Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՀՀ տնտեսական վիճակն այնքան է տարօրինակ, որ զավեշտի է մոտենում

ՀՀ տնտեսական վիճակն այնքան է տարօրինակ, որ զավեշտի է մոտենում
07.11.2017 | 11:24

Շրջապատումս հաճախ արձանագրվող մոտեցում է, թե մեր օրերում ինչու են նման կերպ մտածելու, գնահատական հնչեցնելու ցանկություն ու պահանջ առաջանում։ Եթե երևույթը դիտարկենք հեռուստաալիքների բացարձակ մեծամասնության լուրերի տեսակետից, նշված տարօրինակ երևույթը ցանկալի կարգավիճակ է, քանզի մեզանում տարբեր ոլորտներում նվազագույնից մինչև առավելագույն առաջընթաց կա, որն էլ իր դրական ազդեցությունն է թողնում երկրի հետագա բարելավման վրա։ Այս վիճակին հավելեք բարձրագույն իշխանության ընդհանրականից մինչև որոշակի լավատեսությունը, և մեր օրերի պատկերը լիարժեք կամբողջանա. տարածաշրջանային ու համաշխարհային գործընթացներում զարգացման ու կայունացման միջավայրում ենք գտնվում, որը դրական առումով տարօրինակություն ներկայացնելը լրջագույնս հիմնավորված է։


Սակայն մեզանում կա նաև այսօրինակ տարօրինակից էապես տարբեր մի վիճակ, որում ապրում ու գոյատևում է հայաստանյան հանրության բացարձակ մեծամասնությունը` գործատու, գործ ունեցող, թե անգործ հատվածը։ Նրանց շատ բան հաճելի չէ մերօրյա Հայաստանում, երևույթներ ու գործընթացներ, որոնք անցանկալի են ու անհասկանալի, անիմաստ ու անտրամաբանական, եթե չասենք` անբացատրելի ու անգամ անհեթեթ։ Հենց թեկուզ այն հայտարարությունը, որ արեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներից մեկը Շիրակի մարզ կատարած այցելություններից մեկի ընթացքում։ Գտնվելով կարտոֆիլի ցանքատարածությունում` հայտարարեց, որ ցանքսն իրականացվել է... Շոտլանդիայից բերված տնկանյութով, որն այս պարագայում կարտոֆիլի սերմն է։ Օրեր ու շաբաթներ հետևում էի նախարարության այս և այլ պաշտոնյաների հետագա ելույթներին, չգիտես ինչու, հույս տածելով, որ հեռավոր Շոտլանդիայի մասին հիշատակումը պարզ մարդկային թյուրիմացություն է։ Այն առավել էր ամրապնդվում, քանզի շրջապատիս տասնյակ ներկայացուցիչներ էլ լուրջ չէին ընդունում ասածս, այն իրոք թյուրիմացություն էին համարում։ Ի վերջո, պարզվեց, որ հայաստանյան մի ընկերություն հեռավոր Շոտլանդիայից իրոք կարտոֆիլի տնկանյութ որակվող սերմ է ներմուծել Հայաստան, որը հողին պահ տալուց, խնամել-ջրելուց հետո, աճելով ու բերքի վերածվելով, կարտոֆիլի տեսքով հայտնվելու է մեր խոհանոցներում ու, բնականաբար, սեղաններին։ Եթե նկատի ունենանք, որ դաշտը մշակելու ընթացքում օգտագործվող թունաքիմիկատներն ու պարարտանյութերն էլ են ներկրված, ստացվում է, որ այդ պալարապտուղը վայելելիս մեր արտասանած «դե, մեր կարտոֆիլի համն ուրիշ է» խոսքերը խիստ զգուշավոր է պետք հնչեցնել։ Տարիներով ու տասնամյակներով հողի հայ մշակն այդ գործընթացն իրականացրել է, իր բերքն ու բարիքը ստեղծել, երբևէ մտքով իսկ չանցկացնելով տարածաշրջանի երկրներից որևէ մեկից այդ տնկանյութ կոչվածը ներկրել, քանզի հայ սպառողը երբևէ խնդիր չի համարել հայրենական արտադրության այս բոստանային մշակաբույսի որակը այն անգամ օրը երկու անգամ սպառելու պարագայում։ Եվ հանկարծ մեր նորօրյա պատմության երրորդ տասնամյակի ավարտին նախարարական ավետում առ այն, որ, հարգարժան հայաստանաբնակներ, սիրելի հայրենակիցներ, ձեզ այսուհետ կերակրելու ենք նորին մեծություն Մեծ Բրիտանիայի մաս կազմող շոտլանդական կարտոֆիլի տնկանյութից Հայաստան երկրի բարեբեր հողերում մշակված ու աճեցված, հաճախ երկրորդ հաց հռչակված այս պալարարմատով, որի նմանը, պարզից էլ պարզ է, անգամ նրանց երկրում չկա։ Այնպես որ, վերհիշելով ՀՀ գյուղնախարարի տեղակալի Շիրակի մարզի ցանքատարածություններ կատարած այցի մասին պատմող հեռուստառեպորտաժը, ունկնդրելով հերթական «էրեխեք ջան»-ի արտադրանքը, ակնկալում էի, որ լրագրողի հպարտ մասնագիտությունը կրող գործընկերս գոնե կհարցնի փոխնախարարին` ինչու՞ Շոտլանդիայից, որն առնվազն 5 հազար կիլոմետր հեռու է մեզնից, ողջ աշխարհում էլ հիմնականում հայտնի իր վիսկիով ու շատ բարձր մթերատվությամբ մանր եղջերավորով։ Չէ՞ որ կարտոֆիլ ասելիս, արդեն 3-րդ տասնամյակն է, մենք Հոլանդիան ենք նշում, որտեղից հազարավոր տոննաներով ներկրում ենք իրականացնում, մեր պահանջարկն այդկերպ բավարարում։ Ինչու՞ է հանկարծ անհրաժեշտություն առաջացել առավել հեռավոր երկրից ներմուծում կատարելու, այդկերպ ծախսերն անհարկի ավելացնելու, այս գյուղմթերքի գնի հնարավոր բարձրացման փաստարկներ ապահովելու։ Հարցեր են ծագում, որոնք մտահոգություններ են ծնում, ազդում ժողովրդական համարվող այս սննդահումքի գնի վրա։ Չեմ կարծում նաև, որ շոտլանդական կենցաղն ու առօրյան պայմանավորված են այս մշակաբույսի օգտագործմամբ, քանզի հայաստանաբնակներիս լիուլի կբավարարի նաև արդեն մեր խոհանոցի անբաժանելի մաս դարձած հոլանդական տնկանյութից ստացվող կարտոֆիլը։ Զգում եմ, որ ձանձրալի մտորում է ստացվում, հարկ է այս վիճակի պատճառներին ու հետևանքներին անդրադառնալ, որը շարքային, անգամ ակտիվ քաղաքացուց առավել ՀՀ համապատասխան պետական կառույցների բազմահազար մասնագետների ու քաղաքական պաշտոններ զբաղեցնողների խնդիրն է, որոնց հարյուրհազարավոր մեծ և փոքր հարկատուներս վարձում ու պահում ենք մեր, թող որ համեստ հատկացումներով, որը նրանց հաջողվում է առավելագույնս շքեղ դարձնել։

Ինչու՞ ենք այս խեղճ ու անօգնական վիճակում հայտնվել, երբ խնդիրը բարդ հարցերին ու գործընթացներին չի վերաբերում, որտեղ գիտական նվաճումներ ու զգալի ֆինանսական միջոցներ են պահանջվում, լաբորատորիաներ ու փորձադաշտեր են անհրաժեշտ, որոնք, բնականաբար, կան մեզանում։ Խնդրեմ. միջազգային ինտեգրման, տնտեսության զարգացման, տարածքային կառավարման, գյուղատնտեսության նախարարություններ, ագրարային բազմաբնույթ համալսարաններ, գիտափորձնական կենտրոններ, մեզ օգնության պատրաստ համաշխարհային կառույցներ, անհատական ու խմբային աջակցություն և այսուհանդերձ... հիմնավորապես անարդյունավետ մի համակարգ, որը հուսալքում է ՀՀ շարքային քաղաքացուն, անգամ ոստիկանության գնդապետին, որն ընտանիքը վերցրել ու հեռավոր արտերկիր է մեկնել, լրացնելով այն նախարարների ու բարձրաստիճան պաշտոնյաների ցանկը, որոնք պաշտոնազրկումից հետո են հայտնվել հիմնականում իրենց բիզնեսների համար նպաստավոր ՌԴ-ում։ Թե ինչքանով է արդարացված ՀՀ վարչապետի մարզային այցերի ընթացքում այդպիսիների ֆինանսական միջոցներն իրենց ծննդավայրերում ներդնելու յուրօրինակ առաջարկ-պահանջատիրությունը, դժվար է պատկերացնել։


Մեզանում այն տպավորությունն է փորձ արվում ստեղծել, թե Հայաստանում փող չկա, դրամի, դոլարի ու եվրոյի տեսքով։ Այս պարագայում բարի գտնվեք բացատրելու, թե ինչու են հերթեր գոյանում արտարժույթի փոխանակման կետերում, ինչ միջոցներով են գնվում աներևակայելի գների շքեղաշուք ու հզոր ավտոմեքենաները, որոնք հազվադեպ կարելի է տեսնել եվրոպական քաղաքներում, ի՞նչ միջոցներով են կառուցվում միլիոնավոր դոլարների հասնող առանձնատները, ռեստորաններն ու հյուրանոցները, վեր խոյանում թանկարժեք շինանյութերով ու նախագծերով կառուցվող բարձրահարկերը, որոնք անգամ կիսով չափ բնակեցված չեն մեր հայրենակիցների կողմից։ Տարօրինակից էլ անդին է ամենաթողության հետևանք թշվառացող գյուղերում հանդիպող ամերիկյան կինոաստղերի առանձնատների շուքն ու պերճանքը գերազանցող շինությունների ու ավտոմեքենաների գնալով ավելացող քանակը, որը տարօրինակորեն չի արտացոլվում ոչ համայնքների, ոչ էլ ՀՀ ծախսերում ու բյուջեում. դրանք կարծես չկան, լրացնում են «Օդից փող» հեռուստահաղորդումը։
Խոստովանեմ։ Կյանքիս 8-րդ տասնամյակի թող որ սկզբնամասում գտնվող ՀՀ քաղաքացիս մի վիճակում եմ հայտնվել, որում գտնվում են շրջապատիս հարյուրավոր ներկայացուցիչներ, որ ակամայից դրժեցի որոշ ժամանակով երկրի տնտեսության շուրջ անհանգստություններս մտորումների տեսքով թղթին հանձնելու խոստումս, քանզի այդկերպ հիմնավորապես դրժում էի հայաստանցուց իշխանությունների ակնկալած ակտիվ դիրքորոշման ցուցադրումը, որն արտահայտվում է երկիրն ուղղակի ու անուղղակի տեսքով աղբից մաքրելու գործընթացով։ Շարքայիններս համոզված ենք, որ աղբն առավել շատ է երկրի տնտեսական միջավայրում, որի արդյունքն ու հետևանքն են քննարկվող կարտոֆիլի տնկանյութի ներկրումից սկսած պարզ ու հասարակ էլեկտրական լամպերի ունեցած արտադրության վերագործարկման ձախողումը, զուգարանաթղթի արտադրությունը փակելը, քիմիական ու մեքենաշինական ենթակառուցվածքների ավերումն ու փոշիացումը։ Այս ամենն արվում է տնտեսական մտքի իսպառ բացակայության պայմաններում, որտեղ տնտեսությունը բարոյական նորմերով ու միջոցներով կազմակերպելը հարգի չէ։ Պատվաբերը այլոց, անգամ մեր հանդեպ անբարյացակամ տրամադրվածների ինչ-ինչ անհայտ պայմաններում ու միջոցներով արտադրվածը երբեմնի դրախտավայր հռչակված Հայաստան հասցնելն է, արհեստականորեն թանկ ինքնարժեքի հասցված տեղականի համեմատ կես գնով վաճառելն ու որոշակի հաստատուն շահույթ ունենալը։ Այսօրինակ գնահատականը կազմավորվել է պարզ ու հասարակ փաստերի արդյունքում, որին հանդիպում ենք մեր առօրյայի ցանկացած պահի։ Օրինակ, տասնամյակներ շարունակ չի վերանում մեր մարդկանց խոր սառեցված հավի մսով սպասարկելու գործընթացը, որպիսի երևույթ չենք տեսնի իրենց քաղաքացիներին հարգող երկրներում։ Այս մսատեսակի արտադրությունը Երկիր մոլորակի չորս կողմերում խնդիր չի համարվում, այն իրականացվում է ձեռքի հետ, որը հաստատվում է համաշխարհային վիճակագրությամբ։ 2000 թվականի 68 մլն տոննա հավի մսի արտադրությունը 2013-ին կազմել է 109 մլն տոննա, հարավային հարևաններ Իրանում ու Թուրքիայում համապատասխանաբար 800 և 660-հազարական տոննաներից 2 մլն և 1,8 մլն տոննա, 1 բնակչի հաշվով տարեկան 30-ական կիլոգրամ, երբ ՀՀ ցուցանիշն անգամ 3 կգ չէ։

Անգամ խիստ սահմանափակ հող ու տարածք, հետն էլ գյուղնախարարություն չունեցող Սինգապուրում մինչև 100 հազար տոննա հավի մսի արտադրություն են իրականացնում, ոչ մեծ տարածքով Իսրայելում այն 635 հազար տոննա է։ Վերջին երկուսում թռչնի կերերը պարտադրված ներկրվող են, սակայն արտադրանքի գինը հասու է շարքային քաղաքացուն, ինչը չես ասի հայաստանյան պարագայում։ Արդյունքում ՀՀ բնակչության բացարձակ մեծամասնությունը պարտադրված է օգտվելու տեղական թարմ հավի մսի համեմատ կես գնով վաճառվող, անհայտ կերերով և միջոցներով աճեցված, ներմուծված խոր սառեցված հավի մսից, որի թողած ուղղակի ու անուղղակի ազդեցությունը մեր վիճակն է` ինչ-որ բան փոխելու մեր անկարողությունը, դրա հետևանք աղքատությունն ու արտագաղթը, երբ հարկ էր գոնե մեզանով անել թող որ պատերազմի պատճառով Սիրիան լքած տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներին։ Այնպես որ տեղին է թե՛ նրանց, թե՛ արտերկրներում հայտնված մեր միլիոնավոր հայրենակիցների այն հարցը, թե հավի միսն ի՞նչ է, որ չեք կարողանում արտադրել, քանզի համոզվել են, որ աշխարհի չորս կողմերի պետություններում այն լուրջ խնդիր չի դիտարկվում. առաջնահերթը սեփական բնակչության սպասարկումն է, որը մեզանում փոխարինվում է ներկրումներ իրականացնող օլիգարխների շահերի առաջնահերթ սպասարկմամբ։


Պարզ ու հասարակ հարցերում անկարողությունից մինչև անօգնական գտնվելու պայմաններում, որն արտահայտվում է արդեն նշված կարտոֆիլի սերմի կամ 6-7 մասերից բաղկացած էլեկտրական լամպի արտադրություն իրականացնելու անզորության տեսքով, ինչ-որ կառույցներ ու պետականամետության հավակնություններ ունեցող գործիչներ հանրությանը հրամցնում են առաջարկություններ, որոնց իրագործումը խնդիր է անգամ կայացած երկրների համար։ Մեկ լսում ենք նոր, ժամանակակից ատոմակայան կառուցելու մասին, երբ կան շատ ավելի անվտանգ էլեկտրաարտադրության միջոցներ, ապա ասպարեզ է նետվում Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության անհրաժեշտությունը, երբ համայն աշխարհում մի քանի հարյուր կիլոմետր հեռավորությամբ ապրանքատեղափոխումը կատարվում է արտադրող-իրացնող ուղիղ ավտոմատակարարման միջոցով, երրորդը խոսում է Արագածի լանջին գտնվող կայանի մասին, այն դիտարկում որպես հայ գիտական մտքի ժամանակակից կենտրոն դարձնելու տեսանկյունից, մոռանալով, թե չցանկանալով նկատել, որ հիմա կայանում երեք մարդ է աշխատում նախկին 100-ի դիմաց։ Ամեն ինչ քաղաքական դաշտում տեսնողներն էլ առաջ են տանում հիմնական երկու ուժերով ընտրապայքար ծավալելու անհրաժեշտությունը, մոռանալով «ձայն բազմաց` ձայն Աստծո» պատվիրանը։ Այստեղ փաստարկ է բերվում ԱՄՆ-ի օրինակը, չփորձելով նկատել, որ ընտրապայքարին մշտապես մասնակցում են հաղթելու հավակնություններ չունեցող առնվազն 12-18 թեկնածուներ։ Փոքր-ինչ անկեղծանալու պարագայում էլ կնկատենք, որ առաջինը քրիստոնեությունը պետականորեն ընդունած հանրություն լինելու պարագայում մեր բացարձակ մեծամասնությունը չգիտի մի քանի տող կազմող Տերունական աղոթքը, որպիսի վիճակ է նաև մատչելի բառերից բաղկացած օրհներգի առումով։


ՀՀ տնտեսական վիճակն այնքան է տարօրինակ, որ զավեշտի է մոտենում։ Երկրի պարենանվտանգության առումով հիմնական հումքատեսակների աննշան արտադրության պայմաններում կարողանում ենք ալկոհոլ ու ծխախոտ, հատիկ ու աղացած սուրճ արտահանել, երբ ՀՀ բնակչության նվազագույն սպառումն անգամ հիմնականում ներմուծվող է` սոխ ու սխտորից սկսած մինչև հատիկաընդեղեններն ու շաքարավազը, բուսական ու կենդանական յուղերը, մսամթերքների ու կաթնեղենի զգալի քանակները։ Անշուշտ, անառարկելի է, որ այս ամենը սկսվեց 1990-ականների սկզբին, երբ երկրում համակարգային վերափոխումներ սկսվեցին, վեհ նպատակներ հռչակվեցին։ Այդ տարիներին տպագրվող «Գործ» թերթում, որը լույս էր տեսնում վաղամեռիկ Ալբերտ Հովհաննիսյանի և ներկայիս հանրապետական Հերմինե Նաղդալյանի խմբագրմամբ, տպագրեցի «Հայոց հողը լիարժեք է, մեր վերաբերմունքն է անլիարժեք» վերլուծական մտորումներս, փորձելով հիմնավորել, որ ՀՀ տարածքի հողա-ջրա-ջերմային ու մարդկային հնարավորությունները բավարար են պարենային ինքնաբավության բարձր աստիճան ապահովելու համար։ Համաշխարհային փորձը հաստատում է, որ գործընթացը սկսվում է անասնագլխաքանակների լիարժեք կերակրումից, դրանց մթերատվության ցուցանիշների առավելագույն բարձրացումից, որը գյուղաբնակի աշխատանքին արդյունավետություն է ապահովում, հիմնական պարենամթերքների արտադրությունում մրցակցային միջավայր ստեղծում և այդկերպ նպաստում իշխանություն-հանրություն հարաբերություններում առողջ դաշտի կայացմանն ու կայունացմանը։ Լիարժեք անասնակեր ասելիս էլ աշխարհի չորս կողմերում վերջին 50-60 տարիներին եգիպտացորենի հատիկը նկատի ունեն, որն իր բերքատվությամբ ու էներգետիկ ցուցանիշներով աշխարհի ջերմաշատ տարածքների թիվ 1 մշակաբույսն է դարձել։ Եթե ցորենի համաշխարհային արտադրությունը 700 մլն տոննայի սահմաններում է, եգիպտացորենի հատիկի համախառն բերքը անցել է 1 մլրդ տոննան: Այդ մշակաբույսը թե կաթ ու միս է, թե բուսական յուղ ու ալյուր, թե նավթին փոխարինող սպիրտ, որն ավտոմեքենաների վառելիք է ծառայում, բազմաթիվ այլ ոլորտներում է կիրառվում։ Եվ ի՞նչ. ՀՀ տնտեսավարական միտքը, որը կենտրոնացած է երկրի կառավարությունում, չգիտես ինչ շարժառիթներով անտեսում է համաշխարհային այս գործընթացի հայաստանյան կիրառումը, առաջնորդվում «Մերն ուրիշ է» հիմնավորում չունեցող մոտեցումով, ողջ գործունեությունն ուղղորդելով ՀՀ տարածքն այլոց բանջարա-այգեգործական կցորդ դարձնելուն, նրանց վայելքի ու պերճանքի հարցերը լուծելուն։ Փոխարենը, խնդրեմ, մեզ առաջարկվում է սննդահումքի ներմուծվող լայն ընտրանի. Բրազիլիայից խոր սառեցված մսատեսակներ, որոնք տարօրինակորեն տեղականի համեմատ կես գնով են վաճառվում, Նոր Զելանդիայից, Ֆինլանդիայից ու Նորվեգիայից բերված կարագ ու հալած յուղ, ՌԴ-ից բուսական յուղերի լայն ընտրանի, Իսրայելից` ստեպղին, Իրանից` սոխ ու բազուկ, Չինաստանից` սխտոր... Այս վիճակն արդարացվում է «Հայաստանը սակավահող երկիր է» անհեթեթությամբ, քանզի հենց միայն Չինաստանի պարագայում 1 բնակչի հաշվով վարելահողը 800 քմ է, ՀՀ-ում` 1600 քմ, չխոսելով Իսրայելի կամ ցրտաշունչ Ֆինլանդիայի ու Նորվեգիայի մասին։ ՀՀ իշխանություններին ուղղված մտահոգությունս` նպաստել գյուղոլորտում առաջիկա տարիներին 300 հազար տոննա եգիպտացորենի հատիկի արտադրության ծավալմանը, որը հետագա տարիներին պահանջարկ-առաջարկի արդյունքում կշարունակի ընդլայնվել, եթե ինչ-որ ձևով քննարկվում է, միայն «գալչկա»-ի համար։ Ոմանք էլ, որոնք հարկ է որ պատկերացում ունենան ՀՀ հողային կարողությունից, հաճախ են փորձում բանավիճել «իսկ որտեղ ենք այդ 300 հազար տոննան մշակելու» խոսքերով։

Թեև պատասխանն ունեմ. այս ծավալն արտադրելու համար ՀՀ վարելահողային մասի մինչև 10 տոկոսն է պահանջվում, 35-40 հազար հեկտարը, երբ դրա 3-4-ապատիկը տարիներով չի մշակվում, շատ հաճախ պատասխանս այլ է. իսկ որտե՞ղ է ոչ մեծ Սերբիան մինչև 8 մլն տոննա եգիպտացորենի հատիկ արտադրում, գրեթե Հայաստան երկրի տարածքն ունեցող Դանիան 12 մլն տոննա հացահատիկ ստանում հիմնականում անասնակերի նպատակով, քանզի տարածքը եգիպտացորենի հատիկի ստացման համար նպաստավոր չէ, ԱՄՆ-ն ինչու՞ է մինչև 360 մլն տոննա եգիպտացորենի հատիկի արտադրություն իրականացնում, երբ ցորենը 60 մլն տոննա է։ Պատասխան, ցավալիորեն, չկա։ Եթե դեպքից դեպք կա էլ, այնքան պարզունակ, որ տարօրինակը շատ մեղմ որակում է ստացվում։ Մերոնք հակված են, ասենք, արտագաղթը միջազգայնորեն բացատրելի գործընթաց որակելու, որը ոչ մի կերպ չես կարող համեմատել գրեթե մեր պայմաններում գտնվող Իսրայելի հետ։ Երկրի բնակչությունը վերջին 10-ամյակում 6,3 մլն-ից հասել է 8,2 մլն-ի, 1000 բնակչի հաշվով ծնունդները` 14-ից 19-ի։ Ծանոթացեք բարդ ժամանակներ ապրող Վենեսուելայի վիճակագրությանը։ Արդեն նշված ժամանակաշրջանում երկրի բնակչությունը 25 մլն-ից դարձել է 31 մլն, 1000 բնակչի հաշվով ծնունդները` 18,8-ից 19,3։ ՀՀ բնակչության թվի վերաբերյալ կարծիքները տարբեր են, ուստի նշեմ ծնունդները, որոնք 17-ից իջել են 13-ի։ Նշված երկրներից առաջինում մեկ բնակչի հաշվով բյուջեից տարեկան ծախսը 10 հազար դոլար է, երկրորդում` 11 հազար դոլար, ՀՀ-ում` 800 դոլար։ Ըստ միջազգային մի խումբ կառույցների համատեղ գնահատականի` 2050 թվականին Իսրայելի բնակչությունը կկազմի 12,5 մլն, Վենեսուելայինը` 40 մլն, ՀՀ-ինը` 2,4 մլն։
Ահա մեր յուրօրինակ կառավարման ու տնտեսավարման արդյունք այն պատկերը, որն ուրվագծվում է ՀՀ ոչ հեռավոր ապագայի համար։

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6707

Մեկնաբանություններ