Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչ-որ կաղապար է ընդունվել, ըստ որի էլ որոշում են կայացնում

Ինչ-որ կաղապար է ընդունվել, ըստ որի էլ որոշում են կայացնում
10.11.2017 | 12:21

Այս երկուշաբթի Լոզանում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի Դենիս Օսվալդի հանձնաժողովի լսումների ժամանակ քննության են առնվել ռուս չմշկորդների, բոբսլեյիստների ու սկելետոնիստների գործերը: Վճիռը կկայացվի ավելի ուշ, սակայն լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ կոմիտեում ամենայն լրջությամբ քննարկվում է Փխենչխանի օլիմպիական խաղերում Ռուսաստանի օրհներգը չհնչեցնելու տարբերակը:


Ռուսաստանի Դաշնության համար տագնապալից այս խնդրի առնչությամբ բազմաթիվ լրատվամիջոցներ, պաշտոնական տեղեկատվության բացակայության պայմաններում, իրենց հրապարակումներում բնականաբար հղում են կատարում անանուն սկզբնաղբյուրների: Այսպես, ամերիկյան New York Times-ը հայտնում է, որ Ռուսաստանի օլիմպիական հավաքականին պատժելու կապակցությամբ ՄՕԿ-ը շատ խիստ միջոցներ է դիտարկում: Ընդ որում, մեղադրող կողմը պահանջում է դոպինգային կանոնները սիստեմատիկորեն խախտելու համար կոլեկտիվ պատասխանատվության ենթարկել ռուս մարզիկներին: New York Times-ի հավաստմամբ` չի դիտարկվում Կորեայում կայանալիք օլիմպիական խաղերից Ռուսաստանին ամբողջությամբ զրկելու հարցը, սակայն առաջարկվող տարբերակները ոչնչով լավ չեն:
Առաջին տարբերակը թեթև աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի որոշման կրկնօրինակն է: Ասել է թե` նախատեսվում է արգելել ռուս մարզիկներին ռուսական դրոշի տակ հանդես գալ:
Եթե սույն տարբերակը կիրարկվի, փաստորեն կկրկնվի Լոնդոնում կայացած թեթև աթլետիկայի աշխարհի վերջին առաջնության պատմությունը, երբ ռուսները հանդես եկան չեզոք դրոշի տակ, իսկ երկրի հիմնի փոխարեն պարգևատրման արարողության ժամանակ հնչում էր թեթև աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի հիմնը:
Ինչով է վտանգավոր նման տարբերակի գործադրումը:


Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովն արդեն իսկ հայտարարել է, որ եթե այդպես լինի, ռուս մարզիկները կբոյկոտեն օլիմպիադան ու չեն գնա Կորեա:
Սակայն ողջ պարադոքսն այն է, որ երկրորդ տարբերակը հնչում է շատ ավելի վիրավորական: ՄՕԿ-ն ամենայն լրջությամբ է տրամադրված ոչ միայն Ռուսաստանի հիմնը չհնչեցնելու, այլև ռուս մարզիկներին խաղերի բացման արարողության մասնակցությունից զրկելու հարցում: Միջանկյալ նկատենք, որ հնարավոր այս քայլն օլիմպիական շարժման պատմության մեջ առաջինը կարող է լինել:


Հասկանալի է, որ առայժմ գոհանում են Ռուսաստանին վախեցնելով, սակայն ռուս դահուկորդներ Ալեքսանդր Լեգկովին ու Եվգենի Բելովին ցկյանս օլիմպիական խաղերի մասնակցությունից զրկելու վերաբերյալ վերջերս ընդունած որոշումը թույլ է տալիս ենթադրել, որ բնավ էլ չի կարելի բացառել ծայրահեղ տարբերակների կիրառման հնարավորությունը: Ավելին, անգամ սպորտի հարցերով Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկոն է ՄՕԿ-ի ընդունելիք որոշմանը սպասում որոշակի տագնապով. «Օսվալդի հանձնաժողովից սպասումներն այնքան էլ լավը չեն: Բելովի ու Լեգկովի հարցով արդյունքը մենք արդեն տեսել ենք: Ինչ-որ կաղապար է ընդունվել, ըստ որի էլ որոշում են կայացնում: Հիմա անհրաժեշտ է բոլոր մարզիկների իրավական աջակցությունն ապահովել: Այն արված է: Հավաքվել են լավագույն ֆիրմաներն ու իրավաբանները, հնարավոր ամենը, ինչ պետք է, նախապատրաստել ենք: Ինչ վերաբերում է Օսվալդի հանձնաժողովին, մենք ակնկալում ենք, որ այնտեղ գոնե իրավական տարրերը հաշվի կառնվեն: Սակայն առայժմ առաջին նիստից հետո տեսնում ենք, որ իրավագիտության տեսանկյունից այն ոչ մի կերպ քննության չի առնվում: Կա ինչ-որ հանձնարարական, որ պետք է նման որոշումներ ընդունել, ու դա գործի է դրված»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ