Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ես փորձել եմ հասկանալ Աշխարհն ու Մարդուն ստեղծած Արարչին»

«Ես փորձել եմ հասկանալ Աշխարհն ու  Մարդուն ստեղծած Արարչին»
10.11.2017 | 11:44

«Իրատեսի» հյուրը գրող, հրապարակախոս ՄԱՐԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆՆ է, զրույցի առիթը՝ նրա նորատիպ «Արարում. Տապան փրկության» գիրքը, որ ներկայացնում է հեղինակի դատողություններն ու մտասևեռումները աստվածաշնչյան ճշմարտությունների շուրջ:

«ԵՍ` ՈՐՊԵՍ ՄԱՐԴ ԲԱՆԱԿԱՆ, ԱՆԸՆԴՀԱՏ ՓՆՏՐՏՈՒՔԻ ԵՎ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԷԻ»


-Տիկին Մարի, Աստծո գործերն անքննելի են, և այնուամենայնիվ մարդ արարածը շարունակում է քննել-դատել-կշռադատել դրանք: Սա ինքնին հանդգնություն չէ՞ Աստծո հանդեպ:
-Գիրքս տարիների մտորումների արդյունք է: Ամեն բանական մարդ, որ ապրում է աշխարհում, ուզում է նաև հասկանալ Աստծո արարած բնության գեղեցկությունն ու իր` մարդու համար նրա օգտակար լինելը: Ես էլ փորձեցի հասկանալ աշխարհն ու այդ աշխարհն արարած Արարչին, հասկանալ Աստծո արարած մարդուն, որին, ըստ Կտակարանի, Աստված ստեղծել էր իր պատկերով և նմանությամբ: Պատկեր ասելով` երևի պիտի հասկանանք մարդու դեմք-դիմագիծը, իսկ նմանությունը մարդու հոգևոր և բանական աշխարհն է, որ նույնպես Աստծո պարգևն է: Եթե Աստված մարդուն ստեղծել է որպես բանական և հոգևոր էակ, ուրեմն մարդը չի կարող, եթե ուզում եք` իրավունք չունի ապրելու առանց բնությունը հասկանալու, առանց ըմբռնելու նրա խորհուրդն ու գաղտնիքները: Իսկ եթե հասկանում է բնության գաղտնիքները, մարդկային հարաբերությունների խորհուրդը, չի կարող անտարբեր լինել աշխարհում կատարվող անարդարությունների, դաժանությունների, մահ ու պատերազմի հանդեպ: Եվ ես` որպես մարդ բանական, անընդհատ փնտրտուքի և մտորումների մեջ էի: Ես կարծում եմ` եթե մարդը չփորձի քննել աշխարհը, որ նույնն է թե Աստծուն, նրան բանական համարել չի կարելի. դա կնշանակի, որ նա դեռ բնազդների սահմաններից դուրս չի եկել: Բայց մի՞թե մարդուն պատիվ է բերում մնալ բնազդների տիրույթում: Կարծում եմ` Աստված ինքն էլ «կնեղանար», եթե բանական մարդն իր գոյության սկզբից առայսօր բնազդի մակարդակից բարձրացած չլիներ: Ես փորձել եմ հասկանալ աշխարհն ու մարդուն ստեղծած Արարչին, հասկանալ նաև բարբարոսություններ անող և չզղջացող, ինձ պես մարդուն` իմ ժամանակաշրջանի մարդու հոգևոր և բարոյական ընկալումով: Թե որքան է դա ինձ հաջողվել, ընթերցողները կբացահայտեն:

«ՎԱՂՆՋԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ ՀԱՐԵՎԱՆ ՇԱՏ ԱԶԳԵՐ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՀԱՄԱՐԵԼ ԵՆ
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՐԿԻՐ»


-«Հայաստանն ու Հայը այստեղ տանուտեր են… Եվ ես հասկացա, որ աշխարհի երկրորդ փրկությունն էլ Հայաստանից պիտի սկսվի… Փրկության ձայնը պիտի Հայաստանից հնչի…»,- գրել եք Ձեր գրքի առաջաբանում: Մի՞թե ինքն իրեն փրկել չկարողացող, հարյուրամյակներ (եթե ոչ հազարամյակներ) շարունակ այլ տեղերից փրկության սպասող Հայաստանը կարող է իր վրա վերցնել աշխարհի փրկության առաքելությունը:
-Մեր ժողովուրդը տևական հազարամյակներ ունեցել է միասնական տարածք` հայրենիք, այդ հայրենիքում միմյանց հետ հաղորդակցվելու լեզվական և մշակութային ընդհանրություն, հոգեկերտվածքի և մտածողության առանձնահատկություն, առասպելաբանության և այլ խորհրդանիշերի համազգային նույնականացման դրսևորում, որոնք նրան տարբերում էին այլ ազգերից: Ահա այս հոգևոր նույնականացման շնորհիվ ամեն ժողովուրդ իր առջև խնդիր է դնում մեկուսանալ մյուսներից և պաշտպանել ու պահպանել իր տեսակը: Մեկուսանալու այս ձևը արտահայտվել է պետություն ստեղծելու և կայացնելու ձգտումով: Եվ դա մեզ` հայերիս, բարեբախտաբար, բազում դարեր հաջողվել է: Վաղնջական ժամանակներից հարևան շատ ազգեր մեր երկիրը համարել են աստվածային օրենքների երկիր: Բայց ի՞նչն է խաթարվել մեր պատմության մեջ: Ես ուզում եմ հիշեցնել պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» առասպելական մի դրվագ, որը կարծես վրիպել է մեր ժողովրդի ուշադրությունից: Դա հայոց արքա Արտաշեսի որդու` Արտավազդի ծննդի մասին պատմող դրվագն է: Այն մեր պատմության թերևս շրջադարձային, ես կասեի` ճակատագրական փուլն է եղել։ Խորենացին գրում է. «Երբ ծնվեց արքայորդի Արտավազդը, քաջքերը նրան գողացան և տեղը դև դրեցին»: Մի՞թե դա հնարավոր էր: Իհարկե՝ ոչ: Այդ դեպքում ի՞նչ էր այլաբանորեն ակնարկում քերթողահայրը: Հայաստանը երկիր էր, որտեղ ժողովուրդը վաղնջական դարերում ապրում էր աստվածային օրենքներով, այսինքն` արդար ու բարի, տիեզերական օրենքներին համահունչ։ Երկիր, որը ոչ թե ծավալապաշտական նկրտումներով էր տոգորված, այլ աստվածային օրենքներ էր «արտահանում»։ Եվ ահա մարդկային թուլությունների վրա հիմնված հոգեբանական ծածուկ ներգործումով (ինչպես այսօր) այդ երկրին դրսից պատվաստում են նյութապաշտություն: Եվ մեր ժողովուրդն իրեն օտար` նյութապաշտական սկզբունքների ներգործությամբ հոգով թուլանում է և աստիճանաբար կորցնում իր անվտանգությունն ապահովող տարածքային սահմանները, որտեղ կոչված էր պահպանելու նաև իր ազգային առանձնահատկությունները: Մեծ Հայքը աշխարհագրական և աշխարհաքաղաքական տեսանկյունից խաչմերուկ է, որը դեպի իրեն է ձգել հարևան ժողովուրդներին` տիրանալու այդ բարեբեր երկրին ու քաղաքական խաչմերուկին: Մեր բոլոր կորուստները բխում են հենց այդ իրողությունից: Մենք կորցրինք մեր հայրենիք-տարածքում մեր օրենքներով ապրելու հնարավորությունն ու ձգտումը: Այստեղից էլ ածանցյալ է մեր հայրենիք-սահմանների կորուստը: Աշխարհի շատ ժողովուրդներ ապրել ու ապրում են այլոց հող-հայրենիքը բռնազավթելու, նրա ժողովրդին ստրկացնելու, թալանելու սկզբունքով: Մենք ապրել ենք ինքնապաշտպանության բնական օրենքներով: Այսօր էլ այդպես ենք ապրում: Հին կտակարանը` մեր տարածաշրջանի ժողովուրդների նախապատմական շրջանի գրավոր այս հիշատակարանը, փաստում է, որ Մեծ Հայքն է եղել արարչության երկիրը, և նույն այդ երկիրն է եղել մարդկության փրկության տապանի հանգրվանը ջրհեղեղից հետո: Այսօր Աշխարհին պակասում է աստվածային, տիեզերական օրենքների գերակայությունը, ու թեև մեզ հալածել են ու խլել մեր հայրենիք-պետության սահմանները, այդ ազգերը բնավ չեն հարստացել հոգևոր արժեքներով, թեև ստեղծել են հզոր կայսրություններ և պետություններ: Այս նյութական հզորությունը չափազանց փխրուն է. այսօր մարդկությունը հոգևորի և ոգեղենի ծարավ է: Պատմականորեն հայ ժողովրդի ձեռքերը ուրիշ ժողովուրդների արյունով չի ներկվել: Ուրեմն մարդկությանը այս դժոխքից դուրս գալու հարցում կարող է օգնել նախաստեղծ այն ժողովուրդը, որի հայրենիքն ու սուրբ լյառն Արարատ դարձան փրկության տապանը, և որի ձեռքերն ու խիղճը մաքուր են: Մենք կարող ենք նաև մեզ պարտադրվող աղտից և ախտից մաքրվել: Եվ հենց դա էլ կլինի փրկության տապանի հույսի ազդանշանը:


«ՄԱՐԴԸ ԴԵՌ ԿԴԵԳԵՐԻ ՉԱՐԻ ԲԱՎԻՂՆԵՐՈՒՄ, ԵԹԵ ՇԱՐՈՒՆԱԿԻ ՆՅՈՒԹԸ, ՓՈՂԸ,
ՓԱՌՔԸ ԳԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ ՍԻՐՈՒՑ ՈՒ ԽՂՃԻՑ, ՀՈԳՈՒՑ ՈՒ ՈԳՈՒՑ»


-Ձեր պոեմում Արարիչը տեսնում և հեգնում է իր հետ հավասարվելու հավակնող Արևի նկրտումները: Արդյո՞ք այս հավակնոտության արարիչը ևս Աստված չէ, հավակնոտություն, որը հենց մեր` մահկանացուներիս մեջ դառնում է Բարձրյալի զայրույթին արժանանալու պատճառներից մեկը:
-Հետաքրքիր ու նուրբ դիտարկում է: Բարձրյալը հենց այդպես կանխում է նաև մեր` մահկանացուներիս գոռոզամտությունը.
«Տեսավ Արարիչն ու թեթև հեգնեց.
իր ձեռքով ստեղծած ոչ մի գոյ երբեք,
չի կարող Աստված, Արարիչ լինել»:
Մինչդեռ մարդը աստվածացրեց ու պաշտեց արևը, և նույն այդ մարդածին մարդն ինքն իրեն Աստված հորջորջեց և ստիպեց իր նմաններին երկրպագել իրեն: Այսօր էլ մենք ականատեսն ենք այդ հավակնությունների:
-«Կյանքը Սիրո և Խղճի զավակն է,
Մահը դահիճն է Սիրո և Խղճի…»:
Ձեր այս տողերում մահվան ո՞ր տեսակն է ակնարկվում. չէ՞ որ քրիստոնեության անկյունաքարային հավատամքը մահվան ժխտումն է:
-Մահը ժխտել հնարավոր չէ. այն առկա է և հաճախ` անժամանակ ու ցավալի: Այո, քրիստոնեության անկյունաքարային հավատամքն է հոգու անմահությունը: Հոգու անմահությանը հավատում էին նաև վաղնջական ժամանակներում, երբ հանգուցյալների հետ գերեզմանի մեջ դնում էին հագուստ և կենցաղային առարկաներ, արհեստի գործիքներ, իսկ թագավորների, կայսրերի ու փարավոնների հետ` թագ ու գայիսոն, որպեսզի նրանք հանդերձյալ աշխարհում շարունակեն ապրել որպես շինական ու արհեստավոր, թագավոր ու փարավոն: Խոսքս կյանքի ու մահվան` սկզբի ու վախճանի հարատևության մասին է, այն մասին, որ մարդը չմոռանա պատասխանատու լինել կյանքի հանդեպ, որպեսզի կյանքը որպես պարգև ընդունի, իսկ մահը` որպես հատուցում կյանքը եղծելու համար: Մահը, ցավոք, այս էլ քանի դար, միայն մարմնի տիրույթում չէ. այն ոչնչացնում է նաև հոգևոր արժեքները:
-Դուք իբրև Աստծո առաջին մարդ-արարչագործություն ներկայացնում եք կնոջը: Վստահ եմ` գիտեք, թե քանի՜-քանի առաջադեմ մտածողներ (հիմնականում` կին մտածողներ), հիմնավորել են կնոջը` Եվային, Ադամից հետո ստեղծելու Աստծո քայլը: Ձեզ դրանք չէի՞ն համոզում, որ փորձեցիք կտրուկ շրջադարձ կատարել այդ դաշտում:
-Այս հարցի պատասխանը կա գրքում. կինն արտ ու անդաստան է, այրը` պտղաբեր սերմ: Եթե չկա արտ ու անդաստան, ինչի՞ է պետք սերմը, որը կարող է քամին քշել ու տանել: Թեև ես էլ կեսկատակ ասում եմ, որ Աստված Ադամին ստեղծեց «անվարժ» ձեռքերով, և երբ տեսավ այր մարդու անկատարությունը, կնոջը ստեղծեց ոչ թե կավից, այլ միս ու արյունից և շտկեց բոլոր բացթողումները, որ ուներ Ադամը`որպես երախայրիք:
-Աստծո հետ երկխոսելու նպատակո՞վ է գրվել այս գիրքը, ինչպես ակնարկվում է խմբագրի՝ Վրեժ Սարուխանյանի առաջաբանում, թե՞ Աստծուն հակադրվելու:
-Ձեր այս հարցին ես գրեթե պատասխանել եմ հենց սկզբում: Ես` որպես մարդ բանական, փնտրտուքի մեջ եմ և ուզում եմ հասկանալ և՛ Աստծո սերն ու բարությունը, և՛ մարդու չարության ակունքները: Կարծում եմ՝ մարդը դեռ կդեգերի չարի բավիղներում, եթե շարունակի նյութը, փողը, փառքը գերագնահատել սիրուց ու խղճից, հոգուց ու ոգուց: Հենց այս մոլորությունն էլ մարդուն մղում է իր իսկ ձեռքերով ավերելու իր աշխարհը: Խոսքս ուզում եմ ավարտել «Աղոթքի» վերջին տողերով.
«Տե՛ր, Քո Լո՛ւյսը տուր բյուր ամենեցուն…
Եվ թող եղիցին թողությունը Քո
և Օրհնությունը երիցս անգամ
և Հավիտյանս…»:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5777

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ