Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սաուդյան Արաբիա և Իրան` պայքար իշխանության համար Մերձավոր Արևելքում

Սաուդյան Արաբիա և Իրան` պայքար իշխանության համար Մերձավոր Արևելքում
13.11.2017 | 09:45

Իրանն ու Սաուդյան Արաբիան վաղուց են հավակնում տարածաշրջանում առաջատարի դերին և վերջին շրջանում երկու երկրների հարաբերությունները լրջորեն սրվել են: Յուրաքանչյուրն ունի իր դաշնակիցներն ու հակառակորդները Մերձավոր Արևելքում, ինչպիսի՞ն է ուժերի դասավորությունը:


Սաուդյան Արաբիան, գերազանցապես սուննի բնակչությամբ` համարվում է իսլամի հայրենիքը, այնտեղ են գլխավոր մուսուլմանական սրբավայրերը: Բացի այդ` թագավորությունն աշխարհի ամենահարուստ երկրներից ու ամենաշատ նավթ արդյունահանողներից մեկն է: Էր Ռիադը զգուշանում է, որ Իրանը կարող է Մերձավոր Արևելքում գերակա դիրք ստանալ և խոչընդոտում է տարածաշրջանում այդ շիական երկրի աճող ազդեցությանը: Սաուդիտների մարտական վերաբերմունքին Իրանի նկատմամբ, դատելով ամեն ինչից, աջակցում է Դոնալդ Թրամփը, որ նվազ կոշտ վերաբերմունք չունի Թեհրանի նկատմամբ: Երիտասարդ և առավել հզոր թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը պատերազմում է հարևան Եմենի հուսիտ ապստամբների դեմ և սաուդիտները պնդում են, որ Իրանը նյութական աջակցություն է ցույց տալիս ապստամբներին: Իրանը մեղադրանքները հերքում է: Սաուդյան Արաբիան աջակցում է Սիրիայի ապստամբներին և ձգտում է նախագահ Բաշար Ասադի` Իրանի գլխավոր դաշնակցի, գահընկեցությանը: Սաուդյան Արաբիայի զինված ուժերը տարածաշրջանում ամենաուժեղներից մեկն են` 227000 զինվորով, և Էր Ռիադը զենքի համաշխարհային հիմնական արտահողներից մեկն է:


Իրանը իսլամական հանրապետություն դարձավ 1979-ին` գահընկեց անելով շահին: Քաղաքական իշխանությունն անցավ հոգևորականներին` գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Հոմենեիի գլխավորությամբ: Իրանի 80 միլիոն բնակչության մեծ մասը շիա մուսուլման է, և Իրանը համարվում է տարածաշրջանի առաջատար շիական պետությունը: Վերջնական որոշումը ներքին ու արտաքին քաղաքականության հարցերում ընդունում է գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: Վերջին 10 տարիներին Իրանի ազդեցությունը տարածաշրջանում շատ է մեծացել, հատկապես Իրաքում Սադամ Հուսեյնին գահընկեց անելուց հետո: Իրանն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ընդդիմադիր խմբավորումների և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Իսլամական հեղափոխության պահնորդների գնդի էլիտար զորքերը մասնակցել են Սիրիայում ու Իրաքում ջիհադիստ սուննիների դեմ կռիվներին: Իրանը նաև համարում է, որ Սաուդյան Արաբիան փորձում է ապակայունացնել իրավիճակը Լիբանանում, որտեղ կառավարության կազմում Իրանի աջակցությունն ունեցող շիական «Հըզբոլլահի» ներկայացուցիչներ կան: Իր գլխավոր հակառակորդ Իրանը համարում է ԱՄՆ-ին: Որոշ տեղեկություններով` Իրանը ունի ամենաժամանակակից հրթիռային համակարգերը տարածաշրջանում: Իրանի բանակում 534 000 զինվոր կա` ներառյալ Իսլամական հեղափոխության պահնորդների գունդը: ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերությունները, մեղմ ասած, լարված են: Պատճառները բազմաթիվ են, այդ թվում` 1953-ին Իրանի վարչապետի պաշտոնանկությունը ԿՀՎ-ի մասնակցությամբ, Իրանի իսլամական հեղափոխությունը, 80-ականներին Թեհրանի ԱՄՆ դեսպանատան պատանդառությունը: Սաուդյան Արաբիան անփոփոխ մնացել է ԱՄՆ դաշնակիցը, թեպետ Օբամայի նախագահության ընթացքում հարաբերությունները բավականին խառն էին` հաշվի առնելով Վաշինգտոնի վարած Իրանի հետ գործակցության քաղաքականությունը: Նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է վարել ավելի կոշտ քաղաքականություն Իրանի նկատմամբ և հիմա սպառնում է բեկանել Օբամայի վարչակազմի կնքած պատմական միջուկային համաձայնագիրը Թեհրանի հետ: Սաուդյան Արաբիայի արքայական տունը և Սպիտակ տունը մեծ հարգանքով են միմյանց վերաբերվում: Թրամփն ու նրա վարչակազմը երբեք չեն քննադատում արմատական սաուդյան իսլամն այնպես, ինչպես քննադատում են Իրանի կապերն ահաբեկիչների հետ: Սաուդցիները չներառվեցին նաև արտասահմանյան երկրների այն քաղաքացիների ցանկում, ում վրա տարածվում է ԱՄՆ մուտքի աղմկահարույց արգելքը: Նախագահի պաշտոնում իր առաջին այցը Դոնալդ Թրամփը կատարեց Մերձավոր Արևելք և հանդիպեց սաուդիտների ու իսրայելցիների ղեկավարների հետ` նրանց միավորում է Իրանի ազդեցությունը տարածաշրջանում սահմանափակելու ձգտումը: Սաուդյան Արաբիան նաև ամերիկյան զենքի գլխավոր գնորդն է:


Ռուսաստանը միակ երկիրն է, որ կարողանում է լինել և Սաուդյան Արաբիայի, և Իրանի դաշնակիցը: Երկուսի հետ էլ Մոսկվան ունի սերտ տնտեսական կապեր և երկուսին էլ զենք է վաճառում: Ռուսաստանը Թեհրանի ու Էր Ռիադի ներկա վեճում ոչ մեկի կողմը չանցավ` հասկացնելով, որ պատրաստ է միջնորդ դառնալ: Ռուսաստանի ներգրավվածությունը մերձավորարևելյան գործերում պահպանվում է սառը պատերազմի ժամանակներից, երբ ԽՍՀՄ-ը Սիրիային զենք էր մատակարարում և ուսուցանում էր սպաներին: Սիրիայի ու տարածաշրջանի վրա Մոսկվայի ազդեցությունը նկատելիորեն նվազեց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, բայց վերջին ժամանակներս Կրեմլը համառորեն մեծացնում է իր ներգործությունը: Աջակցությունը օդից, որ սիրիական բանակին ցույց տվեց ռուսական ավիացիան, օգնեց փոխել սիրիական պատերազմի ընթացքը հօգուտ Բաշար Ասադի և նրա կողմում կռվող իրանամետ զինվորների:


Թուրքիան ճարպկորեն հավասարակշռում է Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև, մինչդեռ Մերձավոր Արելքում արագ փոփոխվում է ռազմական ու քաղաքական իրավիճակը: Անկարան տարածաշրջանի զարգացումներին սկսեց ավելի մեծ ուշադրություն դարձնել 2002-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո, որին հաճախ անվանում են իսլամիստական: Թուրքիայում, որտեղ գերակշռում են սուննիները, սերտ հարաբերություններ են ձևավորվել Սաուդյան Արաբիայի հետ կրոնական ընդհանրության և Սիրիայի կառավարությունը չընդունելու հիմքով: Չնայած Իրանի նկատմամբ խոր անվստահությանը, Թուրքիան համեմատաբար վերջերս Թեհրանի հետ դաշինք է կնքել տարածաշրջանում քրդերի աճող ազդեցության դեմ: Երկու երկրներն էլ քրդերին համարում են սպառնալիք:


1948-ին ստեղծված Իսրայելը արաբական բոլոր երկրներից դիվանագիտական հարաբերություններ ունի միայն Եգիպտոսի ու Հորդանանի հետ: Իրանն ու Իսրայելը համարվում են անհաշտ թշնամիներ: Իրանը մերժում է Իսրայելի գոյության իրավունքը և պետությունը ոչնչացնելու կոչ է անում: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միշտ միջազգային հանրությանն ակտիվորեն կոչ է արել թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ստեղծի և բեկանի Թեհրանի հետ միջուկային գործարքը, որպեսզի «զսպի» նրա ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում: Նեթանյահուի խոսքով` արաբական որոշ երկրների հետ համագործակցություն է ձևավորվել` նպատակ ունենալով խանգարել Իրանի ազդեցության աճին տարածաշրջանում: Սաուդյան Արաբիան հերքել է իսրայելյան ԶԼՄ-ներում հայտնված լուրը, որ սեպտեմբերին սաուդյան արքայազններից մեկը գաղտնի բանակցությունների է մեկնել Իսրայել:


Եգիպտոսը հաճախ առանցքային դեր է խաղացել մերձավորարևելյան քաղաքականության մեջ, և պատմականորեն ավելի բարեկամական հարաբերություններ է ունեցել Սաուդյան Արաբիայի, այլ ոչ թե Իրանի հետ, հատկապես իսլամական հեղափոխությունից հետո: Սաուդցիներն աջակցեցին եգիպտական բանակին, երբ 2013-ին բանակը իշխանազրկեց իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին: Եգիպտոսը նաև մերձեցման շրջաններ է ունեցել Իրանի հետ: Օրինակ` Թեհրանը հովանավորել է Եգիպտոսի ու Իրաքի նավթային գործարքը, երբ 2016-ի հոկտեմբերին սաուդյան Aramco ընկերությունը դադարեց Եգիպտոսին նավթ մատակարարել: Իրանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերություններում լարվածության աճից հետո Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ աս Սիսին կոչ արեց «խուսափել տարածաշրջանում լարվածության սրումից, բայց ոչ ի վնաս անվտանգության ու կայունության Պարսից ծոցում»:


Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաստատուն պաշտպանում է Իրանին` Սաուդյան Արաբիայի հետ դիմակայության մեջ: Իրանը միշտ աջակցել է սիրիական ղեկավարությանը և օգնել է սիրիական բանակին ապստամբների ու ջիհադականների դեմ պայքարում: Իրանը Ասադի մեջ, որ պատկանում է շիա ալավիտների զարմին, իր մերձավոր արաբ դաշնակցին է տեսնում: Սիրիան իրանական զենքը Լիբանանի շիական «Հըզբոլլահին» մատակարարելու հիմնական տարանցիկ ճանապարհն է: «Հըզբոլլահի» հազարավոր զինվորներ կռվում են սիրիական կառավարական զորքերում: Փորձագետների կարծիքով` պատրաստվածության ու զինվածության մակարդակից ելնելով` այդ խմբավորմանը արդեն ավելի շատ լիարժեք բանակ, քան աշխարհազոր պետք է համարել: Սիրիայի իշխանությունները նույնպես հաճախ են մեղադրում Սաուդյան Արաբիային Մերձավոր Արևելքում քայքայիչ քաղաքականություն վարելու մեջ:
Լիբանանի դիրքորոշումը Իրանի ու Սաուդյան Արաբիայի դիմակայությանը երկակի է: Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, որ մի քանի օր առաջ հայտարարեց իր հրաժարականը Սաուդյան Սրաբիայում, սերտ կապեր ունի սաուդցիների հետ և աջակցում է նրանց Իրանին դիմակայության մեջ: Մյուս կողմից` «Հըզբոլլահի» լիբանանյան բաժանմունքը Իրանի դաշնակիցն է և օգտագործում է նրա անփոփոխ ու էական աջակցությունը: «Հըզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալան հաճախ է քննադատում սաուդյան իշխանություններին:


Նախկինում Պարսից ծոցի որոշ պետություններ` Կատարը, Բահրեյնը, Քուվեյթը, առավել սերտ կապեր ունեին Սաուդյան Արաբիայի հետ: Սակայն Կատարի կապերը Սաուդյան Արաբիայի հետ նկատելիորեն թուլացան, երբ տարեսկզբին Կատարը հրաժարվեց կատարել Էր Ռիադի պահանջը և խզել հարաբերություններն Իրանի հետ: Երբ հուլիսին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Բահրեյնը հայտարարեցին Կատարի շրջափակման մասին, Իրանը հինգ ինքնաթիռ պարեն ուղարկեց` դեֆիցիտը կանխելու համար: Օգոստոսին Կատարն ու Իրանը ամբողջ ծավալով վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները, որ խզվել էին, երբ Իրանում հարձակումներ էին գործվել Սաուդյան Արաբիայի դիվանագիտական երկու առաքելությունների վրա: Բահրեյնն ու Քուվեյթը շարունակում են մնալ Էր Ռիադի կողմում: Բահրեյնում հիմնական քաղաքական ու ռազմական պաշտոնները սուննի արքայական ընտանիքի ձեռքում են, մինչդեռ բնակչության 70 %-ը շիա է: Բահրեյնը բազմիցս մեղադրել է Իրանին «ահաբեկչական բջիջների» պատրաստման մեջ, որ գործում են երկրում կառավարությունը գահընկեց անելու նպատակով: Մեղադրվում է նաև շիական ընդդիմությունը` Իրանի հետ կապեր ունենալու մեջ: Հոկտեմբերին Բահրեյնի իշխանությունները հայտարարեցին, որ «իրենց երկիրը ամենից շատ տառապում է իսլամական հեղափոխության պահնորդների էքսպանսիոնիստական քաղաքականությունից»: Թեպետ Քուվեյթը չի մասնակցում Կատարի շրջափակմանը, իշխանությունները հրաժարվել են Իրանի հետ միությունից ու հիմա Սաուդյան Արաբիայի կողմն են: Փետրվարին Քուվեյթը արաբաիրանական հարաբերությունների բարելավման կոչ արեց, և 2013-ի ընտրություններից հետո առաջին անգամ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Քուվեյթ գնաց: Սակայն Իրանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերություններում ճգնաժամի պատճառով Քուվեյթը երկրից վտարեց իրանցի 15 դիվանագետների և փակեց Իրանի ռազմական, մշակութային ու առևտրական առաքելությունները:
ВВС


Հ.Գ. Ի՞նչն է միավորում ու բաժանում Մերձավոր Արևելքի երկրներին` կրո՞նը, նավթն ու գա՞զը, պատմությու՞նը, Առաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո վերաձևակերպված սահմաննե՞րը, քրիստոնյաների ցեղասպանություննե՞րը, միապետությունների ու հանրապետական կառավարման տարբերություննե՞րը, պայքարը տարածքի ու պատմական իրավունքների վերականգնման համա՞ր: Երևի ամեն ինչ միասին ու ամենից շատ արտաքին ներգործությունները: Պատմական կայսրությունների տրոհումից հետո ձևավորված սահմանները բավականաչափ արհեստական էին ու հաշվի չէին առնում բնակչության էթնիկ կազմը: Վերջապես` քրդական գործոնը, որի հետ ոչ մի պետություն չի կարող հաշվի չնստել տարածաշրջանում: Փաստացի` հնարավոր չէ պարզել` Իրանի ու Սաուդյան Արաբիայի կոնֆլիկտը պատճառ, թե հետևանք է: Մերձավոր Արևելքի խառնարանում այնքան շահեր ու շահերի բախումներ են կենտրոնացած, որ միշտ ինչ-որ մի երկիր խզում է մյուսի հետ դիվանագիտական հարաբերությունները, պատերազմում` հաճախ երրորդ երկրի տարածքում ու փորձում դառնալ տարածաշրջանում իր ազդեցությունը պարտադրող: Եվ այդ ամբողջ խառնաշփոթում շատ լավ օգտագործվում են շիա-սուննի հակասություններն ու անձնական համակրանք-հակակրանքները: Արևելքը նուրբ մատերիա է` երբեք չես իմանա` ինչը ինչից սկսվեց ու ինչով կավարտվի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ