Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աշխարհաքաղաքական ճոճանակը հավասարակշռության է բերվում

Աշխարհաքաղաքական ճոճանակը հավասարակշռության է բերվում
10.11.2017 | 10:16

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ոչ բնորոշ վերջին օրերի աննախադեպ հարցազրուցային ակտիվությունը և իր տեսակետները հայտնելու համար լրատվամիջոցների հատուկ ընտրությունը կրկին ու կրկին մատնանշում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական վարքագիծը նմանվում է ժամացույցի ճոճանակի։ Եվ երբ այդ ճոճանակը հասնում է աշխարհաքաղաքական մի վեկտորի գագաթին, ու որոշակիորեն խախտվում է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, անմիջապես ամեն ինչ անում են, որ հավասարակշռությունը վերականգնվի։


Վերջին ամիսների ամենավիճարկելի և քննարկվող թեմաներից մեկը, թերևս, Հայաստանի արտաքին քաղաքական սլաքների որոշակի թեքումն էր դեպի Արևմուտք, ավելի կոնկրետ՝ դեպի Եվրոպա։ Եթե այսօր Սերժ Սարգսյանն ակտիվորեն հարցազրույցներ է տալիս ռուսաստանյան պաշտոնական աղբյուրներին, Կրեմլին մոտ կանգնած ոչ պաշտոնական լրատվամիջոցներին, ապա դրանից ոչ շատ առաջ նույն նախագահը նույն ակտիվությամբ հարցազրույցներ էր տալիս Արևմուտքի հայտնի պարբերականներին ու շատ հաճախ առիթներ էր փնտրում արևմտյան մայրաքաղաքներ թռչելու համար։ Ինչևէ, ինչպես նկատում ենք, նշված ճոճանակը, կարծես, նորից Բաղրամյան 26-ում սկսում են թեքել դեպի ռուսական դաշտ։
Բնականաբար, հետաքրքիր է, թե Սերժ Սարգսյանը, որ հայտնի է իր սակավախոսությամբ և առանձնապես չի սիրում շփվել մամուլի ներկայացուցիչների հետ, ինչու է հանկարծ հենց հիմա որոշել այդքան հաճախ մտքեր փոխանցել տարբեր լրատվամիջոցների։


Թերևս թիվ մեկ պատճառը, ինչպես միշտ, աշխարհաքաղաքական է։ Չնայած բոլորն էլ իրականում հասկանում են, որ Եվրամիության հետ ստորագրվելիք հայտնի համապարփակ համաձայնագրի հետ կապված որևէ խնդիր վաղուց չկա, ամեն դեպքում ՀՀ նախագահը փորձում է փափկեցնել իրավիճակը, վերջնականապես հանգստացնել եթե ոչ Կրեմլին, գոնե ռուսաստանյան իշխանական էլիտայի այն թևերին, որոնք առավել արմատական են տրամադրված, և որոնք, գուցե և ի տարբերություն Կրեմլի պաշտոնական ղեկավարի կամ նրա շրջապատի, չեն կարող միաժամանակ երկու լարի վրա խաղալու քաղաքականություն իրականացնել։ Այս շրջանակներում կիսատոներ չկան. կա՛մ յուրային ես, կա՛մ ոչ։ Եվ Հայաստանի նախագահը, ամենայն հավանականությամբ, փորձում է հանգստացնել այդ թևին՝ որոշակի ֆոն ձևավորելով, ու եթե կա լարվածություն, ապա այն թուլացնելով։ Բացի այդ, Սերժ Սարգսյանն այդ հարցազրույցներով փորձում է որոշակի ուղերձներ հղել, այդ թվում Կրեմլին՝ Մոսկվայից իր ակնկալիքների մասին։ Այդ ակնկալիքները հիմնականում առնչվում են Արցախի հարցին, ինչի շուրջ պաշտոնական Մոսկվան արդեն երկար ժամանակ բավականին լուրջ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բնույթի կոմբինացիաներ է խաղարկում։ Ընդ որում, այդ կոմբինացիաները, որոշ շրջանակների պատկերացումներին հակառակ, ոչ միշտ են, մեղմ ասած, ի վնաս Հայաստանի կամ Արցախի, պարզապես դրանք բազմավեկտոր են։ Այդ խաղի մեջ ներգրավված են թե՛ Թուրքիան, թե՛ Իրանը, անգամ վերջին շրջանում` Իսրայելը և միաժամանակ Սաուդյան Արաբիան։


Այս ընթացքում պատահական չէին ադրբեջանական որոշ վերլուծական աղբյուրների արտահոսքերը Պուտինի՝ իբր հինգ շրջանների վերադարձի դիմաց Ադրբեջանից ունեցած պահանջների վերաբերյալ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ՌԴ նախագահը պահանջում է Ադրբեջանից Արցախի հարցում ավելի բարենպաստ իրավիճակ ունենալու համար անդամակցել ԵԱՏՄ-ին, ինչպես նաև Ռուսաստանի վերահսկողության ներքո գտնվող ռազմական կառույցներին, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ին։ Եվ վերջապես, ըստ նույն աղբյուրների, Վլադիմիր Պուտինն Ադրբեջանից համաձայնություն է պահանջում Արցախի տարածքում ռուսական խաղաղապահներ տեղակայելու շուրջ: Այս հարցում էլ Սերժ Սարգսյանն ուղերձներ է հղում՝ նշելով, թե որտեղ է Հայաստանի կարմիր գիծը, որից այն կողմ չի անցնելու։ Բացի այդ, Հայաստանի գործող ղեկավարը ցանկանում է նաև ՌԴ-ին ցույց տալ, որ իր լոյալ վերաբերմունքն Արևմուտքի նկատմամբ կարող է նույնիսկ օգտակար լինել Ռուսաստանին։ Հայաստանը կարող է մի կետ լինել, որի միջոցով Ռուսաստանը հնարավորություն կստանա ինչ-ինչ կուլիսային հարցեր լուծելու։ ՀՀ-ն առաջարկում է ՌԴ-ին Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումից հետո ստեղծված հարթակն օգտագործել նաև հանուն սեփական նպատակի։ Մասնավորապես, այս առումով ակնարկվում են Իրանի հետ հայաստանյան փորձը և Հայաստանի միջոցով Իրանը ԵԱՏՄ-ին ինտեգրելու գործընթացները: Նաև ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը փորձում է այլ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ձևաչափերում Հայաստանի մասնակցության գործոնը հավասարակշռել Ադրբեջանի և Ռուսաստանի մերձեցումների միտումներին:


Սերժ Սարգսյանը, իր ոճին համապատասխան բավականին աննկատ, սակայն աշխատում է խաղեր տալ նաև ԵԱՏՄ դաշտում՝ փորձելով բացի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերություններից, սերտացնել կապերը նաև ԵԱՏՄ անդամ այլ պետությունների հետ, ձեռք բերել լրացուցիչ լծակներ։ Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը ռուսական դաշտում ակտիվությունից առաջ մեծ հարցազրույց էր տվել ղրղզական «Ալա-տոո» հեռուստաընկերությանը` բավականին ջերմ գնահատականներ շռայլելով Ղրղզստանի հեռացող նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հասցեին։ Մի կողմից` Ղրղզստան-Ղազախստան լարված հարաբերությունների, մյուս կողմից` ոչ այնքան բարեկամական Հայաստան-Ղազախստան փոխհարաբերությունների ֆոնին Սերժ Սարգսյանը ցանկանում է որոշակի հակահարված տալ Ղազախստանի նախագահին, որի հետ հարաբերությունները, մեղմ ասած, սառն են։ Այսպիսով, գովելով Աթամբաևին, Սերժ Սարգսյանը մի մեծ քար է նետում Նուրսուլթան Նազարբաևի դաշտ։ Չի բացառվում, որ ՀՀ նախագահը ցանկանում է ԵԱՏՄ-ում ստեղծել փոքր եղբայրների յուրահատուկ մի դաշինք Հայաստանի և Ղրղզստանի միջև, որպեսզի անհրաժեշտության դեպքում միասին մի ճակատով համագործակցեն։ ՈՒշագրավ է այդ հարցազրույցում Սերժ Սարգսյանի այն տեսակետը, թե չնայած Ղրղզստանի նախագահը հեռանում է, սակայն քաղաքականության մեջ, որպես կանոն, նախկին նախագահներ չեն լինում։ Սա հատկանշական է հատկապես այն առումով, որ նույն կարգավիճակը 2018 թվականին սպասում է նաև Սերժ Սարգսյանին։ Փաստորեն, ՀՀ նախագահը հասկացնում է, որ անկախ իր ապագա կարգավիճակից, ինքը նախկին չի լինելու և շարունակելու է ակտիվ քաղաքական դերակատարում ունենալ Հայաստանի ներսում։


Սերժ Սարգսյանի հարցազրույցները, անշուշտ, ունեն նաև ներքաղաքական շարժառիթներ։ Նա, կարծես, ցանկություն չունի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ տանդեմում ընկալվելու որպես ընդգծված արևմտյան թև, թեև վերջին շրջանում իշխանական ոչ պաշտոնական քարոզչամեքենան հենց դրանով էլ զբաղված էր՝ ցույց տալով, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ամբողջովին գազպրոմական և ռուսամետ գործիչ է, մինչդեռ Սերժ Սարգսյանն ավելի ճկուն է. խաղում է և՛ ռուսական, և՛ արևմտյան դաշտում։ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, որոշակի մտահոգություններ ունի այն առնչությամբ, թե այս քաղաքականության արդյունքում Ռուսաստանի Դաշնությունում սկսել են իրեն ավելի «սառը» վերաբերվել, մանավանդ անցնող մեկ տարում վարչապետ Կարեն Կարապետյանի դիրքերի նկատելի ամրապնդման համատեքստում։ ՈՒստի ՀՀ նախագահը փորձում է հնարավորինս ապահովագրել իրեն ռուսական տարաբնույթ անակնկալներից։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2953

Մեկնաբանություններ