Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Երբ նստում եմ դաշնամուրի առջև, կարծես կյանք եմ վերադառնում»

«Երբ նստում եմ դաշնամուրի առջև, կարծես կյանք եմ վերադառնում»
10.11.2017 | 11:59

«Նարեկացի» արվեստի միության համերգասրահում դաշնամուրային երեկո էր: Միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանը բեմ բարձրացավ՝ ուղեկցելով հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, վիրտուոզ դաշնակահար ԼԵՎՈՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ:
Նարեկը հուզմունքով խոսեց Լևոնի մասին՝ հանդիսականին պատմելով իրենց հանդիպումների, դեպի հեռուստատեսություն տանող ճանապարհին իրենց հետաքրքիր զրույցների մասին՝ ներկայացնելով Լևոնի շաբաթը հայրենիքում:
Լևոնի հոգու մեջ աշխարհն այնպիսին է, ինչպիսին նա զգում է` ձայները, պատկերները, բույրերը, մարդկանց, երևույթները: Բոլոր առարկաները նա տեսնում է մութ տարածության մեջ` գույնզգույն թելերի միջոցով ստացած ուրվագծերով: Սակայն Լևոնն իր ներքին աշխարհը զարդարել է երաժշտության մոգական ելևէջներով, որոնք ուժ են հաղորդում նրան, մղում հասնելու ավելիին: Եվ բոլոր խնդիրները նրա համար միշտ լուծելի են իր անկոտրում կամքի և ուսման հանդեպ տածած մեծ սիրո շնորհիվ:


Լևոն Կարապետյանը ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանում՝ երաժիշտ-մանկավարժների ընտանիքում: Նա պատմում է, որ մանկուց էր սիրում ձայնապնակները միացնել և լսել երաժշտություն: Հայրը բեմադրող ռեժիսոր էր, տանը միշտ հնչում էին դասական երաժշտություն, ջազ, ռոք: Նվագել սկսել է 7 տարեկանից՝ դպրոցին կից ստուդիայում, 3-րդ դասարանից տեղափոխվելով երաժշտական դպրոց: 2004 թ. ավարտել է Ա. Հեքիմյանի անվան, 2007 թ.` Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցները:
2007-2013 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկի դասարանում՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճան: Տեղափոխվելով Ֆրանսիա՝ 2014-2016 թթ. մասնագիտական կատարելագործման դասընթացներ է ստացել Ստրասբուրգի երաժշտական արվեստի և պարի ակադեմիայում՝ պրոֆեսորներ Ամի Լինի և Լորան Կաբասոյի դասարաններում:


Մենահամերգներով և սիմֆոնիկ նվագախմբերի հետ դաշնամուրային կատարումներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: 2010-11 թթ. Սանկտ Պետերբուրգում հանդես է եկել տեղի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր` Միխայիլ Տատարնիկով), 2007 թ.` ՀՀ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Մոցարտի 19-րդ կոնցերտով (դիրիժոր` Ռուբեն Ասատրյան), 2012 թ.` Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ Բեթհովենի 3-րդ կոնցերտով (դիրիժոր` Կարեն Դուրգարյան): 2010 թ. «Արմենիա Մյուզիք Սենթրին» ԱՄՆ-ում թողարկել է նրա առաջին ձայնասկավառակը: Վարպետության դասընթացներ է անցել հռչակավոր դաշնակահար Բորիս Բեռմանի և ֆրանսիացի ականավոր դաշնակահար Բեռնար Դասկոլիի մոտ:
Նա նվագել է Բորիս Բեռմանի հետ՝ նվագացանկում ընդգրկելով Բախի, Բեթհովենի, Մոցարտի, Չայկովսկու, Շուբերտի, Շոպենի, Ռախմանինովի, Սկրյաբինի, Ա. Խաչատրյանի և այլոց դաշնամուրային ստեղծագործությունները:


Լևոնն այժմ ուսանում է Ստրասբուրգի ակադեմիական կոնսերվատորիայում, հանդես է գալիս համերգներով, հանրապետական և միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր է: Ստրասբուրգում կայացած իր համերգների ավարտին Լևոնը մշտապես կատարում է հայկական ստեղծագործություններ (Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան)։ Նրա խոսքով` դրսում շատ ջերմ է ընդունվում հայկական երաժշտությունը, մեր մեղեդային երաժշտությունը գրավում է այլազգի ունկնդրին։
Երկարատև բացակայությունից հետո Լևոնը հայրենիքում է, այստեղ շատ լավ է զգում՝ վայելելով հայաստանյան աշունը:


Չնայած մեր հասարակության մեջ հաշմանդամ մարդու ճանապարհին ծառացած բազում խոչընդոտներին՝ Լևոն Կարապետյանը անասելի կամքի ուժի և ձգտման շնորհիվ կարողացել է հասնել բազմաթիվ նվաճումների: Նրա ճանապարհին հայտնվել են մանկավարժներ, պրոֆեսորներ, ովքեր տարակուսել են` թույլ տա՞լ նրա բեմելը, պատճառաբանելով, թե չի տեսնում, ինչպես պետք է ելույթ ունենա: Եվ, այնուամենայնիվ, գտնվել են և այնպիսի անհատներ, ովքեր հավատալով նրա ներուժին՝ խրախուսել են և ասել՝ նա պետք է նվագի: Եվ այդպես սկսվել է նրա ուղին՝ լի առաջընթացով:
Լևոնը միշտ լսում է բոլոր կարծիքներն իր մասին և փորձում կատարելագործվել: Համոզված է, որ երաժշտության աշխարհում միշտ կարելի է կատարելագործվել, եթե կա ձգտում:
Շատ է սիրում կյանքը, լույսը, արևը: Սիրում է իր մասնագիտությունը: Միշտ պարապում է: «Եթե մարդը հաշմանդամ է, հասարակության դժվար է ընդունվում, բայց իր ստեղծած որակյալ աշխատանքը կընդունվի: Հաշմանդամ շատ երաժիշտներ կան, որոնց ստեղծած արժեքն ենք գնահատում: Պետք է շատ աշխատել, կգա մի օր, որ քո արած որակյալ աշխատանքը կգնահատվի»,- ասում է նա։


2017 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած «Արամ Խաչատրյան» 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում Լևոն Կարապետյանը ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)՝ հնչեցնելով Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Իսկ «Նարեկացի» արվեստի միության դահլիճում կայացած մենահամերգի ժամանակ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու Բախի, Բեթհովենի, Շուբերտի, Շոպենի, Խաչատրյանի ստեղծագործությունները։
«Սիրում եմ նվագել։ Եթե մի քանի օր չեմ նվագում, դա վատ է անդրադառնում ինձ վրա։ Երբ նորից նստում եմ դաշնամուրի առջև, կարծես կյանք եմ վերադառնում»,- ասում է Լևոնը։


Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2335

Մեկնաբանություններ