Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վտանգավոր խաղեր` մեր այսօրվա և վաղվա համար

Վտանգավոր խաղեր` մեր այսօրվա  և վաղվա համար
14.11.2017 | 10:30

«Մեր»-ը մենք ենք, նորանկախ Հայաստանի հարյուրհազարավոր քաղաքացիները, ովքեր, Աստծո յուրաքանչյուր օր արթնանալով և առօրյայի հետ հարաբերվելով, հերթական անորոշությունն են ապրում, թե դեպի ուր է շարժվում երբեմնի դրախտավայր հռչակված մեր երկիրը։ Իշխանություններն ինչ-ինչ թվեր են հրապարակում առաջընթացի վերաբերյալ, անգամ համաշխարհային կառույցներ են վկայաբերում, իսկ մեր հանրության բացարձակ մեծամասնությունն այդպես էլ դրանց անգամ նվազագույն դրական արդյունքները չի նկատում։ Հակառակը` ինչքան ուզեք, սկսած առաջին անհրաժեշտության ապրանքների գների գրեթե աննախադեպ աճից մինչև ռազմավարական այնպիսի ծրագրերի ձախողումը, ինչպիսին է, ասենք, Հյուսիս-Հարավ խիստ կենսական ճանապարհի շինարարության անորոշ ճակատագիրը։ Եվ հարցը` վտանգավոր չէ՞ այս վիճակը մեր այսօրվա և վաղվա համար, հնչում է ինքնաբերաբար։ Միայն այն, որ արտագաղթի տեմպերը չեն նվազում, աշակերտների պակասի պատճառով դպրոցները փակվում են, աննշան արդյունավետությամբ աշխատող երկրի համախառն ներքին արդյունքը պարզապես ամոթալի 10 մլրդ դոլարից գրեթե չի աճում, առավել կենսական այլ ոլորտներում բարելավումներ չեն ուրվագծվում, փաստում է իրավիճակի ահագնացող վտանգավորության մասին։ Այսպիսի հանգամանքներում է, որ երկրների գործադիր մարմինները, հանձինս կառավարությունների, հաղթահարում են անօգնականի ու փոքրի, անհույսի ու ընկճվածի մտածողությունը, արտակարգ իրավիճակներին հատուկ պայմաններում արտակարգ գործողություններ են առաջարկում ու կիրառում, հանրություն-իշխանություն հարաբերություններում բարերար միջավայր են ստեղծում և գործնական քայլերով լուծումներ իրականացնում, քաղաքացիների վստահությանն արժանանում։ Տարօրինակորեն ու ցավալիորեն մեր այսօրվա ու վաղվա մասին նման կերպ մտածելու որևէ նախանշան չկա, քանզի մտահոգվողը չկա, ինչը կփորձեմ հաստատել փաստերով։


Արդեն կայացած և կայացող երկրների տնտեսական վիճակագրության անգամ սիրողական մակարդակով ուսումնասիրությունը հաստատում է, որ ամենուր առաջնային խնդիր է դիտարկվում բնակչության կենսամակարդակի պարենային հատվածի նվազագույնից մինչև առավելագույն, բավարար քանակների, որակի ու մատչելիության կենդանական ծագմամբ սննդակարգի ապահովումը։ Այս կերպ են վարվում թե՛ հողա-ջրա-ջերմային կարողունակություններ ունեցող, թե դրանցից մասամբ ու անգամ էապես զրկված երկրների կառավարիչները, ասենք` Ճապոնիան, Իսրայելը, Սինգապուրը։ Առաջին անհրաժեշտության պարենի ու դրա հումքի մշակման նպատակով գյուղգործունեության համար նպաստավոր վարելահողային ռեսուրսը Ճապոնիայում 1 բնակչի հաշվով 300 քմ է, Իսրայելում` 340 քմ, Սինգապուրում` 7 քմ։ Պատկեր է ուրվագծվում, որ նշված գերզարգացած երկրներում, որոնք առավել հարուստ են, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելը գրեթե նպատակահարմար չէ, իրենց պարենային ապահովությունը կարող են կազմակերպել ներկրումներով, քանզի համաշխարհային շուկայում գյուղմշակաբույսերի զգալի պաշարներ կան, որոշ դեպքերում` նկատելի ավելցուկի տեսքով։ Տարածքներով ու բնակլիմայական պայմաններով բարենպաստ հզոր ԱՄՆ-ը, Արգենտինան, Բրազիլիան, Ավստրալիան, Կանադան, Ռուսաստանը, վերջին 1-2 տասնամյակում Չինաստանը յուրաքանչյուր տարի հացահատիկի, միս-մսամթերքների, կաթ-կաթնեղենի այնպիսի ծավալների արտադրություն են իրականացնում, որոնցով Երկիր մոլորակի բնակչությունը կարելի է մի քանի տարի կերակրել։ Հենց միայն ՌԴ-ն այս տարի 130 մլն տոննա հացահատիկ է ստացել, ռուսական «Բիզնես» հեռուստաալիքի հաղորդումների համաձայն, ցորեն արտադրողները դժվարանում են անգամ այս մշակաբույսի 1 կգ-ը 5 ռուբլով վաճառելու հարցում, որը մեր 40 դրամն է։ Հավելենք նշվածին 15 մլն տոննա եգիպտացորենի հատիկը, որը լիարժեք անասնակերի հիմնական բաղադրիչ է օգտագործվում, նպաստում անասնատեսակների մթերատվության էական բարձրացմանը, միս-մսամթերքների ծավալների ավելացմանն ու գների կայունացմանը։ Հեռուստաալիքի վկայությամբ` երկրում խոզի մսի կիլոգրամի գինը չի անցնում 300 ռուբլուց, որը մեր 2400 դրամն է, հավինը` 130 ռուբլուց։


Համանման պատկեր ենք տեսնում Չինաստանում խոզի մսի արտադրության հարցում, երբ մի քանի տարի առաջ 62 մլն տոննա արտադրությունը, գները կարգավորելու նպատակով, իջեցրին ներկայիս 50-55 մլն տոննայի, համաշխարհային արտադրության կեսին։ Սա դեռ լիարժեք չկայացած տնտեսահարաբերությունների պարագայում, ինչը լավագույնս են կանոնավորում ազատ շուկայական գործընթացները լրջագույնս փորձարկած երկրները։ Այնպես որ, սակավահող ու գրեթե հողազուրկ հիշյալ երկրների համար խնդիր չէ իրենց մարդկանց սննդակարգը ներկրումներով կազմակերպելը, մեծ քանակներով պայմանագրեր կնքելիս էլ իրենց պայմանները թելադրելը։ Սակայն մինչ այդ քայլերին գնալը նրանք գերադասում են առավելագույնս օգտվել իրենց թող որ համեստ հողա-ջրա-ջերմային հնարավորություններից, գյուղգործունեության ընթացքում, որը մեզանում ընդունված է ազդեցիկ ու հնչեղ գյուղքաղաքականություն որակել, հասցնում են պարենապահովության ու պարենանվտանգության առաջնահերթ հարցերը լուծել։ Ասենք, բրինձ սպառող ճապոնացիները յուրաքանչյուր տարի իրենց պահանջը բավարարող 10-12 մլն տոննա այդ մշակաբույսի արտադրություն են իրականացնում, իսրայելցիները 1 բնակչի հաշվով տարեկան համաշխարհային առավելագույն 80 կգ հավի մսի արտադրություն են ապահովում, Սինգապուրում այս մսատեսակի տարեկան արտադրական ծավալը հասնում է անհավանական 100 հազար տոննայի, ՀՀ-ի 8-9 հազարի պարագայում։ Մեկ անգամ չէ, որ համանման վիճակագրություն եմ ներկայացրել ՀՀ բարձրագույն այրերին, նշել 1 բնակչի հաշվով մեր 1600 քմ վարելահողային կարողունակությունը առաջինհերթին մեր բնակչությանը ծառայեցնելու պահանջն ու անհրաժեշտությունը, կարևորել կենդանական ծագմամբ սննդահումքի` միս-մսամթերքների, կաթ-կաթնեղենի արտադրությունը, որոնք տարօրինակորեն գրեթե ձախողված են, ապացույցը` օրեր առաջվա հերթական թանկացումները։ Ինչ-ինչ մասնագետներ խոսում էին աշնանը սպասվող մսի էժանացումից, այն պայմանավորում մեզանում անասնակեր համարվող խոտի ծավալների կրճատման արդյունքում անասնագլխաքանակների մասսայական հարկադիր սպանդի հնարավորությամբ։ Սակայն գործընթացը որևէ տրամաբանության չենթարկվելու արդյունքում մսատեսակների գների որոշակիից մինչև էական աճ արձանագրվեց։ Պատճառը մեկն է և շատ խորքային` մեզանում բացակայում է մսատու անասնապահությունը, ասենք, խոշոր եղջերավորի տեսքով։ Ըստ ՀՀ ԱՎԾ 2015-ի հաղորդագրության, տավարի ու հորթի մսի արտադրությունը 63,6 հազար տոննա է։ Թե վստահության ինչ պաշար է պարունակում այս թիվը, փորձենք ներկայացնել ստորև։ Գյուղաբնակների ու նշված անասնատեսակները սպանդի ենթարկող մասնագետների հետ ունեցած զրույցներից պարզվում է, որ կովերի միջին մսատվությունը 160-180 կգ է, հորթերինը` 60-80 կգ, միջինացված` 120 կգ։ Ստացվում է, որ ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած 63,6 հազար տոննան ստանալու համար հարկ է սպանդի ենթարկել մոտ 500 հազար տավար ու հորթ, երբ խոշորի ողջ գլխաքանակն այդ տարի 689 հազար էր, 2016-ին` 702 հազար։


Ցավոք, մտահոգությունը միայն այս հարցում չէ, այն գրեթե նույնությամբ կրկնվում է խոզի մսի ցուցանիշը դիտարկելիս։ 2015-ի համար նշված 17,5 հազար տոննա սպանդային միսը ստանալու համար պահանջվում է նվազագույնը 200 հազար գլուխ խոզ սպանդի ենթարկել, երբ ՀՀ-ում դրանց գլխաքանակը ըստ ԱՎԾ-ի,140 հազար էր, 2016-ին` 175 հազար։ Լրագրային ժանրին ոչ հատուկ նման տաղտկալի պատկեր ներկայացնելու կարիք չէր առաջանա, քանզի ոլորտով մտահոգ ՀՀ քաղաքացիս այս կերպ չի վարվել տարիներ շարունակ, եթե չարձանագրվեր մեզ էապես վտանգող թանկացումը։ Այն զանցառության նոր միջավայր է կազմավորելու, ընտանիքի սննդակարգը կենդանական ծագմամբ սննդատեսակներով բավարարելու համար որոշակի խմբերի ու տեսակի պաշտոնյաներն ու ծառայություններ մատուցող մասնագետները վաստակի չհերիքող մասը լրացնելու նպատակով հերթական զանցառու քայլեր են մտորելու, իսկ այդ «հնարավորություններից» զրկվածները համալրելու են հուսահատների շարքերը։ ՀՀ գյուղնախարարության և ԱՎԾ-ի մոտեցումն այն է, որ տարիներ շարունակ խոստացվող անասնագլխաքանակի հաշվառում չիրականացնելու պայմաններում որևէ ձևով հնարավոր չէ թվային իրական պատկեր ունենալ, իրավիճակում պարզություն հաստատել, ուստի և թող լինի այս կամ այն թիվը։ Միևնույն է, դրանց բարձր գների պատճառով հայաստանյան հանրության մի աննշան մասն է օգտվում տեղական արտադրության թարմ մսատեսակներից, ինչի արդյունքում դրանք վաճառասեղաններին միշտ կան, անգամ գերարտադրության տպավորություն են ստեղծում։ Մեր մարդիկ այդպես էլ չեն հասկանում, թե մսատեսակների թանկացման պայմաններում ինչու չթանկացավ երշիկեղենը, այն անգամ «Կես գին» ակցիայով է վաճառվում, կամ ինչու՞, երբ կաթի գինը չի բարձրացել, թանկացավ պանիրը, իսկ գյուղական արտադրության սահմանափակ քանակով կարագը թանկացավ 500 դրամով։ Պատկեր է ուրվագծվում, որ մեզանում վաճառվող միս-կաթնամթերքը կապ չունի հիշյալ հումքատեսակների հետ։ Որ հանրության բացարձակ մեծամասնությունը օրգանիզմին անհրաժեշտ սննդատարրերը չի ստանում, դա ոչինչ, ունենք այն, ինչ ունենք, ընդհուպ մեր մենթալիտետ որակվող կարգատեսակն ու գաղջ միջավայրը։
Եվ հարցը, թե ինչու՞ ՀՀ իշխանական համակարգն արդեն 25-րդ տարին չի ընդունում, որ նորանկախ Հայաստանի տնտեսական կայացումը, համաշխարհային գործընթացների օրինակով, սկսվում է մեզանում հիմնավորապես ձախողված նվազագույնից սկսած մինչև առավելագույն քանակի, որակի ու մատչելիության կենդանական ծագմամբ սննդահումքի արտադրությունից, հնչում է հերթական անգամ։ Մարդ արարածը, ինչ որակներ ու հատկանիշներ կուզեք նրան վերագրեք, մաշկի ինչ գույն ու կրոնական պատկանելություն ունենա, առավոտը ցանկանում է սկսել հավկիթից, պանրից ու երշիկից և մեկ բաժակ կաթնասուրճից բաղկացած նախաճաշով։ Այս պարզ ու հասարակ նախապայմանն աշխարհում հիմնականում ստեղծվել է, Հայաստանում` ոչ, ինչն էլ անառողջ միջավայր է հաստատում, խորթացնում հային ու հայաստանյան իր բնօրրանից արտագաղթի հանգեցնում, ներգաղթը կանխում։ Յուրաքանչյուր հանրության ու երկրի համար առաջնահերթություն համարվող այս խնդրի լուծումն է, որ բարերար միջավայր է ստեղծում հանրություն-իշխանություն հարաբերություններում, երկիրը հեռու է պահում ներքին լուրջ սոցիալական ցնցումներից, կանխատեսելի ու առողջ փոխհարաբերությունների դաշտ է հաստատում։ Հիշենք աշխարհը յուրօրինակ ձև-միջոցներով վայելող, թե գրավող Չինաստանը, որտեղ շարունակվող միակուսակցականության պայմաններում վերջին անգամ բախումներ արձանագրվեցին հեռավոր 1989 թվականին։ ՀՀ-ում այս ամենը փոխարինելով «Մերն ուրիշ է» կարգախոսով, որտեղ առաջնահերթություն է դիտարկվում արտահանումը, հայոց ընդերքը այլոց վաճառելը, հողն էլ յոթ օտարի քմահաճույքներին ու վայելքներին ուղղելու նպատակով ծխախոտ ու ալկոհոլային խմիչքներ արտադրելու համար նախատեսված մշակաբույսերի արտադրությանը ծառայեցնելուն, երբ երկրում մնացածների պարենապահովվածությունն իրականացվում է հիմնականում ներկրվող ցորենի, մսամթերքների, կաթի փոշու, շաքարավազի, բուսական ու կենդանական յուղերի, անգամ սոխ ու սխտորի, այլևայլ առաջին անհրաժեշտության պարենամթերքների հաշվին, կազմավորում է այն տխուր ու անորոշ պատկերը, որում գոյատևում է մերօրյա հայաստանաբնակների բացարձակ մեծամասնությունը։ Փաստ է, չէ՞, որ մի քանի տարվա ընթացքում, ասենք, զբոսաշրջությունից ստացվող եկամուտը 135 մլն դոլարից հասել է 936 մլն դոլարի, արտահանումը` 1,1 մլրդ դոլարից 1,5 մլրդ դոլարի, իսկ հանրության հիմնական մասն այս ամենից տեսանելի ոչինչ չի ստացել։


ՀՀ վարչապետի ոճով հարցնենք ու պատասխանենք` արժանի՞ է մեր համերկրացին այս վիճակին, որը զարմանալիորեն տարակուսանք է առաջացնում նաև Երկիր մոլորակի չորս կողմերում ապաստանած մեր հայրենակիցներին ճանաչողների շրջանում, անշուշտ` ոչ։ Համոզվել ենք, չէ՞, որ բարերարների ու ներդրողների գումարներով տեսանելի ու ցանկալի փոփոխություններ չեն արձանագրվում, անգամ ժամանակակից գիտատեխնիկական ոլորտները խթանելով ու այդ կերպ հանրության մի հատվածի գնողունակությունը բարձրացնելով ու ընթացքում առաջարկ-պահանջարկ հարաբերությունը չկարգավորելով գնաճի հերթական դրսևորում է հաստատվում, այլոց աղքատության աստիճանը խորանում։ Լրջագույնս անհանգստացնող է մեզանում գյուղական բնակչության տասնամյակներով չնվազող 40 տոկոս ցուցանիշը։ Թե ու՞մ շահերին է այս ամենը ծառայեցվում, ում պահանջներն են այս կերպ սպասարկվում, հարցերն օրակարգից չեն հանվում, դրանք անառողջ մթնոլորտի պատճառ են դառնում, այլևայլ բախումների հանգեցնում, երբ մենք չլուծված ու չպարզված համազգային հարցեր ու խնդիրներ ունենք, ի վերջո, ազգահավաքի երազանք։
Դեպի այս սպասված ու ցանկալի նպատակները տանող ուղին սկսվում է պարզ ու հասարակ գործողություններից, որը փորձեցինք հնարավորինս սեղմ ներկայացնել. հայաստանաբնակն արժանի է լավ կյանքի, որը սկսվում է արդեն նշված համեստ նախաճաշով, աշխատանքային հագեցած օրվա ընթացքում էլ ծախսած էներգիան վերականգնելու նպատակով կենսաբանորեն անհրաժեշտ կենդանական ծագմամբ սնունդ ընդունելով, ինչքան էլ նման մոտեցումը պարզունակ դիտարկվի։ Այն աշխարհի չորս կողմերում լուծվում է նույնքան պարզ ու հասարակ ձևերով ու մեթոդներով, ինչպիսին է մարդ արարածի ամենօրյա ու հիմնական գործը` արդյունավետ աշխատանքը։ Ասենք, նրա պահպանմանն ու խնամքին հանձնված կովը հարկ է, որ տարվա ընթացքում 10-12 հազար լիտր կաթ տա, խոզն օրական 700-800 գրամ քաշաճ ապահովի, դաշտը հեկտարի հաշվով 8-10 տոննա ցորենի ու եգիպտացորենի հատիկ ապահովի։ Հատկապես վերջինն աշխարհի 4 կողմերում մշակում ու աճեցնում են անհավանական ծավալներով, այլ նպատակներով վերամշակելուց բացի նաև որպես լիարժեք անասնակերի հիմնական բաղադրիչ են օգտագործում, վերը նշված ցուցանիշներն ապահովում ու հանգիստ խղճով գոլֆ խաղում, համերգադահլիճ ու լողավազան հաճախում, որպիսի միջավայր ՀՀ-ում պարզապես չկա։ Այնպես որ, Հայաստանի Հանրապետությունում հենց եկող գարնանը նվազագույնը 40 հազար հեկտար վարելահողերում եգիպտացորենի հատիկի մշակումը պարտադիր այն գործընթացի սկիզբն է, որը հաջորդ տարիներին տրամաբանված ու արդարացված շարունակություն կունենա։ 40 հազար հեկտարը հայերիս վարելահողային ռեսուրսի հազիվ 6-7 տոկոսն է և որևէ խոչընդոտ չէ ՀՀ գյուղնախարարության բրոկոլի աճեցնելու գործընթացին կամ շինշիլաբուծության ծավալմանը։ Փոխարենը նշված տարածքից հավաքված 300-350 հազար տոննա եգիպտացորենի հատիկը որպես լիարժեք անասնակեր օգտագործելու արդյունքում կապահովվի մոտ 100 հազար տոննա երկրին չբավարարող և ներմուծվող մսատեսակների ու կաթնամթերքների արտադրությունը։ Այս ծավալները մրցակցային միջավայր կստեղծեն կաթնա-մսամթերքների շուկայում, որտեղ կշահեն թե՛ արտադրողները, թե՛ սպառողները, առաջինները` ծավալների, երկրորդները` մրցակցային գների արդյունքում։ Հետո արդեն, երբ ներկայիս 340 հազար գյուղացիական տնտեսություններից մրցակցության արդյունքում կկազմավորվեն մի քանի տասնյակ հազար փոքր ու միջին ֆերմերային կայացող տնտեսությունները, ոլորտ կգան ապահովագրական, խորհրդատվական, ֆինանսական կառույցները, կսկսվի գյուղատնտեսության արդյունաբերացումը։ Հարկ կլինի վերամշակող ոլորտները կազմավորել, անձնական ու համայնքային ենթակառուցվածքները բարելավել, ժամանցային միջավայր ստեղծել, որոնց համար որակյալ աշխատուժ կպահանջվի, այդ թվում՝ քաղաքներից նախագծողներ, լաբորանտներ, իրական ռազմավարա-ծրագրավորողներ։ Բարենպաստ գործընթացների պարագայում 5-6 տարի անց, երբ եգիպտացորենի հատիկի արտադրությունը կմոտենա 1 մլն տոննայի, հարկ կլինի բուսական յուղի հայրենական արտադրության հզորություններ ստեղծել, կաշվեհումքի վերամշակման մասին մտածել, ինչու՞ չէ, ներմուծումները կրճատելով հայրենական արտադրանքի համար արտահանման շուկաներ փնտրել, տեղ զբաղեցնել 7-8 մլն բնակչությամբ Ավստրիայի ու Չեխիայի, Իսրայելի ու Սինգապուրի կողքին։ Այս դիրքում արդեն կարելի է մտածել արհեստական արև ստեղծելու գաղափարը իրականություն դարձնելու մասին, քանզի հայերս մարդկությանը յուրովի նվիրվելու խորհուրդն ունենք։


Համառոտ ներկայացվածն ընդամենը ՀՀ տնտեսական կայացման նախապայմանն է, ամենուր քննություն բռնած գործընթաց, որի թիվ 1 պատասխանատուն այս հարցում հիմնական շահառու ՀՀ կառավարությունն է` իր ֆինանսական միջոցներով, վարչական կառույցներով, օգնող-օժանդակողներով։ «Որտեղ»-ն ու «ինչպես»-ը այս պարագայում քննարկվող հարցեր չեն, ինչպես գերմարդիկ չեն իրենց տնտեսական կայացումն անցյալում թողած հանրություններն ու պետությունները, այլ ընդամենն անհարկի պատճառաբանություններով իրենց անգործությունն արդարացնելուց հրաժարվածներ։
Թերևս նման մի պահի է Պարույր Սևակն իր «Հասարակ պահանջ» բանաստեղծության հետևյալ տողերը գրել.
Տանջում է ինձ հասարա՜կ մի
ցանկություն`
Պա՛րզ տեսնելու,
Պա՜րզ տեսնելու ցանկությունը։

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հ.Գ.-ՀՀ տնտեսական վիճակը ժամ առ ժամ է փոփոխվում, հանրության մեծամասնության կարծիքով` դեպի անորոշություն: Այնպես որ ցանկացած մեկի մտորումները անզոր են պատկերելու այն վիճակը, որում գտնվում ենք: Ընդամենը՝ ցավալի իրողություն:

Դիտվել է՝ 7645

Մեկնաբանություններ