Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գեղասահքը միայն գեղեցիկ սահք չէ

Գեղասահքը միայն գեղեցիկ սահք չէ
10.11.2017 | 12:20

Պեկինում անցկացված գեղասահքի Մեծ մրցաշարի երրորդ փուլում ռուս Ալինա Զագիտովայի հաղթանակի մասին արդեն գրել ենք` նշելով նրա տակավին դեռատի տարիքը, մարզչական ինչ խմբի պատկանելը: Թվում է, թե ամեն ինչ ասված է, իսկ աղջնակի հաղթանակի կապակցությամբ առանձնապես չպիտի զարմանալ, մանավանդ որ այդ նույն տասնհինգ տարեկանից մեծահասակների մրցաշարերը երկու տարի առաջ սկսեց գրոհել և մեր Եվգենյա Մեդվեդևան, ու եթե պեկինյան գրան պրիի փուլում հաղթանակն առաջինն է Զագիտովայի մարզական կյանքում մեծահասակների մեջ (տարիքային այս խմբում նա մի միջազգայինում էլ է հաղթել), Մեդվեդևան ոչ միայն այդ առաջինն է հաջողությամբ անցել, այլև (սկսած պատանեկան մրցաշարերից) մինչև այժմ չգիտի պարտություն ասված բանը, իսկ այս ընթացքում նրա կյանքում տարիքային տարբեր խմբերի աշխարհի ու Եվրոպայի մեկ առաջնություն չէ, որ եղել է, ոչ թե գրան պրիի առանձին վերցրած փուլի, այլ փուլերի ու դրանց ընդհանրական հաղթանակների:

Հիմա ընթերցողը կասի` բա որ ամեն ինչ այդպես հարթ ու հանգիստ է, մենք ինչու՞ ենք այսպես խառնվել:
Պատասխանեմ` մենք չենք խառվել, խառնվելու բան էլ չունենք, իսկ թե խառնվող էլ կա, եղանակի տեսության հողի վրա «Արմենիա» հեռուստաընկերությունից Լիլի Հովերի հետ անառողջ մրցակցության մեջ գտնվող Գագիկ Սուրենյանն է, ով, եթե դեպքերն այսպես ընթանան, աչքիս Ազգային ժողովի պատգամավոր էլ կդառնա: Ինչ վերաբերում է բուն թեմային, իրողությունների հետ իրականությունը հետևյալն է:
2018-ն օլիմպիական տարի է: Գեղասահքից ոսկե մեդալ շահելու Ռուսաստանի ընտրանու առավել հավանական հույսը կանանց մենասահքն է: Քվոտայով ռուսներն այստեղ կարող են երեք ներկայացուցիչ ունենալ: Այդ երեքից մեկն անվերապահորեն Եվգենյա Մեդվեդևան է, ու նա այնպիսի ՄԵԿ է, ում բացարձակ առաջատար լինելն անվերապահորեն ու անառարկելիորեն ընդունում է ողջ մարզաշխարհը:


Մյուս երկուսի հարցում ռուսներն ակտիվ որոնումների մեջ են: Հավաքականում իր վերջնական տեղն ապահովելու համար դեռ շատ բան ունի ապացուցելու Ելենա Ռոդիոնովան, որն անասելի ծանր է տանում Մեդվեդևայի լիդերությունը, ինչ է թե տարիքի բերումով մեծահասակների հավաքականում ինքը նրանից ավելի վաղ է հայտնվել:
Նման կարգի մի ողբերգություն էլ տևական ժամանակ ապրեց թիմային հաշվարկում Սոչիի օլիմպիական խաղերի չեմպիոն Մարիա Լիպնիցկայան, որը, սակայն, այդպես էլ չկարողանալով իրացվել, նաև վնասվածքները պատճառ բերելով, ամիսներ առաջ հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին: Եվ դա ոչ լրիվ տասնինը տարեկանում:


Սեփական ամբիցիաների առաջ անզոր եղած այս մարզուհիների պայմաններում Ռուսաստանի ընտրանու կազմում սկսեց ավելի վառ շողշողալ Աննա Պոգորիլայան, սակայն նա անհուսալիորեն ձախողեց աշխարհի 2017 թ. առաջնությունն ու նույնքան վատ հանդես եկավ գրան պրիի մրցաշարերից մեկում: Եթե հոգեբանականի կողքին հաշվի առնենք և այն, որ այս մարզուհին մեջքի լուրջ վնասվածք ունի, ապա դժվար թե հայտնվի Փխենչխան մեկնող օլիմպիականի կազմում:
Աշխարհի վերջին առաջնության մասնակցության կողքին մի քանի միջազգային մրցաշարերում իրեն լավ դրսևորած Ստոսկայան կարծես թե օլիմպիական հավաքականում գրանցվելու հայտ է ներկայացնում, սակայն նա, թերևս, սպասված մակարդակի վառ աստղ չէ, որը կարող է ոսկե մեդալի համար ձեռնոց նետել ուժեղագույններին: Ահա այս երեքի կողքին (Տուխտամիշևան, կարծես, այդպես էլ կմնա համաշխարհային գեղասահքում շռնդալից հայտ ներկայացրած, սակայն մինչև վերջ չբացված մարզիկ) հայտնվել է Ալինա Զագիտովան այնպիսի զորեղ հայտով, որ սկսել է ընկալվել եթե ոչ ամբողջապես Մեդվեդևայի մակարդակի, գոնե նրան ձեռնոց նետելու պատրաստ մարզուհի:


Մինչև այսօր Զագիտովան ու Մեդվեդևան, երկուսն էլ տաղանդավոր մարզիչ Էթերի Տուտբերիձեի սան, մեկ մրցաշարի շրջանակներում իրար չեն հանդիպել: Բնականաբար, այդ դիմակայությանը և՛ մարզասերները, և՛ մասնագետները սպասում են մեծ անհամբերությամբ: Նրանց առաջին առճակատումը կլինի շատ շուտով` դեկտեմբերի 7-10-ին: Հանդիպման վայրը Նագոյան է (Ճապոնիա): Սա ինքնին գերհետաքրքրություն ներկայացնող փաստ է, սակայն ինտրիգը սրանով չի ավարտվում: Ճակատագրի կամոք նրանք, ամենայն հավանականությամբ, սրերը կխաչաձևեն ևս երկու անգամ. հունվարին` Մոսկվայում (Եվրոպայի առաջնություն), և փետրվարին` Կորեայում` քառամյա մարզական փուլի գլխավոր հանդեսում:


Գաղտնիք չէ, որ տևական ժամանակում որքան կայուն մրցելույթներ է ունենում մարզիկը, նրա նկատմամբ նույնքան բարյացակամ են տրամադրվում մրցավարները: Նման բան եղել է նաև Մեդվեդևայի հետ, որը մրցավարների կոմպոնենտների համար միայն վերջին տարում սկսեց ամենաբարձր միավորները ստանալ:
Կոմպոնենտները, իսկ շարքային ընթերցողին ավելի հասկանալի լեզվով ասած` մրցելույթից ընդհանուր տպավորությունը, կազմված են հինգ բաղկացուցչից` չմշկի տիրապետում (այլ կերպ ասած` սահքին տիրապետում), կապակցող տարրեր, արտիստականություն, երաժշտության կոմպոզիցիա ու ինտերպրետացիա:
Գնահատականների այս մասով Մեդվեդևան շատ է գերազանցում իր մրցակիցներին, իսկ եթե սրան ավելացնենք տեխնիկապես մաքուր կատարված տարրերը, ապա Եվգենյան անհասանելի է դառնում մրցակիցների համար:
Ինչ վերաբերում է Զագիտովային, կոմպոնենտների համար նա միջինը 7-7,5-ից պակաս միավոր է ստանում Մեդվեդևայից, սակայն տեխնիկայի համար նրա ստացած միավորներն արդեն երկու անգամ բարձր են եղել մեր աղջկա ստացածից, ինչը որոշակիորեն չի կարող չանհանգստացնել:
Ինչևէ:


Մինչև Փխենչխանի օլիմպիական խաղերը դեռ երեք ամիս կա: Ով արդյունավետ կարողանա անցնել այս ընթացքն ու ամենակարևորը` առանց վնասվածքի, նա էլ առավել շահեկան դիրքերում կլինի Կորեայում: Բոլոր դեպքերում, մեր ցանկությունն է, որ հենց մեր աղջիկը լինի առավել հաջողակը:
Այնպես որ, առաջն Աստված:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3158

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ