ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Նա իր կյանքի բոլոր հանգրվաններում կանգնած է գրի, գրքի, գրականության, ընթերցանության կենտրոնում»

«Նա իր կյանքի բոլոր հանգրվաններում կանգնած է գրի, գրքի, գրականության, ընթերցանության կենտրոնում»
14.11.2017 | 10:26

Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ արձակագիր-հրապարակախոս ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ 60 - ամյակին նվիրված հանդիսություն:

ՀԳՄ նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ բացման խոսքում ասաց, որ Դավիթ Սարգսյանը ոչ թե պարզապես Մկրտիչ Սարգսյանի արժանի զավակն ու հետևորդն է, ոչ թե պարզապես շարունակում է գրել, այլ ունի ինքնատիպության որոշակի ամբարում և պետք է արտահայտի դա. «Ինչը ապացուցում են նրա ութ գրքերը` պատմվածքները, հատկապես «Երկվություն» վեպը, որ մեր ժամանակների, նաև արցախյան ազատամարտի հերոսների մասին է: Դավիթը մշտապես ժամանակի երակին է պահում ձեռքը, ներշնչվում է ոչ միայն ընթացիկ կյանքի թոհուբոհից, իրադարձություններից, ժամանակի թեժ փոփոխություններից, այլև ունի պատմական հիշողություն, նաև ապագայի տեսլական` այդ ամենը ուղղորդելու դեպի բարին, ուժեղը, լավը»:


ՀԳՄ նախագահը նշեց նաև, որ հոբելյարը գրադարանային գործում երկար տարիներ իրեն դրսևորել է որպես լավ կազմակերպիչ, ղեկավար, օգտագործել է մեր մշակութային գործիչներին ներկայացնելու իր բոլոր հնարավորությունները:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրող, գրականագետ ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ խոսքով` եթե փորձենք ամփոփ ակնարկ նետել Դավիթ Սարգսյանի կենսագրությանը, հասարակական գործունեությանը, վաստակին, կտեսնենք, որ իր կյանքի բոլոր հանգրվաններում նա կանգնած է գրի, գրքի, գրականության, ընթերցանության կենտրոնում. «Այլ տեղ, այլ հարթությունում չես կարող պարզապես Դավիթ Սարգսյանին պատկերացնել: Ամեն ընթերցասեր մարդ շատ լավ հիշում է, թե ինչն էր ազդակը, որ ինքը դարձավ ընթերցասեր: Դավիթ Սարգսյանի պարագայում այսպես է եղել. նա աչք է բացել գրքերի մեջ, ընդ որում՝ այդ գրքերը միայն գրադարակում չէին, ամենուր էին, չորս կողմում` ննջարանում էին, խոհանոցում, գրասենյակում և միշտ գործածական վիճակում, բացված, էջերին` նշումներ արած»: ԳԱԹ-ի տնօրենը նշեց նաև, որ Դավիթ Սարգսյանը 10-ից ավելի տարիներ պաշտոնավարել է Ազգային գրադարանում, ընդ որում՝ այդ տարիները մեր երկրի համար լավագույն տարիները չէին. «Նկատի չունեմ հաստիքների, ֆինանսավորման աղետալի կրճատումները, ես նկատի ունեմ, որ այդ տարիներին գիրքը, գրականությունը սկսեցին ողբալիորեն լուսանցք թողնել, մեր կենցաղից դուրս մղվել, և ահա, Դավիթ Սարգսյանն իր ողջ ուժով, ավյունով, եռանդով, կազմակերպչական ձիրքով, իր կարող ու անկարող ընկերներով, բարեկամներով, ամբողջ հասակով ծառացավ այդ երևույթի դեմ: Որովհետև քաջ գիտակցում էր, որ ընդամենը մեկ- երկու տասնամյակ առաջ մեր ազգային տասնյակ երանելի ավանդույթների մի զգալի մասը հենց կապված է գրքի հետ, գրականության, գրողի ու ընթերցողի հետ: Ազգային գրադարանը, որ մեր գրքի կարևորագույն շտեմարանն էր, նրա ջանքերի շնորհիվ դարձավ նաև գրողի ու ընթերցողի հավաքատեղի, արվեստագետի ու արվեստասերի հավաքատեղի»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.- Դավիթ Սարգսյանի հետ զրույցը՝ «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 2049

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ