Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ո՞վ է կանգնած բողոքող ուսանողների հետևում

Ո՞վ է կանգնած բողոքող ուսանողների հետևում
10.11.2017 | 09:48

Տրամաբանող որևէ մեկը կասկած չունի, որ ուսանողների բողոքի ցույցերն ու տարկետումը որևէ կապ չունեն միմյանց հետ: Տարկետման հնարավորություն ունեցող չորս հարյուր ուսանողի համար համայն հայոց ուսանողները դուրս կգա՞ն «կենաց-մահու» պայքարի... բանակի դեմ: Երբե՛ք: Տարկետումը պարզապես հարմար «փաթեթավորում» է ցույցի հետևում կանգնածների համար՝ իրենց բուն քաղաքական նպատակներն իրականացնելու ճանապարհին, ինչը նորմալ է: Բայց և, այստեղ կարգելակվեն իրական մոդերատորների ծրագրերը, եթե նրանք շատ արագ չանցնեն պլան «բ»-ի` «գլոբալ» քաղաքական ծրագրերի իրականացմանը: ՈՒ քանի որ ցույցերը չունեն անհրաժեշտ էներգետիկան և մասսան, շատ ավելի հավանական է, որ, ինչպես նախորդ նման կարգի «պայքարները», այս մեկը ևս հանգչի օրորոցում:


Եվ չնայած այն հանգամանքին, որ խաղը հասկացող, ծանրակշիռ փորձագետները մասնավոր զրույցներում միանշանակ պնդում են` ցույցերը բացառապես ներքաղաքական նպատակ են հետապնդում, այն է` ամեն գնով վարկաբեկել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, մեր կարծիքով` կա նաև գեոքաղաքական ծիր, եթե ոչ ռուսաստանյան վերնախավից, թող լինի ռուսաստանյան միջին չինովնիկական շարքերից. չմոռանանք` ռուսական այդ «շարքերում» են նաև շահագրգիռ հայ պաշտոնյաներ, գեներալներ, որոնք, միանալով այստեղի «պաշտոնյա-գեներալներին», բավականին լուրջ «կաստա» են դառնում, ընդ որում` լուրջ փողեր ունեցող:


Հարցնում եք` ինչու՞ «վարկաբեկել» Վիգեն Սարգսյանին: Շատ պարզ: Նախ` քանի դեռ Սերժ Սարգսյանը չի հայտարարել, թե ով է լինելու ապագա վարչապետը, Վիգեն Սարգսյանը համարվում է վարչապետի «անցումային» թեկնածու, որից էլ Սերժ Սարգսյանը կստանձնի վարչապետական «տրոնը»: Բայց և պետք է պաուզան ձգել և, գործընթացներից առաջ չընկնելով, ասել` հասկանալի է, որ 2018-ին վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը, իսկ ներհայաստանյան բոլոր «շահագրգիռներն» այսօր պայքարում են նաև ապագայի` Սերժ Սարգսյանի հեռացումից «հետո» իշխանությունն իրենցով անելու համար:


Հասկանալի է, չէ՞, որ Վիգեն Սարգսյանն է այն իրավահաջորդը, որին պատրաստում է Սերժ Սարգսյանը` ապագայում («իքս» թվին) իշխանությունը հանձնելու համար: Ի դեպ, մի շատ կարևոր դետալի մասին, չգիտես ինչու, չենք խոսում. Վիգեն Սարգսյանը եզակի է նաև մեկ այլ առումով. նա, որքան էլ պարադոքսալ թվա, այն երեքի մեջ է, ովքեր գիտեն ղարաբաղյան խնդրի բանակցային «նրբությունները». չմոռանանք, տևական ժամանակ (թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի օրոք) նա ներկա է եղել այդ բանակցություններին: Իսկ այդ նրբություններին Հայաստանում «տիրապետում» են ընդամենը երկու մարդ` Սերժ Սարգսյան, Էդվարդ Նալբանդյան: Եվ սա Վիգեն Սարգսյանի իրավահաջորդ լինելու ամենառացիոնալ բացատրություններից մեկն է նաև, ի տարբերություն ուսանողների թիկունքում նրա դեմ պայքարի ելած իշխանական թևերի: Ի դեպ, տողամիջում արձանագրենք, որ այս խաղում բացակայում է Հովիկ Աբրահամյանը: Սա` ի միջի այլոց: Սա` քաղաքական մասով:
Հաջորդ խումբը, որը պայքարում է ուսանողների հետ` «փարդի քամակում», բանկային կորպուսի «թոշակառուներն» ու ոչ թոշակառուներն են: Բանն այն է, որ Վիգեն Սարգսյանն այսօր շատ լուրջ հայտ է ներկայացնում ոչ միայն որպես վարչապետ, որպես ապագա իրավահաջորդ, այլև, ինչը շատ ավելի լուրջ է, որպես տեսակաբանության փոփոխության ջատագով: Նա սերունդ, փիլիսոփայություն է փոխում բանակում: Եվ դա միայն «Պատիվ ունեմն» ու «Ես եմ»-ը չեն:


Այսպիսով, Սեյրան Օհանյանով հայկական բանակում գծվեց գիծը` դաշտային հրամանատարների և պրոֆեսիոնալների միջև. Օհանյանը, անկախ այսօրվա իր «աբիժնիկ» վիճակից, պրոֆեսիոնալ էր, ճիշտ է, այդ անցումը շատ երկար ու ցավոտ ստացվեց, սակայն տեղի ունեցավ:

Վիգեն Սարգսյանով «կոտլետներն» ու «ճանճերն» են առանձնացվում միմյանցից, ասել է` բանակին նոր` ժամանակակից բովանդակություն է «հագցվում»` «քյարթու» մտածողության ջարդման, գլոբալ, նեղացող-նանո աշխարհի հանգույն, ուր նաև կոռուպցիան է պակաս լինելու: Բնական այդ պրոցեսը «մաղի» էֆեկտով մաղելու է մտածողության հին` մասամբ ռուսա-չեկիստա-լենինյան մտածողությունը: Իսկ բանակի հին, մտածել չսիրող, քարացած, հրամաններ կատարող, բայց դրանք չհասկացող, էլ չենք ասում` չբավարարված, «աբիժնիկ» մասսան անպայմանորեն ընդվզելու էր դրա դեմ:
Իսկ ուսանողները, «Ելքը», «Ծռերը», մնացյալք... հա, «դոկտոր Ռուզիկն» էլ այս մեծ խաղում փոքրիկ դերակատարներ են, որքան էլ ցավալի է:
Իսկ ու՞ր մնաց տարկետումը:
Չգիտեմ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2925

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ