«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հայ դիզայներները համախմբվում են

Հայ դիզայներները համախմբվում են
10.11.2017 | 11:39

Նորաձևության և դիզայնի մասնագետները որոշել են համախմբվել, միավորել ուժերը և նպաստել Հայաստանում այս ոլորտի զարգացմանը։ Այդ նպատակով բացվել է «Նորաձևության և դիզայնի պալատ» հասարակական կազմակերպությունը։
ՀԿ հիմնադիրներն են Վահան Խաչատրյանը, LOOM Weaving և NAGHASH բրենդների ներկայացուցիչները: ՀԿ-ն կունենա նաև ընտրված խորհուրդ, որին էլ վերապահվելու է հիմնական որոշումների ընդունման գործառույթը: ՀԿ-ի նախագահը դիզայներ Վահան Խաչատրյանն է:


Նախաձեռնության հեղինակներից մեկը՝ LOOM Weaving բրենդի համահիմնադիր Էլեն Մանուկյանը, մեզ հետ զրույցում նշում է, որ համախմբումն իրոք հասունացել էր, և իրենց առաջնահերթ նպատակներից է տեղեկանալ այս դաշտում գործունեություն ծավալող մարդկանց խնդիրներին, իրականացնել վերապատրաստումներ։ Իրականում շատ պրոբլեմներ ունեն դիզայներները. բուհն ավարտած մասնագետները պետք է սկսեն իրենց գործունեությունը, բիզնես դնեն կամ գնան ինչ-որ տեղ աշխատելու, այս ճանապարհին նրանք որոշ խնդիրների առջև են կանգնում, և կազմակերպությունը կփորձի նրանց աջակցել ծառացած խնդիրները լուծելու հարցում։
LOOM Weaving ապրանքանիշի համահիմնադիրը բերում է Վրաստանի օրինակը, որը բավականին մեծ ձեռքբերումներ ունի այս ուղղությամբ, և որտեղ բավականին շատ են համագործակցաբար աշխատող երիտասարդ դիզայներները։ Հայաստանում նույնպես փորձում են նախ զարգացնել դիզայնի, նորաձևության ոլորտը, ապա ներկայանալ միջազգային տարբեր հարթակներում։


«Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ն միավորման առաջարկ է արել Հայաստանում գործող բոլոր դիզայներներին։ Էլեն Մանուկյանը նշում է, որ ամբողջ աշխարհում ընդունված փորձ է ստեղծել մասնագիտական ասոցիացիաներ, ոլորտային հասարակական կազմակերպություններ և համախմբված կերպով պետության առջև բարձրացնել հարցեր, անել առաջարկություններ ու հասնել դրանց լուծմանը։ «Առանձին-առանձին գործելով՝ մեր աշխատանքը արդյունավետ չի լինի։ Միասին աշխատելիս նաև ռեսուրսներն են կրճատվում։ Ի դեպ, վերջին մեկ տարում համախմբման փորձեր եղել են, ինչի արդյունքում բավականին շատ գործ արվեց. հայկական արտադրանք թողարկող ընկերությունների խանութներ բացվեցին, հարթակներ ստեղծվեցին։ Մեկ-երկու դիզայներներ չէին կարող տարածք վերցնել, խանութ բացել, մինչդեռ մի քանիսը, միավորելով ուժերը, կարողացան օգնել իրենց բրենդների առաջխաղացմանը, ինչպես նաև նպաստեցին ոլորտի զարգացմանը»,- ասում է Էլեն Մանուկյանը։


ՀԿ անդամներն արդեն ունեն առաջիկա վեց ամիսների աշխատանքների ծրագիր։ Առաջին փուլում կիրականացվեն համապատասխան դասընթացներ, մասնագիտական պարապմունքներ՝ սեփական բրենդը ճիշտ ներկայացնելու հարցում, ինչից հետո էլ արդեն 2018-ի ավարտին կփորձեն մի քանի լավագույն հավաքածու ներկայացնել նաև միջազգային տարբեր հարթակներում։
Մեր այն հարցին՝ արդյոք հայկական նորաձևությունը մրցունա՞կ է միջազգային շուկայում, Էլեն Մանուկյանը համոզված ասում է, որ եթե աշխատես, ամեն ինչ էլ կկարողանաս դարձնել մրցունակ. «Մենք լավ ավանդույթներ ունենք, բացի այդ, երիտասարդները շատ ստեղծարար են։ Եվ պետք է օգտագործենք այդ ներուժը ոլորտը զարգացնելու համար»։
Ի դեպ, Էլեն Մանուկյանը տնտեսագետ է, միջազգային ծրագրերի համակարգող և գործունեություն է ծավալում նորաձևության, դիզայնի ոլորտում։ Նա նկատում է, որ ցանկացած ոլորտ մենեջմենտի, մարկետինգի իր նրբություններն ունի։ Մեր զրուցակիցը նաև ընդգծում է, որ դիզայնի ոլորտում նույնպես լավ մենեջմենտի անհրաժեշտություն կա։ Ստեղծագործող մարդը հաճախ հեռու է կառավարչական հմտություններից, սակայն բրենդի կայացման, առաջխաղացման հարցում լուրջ մենեջմենտ պետք է իրականացվի, և նորաստեղծ կազմակերպությունը փորձելու է նաև այդ բացը լրացնել այն դիզայներների շրջանում, որոնք ունեն դրա պահանջը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2691

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ