Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Մի՛ զբաղվեք անհայրենիք արվեստով, ոչ մեկին դա պետք չէ»

«Մի՛ զբաղվեք անհայրենիք արվեստով, ոչ մեկին դա պետք չէ»
14.11.2017 | 10:43

Զրուցակիցս «Նարեկացի» արվեստի միության տնօրեն ԼԵՎՈՆ ԻՎԱՆՅԱՆՆ է:

-Ինչի՞ վրա է բևեռված մեր հասարակությունը, ի՞նչ որակ է ձևավորում այսօր ստեղծվող արվեստը մեր երկրում: Արդյոք ներկայիս սերունդը լա՞վ է ճանաչում մեր մշակույթի վաստակավոր գործիչներին։
-Կան ընդհանուր քաղաքական և տնտեսական հարաբերություններ, որոնք թելադրող կամ նույնիսկ պարտադրող նշանակություն ունեն, և արվեստի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ այդպես էլ մնում են այդ պարտադրանք-թելադրանքի տակ. կա՛մ չեն կարողանում այդ ճնշման տակից դուրս գալ, կա՛մ չեն ուզում, քանի որ շատ ավելի ապահով, հարմար ու տաքուկ է պարտադրված վրանը, քան բավականին անտեր ու անտիրական ազատությունը: Հին պարտադրանքներից էր կոմունիստական գաղափարախոսությունը արվեստի բոլոր բնագավառներում, նոր պարտադրանքներից է փող աշխատելու մոլուցքը ամեն գնով, որի արդյունքում առավել զարգանում են ժամանցային «արվեստները» կամ, այսպես կոչված, շոու-բիզնեսը, քանի որ «դեմոկրատական» կոչված քաղաքական հարաբերություններին բնորոշ տնտեսակարգը շուկայական հարաբերություններն են, և բոլոր տեսակի հարաբերությունները վերածվում են ուղղակի շուկայի՝ «բազարի»: Ինչ վերաբերում է այսօրվա արվեստին, ապա ավելի շատ ստեղծվում է արվեստի ոլորտի շուկայական ապրանք, քան դաստիարակչական, իմացական, աշխարհաճանաչողական բնույթի ստեղծագործություն: Մշակույթի վաստակավոր գործիչը կոչում է, որ շատերն ունեն, իսկ վաստակաշատ գործիչը նվիրումի տեսակ է, որը շատ անգամ ոչ մի կոչման էլ չի արժանանում: Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ բոլոր կարգի գործիչները հայտնի են դառնում հանրությանը, բայց շատ քչերն են ամրանում մարդու էության մեջ, քանզի հիշարժան լինելու համար շատ ծանրակշիռ վաստակ է պետք ունենալ, կոչումով, թե առանց կոչումի, դա արդեն միևնույն է:
-Մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը, կարո՞ղ ենք այսօր պարծենալ մեր մշակույթով:
-Մեր մշակույթով կարող ենք պարծենալ, մեր այսօրվա մշակույթով՝ ոչ այնքան: Իհարկե, միշտ էլ ստեղծվում են շքեղ ու հիացումի արժանի աշխատանքներ, խոսքն այս դեպքում մշակութաստեղծ գործունեության «տեսակարար կշռի» մասին է, թե որն է ավելի գերակշռում՝ ժամանցային անցողիկ արվե՞ստը, թե՞ ազգային դիմագիծ ներկայացնող մշակույթը, որը կարող է լինել բնույթով ոչ ազգային ստեղծագործություն, բայց հայ մարդու համաշխարհային դասական ստեղծագործության անզուգական կատարում, այնպես ինչպես գործում է մեր ժամանակներում ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Այսօր «ծանրակշիռ» արվեստի ներկայացուցիչները ցանկալիի քանակից շատ ավելի քիչ են, իսկ «թեթև-ժամանցային» բիզնեսի ներկայացուցիչները՝ անցանկալի շատ: Մշակույթ հովանավորող գործարարն իր ժամանցային հաճույքն է հետապնդում, չափազանց քիչ են այն հովանավորները, որ հովանի են կանգնում բարձրակարգ ազգային արվեստին:
-Ինչպիսի՞ նախադրյալներ են հարկավոր մշակույթը զարգացնելու:
-Ազգային մշակույթի զարգացման հայեցակարգի ներդրում: Բարձրագոչ հայտարարություններից բացի, ոչ մի կարգի գործող լծակ չունենք ազգային արվեստի մշակվող պարտեզ հիմնելու համար: Անընդհատ տանձի ծառից խնձորի պտուղ ենք ուզում ստանալ: Համաշխարհային նվաճումներին պետք է մասնակից լինել, անկասկած, բայց ուղղակի կապկել աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչ՝ չի կարելի: Մենք մեզ հակառակ ենք գործում ու դարձել ենք «գումար չլինելու» մշտական գերին: Զազրելի է դարձել արդեն այդ ձևակերպումը: Մի տեսակ չարչիական երկրի հոգեբանություն ենք ձեռք բերել: Իբր այդպիսին ենք, դրա համար է այսպիսի վիճակ: Այնինչ, եթե այսպես շարունակենք, ավելի վատ չարչի կդառնանք: Ոչինչ չի արվում այս ճահճից դուրս գալու համար և ամեն ինչ է արվում ճահճի մեջ խեղդվելու համար: Մշակույթը հիմա իր բաժին պատերազմն է ուզում: Այսպես անմշակույթ եթե շարունակվի, ապա բանակ ունենալն է դառնում ինքնանպատակ՝ անհասկանալի է՝ ինչն ենք պաշտպանում, եթե մեր ինքնությունն ու մեր լեզուն չենք պաշտպանում: Բավական է փոխենք մեր լեզուն, և անիմաստ կդառնա մեր երկիրը պաշտպանելը: Անհասկանալի կդառնա՝ ինչն ենք պաշտպանում և ումից:
-Կա՞ մի բան, որ չասել չեք կարող:
- Այո: Ես վախենում եմ՝ կորցնենք մեր անկախությունը: Դրա հետ կկորցնենք մեր բոլոր հին ու նոր նվաճումները: Վախենում եմ, որովհետև շուկայական հարաբերությունները երկիրը լրիվ վերածել են «բազարի»՝ շուկայից մինչև իշխանության բոլոր շերտերը, որտեղ ուղղակի վխտում են անհայրենիք չարչիները, քաղքենիները, դրամը «հայրենիք» դարձրած բիզնեսմեն կոչվածներն ու «ազդեցիկ» պաշտոնյաները: Սա կործանարար կապիտալիզմն է՝ դրամատիրությունը, որը շուտով կքանդի մեր տունը, և ես չեմ տեսնում, թե ով կամ ինչ կառույց կարող է դիմագրավել այս չարիքին: Արդյունքում՝ մեր «հայ» կոչված գոյությունը դարձյալ «կերաշխավորվի» հյուսիսային կամ արևմտյան որևէ «մեծ եղբոր» ստրկացնող հովանավորչությամբ:
-Ի՞նչ հասարակական պահանջ է դրված արվեստագետի առջև։
-Տարբեր հասարակարգերում պահանջները արվեստագետներից տարբեր են, երբեմն՝ իրարամերժ: Շատ տարբեր են ֆաշիստական Գերմանիայի, կոմունիստական խորհրդային երկրի, ժողովրդավարական հանրապետությունների և թագավորական միապետությունների արվեստագետներին ներկայացվող պահանջները: Բնականաբար, հայ արվեստագետին ներկայացվող պահանջը պետք է հստակեցվի կա՛մ պետության կողմից, եթե, իհարկե, ունի հստակ պետական մշակութային քաղաքականություն, կա՛մ հանդես գա որպես, այսպես կոչված, «ազատ արվեստագետ», որ ավելի հաճախ ապաշնորհ կամայականության արտահայտություն է, քան բազմաշնորհ իրական ազատություն, կա՛մ արվեստագետը, տուրք տալով իր մասնագիտական և քաղաքացիական խղճին, ինքն է որոշում՝ ինչ մատուցել իր երկրին, տվյալ ժամանակում, որպես կանոն մենակ մնալով և արժանապատվորեն հրաժարվելով կախյալ օգնություններից, որից խիստ որոշակի տուժում է իր արդեն թվացյալ դարձող օգնությունը ժողովրդին: Արվեստագետն իր երկրի և իր ժամանակի տեսանելի խիղճն է, և շատ կարևոր է, որ այդ խիղճն այնքան խեղճ չլինի, որքան մեր արվեստագետները:
-Իսկ ի՞նչն է տարանջատում մեր այսօրվա արվեստագետներին։
-Լավ չհասկացա, թե ում ումից է տարանջատում «տարանջատել» արտահայտությունը: Թերևս՝ իրարից: Այդ դեպքում շատ ավելի լավ է խոսել հակառակի անհրաժեշտությունից՝ միասնականությունից, որը, այսպես թե այնպես, այնքան շատ է, որ դրան ուշադրություն դարձնելու կարիք էլ չկա: Տարանջատում է «ամեն մեկն ինքն իր գլխի ճարը տեսնելու» շուկայական հարաբերությունից բխող և խիստ տարածված ապրելակերպը: Տարանջատելու մասին պետք է խոսել միայն այն բանի համար, որ ոչ այնքան հասկանանք, թե ինչն է բաժանում, այլ ավելի շատ հասկանանք, թե ինչը կարող է միավորել մեր արվեստագետներին: Անջատող հանգամանքները շատ են, իսկ միավորող բան գրեթե չկա:
-Հաճա՞խ եք հանդես գալիս միջոցառումներով, ինչպիսի՞ բնույթ են կրում դրանք։
-«Նարեկացի» արվեստի միության ընդհանուր ժողովում հաստատված է շաբաթական 4 ձեռնարկ՝ համերգ, ցուցահանդես, շնորհանդես՝ ֆիլմերի, դասախոսությունների, հանդիպումների կամ հատուկ մշակութային նվիրումների տեսքով: Դրանից զատ, միշտ առիթ ենք ունենում իրականացնելու հավելյալ նախաձեռնություններ ցերեկային ժամերին, շաբաթ կամ կիրակի օրերին: Օրեր կան, որոնք հատկացված են փորձերին, և օրեր, որ համերգային են կամ այլ կարգի միջոցառումների համար: Ամիս է լինում, որ ունենում ենք մինչև 40 տարբեր ձեռնարկներ, իսկ հիմնական ընդգրկող թվերը 18-25 միջակայքն է:
-Ովքե՞ր են Ձեր միջոցառումների հիմնական այցելուները:
-Նախ՝ համերգի կազմակերպական հարցերի մեջ մեծ տեղ է գրավում հանդիսատեսին ներգրավելու խնդիրը: Նախաձեռնող կողմը մեծ մասամբ ապահովում է իր հանդիսականին: Մանավանդ որ «Նարեկացի» արվեստի միությունը մշտապես ազատ մուտք ունի: Շատ ակտիվ է գործում մեր www.naregatsi.org կայքը, «Նարեկացի» արվեստի միության ֆեյսբուքյան էջը և Naregatsi Art Institute youtube-յան էջը: Հանդիսականների մի ստվար կազմ գրեթե միշտ ներկա է մեր բազմաթիվ միջոցառումներին: Նախաձեռնությունների մեծ մասն անցնում է լեփ-լեցուն դահլիճներում: Շատերի համար «Նարեկացի» արվեստի միությունը դարձել է ամենասիրված մշակութային կենտրոնը, որտեղ միշտ իրականանում են բարձրակարգ և մատչելի մշակութային նախաձեռնություններ:
-Ովքե՞ր են ձեր ծրագրերի հիմնական կազմակերպիչներն ու օժանդակողները:
-Առաջին հերթին կնշեի այսօրվա չափանիշերով ամենակարևոր բառը՝ ֆինանսավորումը, որը միանձնյա իրականացնում է ՆԱՄ հիմնադիր և նախագահ Նարեկ Հարությունյանը, հետո կնշեի մյուս օղակները ՝ կազմակերպիչներին, և գրեթե ոչ մի օժանդակող: Կողմնակի աջակցություն և օժանդակություններ լինում են, բայց դրանք այնպիսի ծավալ չեն կազմում, որ օժանդակողների կամ աջակիցների ցանկ կազմենք: Խիստ հազվադեպ են դրանք: Ավելի հաճախ են, «Նարեկացի» 2 կենտրոններից զատ, նաև այլ ծրագրերի և անհատների օժանդակելու Նարեկի աջակցությունները: Ամեն ինչ կառավարում է Նարեկ Հարությունյանը՝ ֆինանսական և կազմակերպական բոլոր խնդիրներով հանդերձ:
-Ինչպե՞ս են ընտրվում միջոցառումների խորագրերը։
-Հիմնականում բովանդակությունն է թելադրում խորագիրը, բայց շատ կարևոր է, որ այն գրավիչ ու կանչող լինի: Անհրաժեշտ է խիստ սակավ բառերի մեջ ներառել հնարավորինս շատ տեղեկություն: Անհատական ելույթների ժամանակ կարևոր է դառնում արվեստագետին ներկայացնելը լուսանկարով կամ, եթե նկարիչ է, կտավի լուսանկարով: Անուն-ազգանուն, մասնակիցներ, ցուցահանդեսի գլխավոր նպատակը խորագրի տեսքով և, առաջին հերթին հաշվի առնելով հանրությանը ներկայանալու տվյալ արվեստագետի գլխավոր խնդիրն ու ցանկությունները:
-Այսօրվա արվեստագետներին գնահատում կամ խրախուսու՞մ է պետությունը։
-Չեմ ուզում պարզունակ «այո» կամ «ոչ» ասել: Եղած համակարգի չափով ընտրյալները խրախուսվում եմ, անտեսվածները՝ անտեսվում: Հարցն ամենևին դա չէ, այլ ընդհանուր դրվածքի խնդիր է: Շոու-բիզնես ասվածը կամ ժամանցային արվեստը, որն իր ստեղծագործական բնույթով ավելի ցածրակարգ երևույթ է, մեզանում ավելի ճանաչելի է, և դրանց ներկայացուցիչները հայտնվում են ընտրյալների ցանկում՝ պրոֆեսիոնալ բեմեր, հեռուստատեսություն, հարսանիքներ, ռեստորաններ և այլ ժամանցային նախաձեռնություններ: Օրինակ, ստրիպտիզի «արվեստի» նման, որ այսրոպեական «հաճույք» է պարգևում, արդյունքում նրանք ավելի շատ են ճանաչվում, ավելի մեծ հարգանք են վայելում, քան, ասենք, ակադեմիական արվեստի ներկայացուցիչները, որոնք շատ ծանր աշխատանք են անում մասնագիտական բարձր կարգ պահելու համար, բայց «շուկայական ապրանք» չեն, ծախու չեն և պետական կառավարական համերգներում չեն դիմում, այսպես կոչված, «աստղիկներին», այլ պահանջ է ներկայացվում, որ բեմում լինեն միջազգային կարգ ներկայացնող արտիստներ, որոնցից ոչ մեկին չեք գտնի «հայ աստղ» կոչվածների ամբողջ հսկայական ցանկի մեջ: Եկեք ավարտենք այս թեման: Կարծում եմ՝ իմ դիրքորոշումը պարզ է:
-Ո՞րն է արվեստագետի տեղը հասարակության մեջ:
-Ո՞ր հասարակության: Մե՞ր: Շուկայական հարաբերություններում արվեստագետի տեղը շուկայում է, ճիշտ այնքան, որքան հաջողություն կունենա նա «արվեստի շուկայում»: Մեր հասարակությունն անարվեստ հասարակություն է, և արվեստագետը գործնականում տեղ չունի այնտեղ: Արվեստագետները ժամանցային արվեստի արտիստներին արվեստագետ չեն համարում: Ես չգիտեմ՝ Դուք ում նկատի ունեք արվեստագետ ասելով: Եթե շոու-բիզնեսի աստղերին՝ ապա, ներողություն, Դուք՝ միգուցե, ես չէ: Ամեն դեպքում արվեստագետի ամենավատ դերը հասարակության մեջ այդ նույն հանրությանը «հաճույք» պատճառելն է, թեկուզ և մեծ գումարի դիմաց, իսկ լավագույն դերը այդ նույն հանրության համար անհասանելի բարձրություն լինելն է զուտ այն պարզ պատճառով, որ բարձրակարգ արվեստագետ լինելը ծանրագույն տքնանքի արդյունք է, և ամեն մի ժամանցային փսլնքոտ չի կարող համարվել արվեստագետ, եթե կա այնպիսի երկիր, որտեղ արվեստագետին փողով չեն չափում, այլ դիրքով ու իր բարձրակարգ արվեստով, որին վճարելու կարողությունը միայն պետությունը կարող է ունենալ և ոչ թե արվեստի համար միշտ ժլատ մասնավոր անձը:
-Ի՞նչ կասեիք մեր սկսնակ արվեստագետներին ու երիտասարդներին։
- Մի՛ զբաղվեք անհայրենիք արվեստով, ոչ մեկին դա պետք չէ:


Զրույցը՝ Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3086

Մեկնաբանություններ