USD483.75
EUR568.65
RUB8.21
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

«Խաչատրյանը և ջազը» միջազգային չափանիշներին համապատասխան նախագիծ է և պետք է շրջի աշխարհով մեկ» (տեսանյութ)

«Խաչատրյանը և ջազը» միջազգային չափանիշներին համապատասխան նախագիծ է և պետք է շրջի աշխարհով մեկ» (տեսանյութ)
08.11.2017 | 13:26

Նոյեմբերի 7-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնում ջազային տրամադրություն էր. հնչեց «Խաչատրյանը և ջազը» նախագիծը։
Արդեն երրորդ անգամ Հայաստանի պետական երիտասարդական և Հայաստանի պետական ջազ նվագախմբերը համատեղ ներկայացնում են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները, որ կատարել են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Մարտին Ուլիխանյանն ու Անդրանիկ Բերբերյանը։ Որպես մենակատարներ հանդես եկան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր) և Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն)։ Համերգը ղեկավարում էին դիրիժորներ Սերգեյ Սմբատյանն ու Արմեն Հյուսնունցը։


Գաղափարի հեղինակ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում է, որ երբ տարիներ առաջ նոր-նոր սկսում էին նախագիծը, մտավախություն ունեին, թե ինչպես կընկալվի Խաչատրյանի և ջազի միաձուլումը։ Սակայն մեր լավագույն ջազ երաժիշտների հետ համագործակցությամբ գաղափարը կայացավ ու սիրվեց ունկնդրի կողմից։ «Վստահորեն ասում եմ, որ սա միջազգային չափանիշներով կարևորագույն նախագիծ է։ Խաչատրյանի երաժշտությունը շատ հանրահայտ ջազ երաժիշտների է ոգևորել, և մենք մեզ իրավունք վերապահեցինք նրա երաժշտությունը մատուցել ջազային ձևաչափով՝ միաժամանակ պահելով ակադեմիական ֆորմայի սկզբունքը»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։
Դիրիժոր Արմեն Հյուսնունցը նշում է, որ Խաչատրյանի երաժշտությունը ստեղծված է ազգային հիմքերի վրա, և այնտեղ, որտեղ կա ազգային հստակ հիմք, ջազային մտածելակերպն անելիք ունի։ Այնպես որ` գաղափարն ու ջազային մոտեցումն արդարացված են։
Դաշնակահար Վահագն Հայրապետյանը վստահ է, որ նախագիծն անպայման իր շարունակությունը պետք է ունենա, պետք է ներգրավվեն նոր ստեղծագործությունների ջազային մշակումներ, նաև այլ կազմերի, օրինակ ժողգործիքների ընդգրկմամբ, քանի որ դրանք են մեր երաժշտության համն ու հոտը։ Վահագն Հայրապետյանը նշում է նաև, որ Խաչատրյանը մեծ ներդրում է ունեցել հայկական, ոչ միայն, ջազի կայացման գործում, ու նախիծը ինչ-որ տեղ նաև ջազ երաժիշտների երախտիքի խոսքն է հայ մեծ կոմպոզիտորին։ Նա նաև համոզված է, որ այս նախագիծը Խաչատրյանը հաստատ կողջուներ։


Երաժիշտներն ընդգծեցին, որ այս պրոյեկտը պետք է ներկայացվի նաև արտասահմանում, և Հայաստանից դուրս նույնպես ունկնդիրները պետք է կարողանան հաղորդակցվել Խաչատրյանի գործերի ջազային մշակումների հետ։ Նրանք վստահ են, որ «Խաչատրյանը և ջազը» կունենա միջազգային ճանաչում։ «Ես կուզենամ, որ այս նախագիծը աշխարհով մեկ շրջի, որովհետև Արամ Խաչատրյանը միայն Հայաստանինը չէ, աշխարհինն է։ Սա շատ հզոր, շատ արդիական, նորարար պրոյեկտ է»,- ասաց Վահագն Հայրապետյանը։
Երեկոյի ընթացքում հնչեցին հատվածներ «Գայանե», «Սպարտակ» բալետներից, Խորհրդային Հայաստանի հիմնը, «Ձոն ցնծության» և այլ ստեղծագործություններ՝ ջազային գործիքավորմամբ։
«Խաչատրյանը և ջազը» համերգային ծրագրի տեսագրությունը կարող եք դիտել հետևյալ հղմամբ:

Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Դիտվել է՝ 841

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ