ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Երբ փռշտում է Լիբանանը, ամբողջ Մերձավոր Արևելքում հարբուխ է սկսվում

Երբ փռշտում է Լիբանանը, ամբողջ Մերձավոր Արևելքում հարբուխ է սկսվում
14.11.2017 | 10:04

Դեռ չեն խաղաղվել Սիրիայի ու Իրաքի մարտադաշտերը, կոնֆլիկտի նոր կետ է դառնում Լիբանանը: Ամեն ինչ սկսվեց վարչապետ Սաադ Հարիրիի անսպասելի հրաժարականից, որ հնչեց Էր Ռիադից: Հետո Սաուդյան Արաբիայի իշխանությունները Լիբանանում գտնվող իրենց քաղաքացիներին հրամայեցին անհապաղ հեռանալ, իսկ մյուս սաուդցիներին` չմեկնել Լիբանան: Սաուդյան Արաբիան մեղադրեց Լիբանանի «Հըզբոլլահ» շիական շարժմանը, որ նրա զինյալները Եմենի տարածքից հրթիռ են արձակել իր տարածքի վրա: Լիբանանում վախենում են, որ իրենց երկիրը կարող է ներքաշվել սուննի Սաուդյան Արաբիայի և շիա Իրանի տարածաշրջանային կոնֆլիկտի մեջ: Մինչ Լիբանանի քաղաքական կուսակցությունները կոչ էին անում Սաադ Հարիրիին վերադառնալ իր պաշտոնին և կասկածում էին, որ սաուդցիներն են վարչապետին հրաժարական պարտադրել, նախագահ Միշել Աունը վարչապետի հրաժարականը չընդունեց: Էր Ռիադի հեռուստատեսությամբ իր ելույթում Հարիրին ասել էր, որ հրաժարական է տալիս, որովհետև իրեն ուզում են սպանել: Իր տեսաուղերձում Սաադ Հարիրին կտրուկ քննադատել է «Հըզբոլլահին» և շարժմանն աջակցող Իրանին:


Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականի լուրը պարզ երկնքում որոտի պես հնչեց: Այդ հրաժարականի մեջ ինչ-որ տարօրինակ բան կա` գրում էր թուրքական Milliyet-ը: Վարչապետն ուղիղ եթերում հայտարարեց հեռանալու մասին Սաուդյան Արաբիայում, ոչ թե իր երկրում: Այն, որ խոսքը Լիբանանի մասին է, այդ ամենը դարձնում է ավելի հետաքրքիր. երբ փռշտում է Լիբանանը, ամբողջ Մերձավոր Արևելքն է հարբուխով հիվանդանում: Հիմա բոլորը տարակուսած են: Հարիրին սաուդցիների ազդեցության տա՞կ է հրաժարական տվել: Թե՞ թաքնվել է Էր Ռիադում՝ փրկվելով մահափորձից, որը նրա դեմ պատրաստվում էր Բեյրութում: Այս իրադարձությունների իրական պատճառին նայելիս պարզ է դառնում, որ Սաուդյան Արաբիան Հարիրիին ստիպել է անել դա: Պատճառը պարզ է՝ Սաուդյան Արաբիայի և Իրանի մրցակցությունը: Այսօր Իրանն ազդեցիկ է տարածաշրջանում ինչպես նախկինում երբեք: Իսկ ԱՄՆ նախագահ Թրամփի հզոր և բաց աջակցությունը ստացած Սաուդյան Արաբիան ձգտում է հնարավորինս շուտ գերազանցություն ստանալ Իրանի նկատմամբ: Եվ գիտի, որ առաջին հերթին դա պետք է Լիբանանում անել, որը շիաների և սուննիների վեճի առաջադիրք է: Լիբանանում Հարիրին սուննի թևի դրոշն էր կրում: Բայց, մյուս կողմից, նրան քննադատում էին «Հըզբոլլահի»՝ Իրանի լիբանանյան խաղազինվորի նկատմամբ ոչ բավականաչափ խիստ դիրքորոշման համար: Ավելին՝ մամուլում բազմիցս հաղորդվել է, որ Հարիրին փորձել է գաղտնի կապվել Ասադի՝ Սիրիայում Իրանի դաշնակցի հետ: Որ լիբանանյան բանակը «Հըզբոլլահի» հետ ԻՊ-ի դեմ համատեղ գործողություններ է իրականացնում Սիրիայում, թերևս, դարձավ Սաուդյան Արաբիայի համբերության լցված բաժակի վերջին կաթիլը: Լիբանանում Հարիրիի հեռանալով հրաժարական է տալիս և կառավարությունը, որը հաջողվել էր ձևավորել միայն անցած տարի՝ նախագահ ընտրելու երկուսուկես տարվա ճգնաժամից հետո:

Ընտրությունները, որոնք պետք է մայիսին տեղի ունենային, նույնպես հետաձգվեցին անորոշ ժամանակով: Երկիրը, ըստ ամենայնի, երկար ժամանակ չի կարողանա դուրս գալ քաոսից: Սաուդյան Արաբիան կփորձի այդ իրավիճակը կապել «Հըզբոլլահի»` երկիրը կառավարելու անկարողության հետ: Հաջորդ նպատակը կլինի «Հըզբոլլահի» զինաթափումը: Հրաժարականի պատճառ է նաև Հարիրիի անձնական մտահոգությունն իր ֆինանսական կարողությունը պահպանելու համար: Հարիրին գլխավորում էր հորից հասած Oger հսկայական ընկերությունը, որի բազան Սաուդյան Արաբիայում է: Ենթադրվում է, որ Հարիրին համակերպվել է պաշտոնանկության հետ՝ իրեն պատկանող ընկերության բռնագրավում թույլ չտալու համար: Այն օրերին, երբ Հարիրին հրաժարական է տալիս, Սաուդյան Արաբիայում պաշտոնապես պալատական հեղաշրջում է: Թագաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալմանը սաուդյան պատմության մեջ առաջին անգամ ձերբակալել է տասնյակ արքայազնների և նախարարների կոռուպցիայի մեղադրանքով: Նրանք բոլորը Սալմանի հանդեպ ընդդիմությունում են նախ և առաջ Իրանի նկատմամբ նրա ագրեսիվ քաղաքականության պատճառով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Նոյեմբերի 4-ին Էր Ռիադում հրաժարականից հետո Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին խոսեց նոյեմբերի 12-ին` Future TV հեռուստաալիքով նա հայտարարեց, որ հակառակ տարածված ենթադրությունների` լիակատար ազատ է իր տեղաշարժի մեջ և որոշ ժամանակից կվերադառնա հայրենիք. «Ես ազատ եմ այստեղ և կարող եմ գնալ` ուր ուզում եմ»: Դա նրա առաջին հարցազրույցն էր հրաժարականից հետո, որ ցնցեց ոչ միայն Լիբանանը, այլև ամբողջ տարածաշրջանը: Լիբանանը բազմիցս է դարձել տարածաշրջանային ուժերի բախման կետ, և երկրում մեծ անհանգստություն կա, որ կարող են նորից հայտնվել կոնֆլիկտի կիզակետում` այս անգամ Սաուդյան Արաբիայի ու Իրանի: «Ես հրաժարական տվեցի, շուտով կվերադառնամ Լիբանան և սահմանադրական կարգով հրաժարական կտամ»,- ասել է Սաադ Հարիրին իր հեռուստահարցազրույցում` ընդունելով, որ հրաժարականը անսովոր էր, և շեշտելով, որ ուզում է իր երկրին «դրական ազդակ» տալ: Լիբանանի նախագահ Միշել Աունը այլ կարծիքի է: Նա հայտարարել է. «Վարչապետ Սաադ Հարիրիի վիճակի անորոշությունը մեկ շաբաթ առաջ հրաժարական տալուց հետո նշանակում է, որ նրա հայտարարությունները կամ նրան վերագրվող հայտարարություններն ու գործողությունները ճշմարտություն չեն»: Իսրայելում ևս տագնապով են հետևում Սաուդյան Արաբիայի ու Իրանի կոնֆլիկտին: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը կառավարության նիստում հայտարարել է. «Մերձավոր Արևելքում կան ուժեր, որ առաջվա պես զվարճանում են Իսրայելի վրա հարձակման փորձերով: ՈՒզում եմ հատկապես զգուշացնել, որ մեր պատասխանը շատ կոշտ կլինի, և մենք խորհուրդ չենք տալիս ոչ մեկին ստուգել մեր ամրությունը»: Նրա խոսքերն առաջին հերթին հասցեագրված են պաղեստինցիների «Իսլամական ջիհադ» կազմակերպությանը, որի 12 զինյալներ հոկտեմբերի 30-ին սպանվեցին Գազայի հատվածում թունելի ոչնչացման ժամանակ: «Իսլամական ջիհադը» խոստացավ պատասխան տալ իր զոհված զինյալների համար, բայց երկու շաբաթում ոչինչ չհետևեց և դա առիթ տվեց ռազմական փորձագետներին բացահայտ կապ տեսնել Սաուդյան Արաբիայի ու Իրանի պաշտպանությունն ունեցող «Հըզբոլլահի» լարված հարաբերությունների մեջ: «Պաղեստինցի ահաբեկիչների ցանկացած սադրանք Իսրայելի դեմ պատասխան կստանա և կարող է վերածվել Գազայում նոր պատերազմի,- հայտարարեց պահեստի գեներալ-մայոր Դանի Ռոտշիլդը:- Այսօր Մերձավոր Արևելքում բավականաչափ շատ խաղացողներ ուզում են տեսնել` ինչպես է մեծ պատերազմը սկսվում մեր կողմից: Դա նրանց կօգնի լուծել իրենց ներքին խնդիրները»: Իսկապես` երբ Լիբանանում փռշտում են, Մերձավոր Արևելքում հարբուխ է սկսվում: Մեզ համար դա հատկապես վտանգավոր է` հաշվի առնելով Բեյրութում ու Լիբանանում ապրող մեր հայրենակիցներին սպառնացող աղետը:

Դիտվել է՝ 3205

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ