Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Միությունը շարունակում է հաստատուն քայլերով կերտել հայ երաժշտարվեստի պատմությունը»

«Միությունը շարունակում է հաստատուն քայլերով  կերտել հայ երաժշտարվեստի պատմությունը»
10.11.2017 | 12:09

Հայ ժամանակակից երաժշտության ամենամյա փառատոնն այս տարի նվիրված էր Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին: Այս օրերին երևանյան համերգասրահներում հնչեցին կամերային, մանկական, երգչախմբային, էստրադային, սիմֆոնիկ, վոկալ-սիմֆոնիկ երաժշտություն, ինչպես նաև մոնո-օպերա:


Եզրափակիչ համերգում ընդգրկված էին կոմպոզիտորների միության անդամ, նաև հայկական կոմպոզիտորական դպրոցի վառ ներկայացուցիչների ստեղծագործությունները (Արամ Խաչատրյան, Էդվարդ Միրզոյան, Մարտուն Իսրայելյան, Ավետիս Բերբերյան, Նուբար Ասլանյան, Լևոն Չաուշյան, Արամ Սաթյան): Ստեղծագործությունները կատարում էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Հովհաննես Չեքիջյան): Հնչող գործերից մի քանիսը պրեմիերաներ էին:


Հավելենք, որ կոմպոզիտորների միության 85-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երաժշտարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար, նաև ՀԿՄ հիմնադրման 85-ամյակի առթիվ կոմպոզիտորների միության նախագահ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԸ պարգևատրվեց Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալով: Ստեփան Շաքարյանին շնորհվեց ժողովրդական արտիստի պատվավոր կոչում, Վարդ Մանուկյանին` արվեստի վաստակավոր գործչի կոչում: Արմեն Բուդաղյանը և Սուրեն Զաքարյանը պարգևատրվեցին Մովսես Խորենացու մեդալով:
Սա այն դեպքն է, երբ հանդիսատեսը երիցս ուրախ էր սիրված արվեստագետներին ըստ արժանվույն մատուցված պարգևների, կոչումների համար: «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչող հատընտիր երաժշտությունն իր հերթին գալիս էր փաստելու ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի համոզմունքն առ այն, որ միությունը շարունակում է հաստատուն քայլերով կերտել հայ երաժշտարվեստի պատմությունը: ՀԿՄ նախագահը տեղեկացրեց նաև, որ հոբելյանական այս տարվա ընթացքում հանրապետությունում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ միջոցառումներ են եղել` նվիրված միության 85-ամյակին: Հնչել են ավելի քան 80 կոմպոզիտորների ստեղծագործություններ: Շնորհակալություն հայտնեց բոլոր այն անհատներին, կազմակերպություններին, նաև հանրապետության նախագահին, ովքեր իրենց կողքին են եղել:


Ստորև ներկայացնում ենք մինչ համերգը ԱՎԵՏԻՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ, ՄԱՐՏՈՒՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ, ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆԻ հետ մեր ունեցած ճեպազրույցները:

«ՈՐՊԵՍԶԻ ԳՈՐԾԸ ՍԻՐՎԻ ԿԱՄ ՉՍԻՐՎԻ, ՆԱԽ ՊԵՏՔ Է ՀՆՉԻ»
ԱՎԵՏԻՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ «Ադաջոն»` գրված սիմֆոնիկ նվագախմբի համար (1997 թ.), բազմիցս հնչել է ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի կատարմամբ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:
-ՈՒրախ եմ և հպարտ, որ կոմպոզիտորների միության 85-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնի փակմանը ներգրավված եմ նաև ես,- մեզ հետ զրույցում ասաց կոմպոզիտորը:
-Ինչու՞ հենց «Ադաջոն»:
-Անկեղծ ասած` նախատեսել էինք ավելի մասշտաբային մի աշխատանք, որը ներկայացնելու համար նվագախմբի հավելյալ արտիստներն էին պետք: Սակայն ժամկետները սեղմ էին, տեխնիկական և այլ խնդիրներից խուսափելու համար որոշեցինք ավելի հայտնի, սահուն ընթացող, երկարատև աշխատանք չպահանջող ստեղծագործություն ներկայացնել:
-Ի՞նչ կասեք նմանատիպ փառատոների կարևորության մասին:
-Այսպիսի միջոցառումները շատ պետք է լինեն, որ, նախ և առաջ, հանդիսատեսը ճանաչի իր ժամանակի կոմպոզիտորին, ծանոթանա նրա ստեղծագործական ուղուն: Վերջնարդյունքում հանդիսատեսը, ժողովուրդն ինքն է իր հետ տանում այս ստեղծագործությունները: Բայց որպեսզի գործը սիրվի կամ չսիրվի, նախ պետք է հնչի, տարածում գտնի:
-Ինչպե՞ս կբնորոշեք հայ հանդիսատեսին:
-Մեր հանդիսատեսը միշտ եղել է բծախնդիր: Ես հիշում եմ, որ անգամ աշխարհահռչակ, մեծ վարպետների համար հայաստանյան հյուրախաղերը կարևորագույն փորձաքար էին:
-Փառատոնի շրջանակում ներկայացվում են երիտասարդ կոմպոզիտորների գործեր: Հետևո՞ւմ եք նոր անուններին, ի՞նչ կարծիք ունեք:
-Անշուշտ հետևում եմ: Լավ գործեր են ծնվել, փայլուն երիտասարդություն ունենք: Մեր առաջնահերթ խնդիրներից մեկը երիտասարդներին ներկայանալու հնարավորություն ընձեռելը պետք է լինի, նրանց համար նորանոր դռներ բացելը: Երիտասարդ կոմպոզիտորը պետք է լսի այն, ինչ ստեղծում է, տեսնի թերությունները, ձեռքբերումներն ու հետևություններ անի` հարթելով իր ստեղծագործական ուղին:
-Մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակն ինչպե՞ս է անդրադառնում արվեստագետի վրա:
-Դժվարագույն վիճակներն արվեստագետին, ստեղծագործողին դրդում են այդ դժվարությունների ընդերքից դուրս բերելու նորանոր ստեղծագործություններ, որոնք շատ ավելի խոսուն են լինում, քան այն ստեղծագործությունները, որ ստեղծվում են պատվերով կամ տաք սենյակում ստեղծագործելիս:

«ՈՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՉՄԵՌՆԻ, ՈՐ ՇԱՐԺՎԻ, ՈՐ ԼԻՆԻ, ՈՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ»
ՄԱՐՏՈՒՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ «Ձոն» ստեղծագործությունը (խոսք՝ Դանիել Վարուժանի), գրված երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, հնչում էր առաջին անգամ:
-Կարելի՞ է ասել, որ հայ ժամանակակից երաժշտության ամենամյա փառատոնը կամուրջ է կոմպոզիտորների ու երաժշտասերների միջև:
-Չեմ կարող ասել` կամուրջ ստեղծվում է, թե ոչ, բայց գիտեմ, որ ինչքան երաժշտություն է հնչում այդ կողմի վրա, այնքան ունկնդիրը գալիս է դեպի այդ կողմը, այդ երաժիշտը:
-Իսկ, առհասարակ, մեր երկրում կա՞ն բավարար պայմաններ, որ կոմպոզիտորի գործը հասնի ունկնդրին:
-Դա դժվար գործ է: Պետք է փող ունենալ, կատարողներն աշխատում են, պետք է վարձատրել: Թե որտեղից է այդ փողը, կոմպոզիտո՞րն ունի, հովանավորու՞մ են, թե՞ պետությունն է աջակցում` չգիտեմ: Եթե լինում է, կատարում են:
-Մեր օրերում բա՞րդ է ստեղծագործելը:
-Գիտեք, բարդ է, բայց եթե նայենք մեր երկրի վիճակին, մշակույթն առհասարակ պետք է մի կողմ դնենք: Ամեն ինչ պետք է անել, որ մշակույթը չմեռնի, որ շարժվի, որ լինի, որ գոյություն ունենա:
-Ժամանակները, մարդիկ փոխվում են, իսկ երաժշտությու՞նը, երաժշտական ընկալումնե՞րը:
-Ամեն ինչն էլ փոխվում է, բայց այսօր լսում են դասականների ոսկի շրջանի ներկայացուցիչներին` Բախ, Մոցարտ, Բեթհովեն: Նրանց շարունակողներին լսու՞մ են արդյոք: Հիմա նրանց ստեղծածին համարժեք երաժշտություն կա՞: Դա էլ կա: Նայած` ինչ ես ստեղծում: Եթե վատն է, չի հուզում, ինչու՞ պետք է լսեն:
-Իսկ կա՞ն Ձեր նշած անուններին համարժեք երաժիշտներ:
-Չեն կարող չլինել: Ես չեմ կարող անուններ տալ, բայց որ չեն կարող չլինել, դա հաստատ է:

«ԵՍ ԳՐԵԼ ԵՄ «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ», ՍԱ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ՞»
«Հիմն Արցախին» պոեմը, գրված սիմֆոնիկ նվագախմբի ու երգչախմբի համար, իսրայելաբնակ կոմպոզիտոր ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆԸ գրել է 1990-ին: Հայաստանում հնչում է առաջին անգամ:
-Ինչու՞ այդքան ուշացումով:
-Ձեր թերթն անդրադարձել է արդեն այդ հարցին, ում հետաքրքրում է, թող կարդա:
-Փառատոնն ինչպե՞ս եք գնահատում:
-Սա գտած մի բան է, շնորհակալ եմ փառատոնը հովանավորողին, ծրագիրը կազմողին և ինձ հարգողին, որ ներգրավել է իմ ստեղծագործությունը: Փառատոնը հայաստանյան գործընկերներիս համար մի խթան է, ներկայանալու հնարավորություն: Իմ գործերը, շատ թե քիչ, կատարվում են տարբեր երկրներում:
-Նաև դրսի մեր կոմպոզիտորների համար լավ հնարավորություն է հայրենիքում ներկայանալու՞:
-Դա ևս, իհարկե, այն հայ կոմպոզիտորի համար, որը, ներողություն անհամեստության համար, ինձ պես ակտիվ է:
-Տարեցտարի ի՞նչ փոփոխություններ եք նկատում երաժշտարվեստի ոլորտում:
-Տարեցտարի, ասեմ, որ նախ ես եմ ծերանում (ծիծաղում է- Ա. Ս.), եթե որակական իմաստով եք ասում, ուրախալի է, որ մեր կոմպոզիտորներն անընդհատ ստեղծագործում են տարբեր ժանրերում:
-Ընդհանուր եզրեր ունե՞ն քաղաքականությունն ու երաժշտությունը:
-Մեկը մյուսին լրացնում է: Ես գրել եմ «Հիմն Արցախին», սա քաղաքականություն չէ՞, ընդ որում` նվիրել եմ, սա շատ կարևոր է, «բոլոր նրանց, ովքեր ընկան, բոլոր նրանց, ովքեր կանգնեցին քեզ համար, Արցա՛խ»:
-Հայաստանյան հանդիսատեսի մասին ի՞նչ կասեք:
-Դեռ խորհրդային տարիներից գիտեինք, որ հայ հանդիսատեսը շատ անաչառ է ու շատ խստապահանջ:
-Պրեմիերայով ներկայանալու մտադրություն ունե՞ք:
-Մի խմբերգ ունեմ, որ չի հնչել: Արտագաղթի մասին է: Այս տարի փառատոնի կազմակերպիչները չվերցրին, որովհետև, ասացին` ամեն հեղինակից մի գործ է ընդունվում: Մի քիչ վատ զգացի, բայց ի՞նչ անենք, չնայած կային հեղինակներ, որ երկու-երեք գործով են ներկայացել:
-Հաջորդ տարի «Արտագաղթո՞վ» եք ներկայանալու:
-Եթե Տերը կամենա, ես մյուս տարի իմ 75-ը բոլորեմ…
-Հոբելյանական համե՞րգ է սպասվում:
-Չգիտեմ, համոզված չեմ, որ հոբելյանական համերգ կկազմակերպեն, բայց Հայֆայում արդեն նախատեսված է, եկող տարի տոնելու են 75-ամյակս:


Ճեպազրույցները`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ