USD483.86
EUR572.89
RUB8.29
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Պատվաստման անվան տակ փորձում են ամլացնե՞լ մեր երեխաներին, քույրերին

Պատվաստման անվան տակ փորձում են ամլացնե՞լ մեր երեխաներին, քույրերին
14.11.2017 | 10:18

Չնայած մարդու պապիլոմայի վիրուսի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութով իրականացվող պատվաստումների մեծ վտանգավորության վերաբերյալ տարբեր ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներին, որոնցում ներկայացված են նաև մասնագետների ահազանգերը, տագնապներն ու դրանք հիմնավորող փաստարկները, ՀՀ կառավարությունը, անտեսելով այդ ամենը, ս. թ. նոյեմբերի 9-ին արձանագրային որոշում է ընդունել Հայաստանում 2017 թ. դեկտեմբերի երկրորդ շաբաթվանից սկսած, 13 տարեկան շուրջ 16000 աղջիկների «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստելու վերաբերյալ: Կառավարությունն իր այս որոշմամբ արհամարհել է նաև հանրության շրջանում «Գարդասիլ»-ով պատվաստման կապակցությամբ առկա տագնապները, դժգոհությունն ու զայրույթը, որոնք լայնորեն արտահայտվում են նաև սոցիալական ցանցերում:


Ավելին. իր կայքում ս. թ. նոյեմբերի 9-ին տեղեկացնելով, որ «Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է Հայաստանում վերահսկել մարդու պապիլոմավիրուսով պայմանավորված վարակների առաջացումը», կառավարությունը նույնիսկ չի բարեհաճել իր e-gov.am կայքում հրապարակել 09.11.2017 թ. նիստում այդ կապակցությամբ ընդունած որոշումը, ինչն ուղղակի պարտավոր էր անել` առաջնորդվելով ժողովրդավարության բաղկացուցիչը հանդիսացող հրապարակայնության սկզբունքով կամ գոնե իրեն տնային աշխատանքներ տվող Արևմուտքի իր ուսուցիչների խաղի կանոններով:


Անցյալ տարի «Սասնա ծռերի» ապստամբությունից հետո ՀՀ նախագահը պետական տարբեր մարմինների, նաև կառավարությանը, բարեփոխումների հանձնարարականներ էր տալիս: Կառավարությունը «Բակլան իմն է, ուզենամ խաշած կցանեմ» սկզբունքո՞վ է կատարում նախագահի հանձնարարականը… Լավ չէ ու բոլորովին լավ հետևանքների չի հանգեցնելու:
Կառավարության e-gov.am կայքում, «Կառավարության նիստի օրակարգ բաժնում» հրապարակված է կառավարության հիշյալ արձանագրային որոշման («ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի ԹԻՎ 10 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ») նախագիծը (ընդգծում ենք` նախագիծը), որը մեջբերում ենք ստորև.
«1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 17-ի թիվ 10 արձանագրային որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի»:


Դրա ներքևում գրված է` «ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյան», այնուհետև` «Հավելված ՀՀ կառավարության 2017-ի նիստի N արձանագրային որոշման» («ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑ»), որի համաձայն, 13 տարեկան աղջիկներին ՄՊՊ-ով (պատվաստանյութի անվանումն է` մարդու պապիլոմայի պատվաստանյութ) մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումը ներառված է «Պատվաստումների ազգային օրացույց»-ում, այն Հայաստանի 13 տարեկան աղջիկների շրջանում իրականացվելու է երկու դեղաչափով` 2-րդը` 1-ին դեղաչափի ներարկումից 6 ամիս հետո:
Հավելվածի վերջում ծանոթագրություններ կան, որոնց 10-րդ կետի համաձայն, «Պատվաստումների ազգային օրացույցում ներառված պատվաստումները կարող են իրականացվել այլ պատվաստանյութերով՝ համակցված այլ հակածինների հետ, որոնք ներառված չեն օրացույցում»: Սա ուղղակի խայտառակություն է, ՀՀ առողջապահության նախարարությունն ու կառավարությունը «Գարդասիլի» անվտանգությունն իբր արդեն երաշխավորել են, դեռ հնարավորություն էլ են նախատեսել ու դրանով իսկ նախարարությանն իրավունք վերապահել՝ պատվաստումների ազգային օրացույցում ներառված պատվաստումների իրականացումն այլ պատվաստանյութերով, որոնց մեր հանրությունն ընդհանրապես ծանոթ չէ, առավել ևս՝ չունի որևէ երաշխիք դրանց անվտանգության վերաբերյալ: Դրանով իսկ կառավարությունն իր արձանագրային որոշման նախագծին կից որպես դրա հիմնավորում ներկայացված «Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրման փորձն աշխարհում» փաստաթուղթն արժեզրկել է, քանի որ, պարզվում է, պատվաստումները կարող են իրականացվել ոչ միայն «Գարդասիլով», այլև այլ պատվաստանյութերով:


ՈՒշագրավ է, որ վերոնշյալ կետի դեմ, այն էլ զուտ ֆինանսական տեսանկյունից, որոշման նախագծին կից ամփոփաթերթում առարկել է միայն ՀՀ ֆինանսների նախարարը, որը գրել է. «Նախագծի հավելվածի աղյուսակին հաջորդող տեքստը լրացնող 10-րդ կետում նշված է, որ պատվաստումների ազգային օրացույցում ներառված պատվաստումները կարող են իրականացվել այլ պատվաստանյութերով՝ համակցված այլ հակածինների հետ, որոնք ներառված չեն օրացույցում: Այդ կապակցությամբ առաջարկում ենք հստակեցնել և հիմնավորել «որոնք ներառված չեն օրացույցում արտահայտությունը»»: Ինչ վերաբերում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, ապա այն նույնպես, այլ նախարարությունների ու գերատեսչությունների հետ, հայտնել է, որ դիտողություններ և առաջարկություններ չունի: Հետևությունները կարող եք ինքներդ անել:
Որոշման նախագծին կից ներկայացված փաստաթղթերից մեկը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 17-ի թիվ 10 արձանագրային որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի վերաբերյալ տեղեկանքն է՝ ստորագրված ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կողմից: Վերջինս փորձելով հիմնավորել իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, չափազանցրել է ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները:


«2015-2016 թթ. իրականացվել է 111956 ՊԱՊ-թեստ, որի արդյունքում` հետազոտված 30-ից 60 տարեկան 7422 կնոջ մոտ (6,4 %) արձանագրվել են տարբեր աստիճանի բջջաբանական շեղումներ, որից 38-ի մոտ (0,5 %)` ինվազիվ կարցինոմա»,- գրել է ՀՀ առողջապահության նախարարը:
Ակնհայտ է, որ նրա նշած 0,5 տոկոսը ստացվել է այն անձանց (7422 կնոջ) հետազոտելու արդյունքում, որոնց մոտ արդեն իսկ արձանագրվել են տարբեր աստիճանի բջջաբանական շեղումներ, մինչդեռ եթե դիտարկենք, թե այն 111 956 անձանցից, որոնց շրջանում ՊԱՊ-թեստ է իրականացվել, քանիսի՞ և քանի՞ տոկոսի մոտ է ինվազիվ կարցինոմա արձանագրվել, ապա համապատասխան ցուցանիշները կստացվեն անհամեմատ ցածր: Ավելին, եթե ՊԱՊ-թեստով հետազոտված 111956 կանայք բոլորը 30-ից 60 տարեկան անձինք են եղել, ինչը տրամաբանական է, քանի որ ինվազիվ կարցինոման առավելապես հենց այդ տարիքային խմբի շրջանում է արձանագրվում, ապա կստացվի, որ 38 հոգին 111 956 հոգու ոչ թե 0,5, 0,05 տոկոսն էլ չի կազմում:


Իբրև պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութերի անվտանգության հիմնավորում, առողջապահության նախարարը դարձյալ նշել է, որ դրանք չեն պարունակում հակաբիոտիկներ և կոնսերվանտներ, մինչդեռ այդ փաստարկն առնվազն անհեթեթ ու ծիծաղելի է, համենայն դեպս, հիշյալ պատվաստանյութի անվտանգության առումով որևէ երաշխիք չի տալիս, հավատ ու վստահություն չի ներշնչում այն պարզ պատճառով, որ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութից բխող վտանգը պայմանավորված չէ սոսկ դրանց` հակաբիոտիկներ և կոնսերվանտներ պարունակել-չպարունակելու հանգամանքով:
«ՄՊՊ-ի դեմ պատվաստումից հետո ի հայտ եկող հետպատվաստումային երևույթներն աննշան են,- հիշյալ տեղեկանքում գրել է նախարարը:- Ավելի շատ դիտարկվում են տեղային ռեակցիաներ՝ ներարկման տեղում ցավ, կարմրություն, այտուց, քոր: Ընդհանուր ռեակցիաներ՝ գլխացավ, ջերմության բարձրացում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն, ցավ որովայնի շրջանում, մկանացավ, ալերգիկ ցան: Արձանագրվել են նաև ուշաթափության դեպքեր, որն անհատական է և կրում է հոգեհուզական (փսիխոսոմատիկ) բնույթ՝ պայմանավորված ներարկման վախով»։


Այսպիսով, նախարարը կիսաճշմարտությունն է ներկայացրել ու կեղծել իրականությունը: ԱՄՆ-ի կառավարության VAERS (Vaccine Adverse Event Reporting System) տվյալների բազայի համաձայն, որպես մարդու պապիլոմայի վիրուսի (HPV) դեմ պատվաստանյութի կողմնակի ազդեցություններ, գրանցվել են նաև անպտղություն, վերարտադրողական ֆունկցիայի խանգարումների, վիժումների, մկանային ցնցումների, նյարդային համակարգի խանգարումների, արյան ճնշման փոփոխությունների, հոդացավերի և մարդու առողջության կրած վնասի բազմաթիվ այլ դեպքեր: Նշենք նաև, որ, օրինակ, Ռուսաստանում արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստման ազգային կամ պետական որևէ ծրագիր գոյություն չունի, հասկացել են, թե դա ինչ վտանգ է ու պետականորեն չեն իրականացնում: Չնայած այս իրողությանը, առողջապահության նախարարը ՀՀ կառավարության որոշման նախագծին կից ներկայացված «Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրման փորձն աշխարհում» փաստաթղթում ներկայացրել է, թե Ռուսաստանում հիշյալ պատվաստումը «Կատարվում է 13 տարեկան աղջիկներին»՝ չնշելով, որ դա ոչ թե պետականորեն կամ պատվաստումների ազգային ծրագրով է կատարվում, այլ կամավոր. ու վճարովի հիմունքով մասնավոր բուժհաստատություններում ցանկացողները կարող են պատվաստվել:


Ավելին, Ճապոնիան հրաժարվել է «Գարդասիլ» պատվաստանյութից և արգանդի վզիկի քաղցկեղի պատվաստումից: «2013 թ. հունիսին Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունն առանձին հրամանով տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկել է դադարեցնել ՄՊՎ-ի դեմ պատվաստումների իրականացման ակտիվ խրախուսումը՝ հիմք ընդունելով հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի (մոտ 2000) հաղորդման փաստը»: Ի դեպ, այս մեջբերումը հենց ՀՀ կառավարության որոշման նախագծին կից ներկայացված «Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրման փորձն աշխարհում» փաստաթղթից է, ինչը նշանակում է, որ և՛ ՀՀ առողջապահության նախարարությունը, և՛ կառավարությունը բավարար չափով տեղյակ են մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների վտանգավորությանը, բայց, այնուհանդերձ, հաստատակամ են այդ պատվաստումները Հայաստանում ևս իրականացնելու հարցում:
Հիշյալ վիրուսի դեմ պատվաստումները, նախարարության տեղեկացմամբ, իրականացվելու են «Գարդասիլ» արտադրական անվամբ պատվաստանյութով (արտադրող ընկերություն` «Մերկ» («Merck»), երկիր` ԱՄՆ): Վերոնշյալ պատվաստանյութը գովազդելու նպատակով, ՀՀ առողջապահության նախարարությունը Շվեդիայից Հայաստան էր հրավիրել պրոֆեսոր Ջոհակիմ Դիլներին: Վերջինս հանրությանը կեղծ տեղեկություն է ներկայացրել, թե «Գարդասիլ» պատվաստանյութը միանգամայն անվտանգ է, միայն ներարկման ժամանակ է մի քիչ ցավ պատճառում: Իրականում նշված պատվաստանյութի ներարկումը մի շարք դեպքերում հանգեցրել է ահավոր հետևանքների:


Ինչու՞ են ՀՀ առողջապահության նախարարությունը և պրոֆեսոր Ջոհակիմ Դիլները թաքցնում «Գարդասիլ» պատվաստանյութի առաջացրած առողջական ծանր հետևանքները դեռահասների ու կանանց շրջանում:
Ո՞վ է Ջոհակիմ Դիլները, և ինչու՞ է թաքցնում դեռահասների ու կանանց մի մասի մոտ «Գարդասիլ» պատվաստանյութի առաջացրած առողջական ծանր հետևանքները: Ջոհակիմ Դիլները Շվեդիայի «Karolinska» բժշկական համալսարանի պրոֆեսոր է: 2016 թվականին նշված համալսարանի և «Գարդասիլ» պատվաստանյութի արտադրող «Merck» ընկերության միջև կնքվել է 5 տարվա համագործակցության պայմանագիր, համաձայն որի, «Karolinska» համալսարանը յուրաքանչյուր տարի ստանալու է 1 միլիոն դոլարի ֆինանսական օժանդակություն:


ԱՄՆ-ի կենսատեխնոլոգիական տեղեկատվության ազգային կենտրոնի տվյալների համաձայն, պրոֆեսոր Ջոհակիմ Դիլները դրամաշնորհներ է ստանում «Գարդասիլ» պատվաստանյութի արտադրող «Merck» ընկերությունից: Շվեդացի պրոֆեսոր Ջոհակիմ Դիլներն անձնական ֆինանսական շահագրգռություն ունի «Գարդասիլ» պատվաստանյութը գովազդելու համար: Եվ արդյոք միայն նա՞… Հայաստանում հիշյալ պատվաստման իրականացման թիվ 1 ջատագովը՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, որը պատվաստանյութերի լոբբինգով զբաղվող «Գավի վակցինա» միության ղեկավար մարմնի անդամ է, չունի՞ այդպիսի շահագրգռություն: Նշենք, որ հիշյալ միության միջոցով ահռելի գումարներ են շրջանառվում: Հիշյալ միության ղեկավար մարմինը գլխավորում է Նիգերիայի ֆինանսների նախկին նախարար Նգոզի Օկոնջո-Եալան, որը ժամանակին Ռոկֆելերների հիմնադրամի ղեկավար կազմում է եղել, աշխատել է նաև Համաշխարհային բանկում: Ըստ «Time» ամսագրի, այդ տիկինը 2014 թ. ներառված է եղել աշխարհի100 ամենաազդեցիկ մարդկանց շարքում: Եվս մեկ մեջբերում կատարենք ՀՀ կառավարության որոշման նախագծին կից ներկայացված փաստաթղթից. «Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը (ԳԱՎԻ) հավանություն է տվել ՀՀ առողջապահության նախարարության ծրագրային առաջարկին: ԳԱՎԻ-ն Հայաստանին կտրամադրի պատվաստանյութը և պատվաստումների օժանդակ պարագաները երկու տարվա ընթացքում, ինչպես նաև ներդրման համար նախապատրաստական միջոցառումների մի մասի ծախսերը»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Պաուլ Բլյումը կեղծում է` ասելով, թե «Գարդասիլ» պատվաստանյութը 10 տարի հաջողությամբ կիրառվել է աշխարհում:


«Ինձ մոտ է այն մարդու խոսքից մեջբերումը, որն օգնել է ստեղծելու «Գարդասիլ» պատվաստանյութը,- ասել է ամերիկյան հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարը (հեռուստաընկերությունը նրա խոսքը ռուսերեն է ներկայացրել ՌԴ հեռուստադիտողների համար, քանի որ տվյալ հեռուստաընկերության հաղորդումները դիտում են նաև Ռուսաստանում):- Նրան անվանում են դոկտոր Դիանա Հարփեր, և նա մասնակցել է պատվաստումների թեմայով չորրորդ ամենամյա բաց կոնֆերանսին: Նա ասել է. «Գարդասիլը» զգալի չափով անօգուտ է և երբեք լիովին չի փորձարկվել մինչև 15 տարեկան աղջիկների վրա: Այդ պատվաստանյութի մեծ կարիքը չկա»: Նա ասում է, որ չարժե անել այդ պատվաստումը, և որ այն չի թեստավորվել (համապատասխան փորձարկումներ չի անցել.- Ա. Հ.), և սանիտարական վերահսկողության վարչությունը շրջանցելու շնորհիվ է կիրառվում: Դրանում միլիարդավոր դոլարներ են խառնված:
Ինչ է ասում Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր Էլիսոն Փոլոքը. «Խնդիրն այն է, որ մենք չգիտենք` արդյոք պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութն աշխատու՞մ է, թե՞ ոչ: Եվ մենք դա չենք իմանա դեռ 30 տարի»:


Գալինա Չերվոնսկայա (վիրուսաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու). «Եթե պատվաստված աղջիկները չկարողանան ծննդաբերել… Այդ առիթով ի՞նչ է գրում արտադրող ընկերությունը. «Կանանց վերարտադրողական ֆունկցիայի և հղի կանանց մոտ պտղի վրա պատվաստանյութի պոտենցիալ ազդեցության վերաբերյալ հետազոտությունները բացակայում են»: Փաստորեն, ամենակարևորը հետազոտված չէ: Ահա մարդու պապիլոմայի վիրուսի դեմ ևս մեկ պատվաստանյութ են մեզ մոտ մտցրել` «Ցերվարիկս»: Եվ այս ամենը փորձարկում են մեր երեխաների վրա»:
Ի՞նչ է սա` պատվաստու՞մ, թե՞ ամլացում, և ու՞մ պատվերով են փորձում ամլացնել մեր երեխաներին, քույրերին:


Գաղտնիք չէ, որ Հայաստանում ոլորտի մասնագետները խուսափում են այս մասին խոսելուց` հիմնականում վախենալով իրենց աշխատանքը կորցնելուց, ոմանք էլ արտերկրում արձանագրված իրողություններին անտեղյակ լինելով: Մինչդեռ, «Գարդասիլի» կիրառման արդյունքում տարբեր երկրներում տասնյակ հազարավոր կանանց և աղջիկների մոտ առողջական լուրջ խնդիրների առաջացման, կողմնակի ազդեցությունների բազմաթիվ, տասնյակ հազարավոր դեպքերի մասին բարձրաձայնում են ոչ միայն ծնողները, որոնք արդեն ստիպված տեսաձայնագրում են, թե ինչ վիճակի են հասցրել իրենց երեխաներին, այլև մասնագետներն ամբողջ աշխարհում` ԱՄՆ-ում, Կանադայում, եվրոպական երկրներում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Հնդկաստանում, Լատինական Ամերիկայի երկրներում: Նույնիսկ աֆրիկյան երկրներում են այս մասին արդեն ահազանգում, բողոքում:
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը հրապարակել է մի գրաֆիկ, որը կազմվել է հենց VAERS շտեմարանի տվյալների հիման վրա: Նրա տեղեկացմամբ, Արևմուտքի մասնագետները, հավաքելով VAERS շտեմարանի տվյալները, հայտնաբերել են, որ մարդու պապիլոմայի վիրուսի դեմ նախատեսված «Գարդասիլ» և «Ցերվարիկս» պատվաստանյութերի պատճառով առաջացած, օրինակ, վիժումների քանակը 2006-2013 թթ. ժամանակահատվածում 4 անգամ ավելի շատ է, քան մյուս բոլոր պատվաստանյութերի առաջացրած վիժումների քանակը միասին: Նույնը վերաբերում է անպտղության դեպքերին, որոնք նույնպես գրեթե 4 անգամ ավելի շատ են, նույնը վերաբերում է նաև այդ պատվաստանյութերի պատճառով հաշմանդամության դեպքերին, որոնք մեկուկես անգամ ավելի շատ են, քան մյուս բոլոր պատվաստանյութերի կիրառման պատճառով առաջացած հաշմանդամության դեպքերը միասին վերցրած:
«Կան նաև բազմաթիվ փաստեր, երբ տարբեր երկրներում կիրառվել է, և կիրառվելուց անմիջապես հետո առաջացած ծանր հետևանքներից հետո այդ երկրների կառավարությունները որոշում են կայացրել դադարեցնել պատվաստումները»,- ասում է Հայկ Այվազյանը:


Հենց «Գարդասիլի» ուղեցույցի համաձայն, արգանդի պարանոցի քաղցկեղ առաջացնող մարդու պապիլոմայի վիրուսի նկատմամբ նշված պատվաստանյութի առաջացրած անընկալունակության (ազդեցության) ժամկետը հայտնի չէ ոչ 2, ոչ էլ 3 դեղաչափով պատվաստումների պարագայում: Հայտնի չէ, թե պատվաստված աղջիկը կամ կինը պատվաստումից հետո քանի տարի կամ քանի ամիս է ստանում իմունիտետ հիշյալ վիրուսի հանդեպ: Այսինքն` ՀՀ կառավարությունը և առողջապահության նախարարությունը պատրաստվում են մեր 13 տարեկան աղջնակներին պատվաստել մի պատվաստանյութ, որը ոչ միայն վտանգավոր է, այլև խիստ կասկածելի արդյունավետություն ունի:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6124

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ