Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Համարձակությունը պետք է դրսևորվի տեղին և նպատակային

Համարձակությունը պետք է դրսևորվի տեղին և նպատակային
10.11.2017 | 11:33

«Իրատեսի» թիվ 68-ում լույս տեսած իմ «Վրացի կոմունիստը նախ վրացի է, հետո՝ կոմունիստ, իսկ հայ կոմունիստը սկզբում կոմունիստ է, հետո՝ հայ» հոդվածը համառոտ արձագանքն էր պարոն Սոկրատ Հովսեփյանի «Այսօրվա աշխարհի կառավարողներին տեսնելով, ակամայից դառնում ես ստալինիստ» (թիվ 60) հոդվածի: «Ողջ կյանքում ապրել եմ՝ չղեկավարվելով հին հունական ասացվածքով՝ լեզուն մարդուն տրված է իր մտքերը թաքցնելու համար» (թիվ 70) պատասխան հոդվածում պարոն Հովսեփյանը շարադրել է իր և իր հայրիկի համարձակ կեցվածքի մասին: Նրա «ոչխարի պես լռելու որակներ չունեմ» բառերը ստիպեցին ինձ պատասխանել վերոհիշյալ հոդվածին:


Մի փոքր ծանուցում հայրիկիս մասին: Հայրս ողջ կյանքում պայքարել է ստալինյան բռնապետության և սովետական միակուսակցական համակարգի դեմ: 1931-39 թթ. նա աշխատել է Ախալքալաքի, ապա Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդա) շրջանների ժողդատավոր: Այդ վտանգավոր տարիներին նա հնարավորն ու անհնարինը արել է՝ անմեղ մարդկանց օգնելու, ազատելու վերադասից սահմանված պատիժներից՝ արժանանալով ժողովրդի սիրուն ու համակրանքին: Եղբայրը՝ Հակոբը, 1937 թ. զոհերից է, ավարտել էր Մոսկվայի Ֆրունզեի անվան զինվորական ակադեմիան: Հետագայում հայրս զարմանքով ասում էր, որ միայն հրաշքով է ինքը կարողացել խույս տալ մահապատժից: Հետապնդումները հայրիկիս նկատմամբ ուժեղացան ոչ միայն իր քաղաքական հայացքների, համարձակ կեցվածքի, այլ «ժողովրդի թշնամի» եղբոր ձերբակալումից հետո նրա ընտանիքի խնամքը իր վրա վերցնելու համար: Ձերբակալությունից խուսափելու նպատակով 1948-ին հեռանում է Ախալքալաքից և երեք տարի թաքնվում Կախեթի (Վրաստան) անտառներում: 1951-ին ձերբակալվում է: Մի քանի ամիս Թբիլիսիի բանտում պահելուց հետո նրան տեղափոխում են Ախալքալաք: Դատի ժամանակ (1952) Ջավախքում բողոքի ալիք է բարձրանում: Ժողովուրդը շրջապատում է դատարանի շենքը, ցույց կազմակերպում և պահանջում Մկրտչյան Հովհաննեսին չդատապարտել ազատազրկման: Ժողովրդի ճնշման տակ նրան ազատ են արձակում: Ստալինի կենդանության օրոք դա չլսված բան էր:


Հետագա տարիներին հայրս շարունակել է պայքարել Ջավախքում տիրող անօրինակությունների՝ հայկական դպրոցների փակման, հայ մշակույթի, հայկական եկեղեցիներն ու հայ կաթոլիկներին վրացականացնելու, ՀԽՍՀ-ի և Ջավախքի միջև ստեղծված ստուգման կետի դեմ: Համարձակորեն դուրս է եկել Վրաստանի ղեկավար Մախարաձեի պլանների դեմ, որով նախատեսվում էր Ջավախքը հայաթափ անել և անասնապահության շեշտակի զարգացման պլանի քողի տակ տարածքը դարձնել թուշերի բինաներ (ամառանոցներ): Տասնամյակներ շարունակ նամակներ է հասցեագրել երկրի ղեկավարներ Ն. Խրուշչովին և Լ. Բրեժնևին, ԽՍՀՄ ԱԳ նախարար Գրոմիկոյին և այլոց՝ պահանջելով դադարեցնել վրացական իշխանությունների կողմից հայերի նկատմամբ իրականացվող ազգային խտրականությունը, վերանայել Ախալքալաքի ու Բոգդանովկայի վարչական շրջանների պատկանելության հարցը:


Երբ Ղրիմը միացրին ՈՒկրաինային, Միջին Ասիայի հանրապետությունների միջև տեղի էր ունեցել սահմանների փոփոխություն. հայրս պնդում էր, որ պետք է օգտվել այդ նպաստավոր իրադրությունից; 1961-ի ապրիլին նամակ է ուղարկում ՀԽՍՀ կոմունիստական կուսակցության կենտկոմի քարտուղար Յակով Զարոբյանին: Նամակում արտահայտում էր ջավախահայության խնդրանքը՝ հարց բարձրացնել ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջ՝ Ջավախքը Հայաստանին միացնելու համար: Նույն պահանջով չէր դադարում նամակների հոսքը Մոսկվա: Որպես բողոքի նշան՝ իր կուսակցական տոմսը 1963-ին ուղարկում է Մոսկվա՝ պատճառաբանելով, որ ինքը չի կարող անդամ լինել մի կուսակցության, որը համարվում է քաղաքական բանդա: Նախադեպը չունեցող այդ իրադարձությունը անհանգստացրել էր ԽՄԿԿ կենտկոմին: Տոմսը ուղարկելով Վրաստանի կոմկուսի կենտկոմ՝ պահանջել էին ամեն գնով վերադարձնել տիրոջը: 1977 թ., ԽՍՀՄ նոր սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ, հայրս դիմելով Սահմանադրական հանձնաժողովի նախագահ Լ. Բրեժնևին, պնդում էր, որ նոր սահմանադրության նախագծի 77-րդ էջում հիմնական օրենքով ամրապնդվում է պատմական անարդարությունը, այն է՝ «տարածքային փոփոխություն չի կարող լինել առանց տվյալ հանրապետության համաձայնության» և պահանջում է հանել այդ հոդվածը: Նա շատ լավ հասկանում էր, որ Հայաստանից հանիրավի անջատված հայկական տարածքների՝ Ղարաբաղի, Նախիջևանի և Ջավախքի հայության ինքնորոշման իրավունքի դրսևորման ճանապարհին այն կդառնա գլխավոր խոչընդոտը: 1981 թ. հունիսի 15-ին հայրիկիս հրավիրում են ՀԿԿ կենտկոմ (հավանական է պահանջը Մոսկվայից էր): Հանդիպման թեման եղել է Ջավախքը ՀԽՍՀ-ին միացնելու հարցի վերաբերյալ: «Ինձ ընդունեց ընկեր Վարդանյանը,- գրում է հայրս:- Երկար զրույցից հետո ես հասկացա, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը պատրաստ չէ այդ հարցը բարձրացնելու, և հայտարարեցի՝ թույլերը հայրենիք չունեն»:
2010 թ. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի առաջաբանով, հրատարակել է հայրիկիս հուշերը Ջավախքի մասին, որտեղ զետեղված են նաև վերադաս մարմիններին ուղղված մի շարք նամակներ:


Տեղեկություն իմ մասին: 1953-ին ավարտել եմ Ախալքալաքի հայկական միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով, 1958-ին՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը՝ գերազանցության դիպլոմով: Եղել եմ Միքայել Նալբանդյանի անվան թոշակառու: Անցել եմ աշխատանքի հայոց պատմության ամբիոնում: Փոքրիկիս խնամելու խնդրի պատճառով տեղափոխվել եմ դպրոց: Տարիներ շարունակ ուսուցիչների կատարելագործման ինստիտուտում հանրապետության պատմության ուսուցիչների համար դասավանդել եմ «հասարակագիտության դասավանդման մեթոդիկա» և նրանց համար ուսուցողական դասեր վարել: Հասարակագիտությունը ուսուցանում էի «մաթեմատիկական մոդուլների» օգնությամբ (նույն փորձը արվում էր Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում): ՈՒսուցիչների կատարելագործման ինստիտուտի ներկայացմամբ ՀԽՍՀ լուսավորության նախարարության կոլեգիան (նախարարը պարոն Հախումյանն էր), քննարկելով դասավանդման նոր մեթոդը, որոշեց թույլատրել լույս ընծայելու մեթոդական ձեռնարկ՝ ուսումնառության գործընթացում կիրառելու նպատակով: Սակայն 1980-ականների վերջերն էր…. Պարգևատրվել եմ «Հոկտեմբերյան հեղափոխության», «Աշխատանքային Կարմիր Դրոշի» շքանշաններով, Լենինի 100-ամյակին նվիրված հոբելյանական մեդալով և այլ պարգևներով:


Հիմա Ձեզ այդքան հուզող համարձակության մասին: Հարցնում եք՝ «ի՞նչն էր խանգարում Ձեզ 1984-ին նիստերը վարող Լիգաչովին ասելու այն, որ չեք ասել: Հավանաբար հայրիկը խրատական իր խոսքերը (նկատի ունեք «վրացի կոմունիստը նախ վրացի է, հետո՝ կոմունիստ, իսկ հայ կոմունիստը սկզբում կոմունիստ է, հետո՝ հայ) դեռ չէր ասել: Գուցե և ասել էր: Բայց»: Նախ, ես այդ օրինակով ընդգծել եմ Ձեր գովերգած խորհրդային երկրի ամբողջատիրական համակարգի էությունը, որտեղ առանց քննարկելու և իրական քվեարկություն անցկացնելու ընտրություններում 99,9 %-ով հաղթում էր «կոմունիստների և անկուսակցականների բլոկը», քանզի ուրիշը չկար: Երկրորդ՝ համարձակությունը պետք է դրսևորվի տեղին և նպատակային: Ինչ վերաբերում է Ձեր «բայց»-ին, ներկայացնեմ…. Նույն 1984-ին ԽՍՀՄ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների այց կազմակերպվեց Լենինի տուն-թանգարան: Լենինի աշխատասենյակում փակցված քարտեզներից մեկի վրա կարմիր գծերով ՀԽՍՀ-ից առանձնացված էին տարածքներ, որոնք պետք է մտնեին Վրաստանի և Ադրբեջանի կազմի մեջ: Դիմեցի գիդին, նշելով, որ այս կարմիր գծերը չէին կարող Լենինի կողմից գծված լինել, նախ այն պատճառով, որ 1920-ականների սկզբին այդ հարցը դեռ օրակարգում չկար, իսկ հետո արդեն՝ Լենինը գամված էր անկողնուն և ի վիճակի չէր ինչ-ինչ հարցեր առաջ քաշելու: «Այն արված է հետագայում»,- ասացի ես: Ներկայացնողը իմ առաջ քաշած հարցին որևէ բացատրություն չտվեց:


1988 թ. դեկտեմբերին տեղի ունեցավ ԽՍՀՄ կրթության և գիտության ոլորտի աշխատողների համագումար: Ես պատվիրակ էի: Համագումարի երկրորդ օրը պատվիրակները բաժանվեցին բնական և հումանիտար գիտությունների բլոկի: Վերջինիս նիստը անցկացվում էր Լոմոնոսովի անվան համալսարանում: Այն վարում էր փոխնախարարը (ազգանունը չեմ հիշում): Երբ լիտվացի տարեց մի գիտնական ելույթ ունեցավ, նախագահողը շատ կոպիտ դիմեց նրան. «Ձեզ ո՞վ է թույլ տվել, որ մարքսիզմ-լենինիզմ առարկան անցնում եք ֆակուլտատիվ դասընթացով»: Նման վերաբերմունքից հետո ես ձայն խնդրեցի. «Այստեղ չորս ժամ տևած բոլոր ելույթները նվիրված էին միայն Ստալինի կուլտի և նրա հետևանքների քննադատությանը,- ասացի ես,-իսկ թե ինչ է կատարվում այսօր մեր երկրում և ինչպիսի խնդիրներ ունենք լուծելու, ոչ մի վերլուծական խոսք չասվեց»: Իմ այն հարցին, թե ինչու Մոսկվան հայոց պատմության դասավանդմանը թույլ է տալիս հատկացնել շաբաթական մեկ ժամ, նախագահողը պատասխանեց. «Բոլոր հանրապետություններում ազգային պատմությանը նույն դասաժամն է հատկացված»:


Հակադարձեցի՝ մեր ժողովրդի պատմությունը հազարամյակների պատմություն է….. Երբ խոսում էի Մեծ Հայքի (Великая Армения) մասին, Ադրբեջանի ներկայացուցիչները դահլիճում աղմկեցին. «Դուք չեք ունեցել Մեծ Հայաստան»…. Վերջում դիմելով նախագահողին՝ հարցրի. «Որքանո՞վ է ընդունելի, որ Դուք լիտվացի տարեց գիտնականին նման հանդիմանությամբ եք դիտողություն անում»…
Հաջորդ օրը Լիտվայի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին իրենց աջակցելու համար: Զավեշտալի էր, որ նիստի ավարտից հետո մի տարեց ռուս գիտնական դիմեց ինձ հետևյալ առաջարկով. «Չի՞ լինի, որ դուք և Ադրբեջանը միանաք և Ղարաբաղին մի լավ դաս տաք»: Զարմացած նայեցի նրան: «Եթե լինելով գիտնական,- ասացի,- Դուք չգիտեք այս պայքարի բուն պատճառը, որ Ղարաբաղը մեր պատմական Արցախն է և ձգտում է անկախության, ապա Ռուսաստանի շարքային քաղաքացին ի՞նչ պատկերացում պետք է ունենա մեր խնդրի և Արցախի ազգային ազատագրական պայքարի մասին»: Հետագայում «Преподавание истории в школе» ամսագիրը շատ համառոտ տպագրեց իմ ելույթի մասին: Այսքանով սահմանափակենք պարոն Հովսեփյանին հուզող համարձակության մասին հարցը:


Պարոն Հովսեփյան, մեր հիմնական տարակարծությունն այն է, որ Դուք, տեսնելով իշխանավորների ընչաքաղցությունը, արդարացնում եք Ստալինի բռնությունները, քանի որ ըստ Ձեզ՝ այն ուղղված էր երկիրը հզորացնելուն: Կարծում եմ, որ ինչպես իշխանավորների ընչաքաղցությունը, այնպես էլ Ստալինի բռնությունները Ձեր նշած բացասման բացասում օրենքի նույն բացասական հետևանքն են: «Ստալինյան բռնություններից տուժած մարդկանց քանակը կարճ ժամանակում վերականգնվեց: ԽՍՀՄ-ը դարձավ մոտ 260 մլն……», գրում եք Դուք: Ի՞նչ բացատրություն կտաք այն փաստին, որ Ստալինը վերացրել է.
5 մարշալներից երեքին (Եգորով, Տուխաչևսկի, Բլյուխեր),
5 բանակի հրամանատարներից առաջին կարգի երեքին,
10 բանակի հրամանատարներից երկրորդ կարգի բոլորին,
57 կորպուսի հրամանատարներից 50-ին,
186 դիվիզիաների հրամանատարներից 154-ին,
16 բանակի կոմիսարներից առաջին և երկրորդ կարգի բոլորին,
28 կորպուսի կոմիսարներից 25-ին,
64 դիվիզիայի կոմիսարներից 58-ին,
456 գնդապետներից 401-ին ……
Իսկ տասնյակ միլիոնավոր բռնադատվածների մեջ քանի՞ միլիոն գյուտարար, գիտնական և փայլուն մտավորականներ կային, և նրանց շնորհիվ ինչպիսի՞ հզոր երկիր կդառնար բռնություններով ստեղծված Ձեր գովերգած երկիրը: Ինչ վերաբերում է Հայաստանին, որը խորհրդային իշխանության տարիներին դարձավ արդյունաբերական զարգացած երկիր, ինչպիսի՞ն կլիներ, եթե խորհրդայնացումից հետո չկորցներ իր տարածքի կեսը, և տարիներ շարունակ ստալինյան բռնատիրական լուծը չկախվեր հայ մտավորականների գլխին:
Մի հարցի մասին ևս: «Եթե Հմայակ Նազարեթյանը Կավբյուրոյի նիստում քվեարկում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում մնալու օգտին…. Եթե Ավիս Նուրիջանյանը Երևանի բանտում կացնահարում էր Սարդարապատի հերոսներին, դրանու՞մ էլ Ստալինն է մեղավոր: Եթե Մուղդուսին մինչև ուղն ու ծուծը ստոր էր, քծնող, դրանու՞մ էլ Ստալինն է մեղավոր: Մեր բոլոր դժբախտությունները, տիկին Մկրտչյան, փնտրեք մեր գենի մեջ...»,- գրում եք դուք: Պարոն Հովսեփյան, վերոհիշյալով հաստատում եք հայրիկիս միտքը, այն է՝ նրանք սկզբում կոմունիստ էին, հետո միայն՝ ազգանունով հայ և ոչ գենով:


Այսօր մեծացել է Ձեր բառերով ասած մեր «ինքնավնասակար էությունը»: Ցավում եմ, որ ժամանակի պահանջն անտեսելով, վերջերս շատերն են հայի եղած ու չեղած բացասական գծեր ներկայացնում և այն վերագրում նրա գենին, իսկ օտարը շատ լավ գիտի այն օգտագործելու տեղն ու ժամանակը: Բոլոր ժողովուրդների մեջ էլ կան նազարեթյաններ, իրենց ժողովրդին տանկերի տակ ճզմողներ, ընչաքաղցներ... Եթե մեզ մոտ այն ավելի ցայտուն է արտահայտվում, չի կապվում գենի հետ, այլ մեր ճակատագրական պատմության: Չվիրավորենք մեր պապերի հիշատակը և արժանապատիվ գենը:
Եթե Ձեզ համար, որպես հումանիստ մարդու, տարբերություն չկա «սեփական թե օտար ժողովրդի նկատմամբ է բռնություն կիրառվում», ապա ինձ համար տարբերությունը մեծ է: Այսօր իմ իշխանավորը իմ հայն է, և եթե հայրենիքի ու ժողովրդի ցավը իր համար առաջնային չէ, նա ատելի է դառնում՝ ավելի, քան օտարի իշխանությունը: Սովորաբար միջակությունները ավելի նպատակասլաց են որոշակի դիրքի հասնելու համար: Այն փաստը, որ մեր ժողովրդի դժգոհությունը սեփական իշխանության նկատմամբ հասել է ճակատագրական սահմանին, ապացուցում է, որ մեր իշխանավորների մեծ մասը այդ դասի կրողն է: Նրանց համար առաջնայինը շահն ու աթոռն է և ոչ թե դարերով դաժան ճանապարհ անցած հայն ու հայրենիքը:


Ի՞նչ անուն տալ մեր ժողովրդին աղքատության դուռը հասցնելու և արտագաղթի ճամփան բռնելու, երկրի կառավարումը դեպի միակուսակցական համակարգ տանելու, ամբողջ հարստությունը մի խումբ մարդկանց սեփականությունը դարձնելու, Ջավախքում տիրող վիճակի նկատմամբ անտարբեր կեցվածք ընդունելու, գիտության զարգացման և հայ գիտնականների դերն անտեսելու, կրթական համակարգը փորձադաշտ դարձնելու, օտարի ազդեցությունը մեծացնելու, Ամուլսարի շահագործման աշխատանքները չդադարեցնելու, հանքերը օտարների կողմից անխնա շահագործելու, երկիրը աղանդավորներով լցնելու, հայ ընտանիքին (որը մեր գոյության հիմքն է) սպառնացող ինչ-ինչ օրենքներ մեջտեղ բերելու և շատ ու շատ ուրիշ խնդիրներ ոտնահարող մեր իշխանությունների վարած քաղաքականությանը: Քառորդդարյա ՀՀ և Ղարաբաղի իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում մեծացել է «հայաստանցի» և «ղարաբաղցի» շեշտադրումը, մոռանալով այդ վերջածանցի խաղացած վնասակար դերը մեր պատմության մեջ: ՈՒզում եմ մեջբերել Ա. Ահարոնյանի՝ 1930 թ. Սորբոնի համալսարանում կարդացած դասախոսությունից. «Ազատությունը մեր հայրենիքի դուռը ծեծեց, բայց մենք հայ չէինք, այլ թուրքահայ, ռուսահայ, պարսկահայ, ամերիկահայ, նաև՝ ղարաբաղցի, վանեցի, մշեցի, երևանցի, կարինեցի և նրան՝ մեր փրկչին, չհասկացանք: Եվ ազատությունը մեր դռանը լացեց, մղկտաց ու հեռացավ»:
Մենք փրկության մի ճանապարհ ունենք. երկիրը պետք է կառավարեն միայն կրթված, լայն մտահորիզոն ունեցող, ազգի ու հայրենիքի ճակատագրով անհանգստացող նվիրյալներ:


Լուիզա ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 3615

Մեկնաբանություններ