USD483.66
EUR567.24
RUB8.15
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Դանանգի գաղտնիքները, կամ` անիմաստ է անարդյունք հանդիպել

Դանանգի գաղտնիքները, կամ` անիմաստ է անարդյունք հանդիպել
12.11.2017 | 12:06

Նախքան Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովը Դանանգում` Կրեմլը հաստատում էր, որ Վիետնամում նախատեսվում է ՌԴ ու ԱՄՆ նախագահների հանդիպում, նույնիսկ օրակարգն էր հրապարակվում: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարում էր, որ հանդիպման պայմանավորվածությունն ընթացքի մեջ է, քննարկվում է նոյեմբերի 10-ին բանակցելու տարբերակը: Հետո Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը հայտարարեց, որ նախագահները չեն հանդիպի` Թրամփի խիտ ժամանակացույցի պատճառով: Մինչ այդ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Մայքլ Էնտոնը ասում էր, որ վերջնական որոշում դեռ չկա: Նախքան Սանդերսի հայտարարությունը` Թրամփը Պուտինի հետ հնարավոր բանակցությունները անվանում էր շատ կարևոր` ակնկալելով, որ Ռուսաստանը կօգնի ուժեղացնել ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա: Հանդիպման օրակարգում էին ՈՒկրաինայի իրավիճակի քննարկումը, Սիրիայի հարցը և, բնականաբար, ռուս-ամերիկյան հարաբերությունները:


Դանանգում նոյեմբերի 10-ին երկու նախագահներն ընդամենը միմյանց ձեռք սեղմեցին և համատեղ լուսանկարում կանգնեցին կողք կողքի: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական ընթրիքը չավարտված` հեռացավ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին շատ դժվար է հունից հանել: Նա հայտարարեց` «Մենք լսել ենք Թրամփի հայտարարությունը, որ ուզում է հանդիպել Պուտինի հետ: Չգիտեմ ինչ են ասում ամերիկացի պաշտոնյաները, բանակցությունների նախաձեռնողն ամերիկյան կողմն էր և թող իրենք էլ բացատրեն` ինչու հանդիպում չի լինի»: ՌԴ Դաշնության խորհրդի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը Twitter-իր էջում գրեց. «Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը ռեկորդային էր կարճատևության մեջ: Բանակցություններին Թրամփը պատրաստ չէր` նրա ձեռքն ու ոտքը կապված է»: Սենատորը կարծում է, որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունները «կախվել են ճոճանակի վերին կետից մինուսի տակ: Այսօր ոչինչ չի կարող ստիպել ճոճանակին հակառակ շարժում սկսել»:


Դոնալդ Թրամփը, որ մենակ էր եկել Վիետնամ` Մելանիա Թրամփը մնացել է Չինաստանում` Չինական պատը տեսնելու ու կենդանաբանական այգի գնալու համար, իրեն տարօրինակ էր պահում: Նա չմասնակցեց ոչ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդի նիստին, ոչ Հարավարևելյան Ասիայի պետությունների միության, որոնց ներկա էր ՌԴ նախագահը: Քննարկումներում ԱՄՆ-ը ներկայացնում էր Ռոբերտ Լախտայզերը` ԱՄՆ առևտրական ներկայացուցիչը: Այդպես ավարտեց նոյեմբերի 10-ը:


Իսկ նոյեմբերի 11-ին հայտարարվեց` ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը Սիրիայի հարցով հայտարարությամբ համաձայնել են շարունակել համատեղ ջանքերը «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում մինչև վերջնական հաղթանակը: Կրեմլի հաղորդագրությամբ՝ համատեղ հայտարարությունը ստորագրվել է Վիետնամում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան համագործակցության համաժողովի ժամանակ: Երկու նախագահները հայտնել են իրենց հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, հակամարտության բոլոր կողմերին կոչ են արել ակտիվ մասնակցություն ունենալ Ժնևի քաղաքական գործընթացին: Թրամփն ու Պուտինը նշել են, որ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի և վերջնական քաղաքական կարգավորման պետք է հասնել Ժնևյան գործընթացի շրջանակներում, ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան: Իսկ ու՞ր մնացին Աստանայի բանակցությունները:


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նաև ասել է, որ Սիրիայի հարցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ հայտարարությունը շատ կյանքեր կփրկի: «Մենք համաձայնության եկանք շատ արագ»,- ասել է Թրամփը օդանավում իրեն ուղեկցող լրագրողներին: ՌԴ նախագահը լրագրողների հետ հանդիպմանը «ծայրահեղ կարևոր է» համարել համատեղ հայտարարությունը և հաստատել է ահաբեկչության դեմ պայքարում որդեգրած սկզբունքները:
Ըստ տեղեկությունների` Ասիա-խաղաղօվկիանոսյան համագործակցության համաժողովում չնայած ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները պաշտոնական հանդիպում չեն ունեցել, բայց ոչ պաշտոնական զրույցներ եղել են: Պուտինը դրական է գնահատել ոչ պաշտոնական հանդիպումները, ասելով, թե Թրամփի հետ քննարկել են «ինչ ցանկանում էին»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «երկու-երեք» կարճ զրույց է ունեցել և «իրենց միջև ջերմ զգացմունքներ են մնացել»:


Թրամփը պատմել է, որ Պուտինին նորից հարցրել է՝ Ռուսաստանը միջամտե՞լ է ԱՄՆ ընտրություններին: «Նա ասաց, որ բացարձակապես չի միջամտել մեր ընտրություններին: Նա չի արել այն, ինչ նրանք ասում են: Ամեն անգամ, երբ նա ինձ տեսնում է, ասում է. «Ես դա չեմ արել»,- ասել է Թրամփը:- Եվ ես հավատում եմ, որ նա իսկապես այդպես է կարծում: Կարծում եմ՝ նա դրանից շատ վիրավորված է, ինչն այդքան լավ չէ մեր երկրի համար»: Դոնալդ Թրամփն ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ հետաքննությունը համարել է խոչընդոտ երկրների հարաբերությունների լավացման համար: Պուտինը նշել է, որ միջամտության հետաքննությունը համարում է ԱՄՆ-ում «շարունակվող ներքաղաքական պայքարի դրսևորում»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՈՒ ի՞նչ հասկանալ` Դանանգում երկու նախագահների հանդիպմանը խանգարեց հետաքննությու՞նը: Գնահատականնե՞րը, որ ԱՄՆ-ում կտային Պուտինի հետ հանդիպած Թրամփին: Բայց ջերմ զգացմունքներ մնացին և մնաց Սիրիայի վերաբերյալ հայտարարությու՞նը: Իսկ գուցե իրականությունն այն է, որ հանդիպման պայմանավորվածության տևական բանակցությունների ընթացքում ընդհանուր օրակարգից միայն մեկ հարցում է համաձայնություն եղել: Պատահական չէր ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել, որ անիմաստ է անարդյունք հանդիպում ունենալը:

Դիտվել է՝ 2415

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ