար քարոզչություն է իրականացվում, չընդունելով ոչ մի այլ կարծիք: Եվ քանի որ RT-ն այդ իմաստով այլընտրական տեսակետներ է արտահայտում՝ անհամատեղելի արևմտյան ստանդարտներին, ապա Ամերիկայում հատկապես խտրական «պատժամիջոցներ» են ձեռնարկվում RT-ի դեմ:


Մարգարիտա Սիմոնյանը երբեք չի թաքցրել իր ազգային պատկանելությունը: Չեմ կարծում, թե հարկ կա մանրամասն ներկայացնելու նրա կենսագրությունը: Նշենք միայն, որ նա ծնվել է Կրասնոդարում, կոմունիստների ժամանակ կասեին՝ պրոլետարական ընտանիքում, սակայն հիմնավոր կրթություն է ստացել և՛ տեղում, և՛ ԱՄՆ-ում, և՛ Մոսկվայում: Արդյունքը՝ 25 տարեկանում նշանակվել է ՌԴ-ում նոր ձևավորվող միջազգային լրատվական հեռուստաալիքի գլխավոր խմբագիր՝ ըստ էության դառնալով նրա դեմքը: Հայաստանի ղեկավարությունն էլ ուշադիր է եղել նրա նկատմամբ՝ որպես ռուսահայ համայնքի նշանավոր անձի պարգևատրելով «Մովսես Խորենացի» մեդալով:


Պատմեմ մի դրվագ: Ռոբերտ Քոչարյանը նախագահ եղած ժամանակ պաշտոնական այցով գտնվում էր Մոսկվայում: Ռուսաստանի նախագահի հետ արտգործնախարարությունում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Մարգարիտա Սիմոնյանը հարց ուղղեց Քոչարյանին: Վերջինս, լավ չլսելու բերումով, թե կանխամտածված, լրագրողուհուն խնդրեց նորից ներկայանալ: Սակայն կողքին նստած Վլադիմիր Պուտինն իրեն հատուկ սրամտությամբ նկատեց, որ Քոչարյանը պարզապես ուզում է նորից լսել հայկական ազգանունը:
Ավելացնենք նաև, որ Սիմոնյանն ամուսնացած է կինոռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի հետ, ունեն երկու երեխա՝ Մարիանան և Բագրատը: Զգացվում է, որ ապրում են հայկական ավանդույթներով: Եկեք մի քիչ տուրք տանք աշխարհիկ խոսակցություններին: Երբ Ֆրանսիայի նորաթուխ նախագահ Մակրոնը թյուր արտահայտվեց RT-ի նկատմամբ, Քեոսայանը հրապարակավ պաշտպան կանգնեց հարազատ կնոջը և հայտարարեց, որ անհայտ սեռական կողմնորոշմամբ անձը իրավունք չունի չարախոսելու ավանդապաշտ կնոջ հասցեին:


Եվ վերջապես ոչ ավանդական՝ «հանրամատչելի» այս մտորումներից հետո ամենալուրջի մասին: Ռուսաստանյան քաղաքական հեռուստաերկնակամարում կան նաև հայազգի ճանաչված այլ դեմքեր՝ Սերգեյ Կուրղինյան, Սեմյոն Բաղդասարով, Գևորգ Միրզայան, Արմեն Գասպարյան և այլք: Հայաստանի ղեկավարությունը փորձու՞մ է օգտագործել այս կարգի երևելի անձանց գոնե որպես լոբբիստական ուժ: Մտեք սոցցանց և ուշադրություն դարձրեք Վլադիմիր Պուտինի ու Մարգարիտա Սիմոնյանի համատեղ լուսանկարներին ամենատարբեր հրապարակային միջոցառումների ժամանակ:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 5037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ