«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նամակ-առաջարկ ՀՀ առողջապահության նախարար պարոն ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ

Նամակ-առաջարկ ՀՀ առողջապահության նախարար պարոն ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ
14.11.2017 | 10:24

Նամակ-առ ՀՀ առողջապահության նախարար պարոն ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ
ՀՀ ոստիկանապետ պարոն ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ
ՀՀ ՄԻՊ ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻՆ

Հարգարժան տիարք, վաղուց արդեն կասկածում եմ, թե խեղկատակային գերխնդիրը որ ժանրով ձեզ մատուցեմ՝ հրապարակագրությա՞մբ (գեղարվեստական հրապարակագրություն, էսսե, պամֆլետ...), թե՞ գրական ստեղծագործությամբ (առակ, վիպակ, պիես, պոեմ...): Կասկածում եմ, քանի որ պետական (իմա՝ իշխանական) ողջ համակարգը ամենաբիրտ եղանակներով խաթարում է հայ ժողովրդի առողջությունը՝ մանուկից ծեր, գիշեր, թե ցերեկ: Գիշեր, թե ցերեկ հանրապետությունը դղրդում է հրավառություններից, Ամանորի շրջանում էլ՝ պայթուցիկների խրախճանքից: Հավատացեք, որ նման համաճարակով չի տառապում և ոչ մի հասարակություն: Համաճարակված են այն պատկան մարմինները, որոնք խնդիրը լուծելու փոխարեն ապշեցուցիչ անպատասխանատվությամբ և զարմանալի եռանդով նպաստում են, որ տարին բոլոր հանրապետությանը և նրա բնակչությանը պատուհասի այս դժոխային վտանգը: Անցած տարիների ընթացքում «Իրատեսը» բազմիցս անդրադարձել է խնդրին: Ինքս բազմաթիվ նամակներ եմ հղել և՛ երկրի նախագահին, և՛ ՀՀ ԱԺ նախագահներին, և՛ վարչապետներին: Արդյունքը ցնցող է, բոլոր հրապարակումները մնում են անպատասխան, նամակ-առաջարկներս անդրդվելի համառությամբ ուղղվում են ՀՀ ոստիկանություն, ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Կիրակոսյանը միևնույն նախանձախնդրությամբ միևնույն պատասխաններն է ուղղում ինձ. այն է՝ «...հրագործական արտադրատեսակներին ներկայացվող անվտանգության պահանջները սահմանված են ՀՀ կառավարության 15.01.2002-ի թիվ 41 որոշմամբ, ըստ որի, Հայաստանի Հանրապետությունում հրագործական արտադրատեսակներին ներկայացվող անվտանգության պահանջներն ու դրանց փորձարկման մեթոդները պետք է համապատասխանեն ՀՍՏ 214-2001 և ԳՕՍՏ Ռ 51271-99 ստանդարտների պահանջներին, որը Հայպետստանդարտի իրավասության ոլորտ է:


2012-ի փետրվարի 7-ին ՎԻՎ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում ՎԻՎ ՀՀ օր.-ի «Լռություն խախտելը» 180-րդ հոդվածի ենթակայությունը փոխանցվել է ՀՀ ոստիկանությանը, ըստ որի գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:
Հավելենք, որ կրկնության պարագայում տուգանքը կրկնապատկվում է: Եվ վերջ, շրջանը փակվում է: Ոստիկանությունը պետական գաղտնիք է համարում տուգանված զվարճակենտրոնների և անհատ հրավառասերների ցանկը, ով է տուգանվել, ինչ հանգամանքներում, և որքան գումար է մուտքագրվել ՀՀ պետական բյուջե: Մոտավոր հաշվարկով տարեկան մի քանի հազար հրավառային օրինախախտում է արձանագրվում: Եվ եթե օրենքով հաստատված տուգանքները գանձվեն ստահակներից, ապա յուրաքանչյուր ամիս երկրի պետական բյուջե կմուտքագրվի հավելյալ շուրջ 100 հազար դոլար:
Մթնշաղն ընկնելուն պես երկիրը դղրդում է: Կեսգիշերն անց և մինչև լուսաբաց ռեստորանային համալիրների մերձակայքում բնակվող հազարավոր քաղաքացիներ հայտնվում են հրավառական աղմուկի կիզակետում: Ե՞վ... Այս տարիներին միայն ՀՀ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանն է քաղաքացիական դիրքորոշմամբ մոտեցել խնդրին 2013-ին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանին հղելով մի սթափեցնող նամակ, որում կան ահա նման ահազանգող տողեր. «Հրավառության արդյունքում առաջացած աղմուկը բնակչության շրջանում կարող է առաջացնել նյարդային, աղեստամոքսային համակարգերի, ինչպես նաև լսողական ապարատի մի շարք հիվանդություններ»: Առաջացնում է, չկասկածեք: Նաև վստահ եղեք, որ երկրում ձևավորվել է մի հակահանրային ներքնախավ, որն ուղղակի անասնական հաճույք է ստանում հազարավոր մարդկանց անդորրը խախտելուց և նրանց բազում հիվանդություններ «պարգևելուց»: Եվ այս ամենը կատարվում է պատկան կառույցների խնամքոտ հոգածության ներքո: Եվ այս ամենը խնամքով շրջանցել են նաև մի քանի կին պատգամավորներ (և՛ իշխանական դաշտից, և՛ ընդդիմադիր), այսինքն՝ և՛ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչները անտեսել են նամակ-առաջարկներս քննելու խնդիրը: Վերջերս դիմեցի ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Հանրապետությունում ճանաչված բժիշկ-մանկաբույժը չխախտեց ավանդույթը՝ ուղերձս դարձյալ ուղղվեց ՀՀ ոստիկանություն: Ինչ խոսք, ոստիկանության պատասխանատուն նույնն էր: Ոչ պակաս զավեշտալի (եթե ոչ ողբերգական) են Երևանի քաղաքապետարանի պատասխանները, երբ դիմում եմ քաղաքապետին՝ կանխելու պայթուցիկների առևտուրը, թույլ տալու երևանցիներին վայելել ամանորյա տոնական օրերը հանգիստ պայմաններում, առանց պայթուցիկա-ճայթուկային անդադար գրոհներին ենթարկվելու: Ավանդաբար նամակ-առաջարկ-ուղերձներիս պատասխանում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետը, ուր նման մի «անմահական» երկտող է հատկապես ուշագրավ. «Երևանի վարչական շրջանների առևտրի, սպասարկումների և գովազդի բաժինների աշխատակիցների կողմից ամենօրյա հսկողություն է սահմանվում անչափահասների շրջանում հրագործական արտադրանքի վաճառքի դեպքերը կանխելու նպատակով»:


Հրավառությունը չէ խնդիրը, այլ դրա առաջացրած աղմուկը, որն ատրճանակի կրակոցից հասնում է հրանոթի արձակած ձայնի աստիճանի, անկախ այն բանից, երեկոյան ժ.19.00-ին են ոմանք հրավառվում, թե կեսգիշերն անց: Անչափահասն է պայթուցիկը գործածում, թե չափահասը, խնդիրը չի փոխվում, հանրային կյանքը ապականվում է:
Այսպիսով խնդրում եմ Ձեզ կանխել այս պատուհասը, Ձեր լիազորությունների սահմաններում դիմելով ՀՀ կառավարությանը և ՀՀ ԱԺ-ին՝ դադարեցնելու հրավառությունները տարին բոլոր, պայթուցիկագրոհը՝ Ամանորի շրջանում, կառավարական վերջնագրային մի որոշմամբ կամ էլ օրենքի ընդունմամբ:


Հարգանքով՝
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. Նամակներն ուղարկվել են ըստ պատկանելության, երեք հասցեներով: Պատասխանները կհրապարակվեն անմիջապես:

Դիտվել է՝ 3921

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ