ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Պուտինն ու Թրամփը` հակառակ արդյունքի արվեստը

Պուտինն ու Թրամփը` հակառակ արդյունքի արվեստը
09.11.2017 | 10:38

Երբ որդիս փոքր էր, նրա համար կարդում էի Ստուպիդների ընտանիքի մասին գիրքը: Խոսքը լիակատար անշնորհքների ընտանիքի մասին էր: Նրանք հաջողացնում էին փչացնել անգամ ամենասովորական գործը, որ ձեռնարկում էին: Ես արդեն չեմ հիշում` նրանք ինչ տեսք ունեին, և ներեք ինձ, որ ներկայացնեմ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի տեսքով: Նրանք բոլոր չափորոշիչներով համապատասխանում են: Նախագահ Դոնալդ Թրամփին դիպուկ բնորոշում է տվել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որ ամռանը նրան անվանել է հիմար: Բնութագիրը ճշգրիտ է և կմտնի պատմության աննալները իբրև պետքարտուղար Թիլերսոնի կարևոր (թերևս` միակ) ձեռքբերումը: Դա արտառոց չէ, եթե հաշվի առնենք` ինչ ավերածություն արեց Թիլերսոնը պետդեպարտամենտում, նրա այդ արտահայտությունը իբրև + կհիշեն, որ հազիվ թե բացատրության կարիք ունի: Հիշենք վերջին երկու իրադարձությունները: Բացելով իր մեծ բերանը` Թրամփը գործնականում երաշխավորում էր, որ ԱՄՆ բանակի զինծառայող Բոուի Բերգդալը ցմահ ազատազրկման կամ մահապատժի չի դատապարտվի դասալքության համար, որ պահանջում էր ԱՄՆ նախագահը: Ռազմական դատավորը ստիպված էր հաշվի առնել միջամտությունը վերևից և Բերգդալին սպասվածից մեղմ պատիժ սահմանել: Նրան անարգանքով զորացրեցին, բայց բանտ չնստեց: Դա չի կարելի անվանել արդարացում, բայց և շատ հեռու է էլեկտրական աթոռից ու վերջին սիգարետից:

Հիշեք Թրամփի վճռական հայտարարությունը, որ կստիպի ՀԴԲ-ին հետաքննել Հիլարի Քլինթոնի գործունեությունը: Այդ ահեղ նախազգուշացումը չէր կարող հակառակ արդյունքը չունենալ: Նույնիսկ եթե հիմքեր կային կարծելու, որ Քլինթոնը հանցանք է գործել (որի ապացույցները չկան), ՀԴԲ-ն հնարավորն արեց, որ չհամարվի նախագահի լաքեյը: Եթե Թրամփն իրոք ուզում է քաղաքական ընդդիմախոսի դատական հետաքննության հասնել, նա ավելի շատ ընդհանրություն ունի Պուտինի հետ, քան ինքնահիացման իր հակումի: Բայց դաժան մրցակցության մեջ Պուտինը կարողացել է Թրամփից առաջ անցնել: Եթե մենք եզրակացություն անենք (իսկ մենք պարտավոր ենք), որ ռուսական միջամտությունը ԱՄՆ ընտրություններին Կրեմլի հրահանգով էր ու Թրամփին օգնելու նպատակ ուներ, ստիպված ենք եզրակացնել, որ բացարձակ հիմարություն էր: Մենք որևէ ապացույց չունենք, որ աշխատասեր ռուս հաքերները կարողացան իրոք ազդել ընտրությունների վրա, սակայն բազում ապացույցներ կան, որ վերջնահաշվում նրանք Թրամփին ոչ մի օգուտ չտվեցին: Այդ հաքերները հաջողեցրին Թրամփին մխրճել կեղտոտ ճահիճը, որտեղից նա երբեք չի կարող դուրս սողոսկել: Ռուսական միջամտությունը դարձավ բազմաթիվ հետաքննությունների պատճառ, որ վարում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը: Հետևանքը եղավ Պոլ Մանաֆորտին ու նրա վաղեմի բիզնես գործընկեր Ռիկ Գեյթսին մեղադրանք հարուցելը: Մյուլերը ձերբակալեց քչերին հայտնի արտաքին քաղաքականության փորձագետ Ջորջ Պապադոպուլոսին: Այդ մարդը բացահայտ համագործակցում է Մյուլերի հետ ու թեև նրան ներքին քաղաքականության մասին քիչ բան է հայտնի, ակնհայտորեն նա Թրամփի մասին ինչ-որ բան գիտի, որ պահանջում է հատուկ վերաբերմունք: Գուցե կլինեն և այլ մեղադրանքներ: Մյուլերի հետաքննությունը ի վերջո կարող է հանգեցնել Թրամփի պաշտոնանկությանը, և որտե՞ղ է Պուտինի խորիմաստությունը: Բայց նույնիսկ եթե այդպիսի բարերար ու կենարար արդյունք չի լինի, ընտրություններին Կրեմլի միջամտության պատճառով անհնար դարձավ հանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որ բավականին լուրջ են: Նրանք նշանակալից ուժեղացրին Ռուսաստանի տնտեսական դժվարությունները: (Ռուսաստանի տնտեսությունը, որ այսօր սկսել է աճել, 2015-ին կրճատվել է 3,7%): Որոշ օլիգարխների հաշվեհամարները առաջվա պես սառեցված են: Ռուսական ֆինանսական համակարգը մեծ բարդությունների մեջ է: Պուտինը կատաղած էր այդ պատժամիջոցներից, բայց նրա անշնորհք քայլերի պատճառով պատժամիջոցները հազիվ թե մերձավոր ու հեռավոր հեռանկարում վերանան: Բայց կա ավելին:

Թրամփն ու Պուտինը ինքնիշխան մարդիկ են, ունեն բռնապետական հակումներ, նրանց պաշտում են նրանք, որ տանել չեն կարողանում բանակցություններ ու խորհրդակցություններ: Պուտինը Թրամփից ուժեղ է, այդ պատճառով էլ Թրամփը նրանով հիացած է: Ռուսաստանի նախագահը խրվեց սիրիական պատերազմում, որտեղ հաղթողներ չեն լինելու: Այո, նա ստացավ Տարտուսի նվիրական նավահանգիստը, սակայն տնտեսության վրա վիթխարի բեռի հաշվին, որ էականորեն կախված է նավթի գնից: Շարքային ռուսաստանցին գուցե և հպարտանում է իր երկրի համառությամբ, բայց նրա կառավարության ստացած նավահանգիստը ինչ-որ տեղ` այնտեղ, նրան հազիվ թե անմահություն տա: Միջին վիճակագրական ռուսաստանցին ապրում է մինչև 70 տարի, իսկ միջին վիճակագրական ամերիկացին` 80: Ըստ վիճակագրության` 75-ամյա ռուսաստանցին հանգուցյալ ռուսաստանցին է: Թրամփն ու Պուտինը երկդեմ Յանուսն են նույն դեմքով: Նրանք քվեարկվել են նույն պլատֆորմով («Նորից մեծ դարձնել ԱՄՆ-ը / Ռուսաստանը»): Երկուսն էլ սիրում են դավադրությունների տեսությունները` Պուտինը, որովհետև ժամանակին աշխատում էր ՊԱԿ-ում, Թրամփը, որովհետև իրականությունը նրա համար չափազանց բարդ է: Երկուսն էլ դարձել են ոչ վաղ անցյալի պատանդը, որն արհամարհում ու ամոթալի են համարում: Նրանք շատ ընդհանրություններ ունեն` ինչպես այն ընտանիքը, որի մասին գիրքը ես կարդում էի որդուս մանկության օրերին:
Ռիչարդ ԿՈԵՆ, The Washington Post


Հ.Գ. Փաստացի` Դոնալդ Թրամփը մտնելով Սպիտակ տուն, հերթով փորձում է վերացնել Բարաք Օբամայի ընդունած օրենքներն ու որոշումները` Փարիզի Կլիմայի հարցերով համաձայնագիրը, Խաղաղօվկիանոսյան ազատ առևտրի գոտին, ապահովագրական համակարգը, Կուբայի հետ հարաբերությունների վերականգնումը, Իրանի միջուկային համաձայնագիրը և այլն, և այլն: Միակ հարցը, որտեղ Դոնալդ Թրամփը բացարձակապես համաձայն է Բարաք Օբամայի հետ, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն են, որոնք հանելու դեպքում ինքնաբերաբար հաստատելու է, որ Պուտինն իրեն «նախագահ դարձրեց», որ ինքն էլ հանի պատժամիջոցները: Թեպետ Թրամփը գուցե սրտանց ուզում է կարգավորել ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները, բայց տարբերակ չի գտնում, որ և գայլերը կուշտ լինեն, և ոչխարները` ողջ: Իսկ Պուտինը երբեք չի ընդունի, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է, առավել ևս, որ ինքն է այդ տեղում ու այդ բանն արել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1754

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ