Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պլան Բ

Պլան Բ
09.11.2017 | 20:07

Հետայսու «Արևելք-Արևմուտք» բևեռացումը նոր փուլ է մտնում: Երբ Արևմուտքը կորցնում է իր հեգեմոնիկ գերազանցությունը, Թուրքիան ձևացնելու՞ է, որ ոչինչ չի կատարվում: Արևմուտքի անհանգստության հատուկ աղբյուր է թուրք-ռուս-իրանական միությունը: Կորցնելով վերահսկողությունը Թուրքիայի նկատմամբ, Արևմուտքը տարակուսում ու զայրանում է: Ռուս փիլիսոփա Ալեքսանդր Դուգինն ասում է, որ Թուրքիան պետք է ունենա պլան Բ, քանի որ ԱՄՆ-ն ավելի ու ավելի է շրջապատում Թուրքիային: Որքանո՞վ է կանխատեսումը ճիշտ: Թուրքիային ակնհայտորեն բոլոր կողմերից շրջապատում են:

Արևմտյան համակարգը, որ երկար տարիներ Թուրքիային պահում էր իր գծի վրա կախյալության հարաբերություններում գործող երկրի կարգավիճակում, այսօր չի կարողանում հաշտվել, որ Թուրքիան հեռանում է այդ գծից ու գործում է իբրև անկախ երկիր: Ավելին, դա միակ պատճառը չէ: ԱՄՆ մերձավորարևելյան նոր քաղաքականությունը` Մերձավոր Արևելքի կորուստի սպառնալիքի տակ մշակված, ավելի ու ավելի շատ է հակասում Թուրքիայի նոր քաղաքականությանը: Առաջին ճեղքը գոյացավ Իրաքի օկուպացիայի ժամանակ, որ նպատակ ուներ տարածաշրջանային պետությունները վերածել տրոհված կառույցների և անարգել վերահսկողություն սահմանել նրանց նկատմամբ: Հիմա այդ կոնֆլիկտը տարածվում է ամբողջ տարածաշրջանի վրա, ներառյալ Եգիպտոսը, Թունիսը, Սիրիան, Լիբիան, Եմենը, Աֆղանստանը: ԱՄՆ-ի համագործակցությունը Քրդստանի աշխատավորական կուսակցության/ Դեմոկրատական միություն կուսակցության հետ և գործընկերությունը Թուրքիայի նկատմամբ թշնամաբար տրամադրված ահաբեկչական կազմակերպությունների հետ ցույց է տալիս, որ դա արդեն անփոփոխ մարտավարություն է: Այսօր կատարվող իրադարձությունները դժվար է պատճառներից կտրված վերլուծել, որոնցից ելնելով Արևմուտքը 100 տարի առաջ ձգտում էր գաղութային քաղաքականության միջոցով ստեղծել այս տարածաշրջանում «արհեստական պետություն-ազգեր», անհանգստացած էր ազգային շինարարության գործընթացներում ծագող ժողովրդավարության տրամադրություններով ու պահանջներով: «Պետություն-ազգ» մոդելով Օսմանյան կայսրությունը բաժանելիս արևմտյան գաղութատիրությունը նպատակ ուներ ստեղծել հեգեմոնիստական կարգ, որը երաշխավորում է տարածաշրջանի հարստությունների շահագործումը յուրաքանչյուր երկրում իրեն ենթարկվող կառավարիչների` արքաների, էմիրների, շեյխերի միջոցով: Այդքան էլ երկար ժամանակ չի անցել և «ազգաշինությունն» այդ երկրներում առաջ է բերել ժողովրդավարության պահանջ այդ հասարակություններում, իսկ երբ «գարնանային հեղափոխությունները» սկսեցին ցնցել հետգաղութատիրական վարչական կառույցները, Արևմուտքի քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ եղան:


Խզումը Թուրքիայի` մուսուլմանական երկրի, որ լուրջ քայլեր է արել մոդեռնացման ճանապարհով և իր ժողովրդավարական բարեփոխումներով ու տնտեսական զարգացումով օրինակ դարձել, արևմտյան համակարգի հետ կառուցված նախկին «կախյալության հարաբերությունների», նույնպես ժողովրդավարացման գործընթացի արդունք է: Այդ իրավիճակը անհրաժեշտ է դարձրել խորքային պատճառների վերացումը, որ արևմտյան կառույցները հաստատել են Թուրքիայի ժողովրդավարացմանը դեմ կառույցների հետ: Արևմուտքի տագնապներն ու անհանգստությունը արդյունք են իր առանցքից Թուրքիայի մեկուսացած քաղաքականության, որ պաշտպանում է տարածաշրջանային պետությունների ազգային ամբողջականությունը: Թուրքիայի այդ քաղաքականության և Արևմուտքի մարտավարական նախապատվությունների տարբերությունները պատահական չեն և վկայում են որոշակի «պատմական տրանսֆորմացիա»` հետայսու Մերձավոր Արևելքը էթնիկ/կրոնական հիմքով լոսկուտային կառույցների բաժանելու արևմտյան նախագիծը չի համաձայնեցվում Թուրքիայի շահերին և Թուրքիան բախվում է նոր իրավիճակի: Գուցե Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունը մի շրջանում, երբ Արևմուտքը կորցնում է իր հեգեմոնիկ գերազանցությունը, այսօր սահմանափակվում է Մերձավոր Արևելքի երկրների շահերով: Այնուհանդերձ դա «նոր պատմության սկիզբ է»: Զարգացման ալիքի ձայները, որ տարածվում են Իրանից Թուրքեստան ու ամբողջ Ասիայով մինչև Չինաստան ու Հեռավոր Արևելք, ամեն օր ավելի բարձր են լսվում: Հնարավո՞ր է պատկերացնել, որ Թուրքիան չունի պլան Բ:
Վեդատ ԲԻԼԳԻՆ, Akşam, Թուրքիա


Հ.Գ. Իրոք, անհնար է պատկերացնել, որ Թուրքիան չունի պլան Բ, բայց Թուրքիայի Ա, Բ, Գ և նույնիսկ Դ, Ե, Զ պլանները նույնն են` ներքին ու արտաքին քաղաքականության զիգզագները պատճառաբանել արտաքին գործոններով: Իրականում Արևմուտքը չի կորցնում իր հեգեմոնիկ գերազանցությունը, որովհետև այդ գերազանցության հիմքը տնտեսական հարաբերություններն են, որոնցից Թուրքիան հրաժարվել չի կարող, եթե չի ուզում փլուզել տնտեսությունը: Իրադարձային միությունների, ինչպես թուրք-ռուս-իրանականը կամ ռուս-իրանա-ադրբեջանականը, կոնկրետ խնդիրներ լուծելու համար են և երկար կյանք չեն ունենալու: Թուրքիան միայն ձևացնում է, որ Արևմուտքը կորցնում է վերահսկողությունը, որովհետև քաղաքականապես դա է շահավետ: Ի վերջո, արևմտյան կախյալությունը, որից թուրքերն այսօր բողոքում են, նրանց տնտեսություն զարգացնելու հնարավորություն է տվել: Եվ հազիվ թե Թուրքիան դառնում է անկախ երկիր, երբ վերածվում է բռնապետության: Անկարան չի կարողանում ԱՄՆ-ին պարտադրել քրդերի հետ իր ցանկացած հարաբերությունները` ահա և ամբողջ «անկախության պատությունը»: Ի վերջո` Անկարան բոլորովին դեմ չէ և փորձում էր Օսմանյան կայսրության տարածքների վերականգնմանը Սիրիայի ու Իրաքի հաշվին, բայց չստացվեց և մնում է քննադատել Արևմուտքին: Իսկ բռնապետությունը ներկայացնել իբրև ժողովրդավարական զարգացումների ընթացք` արդեն ցինիզմ է: Բայց Թուրքիայում ցինիզմը սովորական քաղաքականություն է: Անկարայում չեն ներում, որ Արևմուտքը այլևս Թուրքիայի «պատմական տրանսֆորմացիային» համարժեք պատասխան է տալիս: ՈՒստի Ա, Բ, Գ և մյուս պլանները հեռանկարում հանգում են նույն կետին` Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո Անկարան Արևմուտքի հետ հարաբերությունները կկարգավորի նույնքան սրընթաց, որքան փչացնում է և դա վերստին կկոչվի ոչ թե կախյալություն, այլ համագործակցություն: Փոխշահավետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1902

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ