Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Քաղաքականությունը խաղ է, որ թույլ չի տալիս իր հետ խաղալ

Քաղաքականությունը խաղ է, որ թույլ չի տալիս իր հետ խաղալ
10.11.2017 | 09:54

Կյանքի խորամանկությունն է` երիտասարդ մեռնել, բայց որքան հնարավոր է ուշ: Դա ավելի կարևոր է, քան աշխարհի ամբողջ քաղաքականությունը, որ խաղում է մարդկանց կյանքի ու մահվան հետ` բարի նկատառումներով: Բարության մասին խոսելով բարի չեն դառնում, ինչպես խաղաղություն չի հաստատվում խաղաղությունը փառաբանելիս: Խոսքն ու խոստումը մեկ չափանիշ ունեն` գործը: Սկզբունքորեն` քաղաքականությունն էլ գործ է: Միակ գործը, որ ոչ մի տեղ չեն սովորեցնում: ՈՒսումնասիրեք տարբեր երկրների նախագահների ու վարչապետների կենսագրությունները ու կհամոզվեք:


Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության 5-րդ համաժողովն է։ Արևելյան գործընկերությունը ԵՄ նախագիծն է, որի նպատակն է ինտեգրային կապեր հաստատել նախկին ԽՍՀՄ 6 երկրների հետ` ՈՒկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի: Նախագծի գաղափարը Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկունն էր, Շվեդիայի աջակցությամբ: Արևելյան գործընկերության ստեղծումը քննարկվեց Եվրոպայի խորհրդում 2008-ի հունիսի 19-20-ին: Ընդլայնումից հետո ԵՄ-ն ուզում էր վստահ լինել, որ իր սահմանից անդին խաղաղություն ու կայունություն է լինելու: Համագործակցության գերակայություններն էին. ժողովրդավարությունը` կառավարման համակարգի կատարելագործումը և կայունության ապահովումը, տնտեսական ինտեգրումն ու ԵՄ-ի ճյուղային տնտեսական քաղաքականության հետ համադրումը` ներառյալ ազատ առևտրի գոտիների ստեղծումն ու էներգետիկ անվտանգությունը, շփումների զարգացումը (վիզային ռեժիմի ազատականացում):


2009-ի մայիսի 7-ին հրավիրվեց Պրահայի համաժողովը, որն ընդունեց Արևելյան գործընկերության հռչակագիրը: Գլխավոր նպատակն էր «անհրաժեշտ պայմանների ստեղծումը ԵՄ-ի շահագրգռված գործընկեր երկրների քաղաքական ու տնտեսական ինտեգրման արագացման համար»: Պրահայի հռչակագիրն ընդգծում էր, որ Արևելյան գործընկերությունը ղեկավարվելու է կոնդիցիոնալության սկզբունքով` առաջ գնալ միայն ծրագրի մասնակիցների ԵՄ պահանջները կատարելուց հետո:
2010-ի մայիսին հրավիրվեց Վարշավայի համաժողովը, որի ժամանակ Արևելյան հարևանության շրջանակներում առաջարկվեց ստեղծել բարեկամների խումբ, և հրավիրվեց Ռուսաստանը: Երրորդ համաժողովը Վիլնյուսում էր, 2013-ի նոյեմբերի 28-29-ին: Ծրագրվում էր ասոցացման համաձայնագրեր ստորագրել ՈՒկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի հետ: Վրաստանն ու Մոլդովան ստորագրեցին, Հայաստանն ու ՈՒկրաինան` ոչ: Ինչու՞ չստացվեցին Մոսկվայի ու Բրյուսելի հարաբերությունները: Ռուսաստանը համոզված էր, որ Արևելյան հարևանության ծրագիրը մարտահրավեր է իր շահերին: Քանի որ ծրագիրը լեհական նախաձեռնություն է, ունի հակառուսական աշխարհաքաղաքական ամբիցիաներ: Նախաձեռնության գերակա ուղղություն է էներգետիկ համագործակցությունը` Եվրոպայի էներգաապահովման այլընտրանքի ստեղծումը: Վտանգ է համարվում Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության թուլացումը Արևելյան Եվրոպայում և հետխորհրդային ամբողջ տարածքում: Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը բարձրաձայնեց ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը. «Մենք դեմ ենք, որ ԱՊՀ երկրները արհեստական երկընտրանքի առաջ դրվեն` կամ ԵՄ-ի հետ առաջ դեպի լուսավոր ապագա, կամ նահանջ` Ռուսաստանի հետ»: 4 տարում Մոսկվայի դիրքորոշումը չի փոխել: 2016-ին Ռիգայի համաժողովը ամրագրեց վերջին մի քանի տարիների տրենդը` ինչպես Եվրոպայում, որի ղեկավարներն առաջարկում են ԵՄ-ի փրկության համար երկու արագությամբ կամ բազմաթիվ արագություններով զարգացում, այնպես էլ Արևելյան գործընկերության նախագծում ձևավորվել են 6 երկրների եվրաինտեգրման տարբեր դինամիկաներ: Մոլդովան ու Վրաստանը Վիլնյուսի համաժողովից հայտնվեցին ավանգարդում: Նրանք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրով ոչ միայն մտան ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտի, այլև ստացան Շենգենի գոտի առանց վիզայի մուտք գործելու իրավունք։ 2013-ին ասոցացման համաձայնագիրը չստորագրելն ՈՒկրաինայում հանգեցրեց Մայդանի հեղափոխության և իշխանափոխության: Համաձայնագիրը ստորագրեց նոր կառավարությունը:

Ազատ առևտրի գոտու ստեղծման շնորհիվ 2017-ի առաջին կիսամյակում ԵՄ-ի և ՈՒկրաինայի արտաքին առևտուրը աճել է 20 %-ով։ ՈՒկրաինայի քաղաքացիներն առանց վիզային ռեժիմի Շենգենի գոտի մտնելու իրավունք ստացան: Այս 3 երկրների համար ԵՄ-ն առաջարկում է նոյեմբերյան համաժողովում ստեղծել «Արևելյան գործընկերություն +» մոդելը: Հոկտեմբերի 10-ին Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովն առաջարկեց նպատակային հիմնադրամ ստեղծել ՈՒկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի համար, որ նշանակալից հաջողությունների են հասել եվրաինտեգրման ու բարեփոխումների մեջ։ Նախաձեռնության նպատակը նրանց հնարավորություն տալն է հետագայում միանալ մաքսային, էներգետիկ ու թվային միություններին, Շենգենի գոտուն, վերացնել ռոումինգի հարկերը։ Նվազ ջերմ են Ադրբեջանի ու Բելառուսի հետ ԵՄ-ի հարաբերությունները։ 2016-ի փետրվարին Մինսկը դեռ մարդու իրավունքների խախտման եվրոպական պատժամիջոցների տակ էր։ Ադրբեջանին ևս Եվրոպայի իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս քննադատել են։ Երկու պետությունների նախագահներն էլ ներկա չէին 2016-ի Ռիգայի համաժողովին։ Իլհամ Ալիևի համար դա բացառություն էր` նախորդ 3 համաժողովներին ներկա էր եղել։ Բրյուսելի համաժողովին իր մասնակցությունը նա արդեն հաստատել է` անվանելով «կարևոր իրադարձություն»։ Ալեքսանդր Լուկաշենկոն ոչ մի վեհաժողովի չի մասնակցել` Բելառուսին հրավիրել են, նրան հասկացրել են, որ ցանկալի անձ չէ: Այս տարի նա ստացել է Դոնալդ Տուսկի հրավերը: Տուսկն ասել է, որ Բելառուսն է որոշում` ով կներկայացնի երկիրը վեհաժողովում։ Պնդելով բազմավեկտոր դիվանագիտության իրավունքը` Մինսկը մի քանի տարի Եվրոպայի հետ մերձեցման քայլեր է անում։ Շրջադարձային պահը ուկրաինական ճգնաժամն էր, Բելառուսը չճանաչեց Ղրիմը։ Եթե Ալեքսանդր Լուկաշենկոն Բրյուսել գնա, կլինի առաջին այցը մի նախագահի, ում Արևմուտքում դեռ անվանում են «Եվրոպայի վերջին բռնապետ»։ Դոնալդ Տուսկը այն կարծիքին է, որ Բելառուսը Արևելյան հարևանության ծրագրի նույնպիսի անդամ է, ինչպես մյուս պետությունները, և այլ վերաբերմունքի հիմքեր չկան: Ալեքսանդր Լուկաշենկոյի հնարավոր այցին անդրադարձել են թե եվրոպական, թե ռուսական ԶԼՄ-ները: Ռուսները կարծում են, որ Բրյուսելի հրավերը հերթական խաղն է, «նոր ռազմավարություն` Մոսկվայի դեմ»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Բրյուսելի վեհաժողովում նախատեսվում է ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը Հայաստանի հետ: Քաղաքական գործիչների ու փորձագետների մեծ մասը բացառում է 2013-ի կրկնությունը: 4 տարի անց Հայաստանն ունի ԵՄ-ի հետ հարաբերությունները վերականգնելու երկրորդ շանսը: Նոր պայմանագիրն արդեն հրապարակվել է։ Թեպետ տնտեսական բաղադրիչը կրճատվել է, քաղաքական մասը մնացել է անփոփոխ։ Համաձայնագրի ստորագրումը առանցքային է ոչ միայն Հայաստանի համար, որ կդառնա ԵՄ-ի հետ միանգամայն նոր որակի հարաբերություններ հաստատող ԵԱՏՄ միակ անդամը, այլև կնշանավորի Արևելյան գործընկերության նախագծի հաջողությունը։ Փաստացի Արևելյան գործընկերության ծրագրում ստացվում են 3 տարբեր արագություններ` ՈՒկրաինան, Մոլդովան, Վրաստանը անցնում են Արևելյան գործընկերության + փուլին` ստանալով նոր հնարավորություններ, Բելառուսն ու Ադրբեջանը նախանշում են համագործակցություն, Հայաստանը նոր որակի հարաբերություններ է կառուցում։ Հայաստանը միակ երկիրը չէ, որ ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ-ի հետ համաձայնագիր է ստորագրում: 2015-ին համագործակցության ծավալուն համաձայնագիր է ստորագրել Ղազախստանը:

Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը բազմիցս է շեշտել, որ ինքը զարգացնում է համագործակցությունը բոլոր ուղղություններով, հատկապես` ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու Չինաստանի հետ հարաբերությունները կարևորելով։ Ղազախստանը Արևելյան գործընկերության ծրագրի անդամ չէ, և Աստանայի հետ Բրյուսելն ունի առանձին հարաբերություններ։ ԵՄ-Թուրքիա լարված հարաբերությունների համապատկերում խոսուն է Իլհամ Ալիևի Բրյուսել մեկնումը, նա հույս ունի ամփոփիչ հռչակագրում ամրագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նորից է խոսելու Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման մասին` շնորհիվ Ադրբեջանի: Ի՞նչ կանի Եվրոպայի «վերջին բռնակալը», կախված է առևտրից` ի՞նչ կստանա Բրյուսելից, եթե գնա և ի՞նչ կպոկի Մոսկվայից, եթե չգնա։ Ալեքսանդր Լուկաշենկոյին մնում է հաշվարկել` ինչպես ոչինչ չկորցնի ու երկու կողմից էլ շահի: Չի բացառվում, որ օրերս նա Մոսկվային երկկողմ հարաբերություններում պայմանավորվածությունների խախտման մեղադրանքներ ու պահանջներ ներկայացնի և մերժում ստանալու դեպքում ալիբի ապահովելով` գնա Բրյուսել։ Կրեմլում դա լավ գիտեն ու լավ գիտեն` Բրյուսելի համար որքան կարևոր է անձամբ Լուկաշենկոյի մասնակցությունը` իբրև Ռուսաստանի մերձավոր դաշնակից երկրի նախագահի: Նոյեմբերի 17-ին Մինսկ է մեկնելու ԵՄ Արևելյան հարևանության հանձնակատար Յոհանես Հանը, նա հանդիպելու է Ալեքսանդր Լուկաշենկոյի, ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի և ընդդիմության հետ: Եթե Ղազախստանից հետո Հայաստանն էլ ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրի և հաջողվի Բելառուսին էլ իրավապայմանագրային այդ հարաբերությունների դաշտ բերել, ԵԱՏՄ-ում մնում են Ռուսաստանն ու Ղրղզստանը, որ նոր է անդամակցել, հասցրել է քաղաքական պատերազմի մեջ մտնել Ղազախստանի հետ ու հայտարարում է, որ ԵԱՏՄ-ն չի նպաստում իր զարգացմանը, խանգարում է Չինաստանի հետ փոխշահավետ հարաբերություններին։ Գուցե այդ պատճառո՞վ է Մոսկվան փորձում ԵԱՏՄ-ն համալրել պետություններով, որ ԵՄ-ի հետ հակասությունների դաշտում են։ Մասնավորապես` Ադրբեջանն ու Թուրքիան (նոյեմբերի 13-ին Էրդողանը գնում է Սոչի)։

Ի՞նչ դիրքորոշում պիտի ունենա Հայաստանը: Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումից հետո Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի ու Ադրբեջանի վրա կտրուկ նվազելու է, Մոսկվային մնում է լուծման այն տարբերակը, որը հաստատում է իր քաղաքական, ռազմական ու տնտեսական ներկայությունը Ղարաբաղում, որին պիտի համաձայնեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև ԱՄՆ-ը, Ֆրանսիան` իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ու հարևան Իրանը: Դա վիրտուալ խնդիր է` Թրամփից չգիտես ինչ սպասես, «մեծ Ամերիկայի» իր իդեֆիքսում նա քաղաքական ազդեցությունը փոխարինում է տնտեսական աջակցությամբ, և շարունակում է խաղի մեջ մնալ, Մակրոնը Արամ 1-ինին նամակում գրել է. «Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին՝ հօգուտ շրջանի բոլոր ժողովուրդների», այսինքն` նա ևս խաղի մեջ է: Իրանը բացահայտ դեմ է իր սահմանին երրորդ երկրի ուժերի տեղակայմանը: Մոսկվայի համար առաջնային է դառնում Հայաստանին նորից ԵՄ-ից հետ պահելը։ Դեմքը փրկելու և Հայաստանին լիովին իր ազդեցության դաշտ տեղափոխելու համար` գերադասելի է, որ խնդիրներ առաջանան Բրյուսելում` 28 երկրներից մեկնումեկի հետ, որ կարգելակի համաձայնագրի ստորագրումը: Նոյեմբերի 24-ը աշխարհաքաղաքական նոր դասավորության կիզակետում է ոչ միայն Եվրոպայում ու Եվրասիայում, այլև կարող է դառնալ Ռուսաստանի համար շրջադարձային կետ, եթե Մոսկվայում դադարեն Արևմուտքը թշնամի ընկալել։ Կամ Եվրոպան ԱՄՆ-ից բաժանեն։ Շրջադարձ կանի՞ Պուտինը։ Կախված է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հանդիպումից։ 2018-ի նախագահական ընտրություններից առաջ Պուտինին պետք են հաղթանակների պատմություններ, ոչ թե բոլոր ճակատներով առճակատումների: Ռազմական հաջողությունները հեռու Սիրիայում ռուսներին լավ ապրելու հեռանկար չեն տալիս, կենսամակարդակի անկումը կասեցնելու համար խաղաղություն է պետք արտաքին քաղաքական ճակատում։ Քաղաքականությունը խաղ է, որ թույլ չի տալիս իր հետ խաղալ:
Քաղաքականության մեջ էլ պետք է երիտասարդ մնալ` որքան հնարավոր է երկար:

Դիտվել է՝ 3308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ