Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայ կոմպոզիտորների՝ Հարությունյանի անվան քառյակի համար գրված ստեղծագործությունները կհնչեն խաչատրյանական փառատոնի ընթացքում

Հայ կոմպոզիտորների՝ Հարությունյանի անվան քառյակի համար գրված ստեղծագործությունները կհնչեն խաչատրյանական փառատոնի ընթացքում
12.11.2017 | 12:12

Նոյեմբերի 14-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում համերգով հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը: Քառյակի կազմում հանդես են գալիս միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ Գևորգ Ավետիսյանը (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյանը (կլարնետ), Նիկոլայ Պողոսյանը (ֆագոտ), Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր):
Հայաստանի ազգային պատկերասրահի Այվազովսկու ցուցասրահում կայանալիք երեկոն բացառիկ է, քանի որ ներկայացվելու են հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները փայտափողային-դաշնամուրային քառյակի համար:
Երաժիշտները փաստում են՝ շատ ուրախ են, որ հայ ժամանակակից կոմպոզիտորները ստեղծագործություններ են գրում հատուկ իրենց կազմի համար:


«Մենք՝ որպես հայ երաժիշտներ, իհարկե կարևորում ենք հայ կոմպոզիտորական դպրոցի պրոպագանդումը: Երեկոյի ընթացքում հնչելու են մեր անվանի կոմպոզիտորների կողմից գրված ստեղծագործությունները: Մեզ համար պատիվ է մեր քառյակի երկացանկում ունենալ այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպիսիք են, օրինակ՝ Է. Հայրապետյանը, Մ. Կոկժաևը, Ս. Զաքարյանը: Կցանկանայի նաև առանձնացնել մեր լավ ընկեր Մ. Ուլիխանյանի ստեղծագործությունը.որը թեև գրվել է տարիներ առաջ, բայց մենք վստահ ենք, որ այն նույնպես իր ուրույն տեղը կգտնի մեր համերգային ծրագրերում»,-նշում է կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը:
Երաժիշտներն ուրախությամբ փաստում են, որ իրենց անդրանիկ համերգից ընդամենը ժամեր անց բազմաթիվ կոմպոզիտորներ իրենք ցանկություն հայտնեցին այս կազմի համար գրել ստեղծագործություններ: Նոյեմբերի 14-ին կայանալիք համերգային երեկոն էլ այդ գործերը ներկայացնելու առիթ է:


«Երիտասարդ կոմպոզիտոր Ժ. Շահրիմանյանը կապվեց մեզ հետ և հայտնեց, որ իր ստեղծագործությունն արդեն պատրաստ է և նվիրեց այն մեր քառյակին: Համերգին կհնչի նաև տաղանդավոր երաժիշտ Կ. Անանյանի ստեղծագործությունը, որը վաղուց էինք պլանավորել կատարել»,-նշում են քառյակի երաժիշտները:


Նշենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմերը նվագախմբի ստեղծման օրից ակտիվ գործունեություն են ծավալում՝ մասնակցելով բազմաժանր համերգային ծրագրերի: Նվագախումբն իր համերգային ծրագրերում մեծ տեղ է հատկացնում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին, որոնցից Ալեքսանդր Հարությունյանի սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններն իրենց յուրօրինակ տեղն ունեն և մշտապես կատարվում են թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանյան հյուրախաղերի ընթացքում: 2014թ. նվագախմբի երաժիշտների ջանքերով և գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի աջակցությամբ ստեղծվեց իր կազմով յուրատեսակ անսամբլ՝ փայտափողային-դաշնամուրային քառյակը, որն անվանակոչվեց Ալեքսանդր Հարությունյանի անունով: Ալեքսանդր Հարությունյանի ավանդը փողային գործիքների կատարողական արվեստում մեծ է, քանի որ նա գրել է կոնցերտներ գալարափողի, շեփորի, տուբայի և այլ փողային գործիքների համար: Այսպիսով, կատարվեցին Ալեքսանդր Հարությունյանի մի շարք գործերի փոխադրություններ, որոնք հնարավոր կլինի հնչեցնել այս անսամբլային կազմով: Քառյակի երկացանկն ընդգրկում է արևմտաեվրոպական դասական կոմպոզիտորների ստեղծագործություններից մինչև ժամանակակից կոմպոզիտորների երկեր:
Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Դիտվել է՝ 3545

Մեկնաբանություններ