Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՈՒ՞ր են մեր թագավորների ու նշանավոր զորավարների անունները

ՈՒ՞ր են մեր թագավորների ու նշանավոր զորավարների անունները
10.11.2017 | 11:37

ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ՕՏԱՐ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՈՎ

Ընթերցողին ենք ներկայացնում ՎՐԵԺ ԱԲՐԱՄՅԱՆԻ զբոսաշրջության զարգացման երկրորդ նախագիծը:
2017-ին զբոսաշրջիկների թիվը աշխարհում գերազանցեց մեկ միլիարդի նշագիծը:
Մինչդեռ Հայաստանը վերջին տարիներին հազիվ հաղթահարել է մեկ միլիոնի սահմանը, որի 50 տոկոսից ավելին արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներն են: Իսկ աշխարհում գոյություն ունեն երկրներ, որոնք ապրում են միայն զբոսաշրջությունից ստացվող եկամուտներով: Օրինակ` տարեկան 12 միլիոն զբոսաշրջիկ է այցելում Ստամբուլ: Վստահորեն, Նյու Յորքը, Լոնդոնը, Փարիզը, Տոկիոն և շատ այլ մայրաքաղաքներ ավելի շատ այցելուներ ունեն: Հիշեցնեմ, որ Մադամ Տյուսոյի թանգարանը Լոնդոնում հսկայական քանակով զբոսաշրջիկների է գրավում, բայց եթե անկեղծ լինենք` ընդամենը հետաքրքրաշարժ ու թարմ մի բան է, ոչինչ ավելի:


Տարիների փորձը ցույց տվեց, որ առաջին քրիստոնյա երկիր լինելով կամ չվերականգնված եկեղեցիներով չենք կարող միլիոնավոր արտասահմանցի զբոսաշրջիկների գրավել դեպի Հայաստան: Մնում է աշխարհին նորություն մատուցել:
Փորձենք հասկանալ, թե, բացի հին հուշարձաններից, Սևանից և Տաթևի ճոպանուղուց, ազգային խոհանոցից և թանգարաններից, ուրիշ ի՞նչն է գրավում օտարների ուշադրությունը: ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ժայռի վրա քանդակել են իրենց երեք հայտնի նախագահների արձանները, ուր ամեն տարի այցելում են մեծաքանակ զբոսաշրջիկներ: Աշխարհի գրեթե բոլոր երկրների հրապարակներում խոյանում են նշանավոր թագավորների կամ սեփական ժողովրդին ազատություն պարգևած անձանց արձանները: Հայաստանում, Վարդան և Անդրանիկ զորավարների ու Նժդեհի արձաններից բացի, ուրիշ պատմական արձան կարծես գոյություն չունի: ՈՒ՞ր մնացին այն թագավորները, թագուհիները, սպարապետները, ովքեր պատերազմեցին աշխարհի հզորների դեմ և, իրենց անձը զոհելով, կերտեցին Հայաստանի հազարամյակների պատմությունը:


Հաճախ գանգատվում ենք, որ նոր սերունդը հայոց պատմություն չգիտի:
Աշխարհի բոլոր երկրներում էլ աշակերտները սիրով չեն սովորում իրենց երկրի պատմությունը և դպրոցն ավարտելուց հետո շատ շուտով մոռանում են չոր ու ցամաք գրված պատմության էջերը։ Լսելը լավ է, կարդալը` ավելի լավ, սակայն տեսնելը ուղեղում ավելի ամուր է տպավորվում:
Չմոռանանք, որ հուշարձանները, կոթողները, քաղաքները և քարակոփ աղբյուրները դեռ մանկուց ճաշակ և գիտակցություն են ձևավորում:
Ասեք, խնդրեմ, ո՞ր հրապարակում կամ փողոցում են կանգնած Արտաշես Աշխարհակալի, Տիգրան Մեծի, Կլեոպատրայի առջև չխոնարհված Արտավազդ թագավորի արձանները:
Վաղարշապատ քաղաքը կառուցած Վաղարշ թագավորի արձանը գոյություն չունի այդ քաղաքում:


Հայոց պատմության մեջ Տրդատ Մեծ թագավորի անունը մեծատառերով է հիշատակվում: Նրա՛ օրոք Հայաստանն աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունեց: Սակայն, որքան էլ տարօրինակ է, հայոց աշխարհում Տրդատ թագավորի հուշարձան գոյություն չունի:
Աշոտ Երկաթը Սևանի կղզուց պարտության մատնեց Յուսուֆ ամիրայի Բեշիր զորապետին. վերականգնեց Բագրատունյաց թագավորությունը, 922 թվականին նրան շնորհվեց «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը: Մի՞թե նա արժանի չէր մի արձանի՝ Սևանա թերակղզում:
Կիլիկիայի համար բազմաթիվ երգեր ենք հորինել, բայց թե ով է հիմնադրել Կիլիկիայի հայկական թագավորությունը, Հայաստանում, առավել ևս աշխարհում, շատերը չգիտեն:
Ես Մարշալ Բաղրամյանի արձանի հարևանությամբ եմ ապրում: Նկատել եմ` հաճախ արտասահմանցի զբոսաշրջիկներն անտարբեր չեն անցնում զորավարի արձանի մոտով: Նկարվում են մենակ, ընկերներով կամ ընտանիքով, ձախից և աջից, հաճախ ուշադրություն չդարձնելով կից հուշատախտակին:


Սա ցույց է տալիս, որ զբոսաշրջիկները շատ են հետաքրքրվում օտար քաղաքում տեղադրված պատմական հուշարձաններով:
Զարմանալի է, բայց մինչև անգամ գերեզմանատներում այցելուները հաճախ կանգնում են տպավորիչ մահարձանների առջև:
Ընտրենք որևէ կիրճ Երևանից ոչ շատ հեռու և տեղադրենք կիրճի մեջ 10000 տարի աշխարհի պատմությունը կերտած ինչպես հայ, այնպես էլ օտար թագավորների ու նշանավոր անհատների արձանները:
ԿԻՐՃԸ
Ասածս մտքերը կյանքի կոչելու ամենից հարմար վայրը Հրազդանի կիրճի որևէ հատվածն է:
Նախ` մոտ է Երևանին, և ապա՝ գետի ջուրը հոսում է ամբողջ տարին և հարմար է ծառատունկի համար:
Թագավորների կիրճի երկարությունը պետք է ամենաքիչը 2-3 կմ լինի:
Ցանկալի է ոլորապտույտ, բայց հարմարավետ հատված՝ արձանների և կոթողների տեղադրման համար, միաժամանակ ապահովելով զբոսաշրջիկների՛ և երթևեկությունը, և՛ ապահովությունը:
Երթևեկությանը չխանգարելու նպատակով հարմար կլինի կիրճի ձախ կողմն օգտագործել որպես մուտք, իսկ աջը` ելք:
Հարկ կլինի Հրազդան գետի վրա կառուցել հարմարավետ կամուրջներ: Լուսավորությունն ապահովել բացառապես արևային էներգիայով:

ԱՅԳԻ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿ


Կիրճի կենտրոնում տեղադրված զբոսայգու տարածքը, իմ պատկերացմամբ, պետք է զբաղեցնի ավելի քան 10 հեկտար: Մուտքը կպսակի թագավորներին վայել հաղթական կամարը։
Զբոսայգու հարմար վայրերում կտեղադրվեն աշխարհի թագավորների, թագուհիների, սպարապետների ու զորավարների արձանները, իսկ հայոց թագավորների, թագուհիների, նշանավոր զորավարների և արժանավոր սպարապետների արձանները վեր կխոյանան զբոսայգու կենտրոն-հրապարակում: Գլխավոր դերում, իհարկե, Տիգրան Մեծի հուշարձանը կլինի: Երբ զբոսաշրջիկները մուտք գործեն զբոսայգի, պետք է տպավորություն ստանան, որ իսկապես թագավորների կիրճ են մտել, այլ ոչ սովորական զբոսավայր։
Ի դեպ, մուտքը դեպի կիրճ ընդարձակ և ներկայանալի պետք է լինի։
Հյուրանոցը, գետի ափին գարեջրի և գինիների բացօթյա ռեստորանները և թոնրատները յուրովի շուք կհաղորդեն այս ամենին։
Զբոսայգու մուտքը, իմ պատկերացմամբ, պետք է ազատ լինի բոլորի համար։
Կիրճի մուտքի վճարը նախընտրելի է 10000 ՀՀ դրամ 15 տարեկանից բարձր տարիքի այցելուների համար։
Զբոսաշրջիկների խմբերի և 3 կամ ավելի հոգուց բաղկացած ընտանիքների համար պետք է սահմանել 6500 դրամ, ոչ ավելի:
«Աշխարհի թագավորների կիրճը Հայաստանում» եզակի նախագիծ է և կարճ ժամանակ անց ներդրված գումարները կփոխհատուցի` դառնալով արտերկրյա զբոսաշրջիկների և հանրապետության բնակչության նախընտրելի զբոսավայրերից մեկը ամառ, թե ձմեռ:


Հրապարակման պատրաստեց
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4394

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ