ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Դիվիզիոնի առաջատարները բացառիկ գոլառատ եղան

Դիվիզիոնի առաջատարները  բացառիկ գոլառատ եղան
07.11.2017 | 12:14

Սեփականը պահելով անառիկ` ֆրանսիական դիվիզիոնի առաջին հնգյակը կազմածները տուրում միացյալ ջանքերով մրցակիցների դարպասը գրավեցին 24 անգամ, ինչը ֆենոմենալ արդյունք է, իր համար հոբելյանական 600-րդում Մեսին մնաց առանց գոլի, սակայն դրանից նրա հոբելյանականն առանձնապես չստվերվեց, ոսկե մեդալների համար պայքարում Մյունխենի «Բավարիան» բունդեսլիգայում հերթով պարտության է մատնում իր գլխավոր մրցակիցներին` առարկայնորեն ցույց տալով, թե ով է «անտառի» իրական տերն ու տիրականը, Ժոզե Մոուրինյոն նորից քիթը կախ է հեռանում իր երբեմնի թիմի մարզադաշտից, իսկ «Մանչեստր Սիթին» ավելի է խորացնում առաջատարությունը` միավորներով ավելի ու ավելի առաջ պոկվելով մերձակա հետապնդողներից, «Կիևոն» դառնում է սկուդետեի այն սակավաթիվներից մեկը, որը կարողանում է միավոր պոկել առաջատարից:

ԱՆԳԼԻԱ
Որքան էլ «Մանչեստր Սիթին» անգլիական առաջնությունը գլխավորող թիմն է, մրցակիցը՝ եվրագոտում գտնվող «Արսենալը», այդուհանդերձ, տուրի թիվ մեկ հանդիպումն անառարկելիորեն Լոնդոնում էր, որտեղ «Չելսին» հյուրընկալել էր «Մանչեստր Յունայթեդին»: Ժոզե Մոուրինյոյի հանդիպումն իր երբեմնի թիմի հետ դարձյալ եղավ հօգուտ «ազնվականների», ովքեր հանդիպումը շահեցին թեև սակավագոլ, սակայն խիստ դիտարժան դիմակայությունում: Ի դեպ, նվազագույն հաշվով էր ավարտվել նաև նախօրեին կայացած «Տոտենհեմ»-«Կրիստալ Պալաս» մրցակցությունը (1:0), ինչը նշանակեց, որ 23-ական միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ-երրորդ հորիզոնականներում գտնվող «Մանչեստր Յունայթեդի» ու Մոուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի հերթականությունը որոշողը լրացուցիչ գործակիցներն են:
Ինչ վերաբերում է վերը հիշատակված «Մանչեստր Սիթի»-«Արսենալ» առճակատմանը, անկասկած, մի գլուխ բարձր էին Խոսեպ Գվարդիոլայի սաները (3:1), ովքեր պարզապես փայլուն են մեկնարկել այս առաջնությունում, հաղթանակ հաղթանակի հետևից են տոնում, ու արդեն սկզբունքային հարց է դառնում, թե վերջապես այդ որ թիմն է ընդհատելու նրանց հաղթահանդեսը: «Մանչեստր Սիթին» ունի 31, չորրորդ հորիզոնական բարձրացած երկրի գործող չեմպիոնը՝ «Չելսին», 22 միավոր: Վերջինիս օրինակով եվրագոտում է նաև արտագնայում «Վեստ Հեմին» 4:1 հաշվով պարտության մատնած «Լիվերպուլը», որի ակտիվում 19 միավոր է: Այդքան է նաև «Արսենալի» ու «Բյոռնլիի» ունեցածը:

ԻՍՊԱՆԻԱ
Կապտանռնագույնների կազմում Լիոնել Մեսիի համար հոբելյանական 600-րդ խաղում 24-ամյա Պակո Ալկասերի դուբլը կանխորոշեց կատալոնացիների հաղթանակը «Սևիլիայի» նկատմամբ՝ 2:1: Հատկանշական է, որ վերջին ինը խաղից բոլոր նրանցում, երբ ֆուտբոլիստն այս խաղադաշտ է ելել թիմի մեկնարկային կազմում, դարձել է գոլի հեղինակ: Ի միջի այլոց, այդ գոլերը ինն են՝ ահա այսպիսի զարմանալի ցուցանիշ: Իսկ կոնկրետ թիմի առնչությամբ ասենք, որ այն վաղուց է խլել Լալիգայի առաջատարությունն ու սկզբունքորեն չի դավաճանում որդեգրած քաղաքականությանը:
27 միավորով երկրորդ հորիզոնականում է «Վալենսիան», որի հետ մնալը բարսելոնյան ակումբից ընդամենը չորս միավոր է: Նրա վերջին դիմակայությունը «Լեգանեսի» հետ էր` վերջինիս համար 0:3 տխուր վերջաբանով:
«Լաս Պալմասի» նկատմամբ տնային հաղթանակը Մադրիդի «Ռեալին» վերադարձրեց երրորդ հորիզոնականը, որում ժամանակավորապես հայտնվել էր մադրիդյան մյուս գրանդ ակումբը` «Աթլետիկոն», «Դեպորտիվոյի» նկատմամբ արտագնա հանդիպումում նվազագույն հաշվով հաղթանակի հասնելուց հետո: Տասնմեկերորդ տուրից հետո «Ռեալի» ու «Աթլետիկոյի» ունեցած միավորները 23-ն են, մրցաշարային աղյուսակում զբաղեցրած տեղերը` երրորդ-չորրորդ հորիզոնականները:
Եվրագոտում են նաև «Վիլյառեալ» ու «Սևիլիա» ակումբները: Տուրում վերջինիս ունեցած հանդիպման մասին արդեն նշել ենք, իսկ «Մալագայի» նկատմամբ տոնած տնային հաղթանակից հետո «Վիլյառեալի» հավաքած միավորները 23-ն են: «Սևիլիայի» ունեցածը 20 միավոր է ու աղյուսակում «Վիլյառեալից» մեկ հորիզոնականով ներքևում լինելը:

ԻՏԱԼԻԱ
«Թուրինի» հետ տնային խաղում «Ինտերի» արած առավելագույնը պատասխան գոլը խփելն ու գոնե մեկ միավոր վաստակելը եղավ, իսկ սա նշանակում է, որ հաղթանակի դեպքում մրցաշարային աղյուսակում միանգամից երկու թիմ կարող էր շրջանցել նրան: Ինչ վերաբերում է «Նապոլիին», այն կարող էր ավելի մեծացնել կտրվածությունը միլանյան ակումբից:
Սկսենք հենց նրանից՝ սկուդետեի առաջատարից:
Օգտվելով սեփական հարկի առավելությունից՝ «Կիևոն» հյուրերի ճանապարհին կանգնեց անառիկ ամրոցի պես՝ հարկադրելով բավարարվել գոլազուրկ ոչ-ոքիով: Ասել է թե՝ «Նապոլիի» կտրվածությունն «Ինտերից» մնաց նույն երկու միավորը՝ 32-ը 30-ի դիմաց: Սակայն ոչ-ոքիից հետո «Ինտերի» գերխնդիրն իր ծոծրակին ծանր շնչող «Յուվենտուսին» ու «Լացիոյին» առաջ չթողնելն էր՝ խնդիր, որ այլևս նրանից չէր կախված: Առաջինի պարագայում միլանցիները վրիպեցին: Որքան էլ «Յուվենտուսի» համար ծանր ընթացք ունեցավ առաջնության նորեկ ու աղյուսակի հետնապահ, մինչև այժմ միավոր չունեցող «Բենևենտոյի» հետ դիմակայությունը (մինչև 57-րդ րոպեն «ծեր սինյորան» զիջում էր 0:1 հաշվով), այդուհանդերձ, մրցակցությունն ավարտվել է երկրի գործող չեմպիոնի հաղթանակով՝ 2:1: «Յուվեն» արդեն ունի 31 միավոր:
Ինչ վերաբերում է «Լացիոյին», «ՈՒդինեզեի» հետ նրա հանդիպումը երեկ ուշ երեկոյան էր: Հաղթանակի դեպքում հռոմեացիներն օրենքից դուրս կհայտարարեն «Ինտերի» արդեն երրորդ հորիզոնականը՝ դուրս հրավիրելով առաջին եռյակից: Ի միջի այլոց, «Ինտերի» ունեցած երեսուն միավորից հավասարապես կարող է ունենալ և «Ռոման», որը պակաս անցկացրած մեկ խաղ ունի, իսկ տուրի հանդիպումում 4:2 հաշվով հաղթել է «Ֆիորենտինային», ու դա, որ հատկապես գնահատելի է, արել է հյուրընկալվելիս: Նշենք, որ եվրագոտում տեղը պահպանել է «Սամպդորիան»:

ԳԵՐՄԱՆԻԱ
Ինչպես նախորդ, այնպես էլ այս տուրում Դորտմունդի «Բորուսիան» չկարողացավ դիմակայել բունդեսլիգայի լիդերությունը ստանձնած «Բավարիային»: Հանդիպման միայն 88-րդ րոպեին են դորտմունդցիները գոլի հեղինակ դարձել, իսկ մինչ այդ «Բավարիան» արդեն հաղթում էր 3:0 հաշվով ու րոպե առ րոպե սպասում մրցավարի եզրափակիչ սուլոցին: Դորտմունդի «Բորուսիայի» այս պարտությունը նշանակեց նաև հրաժեշտ երկրորդ տեղին, քանի որ «Լայպցիգը» սեփական հարկի տակ երեք միավոր վաստակեց (2:1) «Հանովերի» հետ դիմակայությունում:
«Բավարիան» ունի 26, «Լեյպցիգը»՝ 22, Դորտմունդի «Բորուսիան»՝ 20 միավոր:
20 միավոր ունի և «Ֆրայբուրգի» նկատմամբ արտագնայում նվազագույն հաշվով հաղթանակ տոնած «Շալկեն»: Նրա պես եվրալիգայի գոտում են հյուրընկալվելիս 3:0 հաշվով «Քյոլնին» պարտության մատնած «Հոֆենհայմն» ու «Հանովերը»: Այս թիմերը համապատասխանաբար ունեն 19 և 18 միավոր:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնում խոշոր հաշվով հաղթանակներ են տոնել առաջին հնգյակը կազմած բոլոր թիմերը, ընդ որում՝ բաց չթողնելով ոչ մի գնդակ: Առաջատարը` «Պարի Սեն Ժերմենը», արտագնայում անհարկի դաժան է վարվել «Անժի» նկատմամբ՝ հաղթանակ տոնելով 5:0 հաշվով (երկուական գոլով աչքի են ընկել Մբապեն ու Կավանին), սեփական հարկի տակ երկրորդ տեղում ընթացող «Մոնակոն» ոտնատակ է արել հյուրամեծարության բոլոր գրված ու չգրված կանոնները՝ 6 անգամ «Գենգամին» հարկադրելով կրկնել գնդակը դարպասից հանելու տհաճ գործողությունը:
0:5 հաշիվն է գրանցվել «Սենտ Էտիեն»-«Լիոն» դիմակայությունում, ինչը վերջինիս համար ամրագրված է պահել աղյուսակի երրորդ հորիզոնականը:
Եվրագոտում են «Մարսելն» ու «Նանտը»: Սեփական հարկի տակ առաջինը «տաքսի» է արել (5:0 հաշվով հաղթանակներն այսպես են անվանվում) «Կանին», երկրորդը հյուրընկալվելիս երեք միավոր է կորզել «Սենտ Էտիենից»` դարձյալ տաքսի հեղինակելով: Նրանք համապատասխանաբար ունեն 24 ու 23 միավոր, իսկ առաջատար եռյակի դասավորությունն ու միավորների քանակը հետևյալն են` «Պարի Սեն Ժերմեն»` 32, «Մոնակո»` 28, «Լիոն»` 25 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2049

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ