Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իրարանցում Սաուդյան Արաբիայում` ի՞նչ է անում թագաժառանգը

Իրարանցում Սաուդյան Արաբիայում` ի՞նչ է անում թագաժառանգը
09.11.2017 | 10:41

Սաուդյան Արաբիայում խառնաշփոթ է: Գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը ճաղերի հետևում է նստեցրել 11 արքայազնի, բազում ներկա ու գործող նախարարների: Պաշտոնապես` նրանց ձերբակալել է Սաուդյան Արաբիայի կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը` իր գործունեությունը սկսելուց մի քանի ժամ անց: Հանձնաժողովը, որ ձերբակալության հրաման տալու և երկրից դուրս գալն արգելելու իրավունք ունի, գլխավորում է Մուհամեդ բին Սալմանը, որ կես տարի առաջ է նշանակվել գահաժառանգ և վերլուծաբանների կարծիքով` թագավորության ամենաազդեցիկ մարդն է: Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը շուտով կդառնա 83 տարեկան, նա ինսուլտ է տարել, ողնաշարի բարդ վիրահատություն, ոմանք նույնիսկ ասում են, որ թագավորն Ալցհեյմերի հիվանդություն ունի: Բոլոր դեպքերում` Սալմանն արեց այն, ինչ ժամանակին սպասում էին նրա նախորդից` հանգուցյալ Աբդալա արքայից` ժառանգորդ նշանակեց ոչ թե իր սերնդից, այլ երիտասարդի:


Մուհամեդ բին Սալմանը քաղաքականություն մտավ 2009-ին` դառնալով հոր` այն ժամանակ դեռ գահաժառանգ արքայազն Սալմանի հատուկ խորհրդականը: 2015-ին Աբդալա թագավորի մահից հետո Մուհամեդը դարձավ պաշտպանության նախարար (ամենաերիտասարդն աշխարհում` այդ պահին) և արքայական դատարանի գլխավոր քարտուղար: Համաշխարհային մամուլի էջերում արքայազնի անունը նորից հայտնվեց մեկ տարի անց, երբ նա իբրև տնտեսության ու զարգացման խորհրդի նախագահ` ներկայացրեց «Տեսլական 2030» ծրագիրը: Բարեփոխումների ծրագիրը նախատեսում է էներգետիկ ճյուղի, առողջապահության, կրթության, ռազմական արդյունաբերության մի մասի, պետական չօգտագործվող հողերի սեփականաշնորհում: Ենթադրվում է սաուդյան տնտեսության հիմքը` նավթարդյունահանող ARAMCO ընկերությունը, դարձնել բաժնետիրական և զարգացնել նավթարդյունահանման հետ չկապված մյուս ճյուղերը` վերամշակող արտադրություն և լեռնարդյունաբերություն, բանկեր, զբոսաշրջություն: Արքայազնի գնահատականով` 2020-ին նավթի հետ չկապված ոլորտներից բյուջեի եկամուտները կարող են կազմել 100 միլիարդ դոլար: Կառավարության նիստում, երբ Մուհամեդ բին Սալմանը ներկայացնում էր «Տեսլական 2030« ծրագիրը, նա խոսում էր «ազգային շրջադարձ» սկսելու, «օրհնյալ հայրենիքի վերափոխման», «բյուրոկրատիայի ու կոռուպցիայի» վերացման մասին: Տարիուկես անց արքայազնը գլխավորեց հակակոռուպցիոն հանձնաժողովը:


Անցյալ շաբաթ օրը Սալման թագավորն առանց պատճառները բացատրելու` պաշտոնանկեց Ազգային գվարդիայի ղեկավար արքայազն Մութայիբ բին Աբդուլային և ռազմածովային ուժերի ծովակալ Աբդուլա բին Սուլթանին: Հաջորդ օրը ձերբակալվեցին «կոռուպցիոներները»: Պաշտոնական տվյալներ չկան, թե ով է ձերբակալվել և ինչ մեղադրանքներ են ներկայացվել: Սակայն սաուդյան «Ալ Արաբիա» հեռուստաալիքի տվյալներով` կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը վերսկսել է 2009-ին Ջիդայի ջրհեղեղի և 2012-ին մերձավորարևելյան Mers շնչառական սինդրոմի բռնկման հետաքննությունը: Այլ աղբյուրներ վկայում են, որ ձերբակալվածների թվում են ֆինանսների նախկին նախարար և ARAMCO ընկերության տնօրենների խորհրդի անդամ Իբրահիմ ալ Ասաֆան և արքայազն Տուրկի բին Աբդալան: Վերլուծաբանների առավել մեծ զարմանքը հարուցեց արքայազն Ալ Վալիդ բին Թալալի` աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի և Kingdom Holding-ի տնօրենի ձերբակալությունը: Նրան պատկանող ընկերությունը ներդրումներ է անում Twitter-ում, Apple-ում, Citigroup բանկային խմբում, Four Seasons հյուրանոցային համալիրներում: Նա հայտնի դարձավ նաև իր ձեռնարկություններում կանանց աշխատանքի ընդունելով (կանայք նրա աշխատողների երկու երրորդն են): Նա հայտնի է և արտառոց ու շատ թանկարժեք սովորույթներով: Եթե Forbes-ը ճիշտ է նրա կարողությունը 17 միլիարդ դոլար գնահատել, նա կարող է իրեն շքեղություններ թույլ տալ:


BBC-ի արաբական ծառայության խմբագիր Էդգար Ջելադը նշում է, որ ձերբակալվածների մեծ մասը արքայական ընտանիքից է` հանգուցյալ թագավոր Աբդալայի զարմից: Դա ճշգրիտ տվյալ չէ, վերլուծաբանները ստիպված են բավարարվել անհայտ աղբյուրների արտահոսքով: Սակայն եթե այդպես է, վկայում է կլանային պայքարի նոր ալիք: Աբդալա թագավորի օրոք ձևավորվել էր ներկլանային
«դեմոկրատիա», գոյություն ուներ «կենտրոնական կոմիտե», որ ներկայացնում էր թագավորական ընտանիքի տարբեր խմբակցություններ: Աբդալան անհրաժեշտ էր համարում այդ կոմիտեի մեծամասնությանը համոզել այս կամ այն որոշման անհրաժեշտության մեջ և պատրաստ էր փոխզիջումների` համաձայնության բերելու «սաուդյան քաղբյուրոյի» անդամներին: «Այլևս այդպես չի լինելու: Միանգամայն պարզ է, որ փորձ է արվում անձնական իշխանություն հաստատել,- կարծում է արաբագետ Անդրեյ Օստալսկին:- Նա բացահայտորեն պատրաստվում է պահին, երբ թագավոր է դառնալու»: Արքայազն Մուհամեդ բին Նաիֆը` աբդուլայականների ոչպաշտոնական գլուխը, մինչև այս ամառ առաջինն էր գահաժառանգների ցանկում: Սակայն հունիսի 21-ին գահաժառանգ դարձավ Մուհամեդ բին Սալմանը: Մուհամեդ բին Նաիֆը զրկվեց նաև ներքին գործերի նախարարի պաշտոնից: Բոլոր ձերբակալություններն ու վերադասավորումները վկայում են, որ սաուդյան թագավորությունում լուրջ փոփոխություններ են կատարվում: Հարց է, թե որքանով կհաջողվեն:


Մուհամեդ բին Սալմանը վայելում է երիտասարդների համակրանքը: Նա հիմնել է իր անվան հիմնադրամ` կարիքավոր երիտասարդներին օգնելու համար: Արքայազնը վերջերս լրագրողներին ասաց, որ Սաուդյան Արաբիայի բնակչության 70 %-ը փոքր է 30 տարեկանից և այդ մարդիկ ցանկանում են «կյանք, որտեղ մեր կրոնը տոլերանտության հոմանիշ է»: Մուհամեդը խոստացավ կարճ ժամանակում արմատից վերացնել կրոնական էքստրեմիզմի մնացորդները: «Մենք վերադառնում ենք նրան, ինչ եղել ենք առաջ` չափավոր իսլամի երկիր, բաց բոլոր կրոնների, ավանդույթների ու ամբողջ աշխարհի մարդկանց համար»` ասաց նա ներդրողների հետ հանդիպմանը հոկտեմբերի վերջին: Իբրև Պետական ներդրումային հիմնադրամի ղեկավար` Մուհամեդ բին Սալմանը հոկտեմբերի վերջին պաշտոնապես հայտարարեց NEOM նախագծի մասին` ինքնատիպ փոքրիկ «գլոբալ գյուղի» 25 000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա, որտեղ ապրելու ու աշխատելու են ամենատարբեր ոլորտների հազարավոր մասնագետներ: Սաուդյան թագավորությունը և արտասահմանյան ներդրողները պատրաստվում են նախագծում ներդնել կեստրիլիոն դոլար, որ համարյա թագավորության 2016-ի ՀՆԱ-ի չափ է: Սակայն արքայազն Մուհամեդը հայտնի է նաև նրանով, որ իր անմիջական մասնակցությամբ Սաուդյան Արաբիան մտավ Եմենի պատերազմի մեջ, որի վերջը չի երևում: Փաստացի լինելով թագավորության երկրորդ դեմքը` արքայազնը չկարողացավ բավականաչափ հզոր կոալիցիա հավաքել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին գահընկեց անելու համար: Կատարի հետ հարաբերությունների կտրուկ սրումը նաև նրա անմիջական մասնակցությամբ է եղել: ARAMCO-ի մասնակի մասնավորեցման վիթխարի նախագիծը ևս դոփում է տեղում: Արքայազն Մուհամեդը ենթադրում է, որ ընկերությունը կգնահատվի 2 տրիլիոն դոլար, թեպետ բորսայական վերլուծաբանները հակված են մեկ տրիլիոնից մինչև մեկուկես միջակայքին: Ճշգրիտ հայտնի չէ, որովհետև նախնական տեղակայումը տարբեր պատճառներով հետաձգվում է: Անձամբ արքայազնին ոչ ոք չի մեղադրում, սակայն հետագա հետաձգումները կամ մասնավորեցումից հրաժարումը հեղինակության կորստի է վերաճելու:


Մուհամեդ բին Սալմանի գահ բարձրանալուն երկրում սպասում են: Սեպտեմբերին արաբական սոցիալական ցանցերով սրընթաց լուրեր տարածվեցին, որ դա լինելու է 23-ին` թագավորության միավորման օրը: Անդրեյ Օստալսկին ասում է, որ Մուհամեդ բին Սալմանին աջակցության ճշգրիտ տվյալներ չկան: Երկրում սոցիոլոգիական հարցումներ չեն արվում և նրա հանրաճանաչության մասշտաբները դժվար է պարզել: Internetlivestats.com.-ի տվյալներով` թագավորության 20 միլիոն բնակիչներ օգտվում են ինտերնետից (28 միլիոն բնակչության մեկ երրորդը ժամանակավոր աշխատողներ են): Twitter-ի օգտատերեր են 2,5 միլիոնը: Եթե նրանք բոլորը, մեկ մարդու պես, սրտի տրոփով սպասում են Մուհամեդ բին Սալմանի գահ բարձրանալուն, համաժողովրդական աջակցության մասին դժվար է խոսել: Մյուս կողմից` սաուդյան հասարակությունը պահպանողական է: Բնակչության մեծ մասը կտրուկ փոփոխությունների պատրաստ չէ: Նույնիսկ թագավոր Սալմանի որոշ զգուշավոր բարեփոխումներ, օրինակ, կանանց մեքենա վարելու իրավունք տալը, դժգոհություն ու բողոքներ առաջացրեցին: «Մուհամեդ բին Սալմանը իրեն ներկայացնում է հանդուգն բարեփոխիչ, դա նրա պլատֆորմն է, որի վրա հույս ունի առաջին հերթին երիտասարդության համակրանքը շահել,- ասում է Անդրեյ Օստալսկին:- Բայց նրա երիտասարդությունը, անփորձությունը ու շտապողականությունը ամեն ինչում դրսևորվում են»: Իսկ դա հաստատ դուր չի գալիս թագավորության պահպանողական էլիտաներին: Նախորդ գահաժառանգ արքայազնը` Մուհամեդ բին Նաիֆը, Մուհամեդ բին Սալմանից մեծ է 25 տարի, համարվում է ապստամբների դեմ պայքարի կառավարական ծրագրի հեղինակ ու բավականաչափ հաջող (և նվազ կոռումպացված) ներքին գործերի նախարար: Բանակում ու անվտանգության ծառայությունում 32-ամյա Մուհամեդ բին Սալմանին համարում են անպատասխանատու դուրսպրծուկ, իսկ նրա հայտարարությունները Սաուդյան Արաբիան չափավոր իսլամի պետության վերածելու մասին բոլորովին էլ վահաբիտական հոգևորականության սրտով չէ: Վերլուծաբանները կարծում են, որ հենց պահպանողականների դժգոհությունն է մղել գահաժառանգ արքայազնին կանխարգելիչ հարված հասցնել և քաղաքական ասպարեզից հեռացնել իր վտանգավոր հակառակորդներին: Հաղթանակ տոնել, սակայն, դեռ վաղ է:
Սաուդյան թագավորությունում արդեն եղել են ապստամբություններ և Անդրեյ Օստալսկին կարծում է, որ գահաժառանգ արքայազն Մուհամեդը լրջորեն պետք է զգուշանա: «Ես կարծում եմ` դա իրադարձությունների առավել հավանական զարգացումն է,- ասում է նա:- Հիմա ամեն ինչ կախված է` որքանով է «արաբական Ստալինը» տիրապետում համակարգային ինտրիգներին, որքան կարող է մեկ խմբակցությանը մյուսի դեմ լարել»: Վերլուծաբանների կարծիքով` շատ հավանական է սցենարը, որ արքայազնին կհեռացնեն բանակային կամ կրոնական շրջանակները: Անակնկալ հարվածը Մուհամեդ բին Սալմանին մարտավարական առավելություն տվեց, սակայն իշխանության համար ճակատամարտի ելքը թագավորությունում բնավ կանխորոշված չէ:
Միխայիլ ՍՄՈՏՐՅԱԵՎ, BBC


Հ.Գ. Փաստացի նոյեմբերի 5-ին սկսված հակակոռուպցիոն արշավն իրականում քաղաքական է` նպատակը թագաժառանգ Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի դիրքերի ամրապնդումն է և հնարավոր մրցակիցների չեզոքացումը: Հետաքրքիր է, որ արքայազնների, նախկին ու ներկա նախարարների ձերբակալությունը զուգադիպեց Լիբանանի վարչապետ Սայադ Հարիրիի հրաժարականին` նա պաշտոնական այցով Էր Ռիադում էր և այնտեղից էլ հրաժարական տվեց: Սաուդյան Արաբիայի թագաժառանգը փորձում է փոխել կառավարման սկզբունքները: Կոռուպցիայի դեմ պայքաը նրա վարկանիշը կբարձրացնի: Թագաժառանգը փորձում է բոլոր ոլորտներում գործել համաժամանակյա: Հանդգնությունը հաջողության կեսն է: Ընտանիքի ներսում տարաձայնությունները վաղ թե ուշ կհարթվեն, եթե փոփոխությունները հաջողություն բերեն, իսկ եթե ոչ արքայազնները շատ շատ են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1735

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ