USD486.78
EUR574.01
RUB8.17
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Վերուստ է հայտնի` գերտերությունների մեջ հրեշտակներ չեն լինում

Վերուստ է հայտնի` գերտերությունների մեջ հրեշտակներ չեն լինում
10.11.2017 | 10:00

Ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկա աննախադեպ հակամարտ բնույթը քաղաքական-տնտեսական խոշոր բախումների հետ մեկտեղ ծնունդ է տալիս նաև զանազան կոնսպիրոլոգիական՝ դավադրաբանական տեսությունների, որոնք նույնպես փոխադարձ մտահոգությունների ու մեղադրանքների տեղիք են տալիս: Եվ առայժմ չի երևում, թե խրթին իրավիճակը կարող է ինչ-որ փոխզիջողական լուծումներ ստանալ:


Օրերս իրավապաշտպանների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով ներկաներից մեկի սադրիչ հարցին, «ի միջի այլոց» նկատեց, որ «ոմանք» անհայտ նպատակներով Ռուսաստանով մեկ հավաքում են տարբեր էթնոսների ու մարդկանց կենսանյութեր: Ամերիկացիները, արձագանքելով այդ հայտարարությանը, արդարացան, թե դա կանխակալ միջոցառում չէ, այլ կապված է… հենաշարժական ապարատի ուսումնասիրման հետ: Ավելին, հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը ծրագրել է գնել եվրոպատիպ ռասայի ռուսաստանցիների կենդանի հյուսվածքներ: Ընդսմին, Ռուսաստանի քաղաքացիների կենսանյութերի հավաքումը օտարերկրյա տարբեր գերատեսչությունների կողմից բնավ էլ նոր երևույթ չէ, և այդ պարագան չի կարող չմտահոգել ռուսներին այն առումով, որ դա կարող է հանգեցնել նոր սերնդի ծրագրավորված ռազմակենսաբանական զենքի ստեղծմանը:


Ռուսաստանցիների դեմ կենսաբանական զենք կարող են կիրառել ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական սուբյեկտները, և կատարվածը կարող են քողարկել որպես վարակիչ հիվանդությունների բռնկումներ ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների ու բույսերի շրջանում՝ հայտարարեց ՌԴ ԱԳ փոխնախար Սերգեյ Ռիբկովը: ՈՒստի անհրաժեշտ է պատրաստ ունենալ արագ արձագանքման այնպիսի ուժեր ու մեթոդներ, որոնք ընդունակ լինեն դիմակայելու ստեղծված իրավիճակին և ձեռնարկելու համաճարակի կանխման անհետաձգելի միջոցներ:


Բնականաբար, հետևեցին քաղաքացիական ու զինվորական փորձագետների բազմաթիվ մեկնաբանություններ: Ըստ էության, կենսաբանական զենքի ստեղծմամբ իրոք արդեն վաղուց են զբաղվում մի շարք պետություններ, և նման տեխնոլոգիաների մշակումը, առանց չափազանցության, հավասարեցվում է միջուկային հետազոտություններին: Տարբերությունն այն է, և դա շատ ցինիկ է հնչում, որ առաջինի կիրառման դեպքում բացառապես ոչնչանում է կենդանի ուժը՝ մարդիկ, նյութական արժեքները մնում են անվնաս: Գրավում ես անմարդաբնակ տարածքներ: Ռուսները չեն էլ կասկածում, որ, ասենք, «Էբոլա» և «Զիկա» վիրուսները մարդկանց ձեռքի գործ են և որ առաջին իսկ հնարավորության դեպքում ամերիկացիները նման զենք կարող են կիրառել նաև իրենց երկրի դեմ: Առավել ևս ներկա փոխթշնամական մթնոլորտի պայմաններում: Եվ ռուսաստանցիների կենսանյութերի նմուշները կարող են հիմք ծառայել նոր տեսակի կենսաբանական զենքի, այսպես կոչված, մարտական վիրուսների ստեղծման համար: Ռուսաստանի նախկին գլխավոր վարակաբան Գենադի Օնիշչենկոյի կարծիքով, առաժմ խոսք չկա կենսաբանական պատերազմների մասին, սակայն դիվերսիաներ կարող են լինել: Համենայն դեպս, ամերիկացիները Ռուսաստանի սահմանների մոտ արդեն ստեղծել են ռազմակենսաբանական օբյեկտների համակարգ:
Մյուս կողմից, ամերիկացիները Պուտինի դեմոնացման մաքառումներում հասել են մի աստիճանի, երբ արդեն հավատում են, որ ռուսաց ղեկավարը ծրագրել է ոչնչացնել ոչ միայն իրենց երկիրը, այլև ամբողջ մայր ցամաքը: Եվ ոչ միայն, ասենք, միջուկային զենքի միջոցով. զառամախտի վերածված հետընտրական հակառուսական կրքերում ամերիկացիները ամեն ինչում են մեղադրում Մոսկվային: RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հեռուստաեթերում հեգնանքով նկատեց, որ եթե իր գլխավորած՝ համեմատաբար սուղ բյուջեով հեռուստաալիքը կարողանում է արմատապես ազդել ԱՄՆ-ի առաջնորդի ընտրության գլոբալ խնդրի վրա, ապա…


Իրոք, ռուսներն իրենց այս կամ այն անհաջողության մեջ անվերապահորեն մեղադրում են «յանկիներին»: Իսկ ահա վերջիններս անգամ վերջին ամիսներին նկատված տարերային աղետների, փոթորիկների, կլիմայական փոփոխությունների մեջ տեսնում են Պուտինի «ձեռքը»: Տեխասում և Դալասում բռնկած «Հարվի» կործանարար փոթորկի կապակցությամբ ԱՄՆ-ում հրապարակվեցին ընդարձակ հոդվածաշարեր, որոնցում հավաստվում էր, թե բոլոր բնական աղետները՝ փոթորիկներից մինչև երկրաշարժեր, Պուտինի վրեժխնդրությունն են ի պատասխան ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների: Գլոբալ հետազոտությունների ամերիկյան կենտրոնը վերլուծական հաշվետվության հիման վրա հայտարարություն արեց, որ Ռուսաստանն ստեղծել է եզակի կլիմայական զենք՝ ENMOD՝ ընդունակ մոլորակի մասշտաբով՝ նրա ցանկացած մասում առաջ բերելու կլիմայական ու ջերմաստիճանային շեշտակի փոփոխություններ: Եվ որ այդ զենքը մշակվել է ռուսաստանյան «Ռոստեխ» ընկերությունում: Ամերիկացիների սարսափը կատարյալ էր, երբ անկրկնելի Վլադիմիր Ժիրինովսկին հռչակեց, որ ԱՄՆ-ը կչքվի երկրի երեսից այն նոր զենքի միջոցով, որի մասին դեռևս ոչ ոք չգիտե, որ 15 րոպեի ընթացքում Ռուսաստանը կարող է մոլորակի ցանկացած մասը ոչնչացնել առանց որևէ պայթյունի: Ամերիկացիները հաճախ են վկայակոչում նաև ՁԸհհ լրատվական գործակալության հրապարակած հոդվածը «Անձրևի արտադրության նոր մեթոդիկա, որ մշակել է ռուսաստանյան բարձրտեխնոլոգիական ընկերություններից մեկը» բազմանշանակ վերնագրով:


Ինքնին հասկանալի է, որ բերված օրինակները սոսկ դետալներ են երկու գերտերությունների փոխոչնչացման զինանոցում, որն օրեցօր կատարելագործվում է նաև այնպիսի էկզոտիկ բնագավառներում, ինչպիսիք են մարտական վիրուսների ստեղծումը կամ բնակլիմայական պայմանների փոփոխությունները արհեստական ներգործությունների միջոցով:
Ի դեպ, այս կարգի նյութերում բավական հաճախ այն միտքն է ընդգծվում, որ անողոք առճակատման պայմաններում գերտերություններն իրենց հավակնությունների իրականացման ճանապարհին զոհ են դարձնում փոքր պետություններին: Մեր օրերի վառ ապացույցը մերձավորարևելյան երկրներն են: Այս իմաստով ամերիկացիների մեղքերը, իհարկե, շատ ավելի մեծ են: Թեև, ի վերուստ է հայտնի` գերտերությունների մեջ հրեշտակներ չեն լինում:


Հայաստանում էլ գոյություն ունի կոնսպիրոլոգիական տեսություն այն մասին, որ Սպիտակի երկրաշարժը արհեստական ծագում ունի՝ նենգաբար մտահղացված խորհրդային ղեկավարության կողմից: Բացառել չի կարելի, բայց և տարփողելն անիմաստ է, երբ չունես փաստեր: Առհասարակ մերօրյա Հայաստանում, ղեկավարությունից սկսած, երբեմն կորցնում են չափի զգացումը Ռուսաստանի հանդեպ իրենց նշավակումներում, անկախ երկրի բոլոր անհաջողությունները՝ էկոնոմիկայի տապալումը, արտագաղթը և այլն, արդարացնելով Ռուսաստանի վարած «հակահայկական» քաղաքականությամբ: Փոքր պետության բարդույթ: Ահա և վերջերս սեփական ղեկավարության կողմից լիովին ջախջախված ընդդիմության բեկորներից մեկի ներկայացուցիչը ի լուր համաշխարհային առաջադեմ հասարակության հայտարարեց, թե ռուսները… ելել են մեր շալակը: Եվ մտքով բոլորովին էլ չանցավ, որ մեր պետությանն ու ժողովրդին դրեց հայտնի հեզ ու խոնարհ կենդանու տեղ:
Հեծնողը չէ մեղավոր:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 2539

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ