Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աստծո միջոցով բժշկելով հոգիդ և մեղքից մաքրելով միտքդ ու սիրտդ, բժշկում ես մարմինդ

Աստծո միջոցով բժշկելով հոգիդ և մեղքից մաքրելով միտքդ ու սիրտդ, բժշկում ես մարմինդ
14.11.2017 | 00:38

Հիվանդությունն իր ձևախեղված վրձնով հաճախ աղավաղում է անհատի հոգու հայելու երազանքների պատկերն ու ծրագրերը: Բազմաթիվ են մեկնաբանություններն ու բացատրություններն այս իրողության շուրջ, որը հաճախ մարդու մեջքին իջեցնում է տառապանքի ու ցավի ծանրոցը, որին երբեմն չդիմանալով մարդ էակը դառնությամբ է լցվում և անհավասար պայքարում ջախջախված լքում այս աշխարհը՝ երերալով հավատքի ու Աստծու հանդեպ վստահության մեջ:


Ընդհանուր առմամբ նշվում է, որ հիվանդություններն առաջանում են մեղքերի պատճառով, հատկապես երբ անձը համակված է այս կամ այն մեղավոր կրքով: Այդ կրքերը մեղքերի ներքին արտահայտություններն են, որոնք անհատի արտաքին կյանքում արտահայտվում են արարքներով: Սրբակյաց սերբ վարդապետ Թադեոս Վիտովնիցկին նշում է, որ հիվանդությունը մտքի անկման մեջ է: Սբ Գրիգոր Տաթևացին գրում է, որ նախ ամեն մեղքի սերմը սրտի խորհրդի մեջ է տնկվում, ապա ծլում է, աճում, դառնում գործողություն, արարք: Շարունակական կրկնվող մեղքերը դառնում են մեղավոր կրքեր և դրանք հաղթահարելը շատ ավելի դժվար է լինում: Իսկ այդ կրքերը պարարտ հող են զանազան հիվանդություններ առաջ բերելու հարցում:


Ժամանակակից բժշկությունը տալիս է տարբեր լուծումներ և փորձում բժշկել մարդուն, բայց հիվանդությունը, երբ սկսում է գործի դնել իր «մաթեմատիկական» ավելի բարդ խնդիրների շղթան, ժամանակակից բժշկությունն ի զորու չի լինում բացահայտելու դրանց ֆորմուլան և լուծել այդ խնդիրները: Եվ այս դեպքում բոլոր դեղամիջոցներն ու ջանքերը դառնում են պարզապես սոսկ մխիթարության ու հույսի փրկության բաղձալի սպասում: Այդուհանդերձ, մարդու մեջ մշտապես ծնվում է այն հարցը, թե որտեղից է ի հայտ եկել այդ երևույթը, որն անվերապահ չի խնայում որևէ մեկին: Ինչպես նշեցինք, հոգևոր տեսանկյունից դիտարկելիս արձանագրվում է, որ հիվանդության պատճառը մեղքն է, թեև Ավետարանում կարող ենք հանդիպել նաև այնպիսի դեպքի, երբ աշակերտները ի ծնե կույրին տեսնում են և Հիսուսին հարցնում. «Ռաբբի՛, մեղքը ու՞մն է, որ կույր է ծնվել, սրա՞նն է, թե՞ հորն ու մորը»։ Հիսուս պատասխանում է. «Ո՛չ դրա մեղքն է և ոչ էլ իր հոր ու մոր, այլ՝ որպեսզի դրա վրա Աստծու գործերը հայտնի լինեն» (Հովհ. 9.2-3):


Արդ, հիվանդությունների պատճառները կարող են տարբեր լինել, թեև մեղքը դրանց առաջացման հիմնական պատճառն է, ինչպես Սարգիս Շնորհալին գրում է. «Հիվանդությունները մեղքի պատճառով առաջացան»:
Բժիշկ Գուրևը «Կրքերը և նրանց արտահայտումը սոմատիկ և նյարդահոգեբանական հիվանդությունների ժամանակ» գրքում նշում է, որ ժամանակակից բժշկությունը հետազոտել է մեղքերի և հիվանդությունների կապը: Հետազոտությունները ցույց են տվել, որ բոլոր հիվանդությունների հիմքում ընկած է հպարտությունը: Ինչպես նաև ցույց են տվել, որ մարմնական հիվանդություններն առաջանում են այն դեպքում, երբ մարդ համակված է լինում որևէ մեղքի ախտանիշով, ցանկանում է բավարարել այն, բայց ինչ-ինչ պատճառով չի կարողանում հագուրդ տալ դրան:


Բժիշկ Ավդեևը «ՈՒղղափառությունը և բժշկությունը» գրքում նշում է, որ սովորաբար տարբեր մեղքեր ծնում են զանազան հիվանդություններ, ինչպես, օրինակ, նախանձի և արծաթասիրության դեպքում առաջանում են նյարդահոգեբանական հիվանդություններ: Ցանկասիրության պատճառով կարող են լինել ատամների, տարբեր տեսակի ալերգիաների, նաև աղիքային խնդիրներ: Որկրամոլների մեջ առաջանում է գիրացում, ստամոքսի հիվանդություններ, ենթաստամոքսային գեղձի հիվանդություն: Հուսահատությունից ծնվում է դեպրեսիա, իսկ հպարտությունը կարող է առաջացնել շիզոֆրենիա: Անառակության, շնության պարագայում առաջ են գալիս վեներական հիվանդություններ, անպտղություն, գինեկոլոգիական հիվանդություններ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, պրոստատիտ, իմպոտենցիա: Այս ամենի մասին գրում է նաև բժիշկ, պրոֆեսոր, միևնույն ժամանակ ռուս հոգևորական, հայր Սերգեյ Ֆիլիմոնովը: Նա ասում է, որ հիվանդությունը մեղքի, կրքերի հետևանք է, որոնք ոչնչացնում են մարմնի և հոգու առողջությունը: Եթե մարդը կրքերին ծառա չի դառնում, այդժամ շատ հիվանդություններ պարզապես չեն ծնվում: Որևէ մեղքից կամ կրքից կարող է ծնվել որևէ հատկանշական հիվանդություն, սակայն այդ ամենը հարաբերական է, որովհետև յուրաքանչյուր անհատի հոգևոր վիճակը յուրովի է և ի վերջո միայն Աստծուն է հայտնի, թե ինչու է այս կամ այն անձը հիվանդացել այս կամ այն հիվանդությամբ: Այնուամենայնիվ, նա նույնպես նշում է մի շարք հիվանդությունների պատճառներ, որոնք մեղքերի հետևանքով են ծնվում: Ինչպես նաև ընդգծում է, որ բժիշկների համար անհավասարակշիռ էմոցիաների և հիվանդության ուղղակի կապն ակնհայտ է, թեև ինքնին էմոցիաները նորմալ սահմանների շրջանակներում բնական գործառույթ են, որոնք արտահայտում են բնության, մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքը և փոխհարաբերությունը: Էմոցիաներն օգտակար են մարմնի համար և պահպանում են մարդու կենսական գործունեությունը: Եթե դրանք դուրս են գալիս մարդկային վերահսկողությունից, վերածվում են կրքի և հանգեցնում հիվանդության: Հետևաբար, էմոցիոնալ ֆոնը շատ հաճախ նպաստում է բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում` նյարդային և հոգեկան խանգարումների առաջացմանը:


Հայր Սերգեյ Ֆիլիմոնովը նշում է, որ մի շարք հիվանդություններ կան, որոնք ծնվում են կրքերի պատճառով, ինչպես օրինակ` ովքեր որկրամոլ են, կարող են տառապել ստամոքսաղիքային տրակտի խանգարումների հիվանդություններով, խոլեցիստիտի, գաստրիտի, աղիքային խոցի հիվանդություններով և տասներկումատնյա աղիքի հետ կապված խնդիրներով:
Եթե մարդը բարկության մեղքի մեջ է հարատևում, այն կարող է հանգեցնել այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են հիպերտոնիան, ինսուլտը և սրտի կաթվածը: Եթե անձը բղջախոհ է և տրվում է անառակ կյանքին, այն բերում է վեներական հիվանդությունների առաջացմանը: Այնպես որ, իսկապես, կան հիվանդություններ, որոնք համահունչ են մեր կրքերին: Այդ ամենի համապատասխանությունը փաստվում է և՛ հոգևոր, և՛ բժշկական տեսանկյունից: Մարդն այնպես է ստեղծված, որ իր հուզականությամբ ազդում է որևէ օրգանի վրա, քանի որ ամեն զգացմունքային սթրես խիստ փոխկապակցված է որոշակի օրգանի հետ: Օրինակ` եթե մարդը չափից ավելի տխուր է, ապա դրանից վնասվում են այնպիսի օրգաններ, ինչպիսիք են թոքերը, հաստ աղիքը: ՈՒժեղ տագնապը կարող է բերել առողջության բացասական հետևանքներ: Այդպիսի դեպքեր հայտնի են փորձարկող օդաչուների հետ կապված, երբ չի կարողանում կառավարել օդանավը և ուժեղ տագնապ է ապրում, այդժամ վայրէջքից հետո երբեմն նրա մեջ ստամոքսի խոց է հայտնաբերվում, որը չկար նախքան թռիչքը: Սթրեսային էմոցիոնալ ֆոնը այնպիսի ճնշում է գործադրում մարդու այդ օրգանի վրա, որ երբեմն առաջանում են այդպիսի խոցեր:


Երբ մարդը շարունակաբար հոգ է տանում ինչ-որ մեկի մասին և անհարկի անհանգստանում, այդ բարի զգացումը վերածվում է վնասակար երևույթի: Եվ երբ այդ էմոցիաները գերադրական աստիճանի են հասնում, այդ դեպքում կարող է խաթարվել մարդու ստամոքսի, փայծաղի, ենթաստամոքսային գեղձի աշխատանքը և նույնիսկ ստամոքսի խոցի պատճառ դառնալ: Վախը կարող է ազդել երիկամների և միզապարկի վրա: Բայց մարդուն շատ ավելի վնաս է պատճառում բարկությունը: Այն անձը, որը շարունակաբար բարկանում է, որպես կանոն, տառապում է լեղապարկի հիվանդությամբ: Այդ անհավասարակշիռ, չափից ավելի էմոցիան այնքան ուժեղ է, որ նույնիսկ առանձնակի բարկության պահերը կարող են վնասել լեղապարկը: Պատահական չէ, որ այդպիսի մարդկանց ասում են` դառը մարդիկ: Երբ նմանօրինակ մարդիկ գալիս են բժշկի մոտ, իրենց շատ դյուրագրգիռ են պահում: Զայրույթի, հուզական ֆոնի դյուրագրգիռ վիճակի հանկարծակի բռնկումների ժամանակ հաճախ խաթարվում է մարդկանց լեղարտադրությունը: Եվ եթե այն շարունակական բնույթ է կրում, և մարդը չի կարողանում տիրապետել, վերահսկել այդ կրքերը, առաջանում են լեղապարկի խնդիրներ, որոնք բերում են բորբոքային պրոցեսների և նպաստում լեղապարկի քարերի առաջացմանը և այլն: Հետևաբար, այդօրինակ ֆունկցիոնալ խանգարումները ծնում են մի շարք հիվանդություններ: Երբ մարդը սկսում է տիրապետել իրեն, ձգտում և ջանք է գործադրում ապրելու հոգևոր կյանքով, այդպիսով կարողանում է կանխել հիվանդության առաջացումը:


Այնուամենայնիվ, երբ այս ամենին իրազեկ ենք, արդյո՞ք այս պատասխանները բավարար են, առավել ևս հիվանդության սարդոստայնում հայտնված մարդու համար, որը ջանում է ազատվել այդ գերությունից և առողջություն ձեռք բերել: Բնականաբար, բավարար չէ, ինչպես օրինակ՝ երբ ձեռքդ փուշ է մտնում, բայց փուշը հանելու փոխարեն օգտագործում ես ցավազրկող միջոցներ, որոնք միայն ժամանակավորապես են ցավը մարում: Նույնպես էլ չենք նկատում, տեսնում, գլխի ընկնում, թե ինչ անել, որ ձերբազատվենք բարդ հիվանդություններից, որոնք երբեմն այնքան պարզ ու հասարակ պատասխանների մեջ են թաքնված, որ երբ դրանց մասին իմանում ես, նույնիսկ ապշում և զարմանում ես, որ գիտեիր այդ մասին, սակայն չէիր անդրադարձել այդ պատճառներին, չէիր հասկացել, որ այդպես պետք է գործել և վարվել:


Ի՞նչն է խանգարում, երբ պատասխանը հաճախ պարզ է, սակայն անհասկանալի և հանելուկային է թվում: Մարդու միտքը մեղանչական բնության պատճառով կորցրել է իր հոգեղեն պայծառությունը, արթնությունը, հոգևոր խորաթափանցությունը և չի կարողանում նկատել նույնիսկ այդ պարզ խնդիրների լուծումները: Այս դեպքում ի՞նչ պետք է անել: Արդ, մեզ անհրաժեշտ է մաքուր, աստվածային լույսով ողողված արթուն միտք, իսկ դրա համար պետք է հրաժարվենք մեղքերից, մեղավոր մտածումներից և մեր միտքն ուղղենք դեպի աստվածային սերն ու խոնարհությունը, և ոչ թե սոսկ մտածումների մակարդակում մնալով, այլ այդպես ապրելով: Այդ ժամանակ է, որ մեր աղոթքը կստանա համապատասխան ուժ և զորություն, որպեսզի ազատագրվենք հիվանդության սարդոստայնից, սարդոստայն, որի մեջ մեղքի գայթակղության և ցանկության պատճառով հայտնվել են բազմաթիվ անձինք և նույնիսկ երկար տարիներ ջանում են դուրս գալ այդ գերության կապանքներից, բայց ապարդյուն և անարդյունք:


Հիվանդության արմատներն ըստ էության մխրճված են մարդու հոգու և մտքի մեջ, այդտեղից են ուժ ստանում և ծավալվում մարդու մարմնով ու հոգով մեկ: Նա, ով ցանկանում է հասկանալ, թե որտեղից է բխում իր հիվանդությունը, անհրաժեշտություն ունի ինքնանդրադառնալու իր հոգու խորքը և այդտեղ գտնելու բուն պատճառը կամ այն մեղքը, որը տվյալ հիվանդության մայրն է և սնում է այն ու աճեցնում: Փորձառությունը ցույց է տալիս՝ եթե այն արմատախիլ չես անում, ապա ինչքան ուզում ես կտրիր նրա ցողունն ու ճյուղերը, որոշ ժամանակ անց նորից, նույնիսկ ավելի ուժգնորեն աճում ու ամրապնդվում է: Մարդու մտքի մաքրությունն ու պայծառությունը թույլ են տալիս հասկանալ, տեսնել, նկատել իրողությունների լուծումները, ընկալել Աստծո կամքը և թե ինչպես գործել, որպեսզի հիվանդությունը նահանջի:


Վարդապետ Վլախոսը «ՈՒղղափառ հոգեթերապիա» գրքում գրում է, որ մտքի հոգևոր գործառույթի խախտված վիճակը մարդուն թույլ չի տալիս բժշկվել: Արթուն ու մաքուր միտքը կարողանում է իմաստուն լինել և նկատել, թե հիվանդությունն իրեն ինչ է ասում: Հաճախ հիվանդությունը զգուշացնում է, ահազանգում՝ մի՛ շարունակիր անել այն, ինչը շարունակում ես կատարել, երբեմն չարահաշել, որովհետև դրա ընթացքը հանգեցնում է մահացու մեղքի մեջ լինելու առկայությանը, որը խաթարում է, վնասում մարդու մարմինը, այնուհետև վերջնականապես կործանում անձի հոգին՝ այն տանելով հավիտենական կորստի: Այդ իսկ պատճառով հիվանդությունը սահմանափակում է մարդու գործունեությունն ու կարողությունը, նույնիսկ կասեցնում, որ անհատի հոգին, թերևս, հավիտենական կորստյան չգնա:


Գրիգոր վարդապետը «Խոսք ճշմարիտ հավատքի և առաքինասեր վարքի մասին» գրքում նշում է, որ մարդու հոգին եռամասնյա է՝ բանական, ցասմնական, ցանկական: Բանականը (միտք) գտնվում է գլխում և իշխում ցասմնականի (զգացմունք, հույզեր) վրա, որը գտնվում է սրտում, իսկ սա էլ իշխում է ցանկականի վրա (ցանկություններ), որը երիկամներում է տեղակայված: Երբ մեղքերի պատճառով առաջանում է խզում և խախտում հոգու այս երեք հատկությունների գործառույթների միջև, անէանում է ներդաշնակությունը, և ամեն ինչ խառնվում է իրար: Ցանկականը սկսում է իշխել ցասմնականի վրա, սա էլ բանականի վրա: Այս ներքին խաթարված վիճակը մարդուն դարձնում է խոցելի հիվանդությունների հանդեպ: Նման վիճակում անձը սկսում է ենթարկվել իր բնազդներին և մեղավոր ցանկություններին: Մարդու կամքը սկսում է ենթարկվել մեղքին: Մտքի և ցանկությունների միջև ընդհատվում է կապը, երբեմն մարդը մի բան է խորհում, ցանկություններից դրդված այլ բան է գործում:
Հովհաննես Սանդուղքը, խոսելով հիվանդությունների մասին, նշում է. «Երբեմն հիվանդությունն ուղարկվում է մեղքը քավելու համար, իսկ երբեմն էլ հպարտությունը խոնարհեցնելու համար մեր բարեգութ Տերը և Աստված, տեսնելով, որ որևէ մեկը ծույլ է ճգնությունների մեջ, նրա մարմինը խոնարհեցնում է հիվանդությամբ, նրան այն տալով որպես ուրախալի ճգնություն: Իսկ երբեմն էլ հոգին մաքրում է խարդախ մտքերից ու կրքերից»:
Արդ, պետք է նկատի ունենալ, որ հիվանդությունը, մեղքերի հետևանք, պատիժ լինելով, միաժամանակ, Տիրոջ նախատեսած հոգու բուժման և հավիտենական փրկության միջոց է, այդ պատճառով համբերությամբ պետք է տանել այն և փառք տալ Տիրոջը: Բնական է` հոգևոր փորձառություն չունեցող մարդու համար դժվար է այդպիսին լինել, հատկապես երբ տառապանքն առկա է, սակայն այդպիսին լինելը էական է այն առումով, որ անհատի հոգում անէանում է բախումը իրականության և իր ցանկության միջև: Այն իրականության, որ Աստված թույլ է տվել, որի մեջ հայտնվել է մարդը: Հաշտությունը և խաղաղությունը Աստծո հետ բոլոր պարագաներում կարևոր նշանակություն ունեն, որովհետև մարդու հոգում այդժամ վերանում է կոնֆլիկտը իր և Աստծո միջև, բախումը՝ իրականության և ցանկության միջև: Ինչքան ուժեղ է մարդու ներսում բախումը երկու իրողությունների միջև, այնքան հիվանդության ցավն ուժգին է դառնում, ինչքան թույլ է այդ բախումը կամ արդեն դադարել է, դրան համապատասխան էլ ցավն է թույլ կամ անէանում է: Պողոս պատրիարք Ադրիանապոլսեցին շեշտում է համբերության նշանակությունը. «Ծանր-ծանր հիվանդություններ բուժելու համար աշխարհում ոչ մի դեղ այնպես զորավոր չհամարվեց, ինչպես համբերությունը: Որովհետև անպիտան էին դառնում բոլոր դեղերն ու բժիշկների հնարքները, եթե հիվանդն անհամբեր էր լինում բժշկի պատվիրանները պահելու մեջ»:
Դժվարին փորձության և հիվանդության մեջ գտնվող մարդու համար նշանակալի է դառնում աղոթքի ժամանակ միմյանց հաջորդող մի քանի հիմնակետեր՝ աստվածային սիրո և խոնարհության գիտակցումը Երկնավոր Հոր առջև, Ով մեզ սիրում է իր անսահման աստվածային սիրով, գոհություն, գոհաբանություն հայտնելն ամեն ինչի համար, մեղքերի թողություն խնդրելը և բժշկության խնդրանքը: Բայց հաճախ մենք չպետք է ակնկալենք, թե անմիջապես կիրականանա մեր խնդրանքը: Եթե այն նույնիսկ երկար ժամանակով ձգձգվում է, նշանակում է` մենք դեռ ներանձնական աշխատանք ունենք անելու Սբ Հոգու առաջնորդությամբ, որպեսզի մեր ներքին մարդը փոխվի, համապատասխան դառնա այն իրողությանը, ուր Աստված մեզ կամենում է տեսնել: Բնականաբար այն, ինչ այստեղ նշում ենք, ընդհանուր եզրահանգումներ են, և հաճախ յուրաքանչյուր անհատի դեպքում անհրաժեշտ է լինում իր համար նախատեսված «հոգևոր դեղատոմսը»: Այս առումով իր դերակատարումն ունի հոգևորականը, հատկապես փորձառու հոգևոր հայրը:


Ռաֆայել վարդապետ Կարելինը նշում է, որ ոչ փորձառու հոգևոր առաջնորդը կարող է նման լինել այն բժշկին, ով իր գրասենյակում նստած, ունենալով տեղեկագրեր, չայցելելով հիվանդին, գրում է դեղատոմս` այդպիսով նույնիսկ չտեսնելով հիվանդին և նրա հիվանդությունը: Հոգևոր հայր լինելը բավականին պատասխանատու և նուրբ առաքելություն է, որովհետև կարող ես և՛ քիչը, և՛ շատը տալու դեպքում վնասել քեզ դիմած անձին, եթե չես կարողանում հասկանալ, ընկալել տվյալ մարդու հոգին, որովհետև ինչպես սովորական դեղերը, որոնք բուժման համար են, ոչ ճիշտ նախատեսման կամ ոչ ճիշտ չափաբաժնի դեպքում կարող են վնաս հասցնել, այդպես էլ հոգևոր խոսքի ոչ ճիշտ մատուցումը կարող է վնասել անհատի հոգու առողջությունը: Հաճախ էական է երկու միանման իրավիճակներում երկու տարբեր անձանց համար կարողանալ տալ հարցի առանձնակի ու տարբեր լուծումներ, որովհետև երևույթներ կան, որոնք ընդհանրական են, բայց շատ երևույթներ էլ կան, որոնք մասնավոր են և պահանջում են առանձնահատուկ պատասխաններ: Այդուհանդերձ, մենք պետք է միշտ հիշենք, որ հիվանդության ժամանակ առաջին հերթին անհրաժեշտ է դիմել Փրկչին մեր աղոթքներով, սրբերի, պահապան հրեշտակների բարեխոսությանը, Ռաֆայել հրեշտակապետի բարեխոսությանը, ում անունը նշանակում է` Աստված բժշկում է: Արդ, Աստծո միջոցով բժշկելով հոգիդ և մեղքից մաքրելով միտքդ ու սիրտդ, բժշկում ես մարմինդ: Երբեմն այդ ժամանակ շատերն իսկապես հասկանում են հոգևոր կյանքի նշանակալի կարևորությունը, որովհետև մինչ այն լսել էին ու գիտեին, որ պետք է առաքինություններով ապրել, սակայն մի բան է իմանալը, այլ իրողություն է իսկապես ապրելը և առաքինությունների արժեքը, նշանակությունը, արդյունավետությունը անհատական կյանքում տեսնելն ու դրանց էական պտուղներն ունենալով առողջ լինելը:


Հրապարակման պատրաստեց Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 2909

Մեկնաբանություններ