USD486.78
EUR574.01
RUB8.17
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Ինգա և Անուշ Արշակյանների, Սոնա Շահգելդյանի բարեմաղթանքը՝ երիտասարդներին

Ինգա և Անուշ Արշակյանների, Սոնա Շահգելդյանի բարեմաղթանքը՝ երիտասարդներին
07.11.2017 | 13:44

Ինգա և Անուշ Արշակյաններ, Էրիկ, Լիանա, Վարդուհի Վարդանյան, Սոնա Ռուբենյան, Սոնա Շահգելդյան և այլք. այս երաժիշտները Երևանի պետական կոնսերվատորիայի Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի շրջանավարտներ են:

Նոյեմբերի 15-ին հանդիսավորությամբ կնշվեն Երևանի պետական կոնսերվատորիայի Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20 և կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանի 70-ամյա հոբելյանները։ Համերգը կազմակերպվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ՝ երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շարքում:
Մեզ հետ զրույցում երգչուհի Ինգա Արշակյանը, հիշելով ամբիոնում ուսանելու օրերը, երկար տարիների կյանք մաղթեց հարազատ ամբիոնին, որն ըստ Ինգայի՝ կրթում ու մեծացնում է ներկայիս շոու բիզնեսի լավագույն ներկայացուցիչներին: Ամբիոնի ղեկավարին և դասախոսներին երգչուհին մաղթեց քաջառողջություն, նոր գաղափարներ և անսպառ եռանդ, որպեսզի դժվարին այդ աշխատանքը հասցնեն ավարտին: Իսկ թե ինչ է տվել ամբիոնում ուսանելը երգչուհուն, Ինգա Արշակյանը պատասխանեց. «Ինձ հաճելի է նվագախմբի հետ երգելը, իսկ ամբիոնում ուսանելն ինձ այդ հնարավորությունը տվել է»:


Ուսանողներին ու երիտասարդներին երգչուհին մաղթեց աշխատասիրություն. «Ունենք վառ, լուսավոր երիտասարդություն: Ամենակարևորն աշխատասիրությունն է: Եթե չաշխատես, ինչ տաղանդ էլ ունենաս, այն կարող ես կորցնել, կամ մնալ նույն տեղում: Կարծում եմ՝ ուսանողությանն ավելի մեծ հնարավորություն է պետք տալ իրենց դրսևորելու համար: Երբ կա բեմահարթակ, որտեղ կարող ես բարձրանալ և ասել ասելիքդ, այդ պարագայում դու խթան ունես աշխատելու: Սա այնպիսի մասնագիտություն է, որ, ի վերջո, պետք է բեմ բարձրանաս: Ուսանելու տարիներին մեր երիտասարդներին բեմելը պակասում է. գոնե երրորդ կուրսից նրանց պետք է բեմ բարձրանալու հնարավորություն տալ»:


Անուշ Արշակյանի կարծիքով՝ ամբիոնի դասախոսական կազմի համար մեր դժվարին ժամանակներում սկզբունքային, գրագետ ու նրբազգաց երաժիշտ կերտելը գրեթե հերոսություն է. «Խորին երախտագիտությունս եմ հայտնում նրանց, ովքեր մանկավարժի ծանր ու վեհ մարդասիրական առաքելությունն այդչա՛փ արժանապատվորեն են կատարում։ Խոնարհումս նրանց, ովքեր ամեն օր մենամարտում են համատարած գաղջի ու սեփական հուսահատության հետ, երբ թվում է՝ ամեն ինչ ապարդյուն է…Իմ փոքրիկ մանկավարժական փորձը թույլ է տալիս ասել. «ո՛չ, ապարդյուն չէ»։ Սոցիալական ցանցերի, մեր ուղեղը ռմբակոծող հարյուրավոր փառասեր ու ինքնահավան «ընկերների», ամեն բանի մասին հասանելի ինֆորմացիայի միլիոնավոր աղբյուրների դարում, որտեղ Մարդն ամեն բանի մասին ինֆորմացիա ունի, ամեն ինչ կարող է սովորել, միայն ամենակարևորը՝ իր Էությունն է իր համար գաղտնիք մնում։ Հուզական աշխարհի ժամհար՝ Երաժիշտ դառնալու համար այսօր հանդուգն «մեյնսթրիմից» դուրս մնալու կամք է հարկավոր։ Ինձ բախտ վիճակվեց ծանոթանալ հետագայում իմ ուսանողները դարձած հրաշալի անհատների հետ, որոնք բեմի ու փառքի մասին չէին երազում, այլ երաժշտական գիտելիք ստանալու։ Ու երբ սկսեցին սովորել, հասկացան, որ անվերջ ճանապարհ է, որովհետև տեսան, որ ուսումնասիրվող ու արտահայտվող օբյեկտը՝ մարդու Հոգին, անհուն է…Այս Խորհրդավոր գաղտնիքն ինձ համար ժամանակին բացահայտվեց իմ դասախոսների շնորհիվ։ Այն իմ ամենակարևոր ձեռքբերումն է և իմ «ալֆան» ու «օմեգան»։


Անուշ Արշակյանն ուսանողներին մաղթեց սթափ, առանց ծուղակ-պատրանքների ընթացք, արթուն միտք ու սիրտ: Իսկ իր դասախոսներին՝ Երվանդ Դավիդովիչի գլխավորությամբ, մաղթեց համբերություն, ներողամտություն, քաջ առողջություն ու իրական նվիրյալներին հատուկ, այնքան հարազատ, բարի աչքերի փայլ։
Երգչուհի Սոնա Շահգելդյանը հավաստիացրեց, որ ունեցել է հրաշալի դասախոսներ, նրանց շատ սիրում է. «Ուսանողական տարիների ընկերներիս հետ շփումը չի դադարել: Մեր կուրսից շատերն այսօր հայտնի երաժիշտներ են՝ Անի Քրիստի, Էմմա Ասատրյան, Սարո»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ տվեց ուսումը Կոնսերվատորիայում, Սոնա Շահգելդյանը պատասխանեց. «Մարդիկ կան՝ ասում են՝ ուսումը ոչինչ չի տալիս, դրան դեմ եմ: Ինձ շատ բան է տվել Կոներվատորիան՝ նոր ընկերներ, նոր ձեռքբերումներ, ինչն ինձ պետք է եղել, ես այդ տարիներին սովորել եմ: Կան դասախոսներ, ում հետ այժմ էլ շփվում եմ՝ Նարինե Զարիֆյան, ում հետ աշխատում եմ նոր երգերի վրա: Աշխատել եմ նաև Երվանդ Երզնկյանի, Մարտին Վարդազարյանի հետ»:


Սոնա Շահգելդյանը երիտասարդներին մաղթեց, որ ուսմանը կարևորություն տան և սովորեն այն, ինչ հետագայում իրենց պետք կլինի: Հաջորդ հորդորն էր չլքել երկիրը. «Ոչ մեկ թող երկրից չհեռանա, կուզենամ՝ այնքան լավ լինի այստեղ, որ բոլորը գան: Ուրիշ տեղերում էլ շատ դժվար է: Մեր երկիրն է, կուզենամ, որ երիտասարդներն այստեղ մնան և օգտակար լինեն երկրին: Ինքս էլ չեմ հեռանա, քանի որ սա իմ երկիրն է, ուզում եմ այստեղ գործել»:

Դիտվել է՝ 1083

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ