Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Պուտինյան Ռուսաստանն ընդունելի և անընդունելի բոլոր միջոցներով ձգտում է «ռուսական լուծում» տալ մխացող հակամարտությանը»

«Պուտինյան Ռուսաստանն ընդունելի և անընդունելի բոլոր միջոցներով ձգտում է «ռուսական  լուծում» տալ  մխացող հակամարտությանը»
14.11.2017 | 10:06

Հայաստանի արտաքին հեռանկարների, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ «Իրատեսը» զրուցեց 1990-1999 թթ. ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի պատգամավոր ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ հետ:

-Հայաստանը, անդամակցելով ԵԱՏՄ-ին, պատրաստվում է ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելու: Փաստորեն, կրկին «և-և»-ի քաղաքականությու՞նն է կարևորվում:
-ԵՄ-ի հետ համաձայնագիրն «անպայման» կնքելու այն վստահեցումը, որ կատարում են ՀՀ իշխանական շրջանակները, մակերեսային դիտարկմամբ կարող է տպավորություն առաջացնել, որ շարունակվելու է Օսկանյանի «քոմփլեմենտար» քաղաքականությունը կամ Ձեր ասած «և-և»-ը: Այնինչ Հայաստանը, անդամակցելով ԵԱՏՄ-ին, իրականում ստիպողաբար հայտնվել է փոխադարձ շահերը չհարգող և թերզարգացած պետությունների արհեստական մի կազմավորման մեջ, որտեղ թելադրողը նախահարձակ Ռուսաստանն է: Մի բանում վստահ եմ` Մոսկվան միջազգային հարթության վրա Հայաստանին չի թողնի որևէ ինքնուրույն քայլ կատարել, եթե նույնիսկ այդ համաձայնագրում չլինի որևէ բան, որն առնչվում է ռուսական շահերին: Ինչպես երեկ, այնպես էլ վաղը Հայաստանի իշխանությունների «քաղաքականությունը» ոչ մի առնչություն չի ունեցել և չի ունենա բացառապես սեփական երկրի և ժողովրդի պետական շահերով ղեկավարվող քաղաքականության հետ:
-Շատ են քննադատություններ հնչում ԵԱՏՄ-ի անդամակցության շուրջ, անգամ խորհրդարանական ընդդիմությունը այդ միությունից դուրս գալու նախագիծ դրեց շրջանառության մեջ: Իշխանությունն էլ փաստեց, որ տնտեսական արդյունքներն այդքան կարճ ժամանակում տեսանելի չեն կարող լինել, իսկ անվտանգության առումով ԵԱՏՄ-ն անհրաժեշտություն է: Ի վերջո, արտաքին քաղաքականության ո՞ր կուրսը կարող է հաջողություն բերել Հայաստանին:
-Այո, նույնիսկ իշխանության վերին էշելոնում գտնվողներից շատերը ոչ պաշտոնական զրույցներում դեմ են արտահայտվել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին: Ի դեպ, ԵԱՏՄ-ի փաստաթղթային բազան զգալիորեն զիջում է մինչ այդ կազմակերպություն մտնելը Հայաստանում գործող հարկային ու մաքսային օրենսդրական բազայի զարգացածությանը: Հայաստանի իշխանությունն իր այդ քայլն արդարացնելու համար նախ հնչեցրեց այն միտքը, թե մեկ տարին բավարար չէ, որ տեսանելի դառնան ԵԱՏՄ-ի անդամակցության հետ կապված «նվաճումները», իսկ ահա վերջերս սկսեց թմբկահարել ինչ-որ տոկոսային թվեր, որոնք «ապացուցում» են, թե իբր դրանք Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության մեջ «դրական» փոփոխությունների են բերելու: Նախ` նշենք, որ իրականում տնտեսավարմանն ուղղված յուրաքանչյուր դրական քայլ առավելագույնը վեց ամսվա ընթացքում տեսանելի է դառնում երկրի բնակչությանը, թեկուզ այդ բնակչությունն իր նյութական վիճակի վրա դա դեռ որևէ կերպ չի զգում: Իսկ արդեն մեկ տարի անց տեսանելի է դառնում որոշ իրական առաջադիմություն, որի արդյունքում հնարավոր է դառնում, թեկուզ նվազագույն չափով, բյուջեում որոշակի հավելյալ գումար մուտքագրել: Ինչ վերաբերում է վերոհիշյալ տոկոսային թվերին, ապա դրանք հիմնականում արտացոլում են հայ-ռուսական սովորական երկկողմ ապրանքաշրջանառությունը, որը, ավելի կամ պակաս, կար նախկինում և այսօր էլ իրականանում է՝ որևէ լուրջ հետևանքի չհանգեցնելով: Բայց... ինչպես լուրջ հիմքեր չունենք հավատալու հայաստանյան համապետական ընտրությունների և վիճակագրության թվերին, այնպես էլ հավատ չենք կարող ընծայել ԵԱՏՄ-ի անդամակցությունից հետո Հայաստանի տնտեսական առաջադիմության մասին իշխանությունների հնչեցրած վերջին տվյալներին: Ես չեմ հավատում ԵԱՏՄ-ի ապագային ոչ միայն Ռուսաստանի տնտեսական ու գիտատեխնիկական հետամնաց կարողությունների, այլև իր հարևան բոլոր ժողովուրդների նկատմամբ վերջինիս նախահարձակ պահանջատիրության, համաշխարհային ժողովրդավարական արժեքները քամահրելու և ողջ աշխարհին հակադրվելու մշտական կեցվածքի առումով: Ես չեմ հավատում Հայաստանում հնչող այն «հաղթական ճիչերին», թե իբր ԵԱՏՄ մտնելուց հետո Հայաստանի տնտեսությունը դուրս է գալիս իր համարյա տասնամյակ տևող ճգնաժամից: Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքելուն, կարծում եմ, այդ մասին վաղաժամ է որևէ կարգի հաստատական պնդում կատարելը:
Իսկ երկրի անվտանգության պատճառաբանությամբ ԵԱՏՄ մտնելն ուղղակի խայտառակություն է: Արտառոցն այն է, որ հայերի ուղեղներում մեխի նման գամել են այն համոզմունքը, թե իբր ռուսները հայերի և Հայաստանի միակ ու անփոխարինելի «փրկիչն» ու «բարեկամն» են: Վերջին ենթահարցը ցույց է տալիս, որ մենք, մեղմ ասած, լավ չենք պատկերացնում մեր երկրի հետագա գոյության հիմքերը: Անկախ երկիր ունեցող ժողովուրդը պարտավոր է իր ղեկավարությունից պահանջել, որ վերջինս իր ներքին և արտաքին քաղաքականությունը ենթակայացնի և ձևավորի բացառապես երկրի պետական և ազգային իրական շահերի պահանջների հիման վրա: Այս դեպքում եթե դրվում է մասնավորապես անվտանգության հարց, ապա արագությունների մեծացման և ժամանակի ու տարածության կրճատման այս դարում իրական և վստահելի դաշնակիցներ գտնելն էլ ավելի հեշտ է: Չպետք է մոռանալ, որ դաշնակցի ընտրությունը կատարվում է ո՛չ թե զոհի տառապյալ ու վախվորած կերպարանք ընդունելով, կամ դիմացինի նկատմամբ սիրուց հալումաշ լինող կուրտիզանուհու հավատարմության հավաստիքներ տալով, կամ էլ դիվանագիտական արարողակարգային ռևերանսների հարթակում պահանջված ձևեր թափելով, այլ, ի շարս այլոց, միջազգային իրողությունների ու հանգամանքների հաշվառման և փոխադարձ իրական շահերի ու ձգտումների համընկնման թվաբանական հաշվարկով: Այս գործում ևս կեղծ ու պատիր և իր դարն արդեն վաղուց անցած ավանդապաշտությունը վնասակար է: Չերկարացնեմ, ներկայումս ես գրում եմ «Անվտանգության մասին» վերնագրով մի ընդարձակ հոդված, որը կշարունակի նաև այս հարցի պատասխանը: Թե դա երբ կվերջացնեմ, ինձ էլ դեռ հայտնի չէ:
-Այս օրերին լրահոսը ողողված էր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման մասին տեղեկություններով: Սրան զուգահեռ Հայաստան-Իրան երկաթգիծն այդպես էլ մնաց թղթի վրա: Հայաստանի համար տնտեսական և քաղաքական ի՞նչ խնդիրներ կստեղծի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը:
-Այն, որ Բաքու-Թիֆլիս-Կարս երկաթգիծը Հայաստանի շրջափակման թուրք-ադրբեջանական ծրագրային կառույցներից մեկն էր լինելու և անպայման կառուցվելու էր, հայտնի էր բոլորին, բացի Հայաստանի բարձրագույն ղեկավարությունից: Այդ ժամանակ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Քոչարյանը դա համարեց թուրք-ադրբեջանական «բլեֆ» և վստահություն հայտնեց, որ այն «չի կառուցվի»: Այս մակարդակի քաղաքական պատրաստվածություն ունեցողները, դժբախտաբար, արդեն 20 տարի Հայաստանի քաղաքական դաշտում ջախջախիչ մեծամասնություն են կազմում: Նրանք քամահրում են Հայաստանի պետական ռազմավարական շահերը, գաղափար չունեն քաղաքական ազդեցության բնական և արհեստական լծակների մասին, երաշխիքային լուրջ համակարգի մասին, քաղաքական դիրքորոշումներում և բանակցություններում օտար երկրի թելադրանքով են ղեկավարվում, անձնական դիրքն ու շահերը վեր են դասում ամեն ինչից և այլն, և այլն: Անտարակույս, այդ երկաթգծի շահագործումն արդեն հիմնովին մեկուսացված Հայաստանի համար հազիվ թե նոր խնդիրներ ստեղծի, քան այն, որ ավելի կստվարացնի մեր երկիրը մեկուսացնող գործոնների շարքը: Ի՞նչը կամ ո՞վ կխանգարի թուրքերին, որ նրանք վրացական և բուլղարական սահմանային անցակետերում ևս փակեն Հայաստանից եկող կամ Հայաստան գնացող վագոնների մուտքը Թուրքիա: Իսկ թե դա ինչպես կօգտագործվի դիվանագիտական ասպարեզում, արդեն ակնհայտ է Մամեդյարովի վերջին անընդունելի առաջարկից: Իսկ «Վարդենիս-Մեղրի երկաթուղի» կառուցելու մասին նրանց «նպատակադրությունը» բացարձակապես ո՛չ գիտակցված էր, և ո՛չ էլ նախապատրաստված՝ դրա դիվանագիտական և ֆինանսավորման առումներով: Դա էլ, ի շարս այլոց, դարձավ իմիտացիոն իշխանավարման հերթական բլեֆներից մեկը, ինչպիսիք էին, ասենք, «աղետի գոտին զարգացման գոտի» համարելը, «մեկ տարում 40 հազար աշխատատեղ ստեղծելը», «մի քանի տարի անց Հայաստանի բնակիչների համար բնակարանի և ավտոմեքենայի ձեռքբերումը հասանելի դարձնելը» և այլն:
Հայաստանը մեկուսացնելու թուրք-ադրբեջանական ծրագրի մասն է կազմելու նաև ՌԴ-Ադրբեջան-Իրան՝ «Հյուսիս-Հարավ» կոչվող երկաթուղու շահագործման հարցը, որն արդեն վաղուց էր ծրագրված, բայց Իրանի վերապահումների պատճառով ձգձգվում էր: Ինչպես երևում է, Իրանում վերջնականապես համոզվել են, որ Հայաստանի իշխանություններն ի զորու չեն տնօրինելու իրենց երկրի տարածքը և սկսում են ձեռք քաշել Հայաստանին վերաբերող իրենց կոմունիկացիոն ծրագրերից: Հայաստանի իշխանությունների մեջ մեղքի զգացողությունը չկա, թե իրենց այդ քաղաքականության պատճառով ինչպիսի վտանգավոր քաղաքական ու պետական վնասներ են հասցրել մեր հազարավոր տարիների հարևան Իրանին՝ նրան ստիպելով իր դեմ օգտագործելի ազդեցության լծակներ տրամադրել իր ոչ բարյացակամ հարևաններին: Տարօրինակ է՝ այն ժամանակը, որը տրվել էր ազդեցության բնական լծակներից զուրկ Հայաստանին, որպեսզի վերջինս իր համար գոնե ստեղծեր արհեստական, ասենք՝ կոմունիկացիոն լծակներ՝ իր պետական անկախությունն ամրապնդելու և տնտեսությունը զարգացնելու համար, իշխանությունն օգտագործեց բացառապես երկիրը թալանելու և այն, ըստ էության, օտար երկրի տիրույթ ու կամակատար դարձնելու համար: Ի տարբերություն Հայաստանի, մեր բոլոր հարևաններն այդ ընթացքում օժտվեցին և դեռ օժտվելու են ազդեցության նորանոր լծակներով:
-Յուրաքանչյուր արտաքին մարտահրավեր ուղղակի և անուղղակի ազդում է ղարաբաղյան հիմնախնդրի վրա: Հաշվի առնելով այսօրվա աշխարհաքաղաքական իրադրությունը, ինչ եք կարծում, հնարավո՞ր է գերտերությունների բախում լինի այս տարածաշրջանում, և Ղարաբաղը դառնա թեժ կետերից մեկը:
-Հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական իրադրությունը, կարծում եմ՝ ղարաբաղյան հակամարտության մոտ 30 տարիների ընթացքը ցույց է տվել, որ այդ հակամարտության գործում բացակայում են անհրաժեշտ այնպիսի ծայրահեղ վտանգավոր գործոններ, որոնք կարող են հանգեցնել համաշխարհային ուժային կենտրոնների բախմանը: Սա, իհարկե, չի նշանակում, որ այս հարցում քաղաքական տարաձայնություններ չեն լինի այդ կենտրոնների միջև: Ինչևէ, այսօր արդեն մի բան որոշակիորեն ակնհայտ է. Արևմուտքը երբևէ Հայաստանի նկատմամբ բարիկամեցողական այնպիսի դիրքորոշում չի ունեցել, ինչպիսին հիմա է: Ռուսաստանի պոչը բռնելով մենք չենք կարողանա օգտվել դրանից: Վերջին տարիներին նկատվում է, որ ղարաբաղյան հակամարտության տասնյակ տարիներ տևած խաղաղ կարգավորման միջազգային փորձերի ձախողումը Արևմուտքում գնահատվում է մի կերպ, իսկ Ռուսաստանում՝ մի այլ: Տպավորություն կա, որ Արևմուտքում սկսել է կայունանալ այն միտքը, որ ներկայումս ղարաբաղյան հակամարտության մասնակից երկրների ժողովուրդները պատրաստ չեն փոխզիջումներով հասնելու հարցի խաղաղ կարգավորմանը, և պետք է ստատուս քվոն պահպանել այնքան ժամանակ, մինչև որ այդ ժողովուրդների փոխադարձ անհանդուրժողականությունը ժամանակի ընթացքում տեղի տա նրանց միջև աստիճանաբար գոյանալիք տարատեսակ գործնական շփումների առջև: Իսկ ահա պուտինյան Ռուսաստանն ընդունելի և անընդունելի բոլոր միջոցներով ձգտում է «ռուսական լուծում» տալ այդ մխացող հակամարտությանը: Նրա թելադրանքով էր, որ Ադրբեջանի իշխանությունը 2016-ին հայ-ադրբեջանական (արցախյան) շփման գծի ողջ երկայնքով իրականացրեց ապրիլյան լայնարձակ դիվերսիան: Դրա նպատակն էր զգայուն պարտության մատնել հայկական կողմին և նրան պարտադրել գնալու միակողմանի զիջումների: Չեմ բացառում, որ այս կարգի պրովոկացիան շարունակություն կունենա: Ռուսաստանի փորձերը՝ ղարաբաղյան հակամարտության հարցը «լուծելու» իր միակողմանի շահերի շրջանակում, ներառում են հակամարտող կողմերին զինելը, նրանց անհավասար ռազմատեխնիկական մատակարարումը, հակամարտող երկրներում (հատկապես Հայաստանում) իր տարաբնույթ ներկայության ընդլայնումները և դրանց շարունակական փորձերը, ռազմաքաղաքական և մշակութային պարտադրանքները, կողմերի ղեկավարներին կոմպրոմատային ճնշումների ենթարկելը, միջազգային կազմակերպություններում ռուսական դիրքորոշման թելադրանքով գործելը, նրանց իմիտացիոն, անշահավետ, հակապետական, հակաժողովրդական և հակազգային քաղաքական, հասարակական և սոցիալ-տնտեսական «նախաձեռնությունների» մղելը, այդ նույն երկրների համապետական ընտրություններում իշխող կլանների վերընտրությանը գործուն միջամտությամբ աջակցելը, Ռուսաստանի հայկական և ադրբեջանական սփյուռքների օգտագործումը ռուսական վերոհիշյալ և այլ շահերի ոլորտներում: Եվ այլն, և այլն: Եթե այսպիսի իրավիճակում Արևմուտքը, հանուն խաղաղության, ձեռնպահ է մնում Հարավային Կովկասում ավելի ակտիվ արձագանքելուց ռուսական վատ քողարկված ծավալապաշտությանը, ապա դա կարծես փոխհատուցվում է ռուսական արմատական շահերին պատժամիջոցային ծանր հարվածներ հասցնելու նախաձեռնությամբ: Թե դա որքան արդյունավետ կլինի, կերևա մոտ ապագայում:
-Ժնևյան հանդիպումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ադրբեջանը ոչ մի պայմանավորվածություն չի պահում: Այսպիսի իրավիճակում հնարավո՞ր է հասնել խնդրի վերջնական կարգավորման: Եվ Դուք ինչպե՞ս եք այդ կարգավորումը տեսնում:
-Դե իհարկե ո՛չ: Ադրբեջանը ոչ մի պայմանավորվածություն չի պահպանի: Դա նրա մարտավարության զինանոցի առաջնակարգ զենքն է, որն օգտագործվում էր դեռ ռազմական բախումների և պատերազմական գործողությունների ժամանակներում, երբ հիմնականում իրենց խնդրանքով կայացած կրակի դադարի պայմանավորվածություններն առաջինը հենց իրենք էին խախտում: Այդ ժամանակներում դրա համար նրանք խիստ պատժի էին ենթարկվում և մեծ կորուստներ էին ունենում՝ ինչպես կենդանի ուժի ու տեխնիկայի, այնպես էլ տարածքային: Եվ նույնիսկ այդպիսի գնով կայացած կրակի նոր դադարների վերաբերյալ պայմանավորվածությունները շարունակեցին խախտվել էլի նրանց կողմից, իսկ վերջին տարիներին այդ խախտումները համարյա ամենօրյա են դարձել: Ադրբեջանցիների համար սա հոգեբանական խնդիր է, որն սկսել է նրանց գիտակցության մեջ ձևավորվել դեռ դարեր առաջ: «Հայը «վախկոտ է», «հայը կռվել չգիտի», «հայն անընդունակ է փողի գայթակղությանը դիմանալու», «հայերը միասնական չեն» և այլն: Դարեր շարունակ այս մտագարությունն է սերմանվել կովկասյան թաթարի՝ ապագա ադրբեջանցու գիտակցության մեջ: Եվ ահա այդ հայերը պատերազմ են վարում ու ջախջախում Ադրբեջանի բանակը, «զավթում նրանց հողերը»: Ամոթ ու խայտառակություն, այդ «վախկոտ հայերն» ադրբեջանցու փափախն ու պատիվը գետնով են տվել: Պարտությունից հետո ադրբեջանական ղեկավարությունն այլ բան չի գտնում ադրբեջանցիների նսեմացած ոգին «բարձրացնելու» համար, քան հայերի նկատմամբ ատելության էլ ավելի ուժգնացումը: Այսօր Ադրբեջանի բնակչության ջախջախիչ մեծամասնությունը վարակված է այդ ախտով: Հետևաբար համբերությամբ սպասելը, թե նրանք երբևէ խելքի են գալու և հարգելու են կրակի ու մարտական բոլոր գործողությունների դադարի վերաբերյալ բիշքեկյան արձանագրությունը, անիմաստ է: Կարծում եմ, որ ադրբեջանցիները գոնե առժամանակ կդադարեցնեն վերոհիշյալ խախտումները, եթե յուրաքանչյուր խախտումից հետո պարտադիր կերպով պատժվեն կենդանի ուժի և տարածքային զգալի կորուստներ կրելով: Այո՛, կրակի դադարի յուրաքանչյուր խախտումից հետո նրանց պետք է գցել այն օրը, որ, ինչպես 1994-ի և 2016-ի գարնանն էր, այսուհետ ևս չոքեչոք իրենց գցեն Մոսկվա և աղաչեն ռուսներին իրենց ևս մեկ անգամ փրկել հայերից: Այո՛, այդ երկու դեպքերում էլ ռուսները կատարել են ադրբեջանցիների խնդրանքը: Բայց այնքան էլ վստահ չեմ, որ ապրիլյան լայնամասշտաբ դիվերսիայի ավարտին ևս, երբ հայերն արդեն հարձակվում էին (ինչպես 1994-ի դադարից առաջ), կրակը դադարեցնելու պատասխանատվությունը դաշնակների ու կիսադաշնակների ջանքերով նորից կհաջողվի բարդել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա: Անկասկած, առկա իրավիճակում հիմքեր չկան խոսելու ղարաբաղյան թնջուկի վերջնական կարգաբերման մասին: Ես փոխադարձ զիջումների մեջ եմ տեսնում ղարաբաղյան խնդրի կարգավորումը: Բայց մերժելով մերժում եմ, երբ փորձ է կատարվում դա ծառայեցնել օտար որևէ երկրի շահերին: Օրինակ՝ այդ կապակցությամբ օրերս Պուտինի առաջարկած պայմանները ոչ մի կապ չունեն ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային տարբերակի հետ: Դա, փաստորեն, ռուսական շահերի հիման վրա հակամարտությունը «կարգավորելու» Ադրբեջանին առաջարկվող ռուսական-ադրբեջանական համագործակցության փորձ է: Ինքներդ դատեք, ադրբեջանական լրատվամիջոցները համառորեն պնդում են, որ Պուտինը 5 գրավյալ շրջանի վերադարձի համար երեք պայման է դրել Ադրբեջանի առջև. 1) Ադրբեջանը պետք է անդամակցի ԵԱՏՄ-ին, 2) Ադրբեջանը պետք է անդամակցի ՀԱՊԿ-ին, 3) Արցախում պետք է տեղակայվեն ռուս խաղաղապահներ: Ինչպես տեսնում եք, այստեղ Հայաստանն ու Արցախը ո՛չ հակամարտության կողմեր են, ո՛չ էլ առնչություն ունեն դրա հետ: Կամ թե ո՞րն է դրանից Հայաստանի ու Արցախի շահը, դրա մասին որևէ խոսք չկա: Իհարկե, այստեղ շատ ու շատ բաներ են պակասում, որ անպայման կլրացվեն համաձայնեցման դեպքում, բայց և այնպես վստահ եմ, որ ռուսական այս նոր ավանտյուրան կմերժի ո՛չ թե Հայաստանի իշխանությունը, որը քար լռություն կպահպանի, սպասելով ուրիշների բացասական արձագանքներին, այլ ռուսական ախոռից իրեն հեռու պահող Ադրբեջանը:

Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4098

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ