USD483.86
EUR572.89
RUB8.29
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Թեհրան. երեք նախագահների հանդիպման հետևում չտեսան ամենակարևորը` Իրանի և Ռուսաստանի գլխավոր շտաբների պետերի հանդիպումը

Թեհրան. երեք նախագահների հանդիպման հետևում չտեսան ամենակարևորը` Իրանի և Ռուսաստանի գլխավոր շտաբների պետերի հանդիպումը
14.11.2017 | 10:13

Թեհրանի 2017 թ. նոյեմբերի 1-ի իրադարձությունները, հավանաբար, հետագայում կդառնան հաշվարկի ինչ-որ նոր կետ։ Բանն այն չէ, որ հաստատվել էր Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման եռակողմ ձևաչափ, առանց Հայաստանի հետ Իրանի և Ռուսաստանի երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների հետ փոխադարձ կապի։ Անկողմնակալ դիտորդները պարտավոր են նշելու մի քանի կարևոր գործոն։ Առաջին. պատմության ընթացքում թերևս առաջին անգամ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին բավական կարճ ժամանակամիջոցում երկու անգամ հանդիպեց և բանակցություններ վարեց այլ երկրի առաջնորդի, այսինքն` Վլադիմիր Պուտինի հետ։ Եվ, դատելով իրանական ԶԼՄ-ների հաղորդագրություններից, նրանք խոսել են ոչ միայն որպես քաղաքական առաջնորդներ, այլև որպես իրենց երկրների զինված ուժերի գերագույն հրամանատարներ։ Երկրորդ. նախագահների հանդիպումներին և այլ բանակցություններին զուգահեռ, Թեհրանում նույն օրը կայացել են Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության 1-ին փոխնախարար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հանդիպումը և բանակցությունները նրա իրանցի գործընկեր Մոհամադ Բագերիի հետ։

Ըստ իրանական կողմի, գլխավոր շտաբների պետերը «քննարկել են ժամանակակից և նոր պաշտպանական դիվանագիտությունը»։ Երրորդ. վերջին տարիների ընթացքում առաջին անգամ այաթոլահ Խամենեին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Եվ այդ բանակցություններում շոշափված թեմաները, դատելով իրանական կիսապաշտոնական լրատվամիջոցների հաղորդագրություններից, Ալիևի համար այնքան էլ հաճելի չպետք է լինեին։ Մենք այսպիսի վարկած ենք առաջ քաշում` ելնելով և՛ Խամենեիի գլխավոր պահանջի բնույթից, որ «անհրաժեշտ է հակազդել իրանա-ադրբեջանական հարաբերությունների հակառակորդների գործողություններին», և՛ այն հայտարարություններից, որոնք Իրանի Գերագույն առաջնորդն արել է արդեն նոյեմբերի 2-ին։
Նախագահների հանդիպման վերջում ստորագրվել է համատեղ հայտարարություն, որն արագորեն տարածել են ամենատարբեր երկրների ԶԼՄ-ները։ Վերլուծելով այդ փաստաթղթի կետերը, մենք նշում ենք, որ Իրանն ու Ռուսաստանը գլխավորապես «հիշեցրել են» Ադրբեջանին, որ նա «գտնվում է» իրենց ռազմավարական պլաններում։ Մասնավորապես` տրանսպորտային ծրագրերում (խոսքը միայն «Հյուսիս-Հարավ» միջանցքի մասին է, ոչ թե Բաքվի «ոսկի երազանքի»` համոզել Չինաստանին և «Մետաքսի մեծ ճանապարհի» տնտեսական ծրագրին միացած մյուս երկրներին, որ անհրաժեշտ է օգտագործել Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղային ճյուղը), ինչպես նաև նավթագազային և նավթաքիմիական ոլորտներում համագործակցության ընդլայնման ծրագրերում, այդ թվում` նավթագազային հանքավայրերի հետախուզման և մշակման, հում նավթի և նավթամթերքների տեղափոխման և փոխմատակարարումների, միջազգային էներգետիկ հարթակներում գործակցության ծրագրերում։ Այդ շարքում են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի էլեկտրացանցերի միացման նախագծի և էլէներգիայի առևտրի գծով պայմանավորվածությունների իրականացման ծրագրերը։


Այնուհետև գալիս են ավելի խոշորամասշտաբ կետեր։ Տանք նրանց հերթականությունը, որպեսզի ամեն օբյեկտիվ ընթերցողի պարզ լինի, թե Ռուսաստանն ու Իրանը ինչն են առաջնահերթ համարում (այդ թվում` Ադրբեջանի «մշակման» տեսանկյունից). 1) Կասպից ծովի իրավական կարգավիճակը, ինչպես նաև նավահանգիստների վարչությունների համագործակցությունը, ծովային նավագնացությունը, բազմատեսակ փոխադրումները, ծովային զբոսաշրջությունը, ջրային կենսապաշարների պահպանումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, էներգետիկան, առևտուրը, տնտեսությունը, գիտական հետազոտությունները, ջրագրությունը, օդերևութաբանությունը, անվտանգությունը և ռազմական համագործակցությունը, արտակարգ իրավիճակների նախազգուշացումը և կանխումը, 2) տարածաշրջանի բոլոր չկարգավորված վեճերը կարող են կարգավորվել միայն խաղաղ ձևով` «միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի ու դրանց համապատասխան որոշումների ու փաստաթղթերի վրա հիմնված բանակցությունների միջոցով», 3) համատեղ «հակազդել ահաբեկչությանը, ծայրահեղականությանը, անդրազգային կազմակերպված հանցագործությանը, զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառությանը, մարդավաճառությանը և տեղեկութա-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի հանցագործություններին»։


Այսպիսով, Թեհրանի և Մոսկվայի համար Կասպից ծովին վերաբերող Ադրբեջանի այն ջանքերի չեզոքացումը, որոնք հակասում են Իրանի և Ռուսաստանի շահերին, ավելի կարևոր է, քան, ասենք, Այսրկովկասի չկարգավորված վեճերը և Սիրիայում ու Իրաքում միջազգային ահաբեկչության դեմ Իրանի ու Ռուսաստանի համատեղ պայքարին աջակցելու Ադրբեջանի պատրաստակամությունը։ Ինչ վերաբերում է վեճերին, ապա պարզ է, որ Իրանի նախագահ Ռոհանին և ՌԴ-ի նախագահ Պուտինը մեկ անգամ էլ զգուշացրին Ալիևին, որ չեն հանդուրժի Ղարաբաղի խնդիրը «տաք պատերազմի» հասցնելու Ադրբեջանի հերթական քայլերը։ Սկզբունքորեն պարզ է նաև, թե ինչու Իրանին և ՌԴ-ին այնքան էլ պետք չէ ահաբեկչության դեմ պայքարում Բաքվի աջակցությունը. չէ՞ որ հայտարարվել է, որ Իրաքի բանակը և շիական «Ալ Խաշդ աշ Շաաբի» աշխարհազորն արդեն պատրաստվում են հսկողության տակ առնելու երկրի տարածքի հյուսիս-արևմտյան հատվածը, որն ընդհանուր սահման ունի Սիրիայի և Թուրքիայի հետ։

Հաջողություններ կան նաև սիրիական Դեյր Էզ-Զորում ահաբեկիչների ոչնչացման գործում։ Իսկ եթե անհրաժեշտություն ծագի, որ Ադրբեջանն ինքը դատապարտի կամ հանձնի իր այն քաղաքացիներին, որոնք Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների կողմից մասնակցել են պատերազմին, այդ ժամանակ էլ Ալիևի դեմ կգործադրեն նրա այն ստորագրությունները, որոնք նրանից ստացվել են 2017-ի նոյեմբերի 1-ին Թեհրանում։
Ալիևի վրա ներգործելու մնացած մասը, երևի, ստանձնել է այաթոլահ Խամենեին։ Ահա միայն մի քանի թեզիս, որոնցից լիովին պարզ է դառնում, թե դիմացինին ինչ է ներշնչել Իրանի Գերագույն առաջնորդը։ Այսպես, Խամենեին հայտարարել է, որ «Իրանի և Ադրբեջանի եղբայրական մոտ հարաբերություններն ունեն հակառակորդներ, որոնց քայքայիչ գործողություններին ու գայթակղություններին պետք է դիմակայել»։ ՈՒ՞մ պարզ չէ, որ այաթոլահը խոսում է ԱՄՆ-ի և Իսրայելի մասին, որոնք չեն թաքցնում, որ Ադրբեջանն իրենց «առանձնահատուկ բազան» է Այսրկովկասում։ Դրանում համոզվելու համար Ալիևը պետք է մի քիչ ուշանար Թեհրանում և սեփական ականջներով լսեր այն, ինչ ասաց Խամենեին տասնյակհազարավոր ուսանողների ու դպրոցականների առաջ նոյեմբերի 2-ին` ի պատիվ ՈՒսանողի ազգային օրվա. «ԱՄՆ-ն Իրանի ժողովրդի գլխավոր, չարագույժ թշնամին է, և Թեհրանը երբեք տեղի չի տա ԱՄՆ-ի ճնշմանը», «ԱՄՆ-ը խորապես անբարյացակամ և թշնամաբար է տրամադրված Իրանի ժողովրդի և ողջ իսլամական աշխարհի նկատմամբ»։ Այնուհետև այաթոլահն ընդլայնեց այն երկրների շրջանակը, որոնց ԱՄՆ-ը թշնամաբար է վերաբերվում. «Թրամփի անհեթեթ հայտարարությունները ցույց են տալիս, որ Ամերիկան թշնամաբար է տրամադրված ոչ միայն Իրանի առաջնորդի, կառավարության և ժողովրդի, այլև բոլոր համառ ու դիմադրող պետությունների նկատմամբ»։ Բայց չէ որ այստեղ խոսքն ԱՄՆ-ի գերիշխանականության ու ծավալապաշտության դեմ պայքարի ելնող բոլոր երկրների մասին է։ Եվ Խամենեին իզուր չի հիշեցրել Ալիևին, ինչպես նշում են իրանական ԶԼՄ-ները, որ «Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը, ինչպես Իրանում և Իրաքում, «Ահլ ալ բայտ» դպրոցի հետևորդ է»։ Այստեղ խոսքը նաև շիաների ու սուննիների մի էական տարաձայնության մասին է, թե ում համարել «տան մարդիկ» («Ահլ ալ բայտ»)։ Սրանով Խամենեին դիվանագիտորեն Ալիևին կոչ է անում` «հեռանալ» ԱՄՆ-ից ու Իսրայելից ու դեմքով շրջվել դեպի Իրանն ու Իրաքը։


Այաթոլահ Խամենեիի հայտարարությունների էությունը ես բացատրում եմ, որ ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքականության մեր երևանցի սիրահարները զգուշանան Իրանին «ադրբեջանամետության» մեջ մեղադրելիս։ Հասկանալի է, որ Ալիևը «հնազանդ երեխա» չէ, այլ ԱՄՆ-ի և Իսրայելի կապիտալին կապված մարդ։ ՈՒ դժվար է ենթադրել, թե նա «արագ խելքի կգա» և կկատարի Խամենեիի խրատները։ Բայց հույս կա, որ Ալիևը հազար անգամ կմտածի և կպատկերացնի հետևանքները, եթե ԱՄՆ-ը և Իսրայելը մեկ անգամ էլ փորձեն ճնշում գործադրել նրա վրա և պահանջեն պատերազմ հրահրել Այսրկովկասում։ Ադրբեջանի նախագահը բավական վախկոտ է և ուզում է ապրել հանգիստ ու անհոգ, բայց 2016-ի ապրիլից ու հետագա իրադարձություններից հետո նա արդեն երաշխիք չունի, որ նույնի կրկնության դեպքում Իրանը կլինի նույնքան համբերատար, որքան 2016-17-ին։ Ալիևի աչքի առաջ նոր նախադեպ կա. իրաքցի քրդերի հասցեին արված բազմամսյա նախազգուշացումներից հետո, տեսնելով, որ Մասուդ Բարզանին, այնուամենայնիվ, համաձայն է Հյուսիսային Իրաքտ համար ԱՄՆ-ի և Իսրայելի մշակած սցենարին, Իրանը զորք մտցրեց, շիա աշխարհազորի հետ, Քիրկուկ։ Բայց չէ՞ որ Բարզանին էլ ինչ-որ «երաշխիքներ» ուներ ԱՄՆ-ից ու Իսրայելից։
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ