Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստան ու ԵԱՏՄ. վնաս չկա, կան միայն շահութաբաժիններ և հեռանկարների բարելավում

Հայաստան ու ԵԱՏՄ. վնաս չկա, կան միայն  շահութաբաժիններ և հեռանկարների բարելավում
10.11.2017 | 11:00

(Նախորդ մասը)

ԶԵԱԲ-ի գլխավոր տնտեսագետի նույնպես օգոստոսին պատրաստված եռամսյակային մակրոտնտեսական տեսության մեջ, 2017-ի արդյունքներով, Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսված 2,9 %-ը վերանայվել է և բարձրացվել մինչև 5,2 %։ Իսկ «Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը, դեռ հուլիսին, Հայաստանի տնտեսության 2017-ի աճի համար կանխատեսել էր ավելացում մինչև 3,4 %` շնորհիվ պետծախսերի ավելացման և արտահանման սպասվածից արագ աճի։ Իսկ հունվարին այդ գործակալությունը կանխատեսել էր տնտեսության 2,1 % աճ։ «Fitch»-ը նշում է, որ Հայաստանը շարունակում է վերականգնվել 2014-15 թթ. արտաքին ցնցումներից, մասնավորապես հումքային ապրանքների գների անկումից և ՌԴ-ից դրամական փոխանցումների նվազումից հետո։ 2017-ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն գրանցել է 6,5 % կտրուկ աճ 2016-ի 0,2 % դանդաղումից հետո։

«2018-19 թթ. աճը կարող է արագանալ։ Բայց գործակալությունը կարծում է, որ աճի միջնաժամկետ հեռանկարների բարելավումը, հավանաբար, կպահանջի ներդրումային կլիմայի բարելավման հետագա առաջընթաց, քանի որ ներդրումների ընդհանուր ծավալի բաժինը ցածր մակարդակի է` ՀՆԱ-ի 18,4 %-ը»։ «Fitch»-ն ակնկալում է, որ Հայաստանի բյուջեի պակասուրդը, 2016-ի մինչև 5,5 % աճից հետո, 2017-ին, կանխատեսված 3,5 %-ի փոխարեն, կիջնի մինչև 3,3 %։ Հայաստանի դեֆոլտի (պարտականությունների չկատարում) երկարատև վարկանիշը «Fitch»-ը հաստատել է «B+», իսկ վարկանիշային կանխատեսումը` «Կայուն», ՀՆԱ-ի տնտեսության աճի համար Համաշխարհային բանկը (ՀԲ) կանխատեսում է մինչև 2,7 %, ԱՄՀ-ն` 2,9 %, ՄԱԿ-ը` մինչև 2,5 %, ՎԶԵԲ-ը` 2,5 %, ԶԱԲ-ը` 2,2 %։
Եկեք, անկախ զանազան «կողմնորոշվածությունների» նկատմամբ մեր համակրանքից և հակակրանքից, խոստովանենք. այն, որ այդքան շատ արևմտյան կառույցներ և վարկանիշային գործակալություններ բարելավել են իրենց կանխատեսումները հայկական տնտեսության և նրա հեռանկարների վերաբերյալ, չնայած միջանկյալ, բայց նույնպես արդյունք է ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամության։ Մատակարարումների ծավալի ավելացումն իրացման մասշտաբների ու տեմպերի ավելացում է, իսկ դրանով խթանվում են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ՏՏ ոլորտը։ Այնուամենայնիվ, դեռ շատ հարցեր կան։ Եվ իզուր չէ, որ վերոհիշյալ հուլիսյան կլոր սեղանի ժամանակ ԵԱՏՄ-ի անդամության արդյունքների քննարկման ընթացքում արտահայտված եզրակացությունները, հանձնարարությունները և առաջարկությունները պետք է հետաձգել և օգտագործել «Հայաստանի Հանրապետություն. երկու տարի ԵԱՏՄ-ում. առաջին արդյունքները» զեկուցման պատրաստման ժամանակ։ Այն կներկայացվի տարվա վերջին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։


Պետք չէ գերիմաստուն լինել հասկանալու համար, որ ինչքան շատ երկրներ մտնեն ԵԱՏՄ կամ ինտեգրվեն այդ կառույցին այս կամ այն ձևով, այնքան կմեծանան Հայաստանի հնարավորությունները։ Մասնավորապես, ԵԱՏՄ-ին Իրանի միանալը, թեկուզ միայն ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կամ ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) տեսքով, բարենպաստ ազդեցություն կգործի Հայաստանի տնտեսության վրա։ Ճիշտ է, ես համարում եմ, որ դա ապագայի, թեկուզ ոչ այնքան հեռավոր, հարց է։ Բայց ԵԱՏՄ-ի շրջանակներում հենց Իրանին վերաբերող որոշ տեղաշարժեր այդ հեռավոր ապագային որոշակի լավատեսությամբ նայելու հիմքեր են տալիս։ Այսպես, մայիսին ԵԱՏՄ-ն և Իրանը նախօրոք համաձայնության եկան այն ապրանքների հարցով, որոնք մատակարարվելու են միմյանց ԱԱԳ-ի շրջանակում։ Ժամանակավոր ԱԱԳ կարող է ստեղծվել արդեն այս տարի, իսկ մշտականի այն կվերածվի երեք տարի հետո։ Իրանը ԵԱՏՄ-ին կմատակարարի ցիտրուսներ, ձկնեղեն և ծովամթերք, իսկ Ռուսաստանն Իրանին` որոշ մետաղներ, բեռնատարներ և ավտոբուսներ, ինքնաթիռներ և ավիատեխնիկա։ Այս տարվա հունիսին Իրանն ու ԵԱՏՄ-ն արդեն համաձայնագիր են կնքել ԱԱԳ ստեղծելու մասին։ Կողմերը կպահպանեն Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հիմնական սկզբունքները և առևտրային համագործակցության շրջանակում բոլոր ապրանքների առևտրի համար կստեղծեն անհրաժեշտ պայմաններ։


Թե երբ Հայաստանը կկարողանա օգտվել Իրանի և ԵԱՏՄ-ի այդ համաձայնագրի պտուղներից և ընձեռած հնարավորություններից, չեմ փորձի գուշակել։ Դրա համար Հայաստանի իշխանությունները պետք է կատարեն հարևան պետության մի շարք պահանջներ։ Բայց, այսպես թե այնպես, եվրասիական ուղղությունը պետք է գերակա մնա Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ոչ միայն մինչև 2017-ի վերջը, այլև առնվազն մոտակա 10-20 տարվա հեռանկարում։ Հիշում ենք, չէ՞, որ Իրանը ձգտում է ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն), որտեղ Հայաստանն ունի դիտորդի կարգավիճակ։ Ե՛վ Իրանը, և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը, ընդհանուր առմամբ, դրականորեն ընկալեցին Չինաստանի «Մետաքսի մեծ ճանապարհ» տնտեսական նախաձեռնությունը և դիտարկում են իրենց հնարավորություններն ու հեռանկարները դրան մասնակցելու համար։ Ռուսաստանի և Իրանի հետ Չինաստանի կապերն արդեն դարձել են ռազմավարական, և պետք է ենթադրել, որ հետագայում ամրապնդվելու և զարգանալու են։ Ճիշտ է, Չինաստանը հեռու է Հայաստանից, բայց չէ՞ որ Ռուսաստանն ու Իրանը հենց մեր կողքին են։ Այլ կերպ ասած, հաշվի առնելով, որ ներկայումս հիմնականում հենց Եվրասիայի երկրներն են ցույց տալիս տնտեսական աճի միտումներ, հաշվի առնելով, որ Չինաստանն ամսեամիս դառնում է աշխարհի ավելի ու ավելի նշանակալի երկիրը, ապա Եվրասիայից Հայաստանի հրաժարվելը, թեկուզ և մարող ու ավելի խնդրաշատ դարձող ԵՄ-ի օգտին, կլինի ոչ ճիշտ ընտրություն։


Կարծում եմ, բոլորն արդեն համոզվել են, որ փոփոխություններն արդի աշխարհում ոչ միայն արագանում, այլև դառնում են ավելի բազմակողմանի։ Որպեսզի ԵԱՏՄ-ն լինի արդյունավետ ու հեղինակավոր միավորում, պետք է մշտապես կատարելագործվի ու զարգանա, բարձրացնի գրավչությունը հարևան երկրների համար։ Ինտեգրման խորացումն ու ընդլայնումը պահանջում են նրա կազմակերպման ձևերին տալ ավելի մեծ ճկունություն և բազմազանություն` հաշվի առնելով նախկին ԽՍՀՄ-ի միութենական հանրապետությունների առաջ ծառացած քաղաքական ու սոցիալ-տնտեսական գերակա խնդիրների առանձնահատկությունները։ Այդ երկրները, պատմական օբյեկտիվ պատճառներով, ունեն չիրացված ինտեգրացիոն ներուժ։ Համագործակցության բազմազան ձևաչափերի ձևավորումը պայմանավորված է նաև ժամանակի գործոնի խտանալու պատճառով ժամանակակից աշխարհում կանխատեսելիության վատացմամբ, ինչպես նաև, մի կողմից Եվրասիայի երկրների (Չինաստան, Ռուսաստան, Իրան), մյուս կողմից ԱՄՆ-ի միջև ռազմավարական հակասությունների սրմամբ։ Կենսագործունեության տարբեր ոլորտների փոփոխությունները, որոնց համար նախկինում պահանջվում էին տասնամյակներ, այսօր այնքան արագ են կատարվում, որ կառավարման կոշտ համակարգերը չեն հասցնում դրանց արձագանքել։ Եվրասիական տարածքում փոխազդեցության գործիքակազմի ընդլայնումը կարող է նպաստել տնտեսական աճի համար ներուժի իրացմանը և քաղաքական ռիսկերի ու սպառնալիքների նշանակալի իջեցմանը։ Եթե որևէ մեկն ապացույցների կարիք ունի, խնդրեմ. ուշադրություն դարձրեք մերձավորարևելյան Սիրիայի և Իրաքի նկատմամբ Եվրասիայի պետությունների մանրակրկիտ ու հավասարակշռված քաղաքականությանը։


Ձեռնարկչական գործունեության և ընդհանուր շուկա մուտքի հեշտացման հնարավորությունները, ապրանքների, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը, մաքսային գործընթացների պարզեցումը և մյուս քայլերը, որոնք ձեռնարկում է Եվրասիական հանձնաժողովը, կարող են իրապես բարձրացնել ԵԱՏՄ-ի հետ համագործակցելու գրավչությունը։ Այսօր հետխորհրդային տարածքում լիարժեք առևտրատնտեսական հարաբերությունների վերականգնման գլխավոր արգելակ հանդիսացող գործոնները մեծ չափով քաղաքական բնույթ ունեն և պահանջում են անսովոր լուծումներ ու համագործակցության նոր ձևերի որոնումներ։ Դրանում համոզում է Ղազախստանի և Ղրղզստանի վերջին հակամարտությունը` կապված Ղրղզստանում նախագահի ընտրության հետ։ Բայց, կարծես, հակամարտության սուր փուլը հետևում է մնացել, և ենթադրում ենք, որ Աստանան ու Բիշքեկը հեռու մնացին լարվածությունը մեծացնելու սպառնալիքից, ելնելով այն բանից, որ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնույթի ընդհանուր սպառնալիքներն ու մարտահրավերները, այնուամենայնիվ, հարկ կլինի հաղթահարել միասին։ Բայց եթե խոսելու լինենք նախկին ԽՍՀՄ-ի տարածքում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն արգելակող և նույնիսկ խոչընդոտող գործոնների մասին, դրանք առաջին հերթին ԵՄ և ՆԱՏՕ «վազող» Վրաստանի և ՈՒկրաինայի իշխանություններն են, ինչպես նաև չկարգավորված ազգամիջյան բախումները։ Բոլորը գիտեն, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի պատճառով Վրաստանն արդեն շատ տարիներ տորպեդահարում է Մոսկվայի և Թեհրանի միջև ուղղակի, լիարժեք երկաթուղային կապը վերականգնելու Ռուսաստանի և Իրանի պլանները։ Դեռևս այս տարվա մայիսին ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը, խոսելով Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բախումնային լինելու մասին, ընդգծեց, որ եվրասիական տարածքը պետք է դառնա ուժի ինքնուրույն բևեռ, ինչին նպաստում է այսօր ընթացող անցումը բազմաբևեռ աշխարհին։ Սակայն, պատասխանելով Թուրքիան և Ադրբեջանը ԵԱՏՄ կազմում ընդգրկելու հավանականության մասին հարցերին, պարոն Լեպեխինը հստակ հայտարարեց. «ԵԱՏՄ-ում Թուրքիայի կամ Ադրբեջանի անդամության հարցը չի կարող որոշվել առանց Հայաստանի համաձայնության, քանի որ միությունում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Հայաստանը կարող է շրջափակել Թուրքիայի, Ադրբեջանի և ցանկացած այլ երկրի ընդգրկումը ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Ղազախստանն էր անբավականություն հայտնում ԵԱՏՄ Հայաստանի մուտք գործելու կապակցությամբ»։


Իհարկե, ԵԱՏՄ-ի և ԵԱՏՄ-ում Հայաստանի մասին խոսակցությունը սրանով ավարտված համարել չի կարելի։ Նոյեմբերին մեզ սպասում է ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի կնքումը, և հիմքեր կան ենթադրելու, որ այդ կապակցությամբ ամերիկամետ ուժերը Երևանում կակտիվանան։ Բայց, իմ կարծիքով, հնարավոր եղավ գրանցել որոշակի միջանկյալ արդյունք. կարևորագույն հարցերում Հայաստանը չկորցրեց իր քաղաքական ինքնիշխանությունը, ընդհակառակը, ընդգծված է, որ ԵԱՏՄ-ում ոչ մի որոշում չի կարող ընդունվել պաշտոնական Երևանի դիրքորոշմանը հակառակ։ Եվ, վերջապես, նույնիսկ Արևմուտքն է նշում մեր տնտեսության և նրա ներուժի աճը, մինչդեռ ընդամենը երկու տարի է անցել։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3531

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ