Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ո՞ր անկյունում է Հայաստանը

Ո՞ր անկյունում է Հայաստանը
11.11.2017 | 21:01

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չելյաբինսկում Ռուսաստան-Ղազախստան տարածաշրջանային համագործակցության 14-րդ նիստից հետո հայտարարել է, որ «նոր երկաթուղու գործարկումը Չինաստանից Եվրոպա Ռուսաստանի ու Ղազախստանի տարածքով դրական կանդրադառնա արդյունաբերության ու լոգիստիկայի վրա»: Եվ հավելել է. «Ես միանում եմ Նուրսուլթան Նազարբաևի ասածին Չինաստանից Ղազախստան ու Ռուսաստան, հետո` Եվրոպա, երկաթուղագծի շինարարության մեծ նախագծի իրականացման վերաբերյալ: Դա կարող է լինել շատ լավ խթան արտադրության մի քանի ճյուղերի զարգացման համար, որովհետև նախագիծը շատ մասշտաբային է»: Մեծ հաշվով` դա նորություն չէ: Չինաստանում այցի ժամանակ Պուտինը այսպես էր իրավիճակը մեկնաբանել. «Մետաքսի ճանապարհի գոտու շրջանակում երկաթուղագծի երթուղին դեռ քննարկվում է, կընտրվի լավագույն տարբերակը: Մեր հատուկ գերատեսչություններն ու ընկերությունները, և չինականները, և գործընկերները ուրիշ երկրներից, ուսումնասիրում են այդ հարցը: Չինաստանի համար մի քանի տարբերակ կա` և Ղազախստանի միջով, իսկ հետո արևելք ու հարավ` դեպի Իրան, հնարավոր է` Ռուսաստանի Դաշնության տարածքով»: Հոկտեմբերի վերջին տեղեկություն հայտնվեց, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի երկաթուղիները սկսում են մշակել «Եվրասիա» ճեպընթաց միջանցքի նախագիծը, որ կկապի Չինաստանն ու Արևմտյան Եվրոպան: Ճեպընթացը կանցնի Պեկին-Աստանա-Մոսկվա-Մինսկ-Բեռլին երթուղին:

Օգոստոսին Ռուսաստանը ներկայացրեց նախագծի, որ գնահատվել է 119 միլիարդ դոլար, տեխնիկատնտեսական հիմնավորումը: Հայտնի չէ` որ երկիրն ինչքան ներդրում է անում, բայց հիմքեր կան կարծելու, որ կայացել է Մոսկվա-Աստանա-Պեկին համաձայնություն: Նախագծի ֆինանսավորմանը կարող են միանալ Ասիական բանկը և ԲՌԻԿՍ-ի բանկը: Նրանցից յուրաքանչյուրը 100 միլիարդ դոլարի ենթակառուցվածքային ներդրումների հնարավորություն ունի: Կարևոր փաստ է, որ Եվրոպա ելքով Չինաստան-Ղազախստան-Ռուսաստան միջազգային տրանսպորտային միջանցքը անցնում է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների տարածքով, իսկ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը նաև ԵԱՏՄ անդամ են: Այդ պատճառով նախագիծը կծառայի ոչ միայն տարանցիկ ու արտահանումների փոխադրումներին, այլև հիմք կդառնա առավել սերտ տնտեսական միավորման ու զարգացման և երկրների, և հարակից շրջանների: Պեկինի համար դա հնարավորություն է երկրի մինչև հիմա խորքում մնացած հյուսիս-արևմտյան և կենտրոնական շրջանները ներառել առաջանցիկ զարգացման գոտում: Հենց դա է սկզբունքային տարբերությունը այն նախագծերից, որի նախաձեռնողները խոսում են իրենց «ուղղակի մասնակցությունից» Չինաստանի անոնսած «Մետաքսի ճանապարհ» գլոբալ նախագծում: Այսինքն` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղագծում, որ նախաձեռնողները ներկայացնում են համարյա թե «Մետաքսի ճանապարհի» մաս, իսկ ԶԼՄ-ները, հատկապես ադրբեջանական ու թուրքական, հրամցնում են իբրև հաղորդակցային միջանցք` Ռուսաստանի շրջանցումով: Բաքուն այդ երկաթուղագիծը անվանում է շամփուր, որի վրա շարվելու է ամբողջ տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը: Բացի այդ` Երևանին պայման էր առաջադրվում` զորքերը դուրս բերել «Ադրբեջանի շրջաններից», որից հետո Հայաստանը իր բեռները տեղափոխելու հնարավորություն կստանա այդ միջանցքով: Բաքվի որոշ փորձագետներ հաստատում էին, որ Մոսկվան «կարող է դուրս մնալ «Մետաքսի ճանապարհի» չինական նախագծից»` արդեն այս տարի Չինաստանի բեռները պետք է տեղափոխվեն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով` շրջանցելով Ռուսաստանը: Այսօր պարզվում է, որ երկաթուղու բացմանը մասնակցող Ղազախստանի վարչապետ Սագինտաևը հայտարարել է, որ նախագծում ներդրվել է «10 միլիարդ դոլարից ավելի»: ՈՒ՞մ փողերն են: Պեկինը հրաժարվել է, թեպետ թե Էրդողանը, թե Ալիևը կոչ էին անում մասնակցել:

Հետաքրքրություն չեն դրսևորել և արևմտյան ներդրողները: Բաքվի վարկածով, որ բարձրաձայնել է ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը, ամեն ինչի մեջ «մեղավոր են» հայերը, որ «խանգարել են միջազգային ֆինանսական կազմակերպություններին Բաքու-Թբիլիսի-Կարսը համարել արդյունավետ նախագիծ»: Արդյունքում, ինչպես ասել է նախագահ Իլհամ Ալիևը, բոլոր ծախսերը կատարել է Ադրբեջանը: Ինչու՞: Նախ և առաջ այն պատճառով, որ Պեկինում հասկացել են` Բաքուն փորձում է «Մետաքսի ճանապարհ» նախագիծն օգտագործել իբրև քողարկում: Ադրբեջանը կառուցում է, ավելի ճիշտ խորացնում է կապերը Թուրքիայի հետ` Անդրկովկասում գերակա դիրք ստանալու համար, որ վնասում է Ռուսաստանի ու Իրանի շահերին: Այդ դեպքում Չինաստանի համար, ինչպես ռուսական առածն է ասում` մորթին իր գինը չի հանի, քանի որ ԲԹԿ-ն անցնում է աշխարհաքաղաքական անկայունության գոտիով, իսկ առաջարկվող հաղորդակցային լոգիստիկան Հայաստանի շրջանցումով անոմալ է: Այդպիսին են աշխարհաքաղաքական իրողությունները Անդրկովկասում, երբ տնտեսական գերակայությունները մղվում են երկրորդ, երբեմն էլ երրորդ պլան: Հիմա Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Բրյուսելում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցող պետությունների պաշտպանության նախարարների հանդիպմանը հաճախորդներ է փնտրում ԲԹԿ-ի համար` առաջարկելով օգտագործել «ապահովելու համար «Վճռական աջակցություն» առաքելության բեռները Աֆղանստան փոխադրումը»: Բայց, ինչպես ասում էր մի չինացի դիվանագետ, «Մետաքսի ճանապարհը քարտեզի վրա գիծ չէ, բեռների փոխադրում չէ Ա կետից Բ կետը, ուղտերի ճանապարհ չէ»: Գուցե այլ իրավիճակում ԲԹԿ-ն հետաքրքիր լիներ իբրև տարածաշրջանային նոր հաղորդակցուղի, հատկապես ադրբեջանահայկական հարաբերությունների բարելավման դեպքում: Սակայն նույն Իրանը, որի տարածքով չինացիները իբր մտադիր էին «Մետաքսի ճանապարհի» բեռներ փոխադրել, վաղուց Թուրքիայի հետ կապ ունի Թավրիզ-Վան գծով: Մյուս կողմից, ինչպես հայտարարում է ՌԴ նախագահը, խոսելով «Մետաքսի ճանապարհի» երկաթուղային երթուղիների մասին, Մոսկվան ուսումնասիրում ու իրականացնում է «և այլ երթուղիներ, ասենք, Հյուսիս-Հարավ: Մենք Հնդկաստանի վարչապետի հետ արձանագրեցինք, որ առաջին բեռները Մումբայից Իրանի ու Ադրբեջանի տարածքով արդեն հասել են Սանկտ Պետերբուրգ և հետադարձ ճանապարհով»: Վրացի փորձագետ Գիա Խուխաշվիլին «Ամերիկայի ձայնին» ասել է, որ ԲԹԿ-ն «այս փուլում անկայուն է, անցնում է ոչ հանգիստ շրջաններով, դեռ պետք է շատ ջանքեր գործադրել, որ կայուն տրանսպորտային միջանցքի կարգավիճակ ստանա»: Փաստորեն` Պուտինն ու Նազարբաևը, հայտարարելով Չինաստան-Ղազախստան-Ռուսաստան երկաթուղային նախագծի իրականացման մասին, երկար ժամանակով Ալիևին աշխարհաքաղաքական փակուղի են մտցնում:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Իսկ որտե՞ղ է Հայաստանը: Փակուղում չէ՞: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարող են ուրախանալ` Չինաստանից Եվրոպա Ռուսաստանի ու Ղազախստանի, հետո էլ Բելառուսի տարածքով Եվրոպա բեռնափոխադրումների համար: Կարող են արձանագրել, որ նոր երկաթուղու գործարկումը դրական կանդրադառնա արդյունաբերության ու լոգիստիկայի վրա: Շատ լավ է, որ նոր երթուղին անցնում է ՇՀԿ անդամ երկրների տարածքով, ավելի լավ է, որ անցնում է ԵԱՏՄ տարածքով, բայց ԵԱՏՄ-ում միայն այդ երեք երկրները չեն: Իսկ Հայաստա՞նը: 2013-ին Մաքսային միություն Հայաստանի մտնելիս հայտարարվում էր վրաց-աբխազական երկաթուղու վերագործարկման մասին: Մեռա՞վ այդ նախագիծը: Աշխարհագրությունը` աշխարհագրություն, բայց փաստ է, որ Հայաստանը երկաթուղային հաղորդակցությունից դուրս է մնում քաղաքական պատճառներով: Հոկտեմբերի վերջին տեղեկություն հայտնվեց, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի երկաթուղիները սկսում են մշակել «Եվրասիա» ճեպընթաց միջանցքի նախագիծը, որ կկապի Չինաստանն ու Արևմտյան Եվրոպան: Ճեպընթացը կանցնի Պեկին-Աստանա-Մոսկվա-Մինսկ-Բեռլին երթուղին: Ե՞րբ տեղեկություն կտարածվի, որ Հայաստանը ևս «Եվրասիա» նախագծում կա: Ռուսաստանը, որ այդքան նյարդայնանում է ԲԹԿ-ի` Ռուսաստանը շրջանցող երկաթգծի, շահագործումից, ինչու՞ է արգելակում Չինաստան-Իրան-Հայաստան-Վրաստան երկաթուղու գործարկումը: Նույնպես շրջանցու՞մ է Ռուսաստանը: ՈՒրեմն` թող բացվի վրաց-աբխազական երկաթուղին:


Չինաստան-Ղազախստան-Ռուսաստան երկաթուղին դեռ նախագիծ է, իսկ լոգիստիկ կապերը Հայաստանի ներառումով շատ ավելի արագ ու էժան կարող են աշխատել:
Մոսկվան կարող է Մումբայ-Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղին աշխատեցնել: Իրանը Թուրքիայի հետ կապ ունի Թավրիզ-Վան գծով:
ՈՒ ի՞նչ: Երկաթուղին չի ստացվում: Ավտոճանապարհը մնում է Լարսի հույսին, որ ձմեռը փակվում է սառնամանիքից, գարնանը` քարաթափումից, ամռանն ու աշնանը` պրոֆիլակտիկ նպատակներով: Երկինքն էլ այնքան թանկ է, որ ավելի լավ է Երևանից ոտքով ճանապարհ ընկնել դեպի մեծ աշխարհ` ուղեբեռում ունենալով նաև արտահանումները Հայաստանից: Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Սի Ցզինպինը, Հասան Ռոհանին ունեն իրենց շահերը, ինչու՞ Հայաստանը իր շահը չի պաշտպանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3620

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ