«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ընդդիմության հմայքներն ու թշվառությունը

Ընդդիմության հմայքներն ու թշվառությունը
14.11.2017 | 00:57

Ընդհանուր առմամբ խորին հարգանքով պետք է վերաբերվել այսօրվա մի փշուր ընդդիմությանը, որի մի քանի բեկորն էլ խորհրդարանում է: Եվ այնուհանդերձ, ստիպված ենք տալ ռուսական ամենատարածված հեղափոխական հարցը` «Кто виноват?», շարունակությամբ` «Что делать?»:


Ռուս դասականներից մեջբերումն ամենևին էլ պատահական չէ, որովհետև հայոց ընդդիմության ամենախոր ու մութ ապառաժումը հենց ռուսական «տափաստաններից» է եկել: Չկա, չի եղել, և ոնց երևում է, չի լինելու երբևէ ընդդիմություն Հայաստանում, որը սրսուռ լիբերալ է, իսկապես ազատ, չի խաղում, «մարաղ» չի մտնում ո՛չ Ռուսաստանում, ո՛չ էլ հայաստանյան «ռուսիֆիկացված» իշխանական թփուտներում, այլ իր հենքով կրողն է ազատական, արևմտյան արժեհամակարգի:
Հայոց ցանկացած ընդդիմության ծնունդ ավարտվել է վաղաժամ մահով, որովհետև չի առաջադրել գաղափարական այլընտրանք` իշխանություններին, թե՛ գեոքաղաքական, թե՛ մնացյալ առումներով: «Ռուսիֆիկացման» հարցում իշխանությունները միշտ էլ եղել են պապից կաթոլիկ ու անփոխարինելի: Այլ հարց է, որ նույն ռուսական «շինելից» դուրս եկած ընդդիմադիրներին Կրեմլը դարձրել է դագանակ իշխանությունների գլխին, որ վերջիններս դույզն-ինչ չշեղվեն «գծից», իսկ հետո նույն այդ ընդդիմադիրներին ոչնչացրել է խիստ բարեհաջող` ուղարկելով անհամ թեյ խմելու (Ստեփան Դեմիրճյան), կանչել Մոսկվա ու հետն անցկացրած հարցազրույցն իսկ չի ցուցադրել (Լևոն Տեր-Պետրոսյան), մյուսին էլ կանչել Մոսկվա` «փարոն Փութինի փաթասխանը» տվել ձեռքը, ընտանյոք պտտել քաղաքում, ուղարկել Հայաստան (Րաֆֆի Հովհաննիսյան):


Այս ամենում իրենց «սրբազան» լուման ունեն նաև հայոց իշխանությունները, որոնք ամեն ինչ արեցին գաղափարական իզգոյացման նման վակուում ստեղծելու համար: ՈՒ թե շատ անկեղծ լինենք` վերջիններս արևմտյան շինել էլ քաշեցին իրենց գխին (տե՛ս ԵՄ-Հայաստան համաձայնագիրը) և դաշտն ամայացրին։ ՈՒ «Սասնա ծռերի» «ընդդիմադիր պահվածքի» արմատները պետք է նաև այդտեղ փնտրել: Ո՛չ ՊՊԾ-ն գրավածների վարքագծում (նրանք, հասկանալի է, ում խաղն էին խաղում. ոչ Ռուսաստանի, ոչ էլ Արևմուտքի... չենք բարձրաձայնում` ում, և վերջ): Խոսքն անթույլատրելի նման գործողություններին սատարող անչափ մեծ զանգվածի մասին էր, որը, ոչ ճիշտ ընդդիմության դեպքում, շատ բանի էր ընդունակ այս փոքրիկ երկրում:


Դառնանք այս օրերին. ո՛չ, չենք բաղդատելու ուսանողության անմեղ բողոքի ակցիաներն օրվա ընդդիմության պահվածքի հետ (անգամ չենք բաղդատելու ցույցի հետևում եղողների պահվածքի հետ), խոսելու ենք լոկ ընդդիմադիրներից:
Նախ` խորհրդարանական: Այո, միայն «Ելքի» մասին (այնքան, որքան ԲՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքն այդ դաշտը «մխտռեցին», որևէ մեկը չարեց):
Փոքրիկ, սոլիդ, ինտելեկտուալ ու փորձ ունեցող համակրելիներից բաղկացած այս թիմը`«Ելքը», որն այնքան անհրաժեշտ է ոչ միայն պառլամենտին, հանրությանը, այլև առաջին հերթին իշխանություններին, տառապում է բոլոր այն «այիբներով», գուցե և առավել, որ ունեցել են հայոց բոլոր ընդդիմությունները միասին վերցրած. այնտեղ նույնպես աջ ձեռքը չգիտի` ինչ է անում ձախը, և` ում հետ, նաև` որտեղ, այդ թվում և` ինչու. չհաշված մեկ կուսակցություն դառնալու անհնարինությունը (գաղտնիք չէ, «Ելքին» թերատում է նաև գեոքաղաքական ոչ հստակ կողմնորոշումը, չնայած արտաքին «լավ» փաթեթավորմանը):
Իսկ որ ամենաահավորն է, ինչպես բոլոր ուժերը, այնպես էլ այս պստիկ ու ճստիկ, բայց նաև «պնդոտ» ուժը քայքայելու համար իշխանություններին պետք կլինի մեկ տասներորդական վայրկյան... եթե «զորավոր համայնքի» շահը պահանջի:
Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ընդդիմությանը... Դա՞ ինչ է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ